HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արեն Նազարյան

Աննա Եղիազարյանը ՀԿԽԸ նախագահ չէ․ ի՞նչ է տեղի ունեցել

Փետրվարի 15-ին «Հայկական Կարմիր խաչի ընկերություն» ՀԿ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ ՀԿ-ի 28-րդ արտահերթ համագումարում, որը հրավիրվել էր ՀԿԽԸ անդամների 1/3-ի նախաձեռնությամբ, Աննա Եղիազարյանն ընտրվել էր կազմակերպության նախագահ։ Այս հաղորդագրությանը ժամեր անց հաջորդեց մեկ այլ հաղորդագրություն նույն ՀԿ-ի կողմից, որտեղ նշվում էր՝ Աննա Եղիազարյանը ինքնագործունեություն է ծավալում և նա ՀԿԽԸ-ի նախագահ չի ընտրվել։ Ավելին՝ փետրվարի 12-ին նախագահության որոշմամբ դադարեցվել էր Աննա Եղիազարյանի անդամակցությունը ՀԿ-ին, իսկ մինչ այս՝ փետրվարի 8-ին, Աննա Եղիազարյանը ազատվել էր գլխավոր քարտուղարի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվել է Արթուր Արիստակեսյանը։ Այս առիթով այսօր ՀԿԽԸ-ն մամուլի ասուլիս էր կազմակերպել, որտեղ անդրադարձան այդ իրադարձություններին։

Փաստաբան Լևոն Բաղդասարյանը ներկայացրեց, որ փետրվարի 8-ին նախագահության անդամների նիստին հրավիրվել էր Աննա Եղիազարյանը և նրան խնդրել էին ներկայացնել, թե ինչու չի տրվել 2023թ․-ի հաշվետվությունը, և ինչու չի ներկայացվել 2024թ․-ի բյուջեն։ Նա նշեց, որ նախագահության անդամները ևս մի քանի կանոնադրական խախտումների վերաբերյալ խնդրել են Աննա Եղիազարյանին պարզաբանում ներկայացնել, բայց վերջինս լքել է նիստի դահլիճը։ Այս դեպքից հետո նախագահության անդամները որոշել են ազատել Աննա Եղիազարյանին գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Լևոն Բաղդասարյանը նշեց, որ եթե Աննա Եղիազարյանը գտնում է, որ նախագահության որոշումը իրավաչափ չէ, կարող է դիմել դատարան։ 

Ըստ փաստաբանի՝ նախագահությունը դիմում էր ստացել՝ առանց ստորագրությունների և անունների ցուցակով, որով 1/3 խմբով ցանկացել են արտահերթ համագումար կազմակերպել։ 

«Ցուցակում ներկայացված որոշ անձանց անվան տակ ստորագրություն չի եղել, ցուցակում ներկայացված որոշ անձանց անձնագրային տվյալները թերի են եղել։ Նախագահությունը որոշել է մերժել արտահերթ համագումար անցկացնելու պահանջը և հերթական համագումարի օր նշանակել ապրիլի 8-ին»,- ասաց Լևոն Բաղդասարյանը։

Փաստաբանի խոսքով՝ այն անձինք, որոնք արտահերթ համագումար են պահանջել և մերժում ստացել, կարող են բողոքարկել, բայց այդ հնարավորությունից չեն օգտվել։ Անդրադառնալով երեկ մամուլում տարածված լուրերին, որ արտահերթ համագումար է անցկացվել, և նախագահ է ընտրվել Աննա Եղիազարյանը՝ Լևոն Բաղդասարյանը դրանք ոչ իրավական որակեց և այդ հայտարարությունը առ ոչինչ համարեց։

«Այդ ոչ իրավաչափ գործողությունների հետ կապված դիմել ենք դատախազին, որպեսզի օրենքով սահմանված կարգով ընթացակարգ սկսվի։ Դատախազությունից այս պահին պատասխան չունենք»,- ասաց Լևոն Բաղդասարյանը։

Լևոն Բաղդասարյանն անդրադարձավ մամուլում տարածված հարցին, ըստ որի՝ Աննա Եղիազարյանն աշխատանքից ապօրինի է ազատվել, քանի որ նա գտնվել է արձակուրդում։ Այս մասով Աննա Եղիազարյանը հաղորդում է ներկայացրել։

«Աննա Եղիազարյանին արձակուրդ տրամադրում է գործատուն՝ նախագահությունը, Աննա Եղիազարյանն, առանց գործատուի կարգադրության և համաձայնության, որոշել է՝ արձակուրդի մեջ է, սա ոչ իրավաչափ է»,- ասաց Լևոն Բաղդասարյանը։

ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը ասաց, որ 20 տարուց ավել աշխատել է Աննա Եղիազարյանի հետ և աշխատանքային խնդիրներ, իհարկե, եղել են։

«Նա կարմիր խաչին ոչ հարիր քայլ կատարեց։ Երբ որ ինքը հայտարարում է համագումարի օր ու ժամ, առանց նախագահության որոշման, որի իրավունքը չուներ։ Բաց դա, կից գրությամբ գրում է՝ հաջորդ նախագահական ընտրության ձեռնոց եմ նետում։ Գուցե դա իրավական դաշտում նորմալ է, բայց բարոյական դաշտում՝ ոչ»,- ասաց Մխիթար Մնացականյանը։

Առաջիկայում նոր նախագահի ընտրություն է լինելու։ Մխիթար Մնացականյանը չի առաջադրվելու որպես նախագահի թեկնածու։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter