HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արեն Նազարյան

ԿԳՄՍ նախարարությանը գումար կհատկացվի մշակութային արժեքներ և առարկաներ գնելու համար

Դեկտեմբերի 14-ի Կառավարության նիստի չզեկուցվող հարցերից մեկը վերաբերում է հայկական մշակութային ժառանգությանը։ Ըստ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախագծի՝ գումար է անհրաժեշտ մշակութային արժեքներ և առարկաներ գնելու նպատակով։

«Հատկացումը պետք է կրի շարունակական բնույթ, և յուրաքանչյուր տարի ՀՀ պետական բյուջեի մասին օրենքով պետք է սահմանվի համապատասխան գումար։ Մշակութային ժառանգության պահպանության և սերունդներին փոխանցման կարևորագույն երաշխիքներից է մշակութային արժեքների ձեռքբերումը, թանգարանային հավաքածուների շարունակական համալրումն ու հանրահռչակումը»,- նշված է նախագծում։

Համաձայն «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքի՝ մշակութային այն արժեքները, որոնք գրանցված են կամ ենթակա են գրանցման մշակութային արժեքների պահպանման ցուցակում, հնարավոր է արտահանման այն դեպքում, երբ ՀՀ-ը մեկ ամսվա ընթացքում չի գնում դրանք:

Ըստ ԿԳՄՍՆ-ի նախագծի՝ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով պետությունը չի կարողանում իրացնել օրենքով սահմանված իր իրավունքը: 2007-2008 թվա­կան­նե­րին պե­տա­կան բյուջեից թանգարանների հավաքածուների համալրման համար տրա­մադր­վել է հա­մա­պա­տաս­խա­նա­բար 45 և 47 մլն դրամ: 2009-ից ֆինանսավորումը դադարեցվել է։

2023-ի սեպտեմբերի 5-ին Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի նիստում որոշում է ընդունվել ԿԳՄՍ նախարարությանը գումար հատկացնելու մասին։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի առաջարկությամբ պետք է մշակվի մեխանիզմ՝ ինստիտուցիոնալ հիմքեր ձևավորելու նպատակով, և քննարկվի հանձնաժողով ստեղծելու հարցը, որը մասնագիտական փորձագիտական եզրակացություն կտրամադրի մշակութային արժեքների և առարկաների ձեռքբերման նպատակահարմարության վերաբերյալ։

«Թանգարանների հավաքածուները 2009 թվականից համալրվում են բացառապես նվիրատվությունների, պեղումների, իսկ առանձին դեպքերում՝ արտաբյուջետային միջոցների հաշվին հնարավոր մատչելի գնումների միջոցով: Արդյունքում ֆինանսական միջոցների բացակայության պատճառով հնարավոր չի լինում ձեռք բերել առավել արժեքավոր ստեղծագործություններ և արժեքներ: Հատկապես այս բացն առավել տեսանելի է մշակութային արժեքների արտահանման ժամանակ, երբ երկրից դուրս են բերվում համազգային նշանակության բացառիկ արժեքներ»,- նշված է նախագծում։

Հատկացումը 2023-ի բյուջեում փոփոխություններ չի առաջացնի։ Այլ ծրագրերից և միջոցառումներից խնայված գումարը՝ 44 մլն դրամ, կտրամադրվի «Մշակութային ժառանգության ծրագիր» և «Թանգարանային ծառայություններ և ցուցահանդեսներ» միջոցառմանը։

Լուսանկարում՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը/primeminister.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter