HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արեն Նազարյան

Պատուհան տեղադրողից քաշվածները

Նորայր Ղոնաղչյանը տասնյակ քաղաքացիների խաբել է։ 14 դատական գործ կա այժմ, տուժողները նրանից պահանջում են իրենց գումարները: Նորայր Ղոնաղչյանը ծառայություններ մատուցելու համար՝ պատուհաններ տեղադրելու, պատշգամբ երեսպատելու և այլ աշխատանքներ կատարելու համար կանխավճար է վերցնում, սակայն չի կատարում պարտավորված աշխատանքը: Մեկ տարի առաջ Նորայր Ղոնաղչյանը խոստացել էր տեղադրել Լիլիթ Հարությունյանի նախընտրած պատուհանները: Լիլիթը որպես կանխավճար Նորայրին փոխանցել է 2 մլն դրամ։ Գումարը Նորայրի խնդրանքով փոխանցվել է Քրիստինե Գևորգյանի քարտային հաշվին: Լիլիթի պատմելով, Նորայրը Քրիստինեին ներկայացրել է որպես իր ընկերության հաշվապահ:

Լիլիթ Հարությունյանը չի կարողանում 2 մլն դրամը հետ ստանալ

Լիլիթը մասնագիտությամբ ճարտարապետ է, ապրել է Շվեցարիայում, 2019թ․-ին տեղափոխվել է Հայաստան։ Իր ընտանիքի տունը կառուցելիս պատուհաններ գնելու համար դիմել է «Ֆեյսբուք»-ում գովազդվող՝ պատուհաններ տեղադրող ընկերությանը։ Նորայր Ղոնաղչյանը ներկայացել է որպես տնօրեն, վստահություն ներշնչելու համար Լիլիթին հրավիրել է արտադրամաս, որտեղ ներկայացրել է տարբեր որակի պատուհանների նմուշներ: Նորայրը գործը սկսելու համար 2 մլն դրամ կանխավճար է պահանջել: Գործարքի ընդհանուր գինը վերջնարդյունքում պետք է կազմեր 3․7 մլն դրամ, իսկ գումարի մյուս մասը, ըստ պայմանավորվածության, աշխատանքից հետո պետք է փոխանցվեր: Լիլիթը Նորայրին առաջարկել է պայմանագիր կնքել:

Պայմանագիրը ձեռագիր է գրվել։ Լիլիթի համար դա տարօրինակ չի թվացել, քանի որ, նրա պատմելով, այդ տարբերակը Շվեյցարիայում ընդունված է, և պայմանագրերը գրվում են նաև ձեռքով։ Պայմանագրի վերջում Նորայր Ղոնաղչյանը գրել է՝ «Արտադրամասի տնօրեն Նորայր Ղոնաղչյան», հասցեն և ստորագրությունը։ Պայմանագրում Նորայր Ղոնաղչյանը գրել է՝ աշխատանքների սկիզբը 2023-ի մարտի 7, ավարտը՝ 2023-ի մարտի 30։ Անցել է մեկ տարի, պատուհանները մինչեւ օրս չեն տեղադրվել, իսկ 2 մլն դրամը Լիլիթին չի վերադարձվել:

project-03.png (1.46 MB)
Նորայր Ղոնաղչյանի կազմած պայմանագիրը

Նորայրը Լիլիթին պատմել է, որ Քրիստինե Գևորգյանի քարտային հաշվին փոխանցված 2 մլն դրամը Քրիստինեն փոխանցել է իրեն։ Ամիսներ շարունակ Նորայրը պարբերաբար խոստումներ է տվել, որ կվերադարձնի գումարը, բայց չի վերադարձրել։ Մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում Նորայրը ասաց, որ անձնական խնդիրների պատճառով չի կարողացել կատարել խոստացված աշխատանքը, և վերադարձնել գումարը։ Այսպիսի պատասխաններ կան նաև Նորայրի վերաբերյալ դատական գործերում, ըստ որոնց, Նորայրը պարտավորվել է տարբեր աշխատանքներ կատարել, կանխավճար է վերցրել և ոչինչ չի արել՝ որպես պատճառ ներկայացնելով անձնական խնդիրները։

Լիլիթը գնացել է այն նույն արտադրամասը, որտեղ պատուհանների նմուշները ցույց տալու համար նրան հրավիրել էր Նորայրը: Այնտեղ հանդիպել է Արտակին, որը ներկայացել է այդ արտադրամասի տնօրեն: Լիլիթը նրան ասել է, որ այդ նույն արտադրամասում պատուհանների գնման և տեղադրման համար պայմանավորվել է Նորայրի հետ։ Արտակը ասել է, որ Նորայրը կապ չունի իրենց հետ և Լիլիթի ներկայությամբ զանգել է Նորայրին՝ վատ տոնայնությամբ խոսել նրա հետ։ Արտակը Լիլիթին ասել է, որ իրենք կապ չունեն Նորայրի հետ։ Այս դեպքից հետո Լիլիթին է զանգել Նորայրի ընկերներից մեկը երեկոյան ժամի և առաջարկել է հանդիպել։ Լիլիթը մերժել է, նշելով՝ խոսելու ոչինչ չկա, իրեն պետք է իր գումարը, եթե հանդիպման նպատակը գումարը վերադարձնելը չէ, ապա չի հանդիպի։ Այս ամենից հետո Լիլիթը դիմել է Ոստիկանություն, ներկայացրել է նաեւ այս պատմությունը: Որոշ ժամանակ հետո Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնից նամակ է ստացել, որից պարզվում է, որ քրեական վարույթ չի նախաձեռնվել:

«․․․Վերոնշված հաղորդման քննարկման արդյունքում, ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ և 179-րդ հոդվածներով, գտնում եմ, որ նկարագրված հանգամանքներով քրեական վարույթ նախաձեռնելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ Լիլիթ Դավիթի Հարությունյանը անձամբ է ձեռք բերել պայմանավորվածություն, ավելին՝ իր կամքով էլ դրա դիմաց տրամադրել կանխավճարը։ Նշվածից հետևում է, որ կողմերն իրենց ռիսկով ձեռք են բերել պայմանավորվածություն, մտել են քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ և նախատեսված ցանկալի արդյունքին չհասնելու դեպքում՝ զրկված չեն իրենց ենթադրյալ խախտված իրավունքները քաղաքացիաիրավական կարգով վերականգնելու հնարավորությունից, իսկ պետությունը պարտավոր չէ քաղաքացիների գույքային և այլ իրավունքների վերականգնումը դիտել հանրային շահի տիրույթում և հանրային միջոցներ ծախսելով՝ իրականացնել նշված մասնավոր շահերի քրեաիրավական պաշտպանություն։ Հետևաբար, առկա են քաղաքացիաիրավական ընթացակարգով կարգավորվող իրավական հարաբերություններ, ուստի, գտնում եմ, որ քննարկվող քրեական վարույթ նախաձեռնելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ նկարագրված դեպքով ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված 255-րդ հոդվածի 1-ին մասով և ցանկացած այլ հանրորեն վտանգավոր արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական տալը ողջամտորեն հնարավոր չէ»,- նշված է Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի նամակում:

Լիլիթը նամակներ է գրել Դատախազությանը, ՄԻՊ-ին: Դրանից հետո գործը տեղափոխել է Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության բաժանմունք:

Հարցում ուղարկեցինք Ոստիկանությանը՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն, արդյոք Նորայր Ղոնաղչյանի նկատմամբ երբևէ նախապատրաստվե՞լ են նյութեր կամ քրեական վարույթ նախաձեռնվել է, թե՞ ոչ։ Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնից մեզ պատասխանեցին․ «Նորայր Ղոնաղչյանի կողմից կանխավճար վերցնելու և խոստացված ծառայությունը չմատուցելու փաստով 21․02․2024-ին ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում է ներկայացրել Արագածոտնի մարզի բնակիչ, որի վերաբերյալ կազմված փաստաթղթերը ուղարկվել են ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար»։

Քննչական կոմիտեից հայտնեցին, որ Նորայր Ղոնաղչյանի նկատմամբ Արագածոտնի մարզի քննչական վարչությունում քրեական գործ չի հարուցվել։ 

project-02.png (63 KB)

Նորայր Ղոնաղչյանին, երբ հայտնեցինք հոդված գրելու մասին, այցելեց խմբագրություն: Մեր զրույցի ընթացքում նա խոստացավ 10 օրվա ընթացքում Լիլիթ Հարությունյանին վերադարձնել 1 մլն դրամը, իսկ մնացածը՝ ավելի ուշ: Նա այդպես էլ չի վերադարձրել գումարը: Այս ամիսների ընթացքում Նորայրից տուժածները գտել են իրար, պարզվել է՝ նրանց թիվը շատ ավելի մեծ է, քան դատական գործերն են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter