HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արեն Նազարյան

60 մլն եվրո վարկ՝ Երևանում նոր ճանապարհներ կառուցելու համար, իսկ Դալմայի հողերում անտառ-այգի կհիմնվի

Կառավարության հունվարի 18-ի օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր Հայաստանի Հանրապետության ու Ասիական զարգացման բանկի միջև 2023թ. նոյեմբերի 27-ին ստորագրված «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագրին։ Համաձայնագրով նախատեսված գումարը կազմում է 60 մլն եվրո։ Նշված գումարը կարող է ժամանակ առ ժամանակ փոխարկվել արժույթի փոխարկման միջոցով՝ համաձայնագրի դրույթներին համապատասխան: Ըստ համաձայնագրի՝ վարկի փակման ամսաթիվ է համարվում 2028թ. մարտի 31-ը կամ այն ամսաթիվը, որը ժամանակ առ ժամանակ կարող է համաձայնեցվել վարկառուի և ԱԶԲ-ի միջև:

Համաձայնագրի շրջանակներում կառուցվելու է Իսակով-Արշակունյաց ճանապարհը, որը միմյանց կկապի Երևանի մի քանի վարչական շրջաններ։ Ըստ նախագծի՝ այս ճանապարհը կնպաստի խցանումների նվազեցմանը: Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը Մոնթե Մելքոնյան փողոցի տրամաբանական շարունակությունն է:

Նախագծի համաձայն՝ աշխատանքները ներառում են.

  1. Իսակով պողոտայի վրա առկա ճանապարհային հանգույցի անհրաժեշտ թևերի կառուցում, որն ապահովելու է մուտք դեպի Նորագյուղ թաղամաս։
  2. Հրազդան գետի վրա կառուցվելու է 269 մ երկարությամբ երկաթբետոնե հեծաններով կամուրջ։
  3. Արշակունյաց պողոտայում կառուցվելու է թունելային անցմամբ և շրջանաձև երթևեկությամբ ճանապարհային հանգույց:

Հիմնական ճանապարհի երկարությունը 1․9 կմ է, իջատեղերով և երկրորդային ճանապարհով՝ 6,6 կմ: Ճանապարհը հիմնականում բաղկացած է 6 երթևեկելի գոտուց, որտեղ ճանապարհի երթևեկելի հատվածի լայնությունը կազմում է 24,5 մ:

Նախագծում նշվում է. «Հաշվի առնելով Երևան քաղաքում նոր ենթակառուցվածքների կառուցման և տրանսպորտային հոսքերի կարգավորման անհրաժեշտությունը՝ Երևանի քաղաքապետարանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նպատակահարմար են համարում Համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը։ Ակնկալվում է, որ Համաձայնագրով նախատեսված ծրագիրը կավարտվի 2027թ. սեպտեմբերի 30-ին»։

Նախագիծը Կառավարության նիստում ներկայացնելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքապետ Տիգրան Ավինյանին հարցրեց․ «Պարոն Ավինյան, ենթադրում եմ և գիտեմ նաև, որ մենք վերլուծել ենք և եկել եզրակացության, որ այս նախագիծը քաղաքին ենթակառուցվածքային զարգացման և երթևեկության կանոնակարգման առումով որոշակի առավելություններ կբերի։ Ի՞նչ կարող եք ասել այս առումով, այսինքն՝ ինչքա՞ն խորն է մեր վերլուծությունը, և ի՞նչ կտա այս նախագծի իրագործումը մայրաքաղաքին»։

Ի պատասխան՝ Տիգրան Ավինյանը նշեց, որ ճանապարհի կառուցումը բավականին երկար ժամանակ քննարկված, բոլոր տեսակի ուսումնասիրություններն անցած նախագիծ է, որը էականորեն կբեռնաթափի ավտոճանապարհային երթևեկությունը։ Մասնավորապես՝ Հաղթանակ կամուրջը որոշակիորեն կբեռնաթափվի և Մոնթե Մելքոնյան ճանապարհը ուղիղ կկապվի Արշակունյաց պողոտայի հետ։

«Բայց ուզում եմ հատուկ շեշտել, որ այս ճանապարհի կառուցումը կարևոր է մեկ այլ մեծ նախագծի տեսանկյունից։ Դա Նորագյուղի և հարակից տարածքների նոր թաղամասի կառուցման նախագիծն է, որի վերաբերյալ արդեն մի քանի օտարերկրյա հայտնի ճարտարապետների հետ քննարկումներ ենք իրականացնում և նախագծի նախապատրաստման աշխատանքներ ենք իրականացնում։ Այս ճանապարհի կառուցումը շատ կարևոր է, որ իրականացնում ենք մենք, Կառավարության աջակցությամբ և հետագայում արդեն հնարավորություն է ստեղծվում որոշակի նախնական ենթակառուցվածք ունենալու այդ թաղամասում, որը հնարավորություն է տալու ներդրողներին դիտարկել Նորագյուղը որպես նոր ներդրումային հնարավորություն։ Վստահաբար, ճանապարհի կառուցմանը զուգահեռ մենք ունենալու ենք հայեցակարգ Նորագյուղ թաղամասի կառուցման, որն անպայմանորեն կներկայացնենք և՛ Կառավարությանը և՛ հանրությանը։ Այսինքն, բացի բեռնաթափումից, այս ճանապարհը որոշակի հնարավորություններ է ստեղծում Նորագյուղի նոր հայեցակարգի քննարկման համար»,- ասաց Տիգրան Ավինյանը։

«Այս նախագծից տեսնում եմ, որ ճանապարհի երկու կողմերում հողատարածքներ կան՝ շինություններով, ըստ էության, չծանրաբեռնված։ Դրանք ի՞նչ կարգավիճակ ունեն, մասնավոր սեփականությու՞ն են, համայնքայի՞ն, թե՞ այլ»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը։

Տիգրան Ավինյանը պատասխանեց, որ ճանապարհի հատվածում կան հողատարածքներ, որոնք համայնքային են, կան պետական հողատարածքներ, կան՝ մասնավոր։ 

«Կան շինություններ, եթե չեմ սխալվում՝ այնտեղ կա բենզալցակայան մի քանի այլ տեսակի, բայց այս բոլոր հարցերը, հիմնականում, այսպես ասած ոչ այնքան դժվար լուծվող հարցեր են, այսինքն՝ այդ առումով մենք չենք կարծում, որ նախագիծը ժամանակի տեսանկյունից շատ է տուժելու։ Պարոն Խաչատրյանի մոտ էլ քննարկումներ են իրականացվում, թե ինչպես ավելի պարզեցնել նմանատիպ նախագծերի համար իրացումների ընթացակարգը, ավելի արագացնել, որովհետև, շատ դեպքերում, նման նախագծերը շատ երկար ժամանակով հետաձգվում են իրացումների պատճառով, բայց կարծում եմ՝ նաև այդ քննարկումների արդյունքները բերելու են ավելի արագ ընթացքի և իրացումների»,- պատասխանեց Տիգրան Ավինյանը։

Նիկոլ Փաշինյանը համաձայնեց Տիգրան Ավինյանի հետ, որ ճանապարհի կառուցումը Նորագյուղի և հարակից տարածքների համար ներդրումային մթնոլորտ է ստեղծելու։ Նա հավելեց, որ Երևանի ծանրաբեռնվածության թեթևացմանը զուգընթաց, բնապահպանական հարցերը ևս կարևորվում են, ինչը նաև տնտեսական կարևորություն ունի։ Ապա ասաց, որ այս մասով երկու ծրագիր կա. «Երկու մասով էլ մենք քննարկել ենք, և ես հանձնարարականներ եմ տվել։ Մեկը Դալմայի այգիներում մեծ քաղաքային, այսինքն՝ Դալմայի այգիները մեծ քաղաքային զբոսայգու վերածելն է, ընդ որում՝ հնարավորին մինիմալ, ընդհուպ նստարանների մակարդակով մինիմալ միջամտությամբ։ Մեկ ուրիշ նախագիծ, որ միմյանց հետ կապվելով, դառնում է Երևանի համար բնապահպանական մեգա նախագիծ՝ Հրազդանի կիրճը ռեկրեացիոն գոտի դարձնելու նախագիծն է։ Ներդրումային կոմիտեի վերջին նիստում շատ կարճ այս թեմայով քննարկում ունեցանք, և Երևանի քաղաքապետն առաջարկեց, որ մենք Հրազդանի կիրճում ներդրումային ծրագրերի առումով պետք է մի քիչ զսպվածություն ցուցաբերենք, որպեսզի այդ տարածքները ռեկրեացիոն գոտու ձևավորման համար չկորցնենք և ես լիարժեք պաշտպանում եմ այդ տրամաբանությունը։ Դալմայի այգիները կից են Հրազդան կիրճին, տրամաբանական է, որ էդ ռեկրեացիոն գոտին սկսվի հենց Հրազդան գետի գետաբերանից, Երևանյան լճի հատվածով մինչև Կորեայի ձոր։ Սա մի նախագիծ է, որտեղ կառավարությունը շատ մեծ հետաքրքրվածություն ունի։ Մենք, իհարկե, Երևանի բնապահպանական խնդիրներին պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք, որովհետև կանաչ գոտիների առումով մենք մեծ խնդիրներ ունենք Երևանում, և այդ խնդիրները պետք է լուծենք, հիմա ես ուզում եմ հավաստիանալ, որ դա նաև անձամբ ձեր օրակարգում է, և մենք պատկերացում ունենք, թե ինչ քայլերով ենք գնալու առաջ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Տիգրան Ավինյանը հայտնեց, որ Դալմայի մոտավորապես 250 հեկտար տարածքում իրականացվում է տեխնիկատնտեսական ուսումնասիրություն։ Մասնավորպես՝ աշխատանքներում ներգրավված է Արաբական Միացյալ Էմիրությունների ամենախոշոր այգիներ նախագծող ընկերությունը։ Հետագայում մաքսիմալ կանաչ տարածք ստանալու տրամաբանությամբ ամբողջ 250 հեկտարը նախագծվելու է որպես մեծ քաղաքային անտառ-այգի։  Ըստ Ավինյանի՝ նման ծավալի աշխատանքներից հետո, մեկ շնչի հաշվով 9 քմ կանաչ տարածքներ են լինելու Երևանում, որոնք կազդեն միկրոկլիմայի վրա։

«Մենք հենց այս ճանապարհով էլ շարժվում ենք։ Քննարկել ենք նաև Հրազդանի կիրճը ռեկրեացիոն գոտի ճանաչելու նախագիծը, այդ առումով էլ կոնկրետ քայլեր են իրականացվում և մասնավորապես արդեն հաջորդ փուլերով կրկին կներկայացնենք՝ ինչ է արվել»,- ասաց Տիգրան Ավինյանը։

«Իհարկե, ենթադրում եմ, որ շատերս ենք սիրում Հրազդանի կիրճում լինել, և ինքս այնտեղ հաճախ եմ լինում և պետք է արձանագրեմ, որ դա Երևանի և Հայաստանի համար մեծ հարստություն է։ Ուզում եմ ընդգծել, որ բնապահպանական տրամաբանությունը առաջնային է, բայց մենք ենթադրում ենք՝ բնապահպանական տրամաբանությունը այնտեղ գրագետ ներդնելու պարագայում, զբոսաշրջության և տնտեսական ահռելի հոսքեր ենք ապահովելու, որովհետև, իսկապես, շատ ունիկալ տարածք է։ Շատ կարևորում եմ, որ այս ծրագիրն արձանագրենք որպես ռազմավարական»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter