HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ովքե՞ր են իրականացնում հայկական օդանավերի տեխնիկական սպասարկումը

Օդանավերը որոշակի հաճախականությամբ իրականացվող եւ տարբեր բարդության տեխնիկական սպասարկման աշխատանքների կարիք ունեն եւ այդ նպատակով մշտապես գտնվում են համապատասխան ավիացիոն մասնագետների վերահսկողության ներքո:

Ներկա պահին Հայաստանում օդանավ (ինքնաթիռ, ուղղաթիռ, օդապարիկ) շահագործելու իրավունք ունեցող 9 ավիաընկերություն կա:

««Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերություն» ՓԲԸ (Armenia Airways) - ինքնաթիռներ
«Էյր Դիլիջանս» ՍՊԸ (Air Dilijans) - ինքնաթիռներ
«Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ (Armenian Helicopters) - ուղղաթիռներ
«ՆովԷյր» ՍՊԸ (NovAir) - ինքնաթիռներ
«Շիրակ Ավիա» ՍՊԸ (Shirak Avia) - ինքնաթիռներ
«Սքայբոլ» ՍՊԸ (Skyball) - օդապարիկներ
«Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ (FlyOne Armenia) - ինքնաթիռներ
«Հայկական ավիաուղիներ» ՍՊԸ (Armenian Airlines) - ինքնաթիռներ
«Հայվեյզ» ՍՊԸ (Hayways) - ինքնաթիռներ

Սրանց օդանավերը, որոնք գրանցված են ՀՀ-ում, սպասարկվում են թե՛ տեղական, թե՛ արտասահմանյան տեխսպասարկող կազմակերպությունների կողմից: Ընդ որում՝ ավիաընկերություններից որոշներն ունեն իրենց տեխնիկական անձնակազմն ու բազան, այսինքն՝ հենց իրենք են զբաղվում իրենց բորտերի սպասարկումով, սակայն, որպես կանոն, Հայաստանում իրականացվում են ոչ շատ բարդ տեխսպասարկման աշխատանքներ, իսկ բարդ աշխատանքների կարիքի դեպքում օդանավերն ուղարկվում են արտերկիր (օրինակ՝ «C-check» տիպի տեխսպասարկման համար, որը հանգարային պայմաններում կատարվող բարդ աշխատանքների կոմպլեքս է):

Այս պահին մեր երկրում 6 ընկերություն ունի ՀՀ քաղավիացիայի կոմիտեի կողմից տրված օդանավերի տեխսպասարկման կազմակերպության սերտիֆիկատ:

Դրանք են՝

««Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերություն» ՓԲԸ (Armenia Airways)
«Ռադար-Ավիա» ՓԲԸ (Radar-Avia)
«Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ (Armenian Helicopters)
«ՆովԷյր» ՍՊԸ (NovAir)

«Շիրակ Ավիա» ՍՊԸ (Shirak Avia)
«Քրոսս Թեքնիքս» ՍՊԸ (Cross Technics)

Ինչպես տեսնում ենք, «Արմենիա Էյրվեյզը», «Արմենիան Հելիքոփթերսը», «ՆովԷյրն» ու «Շիրակ Ավիան» ոչ միայն ՕՇՎ (օդանավ շահագործողի վկայական) ունեն, այլեւ տեխսպասարկողի սերտիֆիկատ: Նրանցից շատ չի տարբերվում «Հայվեյզը», քանի որ տեխսպասարկող «Քրոսս Թեքնիքսը» «Հայվեյզի» քույր ընկերությունն է, եւ երկուսն էլ պատկանում են նույն անձին:

Եվս մեկ ընկերություն՝ «Սքայբոլ» ՍՊԸ-ն, քանի որ շահագործում է ոչ բարդ օդանավեր, այս դեպքում՝ օդապարիկներ, ունի թռիչքային պիտանիության համակցված կազմակերպության սերտիֆիկատ, ինչը նրան իրավունք է տալիս իրականացնել թե՛ տեխսպասարկում, թե՛ թռիչքային պիտանիության պահպանում (ՕՇՎ ունեցող մյուս ավիաընկերությունները եւս իրականացնում են թռիչքային պիտանիության պահպանում, սակայն դա անում են առանձին սերտիֆիկատի հիման վրա):

Տեխսպասարկող կազմակերպություններից միակը, որն ինքնին ավիաընկերություն չէ (օդանավ չի շահագործում) կամ փոխկապակցված չէ ավիաընկերության հետ (ինչպես որ «Քրոսս Թեքնիքսը»), «Ռադար-Ավիա» ՓԲԸ-ն է:

Ովքե՞ր են տեխսպասարկող կազմակերպությունների տերերը

«Արմենիա Էյրվեյզը» ներկայում շահագործում է «Boeing 737-300» տիպի 2 ինքնաթիռ: Ավիաընկերության շահառու սեփականատերեր են գրանցված ՀՀ քաղաքացի Հորմոզ Գոլազիզի Դարբեռուդին (51 %), որը ծագումով իրանցի է, եւ Ուզբեկստանի քաղաքացի Զերա Աբլյալիմովան (49 %): Այդուհանդերձ, «Հետքի» տեղեկություններով, այս ընկերության իրական սեփականատերն այլ անձ է (իրանցի), որը հրապարակային հանդես չի գալիս (մանրամասները՝ այստեղ):

Ուղղաթիռային օպերատոր «Արմենիան Հելիքոփթերսը» ներկա պահին շահագործում է «H125» տիպի 2 եւ «Robinson R66» տիպի 1 ուղղաթիռ: Ավիաընկերության միակ սեփականատերը ստեղծման օրվանից (2018 թ.) երեւանցի Կարեն Վարդանյանն է (ավելին՝ այստեղ):

Երեւան-Կապան թռիչքներով հայտնի «ՆովԷյր» ընկերությունը շահագործում է 1 հատ «L-410UVP-E20» ինքնաթիռ: Փաստաթղթերով ներկայում ընկերության միակ փայատերը երեւանցի Տիգրան Շահվերդյանն է, սակայն իրական շահառուն ՀՀ-ում Ավստրիայի պատվավոր հյուպատոս, Քաղավիացիայի գլխավոր վարչության (ներկայում՝ Քաղավիացիայի կոմիտե) պետի նախկին տեղակալ Արամ Մարությանն է:

«Շիրակ Ավիան» էլ շահագործում է 2 հատ «Boeing 737-500»: Ավիաընկերության միակ սեփականատերն ի սկզբանե (2019 թ.) գյումրեցի Գառնիկ Պապիկյանն է, որը նախկին օդաչու է:  

«Հայվեյզի» հաշվեկշռում է գտնվում «Boeing 737-400SF» տիպի 1 բեռնատար ինքնաթիռ, որը դեռ չի սկսել կոմերցիոն գործունեությունը: Այս ավիաընկերության եւ տեխսպասարկող «Քրոսս Թեքնիքսի» տերը գործարար Գեւորգ Նալբանդյանն է, որը տարբեր բիզնեսներ ունի Հայաստանում եւ Շվեդիայում:

«Ռադար-Ավիան», ինչպես ասվեց, կապ չունի որեւէ ավիաընկերության հետ: Այս կազմակերպությունը ՔԱԿ-ի կողմից տրված սերտիֆիկատի հիման վրա իրավունք ունի կատարել ինքնաթիռների եւ ուղղաթիռների մարտկոցների վերանորոգման, լիցքավորման, ստուգման ու կարգավորման աշխատանքներ, ինչպես նաեւ ստուգել, վերանորոգել ու կարգավորել ինքնաթիռների եւ ուղղաթիռների ռադիոէլեկտրոնային սարքավորումներն ու բաղադրիչները:

«Ռադար-Ավիան» զբաղվում է նաեւ լոկացիոն, նավիգացիոն, ավիացիոն կապի սարքավորումների վերանորոգմամբ, մոնտաժով ու կարգավորմամբ, ավիացիոն հատուկ վերգետնյա կապի եւ ռադիոտեխնիկական սարքավորումների վերանորոգմամբ ու սպասարկմամբ: Ընկերության միակ սեփականատերը էջմիածինցի Գեւորգ Ղազարյանն է, որը ռադիոտեխնիկ ու ինժեներ է:

Հայկական գրանցումով օդանավերը սպասարկող արտերկրյա ընկերությունները

Ինչպես նշեցինք, համեմատաբար բարդ տեխսպասարկման կարիքի դեպքում ՀՀ-ում գրանցված օդանավերն ուղարկվում են արտերկիր: Բայց այնպես չէ, որ օտարերկրյա ցանկացած տեխսպասարկող կազմակերպություն կարող է աշխատել դրանց վրա: Բանն այն է, որ ՀՀ ազգային նիշ (EK) կրող քաղաքացիական օդանավերը սպասարկելու համար այդ կազմակերպությունների սերտիֆիկատները պետք է ճանաչված լինեն մեր ՔԱԿ-ի կողմից:

Ներկայում Քաղավիացիայի կոմիտեի կողմից ճանաչված են հետեւյալ տեխսպասարկող ընկերությունների սերտիֆիկատները, այսինքն՝ Հայաստանում գրանցված օդանավերը կարող են սպասարկվել նրանց կողմից:

Առաջին լուսանկարը՝ aviationbusinessnews.com-ից, մյուսները՝ facebook.com-ից, radar-avia.am-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter