HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Էն Էռ Էմ» ՓԲԸ-ն ուզում է ուսումնասիրել նաև Դաստակերտի հանքավայրի հարակից տարածքները

«Էն Էռ Էմ (Նեյչրլ Ռիսորս Մենեջմենք)» ՓԲԸ-ն ուզում է ուսումնասիրել Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի հարակից տարածքները։ Ընկերությունը, հիշեցնենք, արդեն իսկ ստացել է Դաստակերտի բուն հանքավայրի վերագնահատման թույլտվությունը։ Այժմ մտադիր է հետագայում շահագործման նպատակով ուսումնասիրել նաև դրա հարակից 1413 հա մակերեսով տարածքը։

Ընկերությունը նպատակ ունի Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի պաշարների հավելաճի համար տվյալ օբյեկտի հարակից տարածքներում առավել հեռանկարային տեղամասերը բացահայտել։

Հայցվող տարածքն անմիջապես հարում է Դաստակերտ քաղաքի հարավային մերձակայքին։ Ամենամոտ բնակավայրերն են՝ արևմուտքում Ցղունի՝ 1 կմ և Նժդեհ՝ 2 կմ, հյուսիսում՝ Տորունիկ՝ 3 կմ և արևելքում Շենաթաղ՝ 7,5 կմ գյուղերը։

Համաձայն Շրջակա միջավայրի նախարարություն ներկայացված գնահատման հայտի՝ հայցվող տարածքը գործնականում զուրկ է բուսականությունից, դրա 40 տոկոսը ժայռոտ է։ Տարածքի միջնամասով հոսում է Այրիգետի աջ վտակը՝ Աղջկաձոր գետը։

Անդրադառնալով բուսական և կենդանաբանական աշխարհի բազմազանությանը՝ հայտում նշվում է, որ Դաստակերտի հանքավայրի հետազոտվող տարածքում ցուցակագրված 275 տեսակից ՀՀ Բույսերի Կարմիր գրքում գրանցված տեսակներ չեն հայտնաբերվել։ Մեկ ենթատեսակ՝ Բարակոտնուկ Ալբովի (Koeleria albovii Domin subsp. albovii) Հայաստանի էնդեմ և մեկ տեսակ՝ Տիվարսակ աջարական (Helictotrichan adjaricum (Albov) Grossh.)` Կովկասի էնդեմ են։ Շյուղախոտ վալլիսյան (Festuca valesiaca Gaudin) տեսակը ռելիկտային է։

Ուսումնասիրվող տարածքում հանդիպում են մարդու համար օգտակար մի շարք բուսատեսակներ՝ ուտելի, համեմունքային, մեղրատու, դեղատու, կերային, տեխնիկական և գեղազարդային նշանակության մի շարք տեսակներ, ինչպիսին են սոխուկը, կանաչ ելակը, սիբեխը, ծտապաշարը, խոշորածաղիկ կատվադաղձը, կոչիի ուրցը, շլորենին, գանգուր ավելուկը, կովկասյան տանձենին, արևելյան խնձորենին։

Տարածքում քիչ չեն նաև արժեքավոր դեղատու բուսատեսակները՝ դաշտային ձիաձետը, սովորական հազարատերևուկը, հսկայական զիվան, սպիտակ լոշտակը, դեղատու իշառվույտը, խոցված սրոհունդը, սովորական ճարճատուկ, լուծողական դժնիկը, ալեհեր լերդախոտը, սոորական խնկածաղիկը։

Հայցվող տարածքը հարուստ է նաև գեղազարդային տեսակներով։ Մասնավորապես՝ կավճային մեխակը, անորոշ սագասոխուկը, ցրտակայուն բոգը, կան նաև կերային և տեխնիկական բույսեր, գիհի և բարձր ուռենի։

Կենդանական աշխարհը նույնպես հարուստ է, հայցվող տարածքում գրանցված է կաթնասունենրի 21 տեսակ, որոնք պատկանում են 10 ընտանիքների և 5 կարգերի։

«Հայցվող տարածքում երկրաբանական ուսումնասիրությունները վտանգ չեն ներկայացնում կաթնասունների առաջնահերթ տեսակների համար, մանավանդ, որ ուսումնասիրության արդյունքներով չեն հայտնաբերվել այս տեսակներից որևէ մեկի տարածքում բնակվելու կամ այս տարածքով միգրացիայի հետքեր»,- արձանագրել են հայտատուները։

Թռչունները ներկայացված են 55 տեսակով, որոնք պատկանում են 26 ընտանիքների և 11 կարգերի։ Դրանցից 2 տեսակ ընդգրկված է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում, 10 տեսակ՝ Հայաստանի կենդանիների Կարմիր գրքում և 12 տեսակ՝ Բեռնի կոնվենցիայի 6-րդ ռեզոլյուցիայում։

«Թռչունների տեսակների մեծ մասը պարզապես անցնում է տարածքով սեզոնային միգրացիայի ժամանակ կամ օգտագործում են այս տարածքը որպես իրենց ավելի մեծ կերային տիրույթի մաս։ Ուսումնասիրության արդյունքներով չեն հայտնաբերվել առաջնահերթ տեսակներից որևէ մեկի երկրաբանական ուսումնասիրության համար հայցվող տարածքում բնադրելու նշաններ կամ հետքեր։ 5 տեսակ գրանցված է Բեռնի կոնվենցիայի 6-րդ հավելվածում՝ Այծկիթ, Անտառային արտույտ, Կապտափող սոխակ, Ժուլան և Այգու դրախտապան»,- նշվում է ՇՄԱԳ-ում։

Ընկերությունը վստահեցնում է, որ հայցվող տարածքում երկրաբանական ուսումնասիրությունները որևէ վտանգ չեն ներկայացնի բնադրող թռչունների առաջնահերթ տեսակների համար, եթե կատարվեն բնադրման շրջանից դուրս, այսինքն՝ բացառելով մայիսի 10-ից մինչև հունիսի 10-ն ընկած ժամանակահատվածը։ Իսկ մնացած առաջնահերթ տեսակների թվում չկան այնպիսի թռչուններ, որոնք բնակվում են տարածքում, և մնացած բոլոր առաջնահերթ տեսակները պարզապես անցնում են տարածքով սեզոնային միգրացիայի ժամանակ կամ այս տարածքն օգտագործում են որպես իրենց ավելի մեծ կերային տիրույթի մաս։

Սողունների 9 տեսակներից միայն մեկն է ընդգրկված Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում, 1 տեսակ՝ Հայաստանի կենդանիների Կարմիր գրքում և 1 տեսակ՝ Բեռնի կոնվենցիայի 6-րդ ռեզոլյուցիայում։ Սակայն ուսումնասիրության արդյունքներով չեն հայտնաբերվել այս տեսակներից որևէ մեկը հայցվող տարածքում բնակվելու կամ այս տարածքով միգրացիայի նշաններ կամ հետքեր։

Ըստ հայտի՝ վտանգված տեսակի երկկենցաղներ, ձկներ և միջատներ հայցվող տարածքում չեն հայտնաբերվել։

Հայցվող տարածքին մոտակա բնության հատուկ պահպանվող տարածքը «Զանգեզուր» պետական արգելավայրն է, որի ամենամոտ սահմանն ուղիղ գծով հեռու է շուրջ 2 կմ։

Հանրային առաջին քննարկումը տեղի է ունեցել Դաստակերտում՝ հոկտեմբերի 17-ին, և բնակիչները առարկություն չեն ներկայացրել։ Ավելին՝ Սիսիանի համայնքապետարանը նախնական համայձայնություն է տվել ուսումնասիրություններին։

«Էն Էռ Էմ (Նեյչրլ Ռիսորս Մենեջմենթ)» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2020թ. օգոստոսի 24-ին։ Իրական սեփականատերերի հայտարարագրի համաձայն՝ 75 % բաժեմասնակցություն ունի Սասուն Ավետիսյանը: Վերջինս միանձնյա սեփականատեր է նաև Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի համար ընդերքօգտագործման իրավունք ունեցող «Լիճքվազ» ՓԲԸ-ում:

Սասուն Ավետիսյանը նաև «Ապառաժ մայնինգ», «ԷյՋիԱրՍի», «Էս ընդ Էյ մայնինգ» ՍՊԸ-ներում է աշխատում:

Սասուն Ավետիսյանը միևնույն ժամանակ «Ապառաժ մայնինգ» ՍՊԸ-ի տնօրենն է, որը զբաղվում է պայթուցիկ նյութերի արտադրությամբ, մատուցում է հորատապայթեցման աշխատանքների իրականացման համալիր ծառայություններ:

Այս ընկերության գործարանը գտնվում է Քաջարանում` «ԶՊՄԿ» ՓԲԸ-ին պատկանող հանքավայրի վերին հատվածում: «Ապառաժ մայնինգ» ՍՊԸ-ն էլ իրականացնում է պայթեցման աշխատանքներ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի հանքավայրերում:

20% մասնակցություն ունի Սամվել Լյովայի Իվանյանը: Վերջինս նույնպես «Լիճքվազ» ՓԲԸ-ում է աշխատում: Նաև գործադիր մարմնի ղեկավարն է:

2024թ. ապրիլի 30-ին՝ ժամը 14:00-ին, Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Դաստակերտ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա՝ «Էն Էռ Էմ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի հարակից տարածքների երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ երկրորդ հանրային քննարկումը։ 

Հիշեցնենք, որ Դաստակերտի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքի վերաբերյալ կան դատական վեճեր, և «Էն Էռ Էմ  (Նեյչրլ Ռիսորս Մենեջմենք)» ՓԲԸ-ն նույնպես ներգրավված է։ Դատական գործերին կանդրադառնանք այլ հրապարակմամբ։

Դաստակերտի համայնապատկերը՝ wikipedia-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter