HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արեն Նազարյան

Հայաստանում կաշվի արտահանման ժամանակավոր արգելք կկիրառվի

Կառավարության այսօրվա՝ հունվարի 4-ի նիստի չզեկուցվող հարցերից մեկը վերաբերում էր անմշակ կաշվի արտահանումը սահմանափակելուն, որի նպատակն է տեղական արտադրությունը պաշտպանելը, հումքային բազայի ապահովումը, ինչպես նաև՝ Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելը։

«Կառավարության կողմից գործուն քայլեր են ձեռնարկվում երկրորդային հումքը տեղում վերամշակելու և տեղական արդյունաբերական ձեռնարկություններին հնարավորություն ընձեռելու զարգացնել սեփական արտադրությունը՝ օգտագործելով անմշակ կաշվե արտադրանքը: Ներկայում Հայաստանում կաշվի վերամշակման գործունեություն իրականացնող տեղական արդյունաբերական ընկերություններն ունեն կաշվի հումքի պահանջարկ, և հումքային բազայի հնարավորությունները դեռևս ոչ ամբողջական հզորությամբ են օգտագործվում։»,- նշված է Էկոնոմիկայի նախարարության նախագծում։

Վերամշակող ընկերություններում ներկայումս մեծամասամբ իրականացվում է կաշվի վերամշակման առաջին փուլը և արտահանվում է կիսաֆաբրիկատ տարբերակով: Հումքի արտահանման հնարավորությունը ստիպում էր կաշի արտադրողներին որոշ դեպքերում հումք ներկրել արտերկրից։ Նախագծի համաձայն՝ վերջնարդյունքում այս որոշումը հնարավորություն կտա Հայաստանը հումք արտահանող երկրից վերափոխել մշակված արտադրանք արտահանող երկրի։

Երևանի և Գյումրու կաշվի գործարանների արտադրանքի մեծ մասն իրացվում է Հայաստանում, իսկ Մասիսի գործարանի արտադրանքի զգալի մասը՝ արտերկրում։ Երևանի և Մասիսի գործարանները, հիմնականում, իրականացնում են խոշոր եղջերավոր կենդանիների, իսկ Գյումրու գործարանը՝ ոչխարի կաշվի վերամշակում։ Բոլոր գործարանները միասին վերամշակում են ամսական 230-250 տոննա խոշոր եղջերավոր կենդանիների մորթիներ՝ 14 000-15 000 հատ, ինչպես նաև 4 000-5 000 հատ ոչխարի մորթի։

Նախագծում նշվում է՝ արտադրական ամբողջ հզորության կիրառման դեպքում հնարավորություն է առաջանում ամսական կտրվածքով վերամշակել ամսական շուրջ 335 տոննա խոշոր եղջերավոր կենդանու մորթի՝ 20 000-22 000 հատ, 9 000-10 000 հատ էլ ոչխարի մորթի։ Կոշիկ արտադրողների շրջանում աճել է տեղական վերամշակված կաշվի օգտագործումը։ Տեղական հումքի ապահովումը հնարավորություն է տվել ընկերություններին ընդլայնել արտադրական ծավալները և գրեթե ամբողջությամբ իրացնել տեղական հումքը։ 

Գյումրու մորթու-կաշվի արտադրամասը, որը գործում է 2022-ի ապրիլից, օգտվելով «Տնտեսության արդիականացման միջոցառումը հաստատելու մասին» կառավարության որոշմամբ սահմանված հնարավորություններից, պատրաստվում է ձեռք բերել նոր սարքավորումներ։ Ընկերությունն օգտագործում է ԽՍՀՄ արտադրության սարքավորումներ։ Արտադրանքը սպառվում է Հայաստանում, իսկ հումքն ամբողջությամբ տեղական է։ Արտադրամասի աշխատակիցները հինգն են։ Ընկերությունը նախատեսում է ընդլայնել արտադրությունը։ Վերոնշյալ որոշումից օգտվելու դեպքում ընկերությունը հնարավորություն կունենա կրկնապատկելու արտադրական հզորությունը և ամսական կտրվածքով վերամշակելու 350 դմ² ոչխարի կաշի։ Ընկերությունը ներկայումս բանակցում է արտադրանքը Պակիստան և Իսրայել արտահանելու շուրջ։

Որպես նախագծի նպատակ նշված է՝ հումքային բազայի ապահովում և խնայողաբար օգտագործում, տեղական արտադրության զարգացում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter