HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արեն Նազարյան

Հաստատվեց Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովի աշխատակարգը

Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը Կառավարության նիստում զեկուցեց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը հաստատելու մասին նախագիծը։

«Նախագծի հիմքում ընկած է սույն թվականի նոյեմբերի 30-ին ձեռք բերված և համաձայնեցված աշխատակարգի տեքստը, որի համաձայն` աշխատակարգը պետք է հաստատվի երկու երկրների կառավարությունների կողմից։ Աշխատակարգով սահմանվում են երկու պետությունների ստեղծած սահմանազատման հանձնաժողովների հարաբերություններն ու նիստերի անցկացման և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման ընթացակարգերը։ Մասնավորապես, սահմանվում է՝ հանձնաժողովների նախագահների միջև համաձայնությամբ է որոշվում նիստերի անցկացման ամսաթիվը, ժամը և վայրը։ Նիստերը հանձնաժողովների նախագահների միջև համաձայնությամբ, որպես կանոն, անցկացվում են հաջորդաբար Հայաստանի Հանրապետության կամ Ադրբեջանի Հանրապետության տարածքում, սահմանին կամ երրորդ երկրների տարածքում։ Եթե նիստերն անցկացվում են հանձնաժողովներում ներկայացված պետություններից մեկի տարածքում, ընդունող կողմը ստեղծում է դրանց անցկացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները, այդ թվում՝ ապահովում և երաշխավորում է բոլոր մասնակիցների անվտանգությունը։

Աշխատակարգը սահմանում է նաև այլ անհրաժեշտ կարգավորումներ։ Նախագծի ընդունումը կարևոր քայլ կլինի հանձնաժողովների աշխատանքի կազմակերպման իրավական հիմքերի ամրագրման գործում, որի վրա հենվելով՝ հանձնաժողովները կկազմակերպեն իրենց հետագա գործունեությունը։ Աշխատակարգի ընդունման արդյունքում երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների անդամներին հնարավորություն է ընձեռվում նիստերի անցկացման և համատեղ աշխատանքների իրականացման միջոցով ստեղծել հիմքեր սահմանազատման և սահմանագծման գործընթացների, դրանց իրավական և տեխնիկական ասպեկտների մշակման համար։ Հետագայում՝ երկու պետությունների միջև պետական սահմանի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ մշակելու և ստորագրելու նպատակով»,- ասաց Արա Մկրտչյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին՝ այս նախագիծը միայն տեխնիկակա՞ն հարցեր է կարգավորում, թե՞ նաև բովանդակային, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանեց․ «Այս պահին՝ կազմակերպչական հարցեր, այսինքն՝ ինչպես ենք հարաբերվելու և ինչպես ենք կազմակերպելու հանդիպումները։ Հաջորդ փուլում պետք է մշակենք մի այլ կանոնակարգ, համատեղ քննարկենք, հետո իրավական ակտի տեսք տանք, որն արդեն ավելի բովանդակային կլինի։ Այդ փաստաթղթով արդեն մեթոդաբանություն էլ պետք է նկարագրենք, սահմանումներ տանք ավելի կոնկրետ, թե ինչ ենք հասկանում քարտեզ սահմանման տակ, ինչ ենք հասկանում իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթի տակ։ Մեթոդաբանությունը համաձայնեցնելուց հետո արդեն աշխատանքները կշարունակենք կոնկրետ փաստաթղթերով և տոպոգրաֆիկ քարտեզների համատեղ քննարկման ձևաչափով։ Միմյանց փաստաթղթեր ներկայացնելու, դրանց շուրջ մտքեր փոխանակելու, գնահատական տալու տրամաբանությամբ։ Այս պահին սա դեռևս ռեգլամենտ է, որն ընդամենը նկարագրում է մեր կոնտակտները, որոնք եղել են»։

Նիկոլ Փաշինյանն առավելապես կարևորեց այն, որ աշխատանքները և օրենսդրական կարգավորումները հրապարակային են։

«Այս որոշումով ենթադրվում է, որ ադրբեջանական կողմն էլ պետք է հաստատի։ Սահմանազատման գործընթացն առաջին անգամ դրվում է ինստիտուցիոնալ հենքի վրա, որը շատ կարևոր է։ Ընդ որում, այս փաստաթուղթը հրապարակային փաստաթուղթ է։ Նկատի ունեմ՝ գաղտնի փաստաթուղթ չենք հաստատում, լինելու է հրապարակային, որը շատ կարևոր է, որպեսզի մեր հանրությունը, փորձագետները հնարավորություն ունենան ծանոթանալ, թե ինչ կառուցակարգերի շրջանակներում է տեղի ունենալու սահմանագծման, սահմանազատման աշխատանքը։ Հետագայում նաև անդրադարձ կլինի սահմանագծման գործընթացին։ Կա ըմբռնում, որ փորձենք սահմանազատման աշխատանքներն ակտիվացնել՝ որքան պայմանները թույլ են տալիս և փորձել առաջընթաց գրանցել այս ուղղությամբ։ Իհարկե, այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք արդեն հայտարարվել և հրապարակվել են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մհեր Գրիգորյանը հավելեց, որ իրենց տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն էլ է այսօր հրապարակելու որոշումը։

Լուսանկարում՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը/Կառավարության արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter