HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արեն Նազարյան

Բնակարանների գնորդները անհանգստացած են․ շինարարական ընկերությունը խախտել է պայմանագրով նշված ժամկետները

Երեւանում բնակելի շենք կառուցող «Մեծ Սյունիք» ՓԲԸ-ն խախտել է պայմանագրով նախատեսված ժամկետները, և քաղաքացիները դեռևս չեն ստացել իրենց բնակարանները:

Արմինե Ավետիսյանը մեկն է այն քաղաքացիներից, որը բնակարան է գնել Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան 27 հասցեի կիսակառույց շենքում։ Պայմանագրի նոտարական վավերացման օրը 2020-ի նոյեմբերի 10-ն է։ Ըստ պայմանագրի՝ բնակարանը պետք է հանձնվեր օգտագործման 2023-ի մարտի 1-ին, բայց այսօր էլ շինարարական աշխատանքները շարունակվում են։

Արմինեն բնակարանների վաճառքի վերաբերյալ տեղեկացել է «ԱՐ-ԳՈ ռիելթի» ՍՊԸ-ից։ Այս ընկերությունը ֆեյսբուքյան իր էջում վերջին անգամ Գյուրջյան 27 հասցեի կիսակառույց շենքի վերաբերյալ հրապարակում է արել 2023-ի սեպտեմբերի 6-ին, որտեղ նշված էր՝ շինարարության ավարտն այս տարվա վերջում է լինելու։ Հեռախոսազրույցի ընթացքում ընկերության աշխատակիցը, հարցին, թե երբ են ավարտվելու շինաշխատանքները, պատասխանեց, որ շինարարությունը կավարտվի այս տարվա վերջում՝ ավելացնելով, որ պետք է նկատի ունենանք ևս 6 ամիս։

«Դեռ հարկեր կան, որ պատրաստ չեն, ընդ որում, այնքան դանդաղ է առաջ գնում՝ հույս չունեմ, որ իմ բնակարանը մինչև տարվա վերջ կտան։ Մյուս գնորդներից գնացել, հանդիպել էին աշխղեկին, ինքը ասել էր՝ 90 տոկոսով ձեզ վստահեցնում եմ՝ դեկտեմբեր ամսին ավարտած չենք լինի, բայց դուք կգաք ձեր վերանորոգումները կսկսեք։ Վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում աշխատում են, բայց մինչև այդ ընդհանրապես կանգնած էր շինարարությունը։ Ես պայմանագիր ունեմ, եթե մի օր ուշ վճարեմ, դրա համար տույժ-տուգանք եմ վճարելու, որովհետև ես հիփոթեքային վարկով եմ գնել, իսկ իրենք իմ բնակարանը չեն տալիս ու ամեն անգամ մի պատճառ հորինում են»,- ասում է Արմինեն։

Գնորդներից մի քանիսը իրավաբան են վարձել խնդրով զբաղվելու համար, Արմինեն Քաջարանից է և մյուսներից է տեղեկանում շինարարության ընթացքի վերաբերյալ։ Նա նաև խոսել է «Մեծ Սյունիք» ՓԲ ընկերության տնօրեն Ալբերտ Ադամյանի հետ․ «Ասացի, որ անցնում ենք շենքի կողքով, և որևէ փոփոխություն չկա, պատասխանեց, որ ներսում են գործ անում, բայց ներսում ինչ արագությամբ են գործ անում, պարզ չէ, եթե արդեն պետք է տային բնակարանը։ Գոնե ինչ-որ թուղթ ստորագրեն, ինչ-որ կերպ հաստատեն, որ տարվա վերջ տալու են»,- ասում է Արմինեն։

«Մեծ Սյունիք» ՓԲ ընկերության տնօրեն Ալբերտ Ադամյանը մեզ հետ զրույցում դժվարացավ շինարարության ավարտի հստակ ժամկետներ նշել։

Նա ասաց, որ շենքի կառուցումը ավարտվել է, հիմա երեսպատման և ներքին հարդարանքի աշխատանքներ են կատարվում։ Կազմակերպության տնօրենը հավելեց, որ, որպես փոխհատուցում, պատրաստ են բնակարաններում էլեկտրական լարերն անցկացնել:

«Ուշացումը պայմանավորված է երեսպատման հետ, պատուհանները պատվիրել ենք, որոնք կտեղադրվեն երեսպատումից հետո, վերելակները պատվիրված են, տարվա վերջ կլինեն։ Մենք տրամադրված ենք՝ բոլորի անհանգստություններին վերջ տանք, ինքս հանդիպում եմ մարդկանց հետ։ Անհանգստությունը, ինչպես հասկանում եմ, ժամկետների հետ է կապված։

Շինարարությունը կասեցված է եղել կորոնայի և պատերազմի ժամանակ։ Այդ երկու դեպքերում է, որ մի քանի օրով կասեցված է եղել շինարարությունը, մնացած դեպքերում աշխատանքները շարունակվել են, այս պահի դրությամբ 70-80 մարդ է աշխատում։ Հիմա բետոնե աշխատանքները ավարտել ենք, բոլորը ներսում են գործ անում: Մենք հիմա սպասում ենք շինարարների ղեկավար կազմին, որոնք այս պահին քաղաքում չեն»,- ասում է Ալբերտ Ադամյանը։

Գյուրջյան 27 հասցեի կիսակառույց շենքը

Գյուրջյան 27 հասցեում կառուցվող շենքի նախագծային վերջնական տեսքը

Մենք այցելեցինք շինհրապարակ, որտեղ կային աշխատակիցներ, շենքի մի մասը երեսպատված էր, բայց, ինչպես երեւում է լուսանկարում, այն ավարտված չէր։ Շենքի վերևի հարկերը դեռ պատրաստ չեն, տեսանելի են մետաղաձողերը։ Աշխատում էին նաև վերամբարձ կռունկներ։

«Մեծ Սյունիք» ՓԲ ընկերությունը հիմնադրվել է 1995-ի հոկտեմբերի 18-ին, որը զբաղվում է բնակելի, հասարակական և արտադրական շենքերի շինարարությամբ։
Ընկերությունը 2018-ի հունիսի 20-ին դատարանի վճռով սնանկ է ճանաչվել, քանի որ չի կատարել ֆինանսական պարտավորությունները «Յունիբանկ» ԲԲԸ-ի նկատմամբ։ 2020-ի փետրվարի 21-ին ընկերությունը ֆինանսապես առողջացել է և մարել ֆինանսական պարտավորությունները։ Այդ ընթացքում փոխվել են նաև ընկերության սեփականատերերը։

Ըստ շինթույլտվության ակտի՝ շինարարությունը պետք է ավարտված լիներ 2023-ի հուլիսի 22-ին։ Երևանի քաղաքապետարանից տեղեկացրին, որ այդ առիթով վերջին մի քանի օրերին շինհրապարակում ստուգումներ են անցկացվել, և շինարարությունը դադարեցվել է, քանի որ ընկերությունը շինթույլտվության ժամկետները երկարաձգելու համար չէր դիմել Երևանի քաղաքաշինության վարչություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter