HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ զինված ուժերը անօդաչուներով և հրթիռներով հարձակվել են Ուկրաինայի Նիկոլաևի և Օդեսայի մարզերի վրա

Ռուսական զորքերն ապրիլի 10-ի գիշերը Ուկրաինայի տարածքի ուղղությամբ 17 անօդաչու են արձակել: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը: Ուկրաինական կողմի տվյալներով՝ անօդաչուները արձակվել են Ղրիմի Չաուդա հրվանդանից։ 14 անօդաչու հաջողվել է խոցել Նիկոլաևի և Օդեսայի մարզերի տարածքում։

Բացի այդ, ՌԴ զորքերը Ղրիմի տարածքից Ուկրաինայի ուղղությամբ արձակել են «Իսկանդեր-Կ»-ի երկու թևավոր հրթիռ և «Իսկանդեր-Մ»-ի մեկ հրթիռ։

Ուկրաինական ՀՕՊ ուժերին ապրիլի 9-ի երեկոյան հաջողվել է խոցել նաև Օդեսայի ուղղությամբ արձակված Х-59 տեսակի ավիացիոն կառավարվող երկու հրթիռ։

Օդեսայի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը հայտնել է, որ անօդաչուների հարձակման թիրախը տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքներն են եղել, իսկ հրթիռներն արձակվել են Օդեսայի կրիտիկական և տրանսպորտային-լոգիստիկ ենթակառուցվածքների օբյեկտների ուղղությամբ: Տուժել է տրանսպորտային ձեռնարկություններից մեկի երկու աշխատակից։ Բացի այդ, վնասվել է էներգետիկ մեկ օբյեկտ, առանձնատուն և մի քանի ավտոմեքենա։

Նիկոլաևի մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմն էլ իր հերթին հայտնել է, որ իր մարզի տարածքում ռուսական ուժերի հարվածի հետևանքով վնասվել է Նիկոլաևի մարզային էներգետիկ ենթակառուցվածքի մեկ օբյեկտ, ինչի հետևանքով էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներ են առաջացել: Կիմը գրել է, որ հարվածների հետևանքով տուժածներ չկան։

The Financial Times պարբերականը գրում է, որ վերջին մի քանի շաբաթներին ռուսական զորքերը փորձում են ավերել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները, սակայն ներկայումս թիրախի տակ են գտնվում առավել քիչ պաշտպանված մարզերը։

Կոլաժը՝ 24 Канал-ի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter