HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանգնեցրել են ավտոմեքենան և հափշտակել 36 կգ ոսկի․ առերևույթ զինված հարձակում Փարաքարում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է , որ քննություն է իրականացվում՝ պարզելու Արմավիրի մարզում տեղի ունեցած՝ առերևույթ զինված հարձակմամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության դեպքի հանգամանքները։  

2024 թվականի ապրիլի 10-ին՝ ժամը 07:55-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ իր ազգականների վրա տեղի է ունեցել զինված հարձակում և նրանց թալանել են:

Ահազանգից անմիջապես հետո Արմավիրի մարզի Փարաքար համայնք տանող ճանապարհին հայտնաբերվել է «Հունդաի Սոնատա» մակնիշի ավտոմեքենա, իսկ մայթեզրին գտնվել են 3 անձ, որոնց ձեռքերին ամրակցված են եղել ձեռնաշղթաներ։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով և 335-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձևավորվել է քննչական խումբ։

Նախաքննության շրջանակերում նախնական, դեռևս քննությամբ ստուգման ենթակա տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ապրիլի 10-ին՝ ժամը 07:10-ի սահմաններում դիմակավորված, ատրճանակներով զինված առնվազն 4 անձ ավտոմեքենայով կանգնեցրել են վերը նշված 3 անձանցից մեկի վարած «Հունդաի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան, վարորդին ու 2 ուղևորներին բռնություն գործադրելով իջեցրել ավտոմեքենայից, պառկեցրել գետնին ու ձեռնաշղթաներ հագցրել։

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ այնուհետև, արցունքաբեր գազ կիրառելով՝ երեքին էլ նստեցրել են ավտոմեքենան, հափշտակել բեռնախցիկում գտնվող ճամպրուկների և  պայուսակների մեջ  եղած մոտ 1 միլիարդ 24 միլիոն ՀՀ դրամ գումարին համարժեք, շուրջ 36 կիլոգրամ ոսկյա երեք ձուլակտորներ, մոտ 1 միլիարդ 216 միլիոն ՀՀ դրամին համարժեք 293 միլիոն ռուբլի գումարը և դիմել փախուստի:  

Հիշյալ 3 անձինք ճանաչվել են տուժող։ 

Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել է տեսանկարահանող սարք, որի տեսագրությունների կրիչն առգրավվել է, վերցվել են նաև նշված անձանց ամրացված ձեռնաշղթաները:

Նշանակվել է համապատասխան փորձաքննություն։ 

Նախաքննությունը շարունակվում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter