HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արեն Նազարյան

Այգեստանից Կոթի. երկու օր ճանապարհ` բեռնատարի թափքին

Բարսեղյանների ինը հոգանոց ընտանիքը Արցախի Այգեստան գյուղից է, 9-ամսյա բլոկադայից ու 2023-ի սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումից հետո նրանք էլ պարտադրված լքել են իրենց տունը։ Այժմ Նոյեմբերյան համայնքի Կոթի գյուղում են ապրում, բայց չգիտեն՝ հետո որտեղ կլինեն, ու ինչ է սպասվում իրենց։

Տան բակում Լորենան զրուցում էր իր նոր հարևանների հետ: Տղամարդիկ տանը չէին, գնացել էին Երևան՝ գործ գտնելու։ Գյուղը հավանել են, բայց աշխատանք չկա, իսկ առանց աշխատանքի ապագայի տեսլական չունեն։ Բարսեղյանները ապրում են գյուղացիներից մեկի տանը՝ անվճար։

Լորենայի հետ ներս մտանք՝ ցածր առաստաղով, նեղ-նեղ սենյակներով տուն է: Երեխաներն ամեն մեկն իր խաղով էր տարված, Անահիտ տատը միջահասակ, արագ խոսող, ծիծաղկոտ կին է` ծնունդով Ստեփանակերտից: Լորենան` հինգ երեխաների մայրը, չգիտեր` մեզ հետ խոսի, երեխաներից մեկին ջուր տա, մյուսին կերակրի, թե հետևի, որ չաղմկեն. փոքրիկ Սոֆին քնած էր: Ի վերջո, հաջողվեց այս եռուզեռի մեջ ժամանակ գտնել, նստել ու խոսել:

«Ես դուրս էի եկել տնից՝ գործով, վերադառնալիս պայթյուն լսեցի՝ Շուշիի կողմից, ձայնը մոտ էր, հետո ազդանշանը միացրին ու հասկացանք՝ կռիվ ա։ Մինչև տուն հասնելը պայթյունի ձայները շարունակվում էին: Երեխանները 44-օրյայի ժամանակ էլ են լսել այդ ձայները․ արդեն հասկանում էին՝ ինչ է կատարվում։ Ասում էինք՝ մինա ա, ասում էին՝ չէ, մինան տենց չի պայթում», - պատմում է Լորենան։

Պատսպարվել են նկուղում, էլեկտրականությունն անջատվել է, ամբողջ օրը մնացել են այնտեղ` առանց հացի, տանն են գիշերել, բայց չեն քնել։ Լորենան հիշում է՝ պայթյունի ձայները չէին կտրվում, երեխաները չէին քնում։

«Երկու օր առանց հոսանք մնացինք, հաց չէինք կարում թխենք, ալյուրը խամբարի (եգիպտացորեն) էր, իսկ դրանով փեջի վրա չէինք կարողանում թխել, հոսանք էր պետք, որ թխեինք։ Խոզերի համար էր, բայց աղացել էինք, ալյուր ստացել, բլոկադայի ժամանակ այդպես էինք հաց թխում` առանց աղ, առանց դրոժ։ Հետո իմացանք, որ մարտակերտցիները ու մարտունեցիները դուրս են գալիս, մենք էլ սկսեցինք հավաքել իրերը՝ որը պետք էր, որը կարող էինք»,- շարունակում է Լորենան։

Լորենան ու Անահիտը տխուր ժպիտով են հիշում վերջին րոպեները Այգեստանում՝ իրենց տանը։

«Կառալյոկի ու նռան ծառեր ունեինք, թողել ենք եկել։ Կենդանիներին էլ բաց ենք թողել։ Լույսերը վառել ենք ու դուրս եկել, թող իմանան, թե տանն ենք»,- ասում է Լորենան:

Անահիտ Բարսեղյանը որդու մեդալները թաղել է տան բակում և եկել․ վախենում էր, որ Հակարի կամրջի անցակետում կվերցնեն։

Լորենայի ամուսինը` Արամը, կարողացել էր մեծ բեռնատար մեքենա գտնել․ իրենց մեքենան փոքր էր, ամբողջ ընտանիքով չէին տեղավորվի։ Բեռնատարով, բացի իրենցից, էլի մարդիկ են եկել։ Երկու օր է տևել Այգեստանից Գորիս հասնելը։

«Օրերով եկել ենք, մեքենաները ժամերով կանգնում էին, հենց իջնում էինք հանգստանալու, ասում էին՝ ըհը, հինգ մետր առաջ ենք գնում։ Ճանապարհի մի կողմում բլուրներ էին, մյուս կողմում՝ ձորը, տեղ-տեղ էլ՝ քանդված ասֆալտը»,- հիշում է նա։

Ճանապարհը դժվար էր, ծանր երթևեկություն էր, անձրև էր գալիս, բեռնատարի թափքում թրջվում էին, իսկ Հակարիի անցակետում ադրբեջանցիների պահվածքը պրովոկացիոն էր․ հաշվում էին, թե քանի հոգի է մեքենայի մեջ, հետո նորից ու նորից, մինչև մեկը մի բառ կասեր, որպեսզի պատճառ լիներ՝ հնարավոր տարբերակով ճնշելու։

Հիշում են, որ ճանապարհին ուժեղ պայթյուն են լսել, մտածել են, թե պատերազմը շարունակվում է, բայց հետո իմացել են՝ բենզինի պահեստ է պայթել, որի հետևանքով նաև իրենց բարեկամների շրջանում տուժածներ, անհետ կործաներ կան։

«Արշավիրը անընդհատ ասում է՝ դեդո, ինչի՞ չենք մեր տանը քնում՝ուրիշի տանն ենք քնում, ե՞րբ ենք գնալու մեր բոստանը։ Էստեղ աղբյուր էինք գնացել, ասեցի՝ էս մեր Մոշ աղբյուրն ա, ասեց՝ չէ, Մոշ աղբյուրի ջուրը սառն ա, էս սառը չի։ Մեր բարբառով ենք խոսում, որ չմոռանանք, մեկ ա՝ ուր էլ գնանք, ասելու ենք՝ Արցախից ենք»,- ասում է Լորենան։

Անահիտն ասում է՝ նոր գյուղի հարևանները լավ մարդիկ են, եղածի չափով օգնում են, բայց գյուղում դժվար է, հիմնական խնդիրն աշխատատեղն է։ Կմնա՞ն Կոթիում, թե ոչ, դեռ անորոշ է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter