HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատավորը վիճարկում է իրենց աշխատանքային կարգապահության կանոնները սահմանելու մասին ԲԴԽ որոշումը

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Հովհաննիսյանը հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատավորների ներքին աշխատանքային կարգապահության կանոնները սահմանելու մասին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) 2023թ. որոշման որոշ դրույթներ:

2023թ. դեկտեմբերի 4-ին ԲԴԽ-ն դատավորների աշխատանքային կարգապահության կանոնները սահմանող որոշում է ընդունել։ Դրանք վերաբերում են դատավորների իրավունքներին ու պարտականություններին, աշխատանքի և հանգստի ժամանակին, աշխատանքային պայմանների առանձնահատկություններին, դատավորների միջև ծառայողական փոխհարաբերություններին և այլն:

Դատավոր Սարգիս Հովհաննիսյանը Վարչական դատարանում վիճարկում է այդ որոշման 12 կետ:

Առաջին հերթին պահանջում է անվավեր ճանաչել այն դրույթը, որով սահմանվում է, որ որոշումն  ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Դատավորը խնդրահարույց է համարում նաև այն դրույթը, որ Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների առանձնահատկություններով, այդ թվում՝ մասնագիտացումներով պայմանավորված, դատարանի նախագահը դատավորի հետ փոխադարձ համաձայնությամբ որոշ կանոններ կարող է փոփոխել:

Փոփոխվող կանոններից մեկն էլ այն է, որ դատարանում սահմանվում է 5-օրյա աշխատանքային շաբաթ՝ հանգստյան օրերը շաբաթն ու կիրակին են, ինչպես նաև՝ տոն կամ հիշատակի օր համարվող ոչ աշխատանքային օրերը: Իսկ աշխատանքը սկսվում է ժամը 09:00-ին և ավարտվում 18:00-ին, ընդմիջումը՝ ժամը 13-14-ը:

Վիճարկվող մյուս նորմը աշխատանքային ժամերի մասին է՝  դատարանի նախագահը փոխադարձ համաձայնությամբ կարող է հետաձգել առանձին դատավորների աշխատանքային օրվա սկիզբը, ավարտը և ընդմիջման ժամը:

ԲԴԽ-ի որոշմամբ սահմանվում է նաև, որ ընդմիջման ժամը չի ներառվում աշխատաժամանակի մեջ, իսկ դատավորն ընդմիջման ժամն օգտագործում է իր հայեցողությամբ: Սա ևս Ս. Հովհաննիսյանի համար վիճելի դրույթ է:

Դատավոր Հովհաննիսյանը վիճարկում է նաև որոշման այն կետը, ըստ որի՝ յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային օրը դատարանի նախագահին տեղեկատվություն է փոխանցվում նախորդ ամսվա ընթացքում դատավորների հաճախելիության վերաբերյալ: Իսկ դատավորների մուտքն ու ելքը դատարանի շենք իրականացվում է Դատական դեպարտամենտի համապատասխան ստորաբաժանման տրամադրած մագնիսական անցագրով:

«Հետք»-ը պարզաբանումներ ստանալու խնդրանքով դիմեց դատավոր Սարգիս Հովհաննիսյանին: Նա ասաց, որ վիճարկվող որոշման կետերում իրավական խնդիր է տեսել, սակայն այս փուլում չի ցանկանում հավելյալ մեկնաբանել՝ հաշվի առնելով իր զբաղեցրած պաշտոնը: Բացի այդ, չի ցանկանում նաև գործը քննող դատավորների մոտ կաշկանդվածություն առաջացնել:

«Կոնկրետ իմ ներկայացրածը ոչ թե խախտման հիմքով է, այլ հնարավոր է, որ իրավունք խախտվի: Կոնկրետ խախտում տեղի չի ունեցել»,-հավելեց Սարգիս Հովհաննիսյանը:

Դատավորի խոսքով, սա իրավական ընթացակարգ է, դատավորներին էլ վստահում է, հետևաբար համոզված է, որ արդարացի լուծում կստանա:

«Գիտեմ՝ դժվար բան է, երբ դատարանի վարույթում քննվող գործով կողքից, առավել ևս կոլեգա դատավորը մեկնաբանում է»,- ասաց Ս. Հովհաննիսյանը:

Սարգիս Հովհաննիսյանի լուսանկարը՝ president.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter