HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Երևանի ավագանու ՔՊ խմբակցությունը մերժեց ընդդիմության բոլոր առաջարկները

Երևանի ավագանու ապրիլի 16-ի նիստի մեկնարկին «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանը և «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը կրկին առաջարկեցին ավագանու օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը դարձնել զեկուցվող։

Առաջարկը քվեարկության դրվեց և 35 դեմ, 24 կողմ ձայներով մերժվեց։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն առաջարկեց օրակարգից հանել 29-33-րդ հարցերը, որոնք ներկայացրել էր ընդդիմությունը։

Օրինակ՝ օրակարգի 29-րդ հարցով Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը կրկին առաջարկում էր ավագանու օրակարգի նախագծում ներառված բոլոր հարցերը դարձնել զեկուցվող։ 

«Ավագանու նիստի օրակարգում ընդգրկված հարցերը զեկուցվողի և չզեկուցվողի բաժանումը չի արտահայտում ավագանու աշխատանքի ժողովրդավարական ոգին ու պառլամենտարիզմին հարիր չէ։ Հարցերի քննարկումը և դրանց հանրային լինելը անհրաժեշտ է նաև իրազեկման տեսանկյունից՝ երևանցիների համար Երևանի քաղաքապետարանի ընդունած որոշումները առավել թափանցիկ, հասկանալի և ընդունելի դարձնելու տեսանկյունից։ Մի քանի հարց մեկ հարցի մեջ ընդգրկելու ներկայիս գործելաոճը թույլ չի տալիս, որ ավագանու անդամը քվեարկի և իր դիրքորոշումն արտահայտի այդ հարցերի մասին առանձին-առանձին, ուստի անհրաժեշտ է բացառել մեկից ավելի հարցերի քվեարկություն մեկ հարցի տակ»,- նշել էր ավագանու անդամը նախագծի հիմնավորման մեջ։

Օրակարգի նախագծի 30-րդ հարցը կրկին ներկայացրել էր Հայկ Գրիգորյանը։

Ավագանու անդամն առաջարկում էր իրավական ակտի ընդունման նախաձեռնություններն ավագանու նիստում քննարկել ստացման օրվանից ոչ ուշ, քան 2 ամսվա ընթացքում, ներկայում գործող 4 ամսվա փոխարեն, ինչն, ըստ Գրիգորյանի, անհիմն կերպով սահմանափակում է ավագանու անդամի իրավաստեղծ գործունեությունը և հարցերին օպերատիվ լուծումներ առաջարկելու նրա հնարավորությունը։ 

Օրակարգի նախագծի 31-րդ հարցով առաջարկվում էր, որ ամեն խմբակցության հատկացվող աշխատասենյակները (չափը), կահույքը և տեխնիկական ու կապի միջոցները (քանակը) բաշխվեն խմբակցությունների միջև համամասնորեն, ըստ խմբակցության անդամների ու փորձագետների թվի՝ ընտրությունների արդյունքները հրապարակելուց հետո 20-օրյա ժամկետում։

Օրակարգի նախագծի 32-րդ հարցով նախատեսվում էր քաղաքապետի երդման արարողության վրա ծախսել առավելագույնը 2 մլն դրամ։

«Տվյալ հարցի կարգավորումն իսպառ բացակայում է գործող կանոնակարգում, ինչի պայմաններում նախորդ քաղաքապետի երդմնակալության վրա ծախսվել է 900 հազար դրամ (2018թ), իսկ գործող քաղաքապետի դեպքում՝ 87 մլն դրամ (2023թ)։ Նման պայմաններում տվյալ կարգավորման բացակայությունը բերում է նման անհամաչափ ու անհիմն ծախսերի, որոնք չեն բխում Երևանի զարգացման և երևանցիների շահերից, ստեղծում են չարաշահումների մասին հիմնավոր կասկածների ու ռիսկերի լայն հնարավորություններ։ Սույն որոշման ընդունումը բխում է Երևան քաղաքի բյուջեի միջոցների ռացիոնալ, տրամաբանված և կանխատեսելի եղանակով պլանավորելու և ծախսելու շահերից»,- նշված էր ընդդիմադիր խմբակցության նախագծի հիմնավորման մեջ։

Օրակարգի 33-րդ հարցը ավագանու անդամի վարքագծի կանոնների մասին էր։

Առաջարկվում էր, որ ավագանու անդամը, ով ունի ֆինանսական, մասնավոր կամ անձնական բնույթի որևէ շահ ավագանու օրակարգում ընդգրված որևէ հարցի, որոշման նախագծի կամ ավագանու որևէ գործողության առնչությամբ, այդ թվում՝ այդ որոշմամբ կամ գործողությամբ որևէ անձի կամ կազմակերպության վրա որևէ ներգործության կամ փոխհարաբերության հետ, պետք է ավագանու նիստը սկսելուց առաջ՝ մինչև օրակարգը հաստատելը, հանդես գա հայտարարությամբ՝ բացահայտելով տվյալ շահի կամ շահագրգռվածության բնույթն ու բովանդակությունը, բոլոր ներգրավված կողմերին և մյուս վերաբերելի հանգամանքները։ 

Կամ, օրինակ, ըստ նախագծի, ավագանու անդամը պետք է լինի հարգալից ավագանու մյուս անդամների, զանգվածային լրատվության միջոցների ու հանրության հետ իր շփումներում, չօգտագործի վիրավորական բառեր և արտահայտություններ: 

Ավագանու անդամը չի կարող քաղաքացիներից կամ կազմակերպություններից ընդունել նվերներ կամ շնորհակալական բնույթի վարձատրություն իր պաշտոնական գործողությունների կատարման հետ կապված։ Նման նվեր կամ վարձատրություն ստանալու դեպքում նա պարտավոր է տասն օրվա ընթացքում այդ նվերը կամ վարձատրությունը համապատասխան բացատրական գրությամբ փոխանցել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ: 

Նախագծերն օրակարգից հանելը ՔՊ-ական Արմեն Գալջյանը հիմնավորեց այսպես. «Բոլոր հարցերը վերաբերում են կանոնակարգին, Արդարադատության նախարարությունն առաջարկել է հարցերը մեկ փաթեթով քննարկել։ Բացի այդ, չի ապահովվել տվյալ նախագծերի պատշաճ քննարկումն այն դեպքում, երբ նախագծերը չորս ամիս շրջանառության մեջ են եղել»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter