HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դիմակավորված անձինք ձերբակալվածին ավտոմեքենայից քարշ են տվել խոտերի մեջ, գլուխը հարվածել գետնին, հայհոյել ու իջեցրել տաբատը

Երեկ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ երթուղային ավտոմեքենայում վիճաբանության մեջ մտած Սամվել Վարդանյանին ձերբակալել էին և կեսգիշերին քննչական վարչությունից տեղափոխել ձերբակալվածների պահման վայր: Սակայն, վարչության շենքից 1-2 րոպե հեռանալուց հետո, ճանապարհին ուղեկցող երկու ոստիկանի մոտ միաժամանակ «բնական կարիքները» հոգալու անհրաժեշտություն է առաջացել և Սամվելին թողել են ավտոմեքենայի մեջ ու գնացել: Դիմակավորված անձինք մոտեցել են, ձեռնաշղթաներով կապված Սամվելին դուրս հանել ավտոմեքենայից և ծեծի ենթարկել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Դեպքի մասին  նրա փաստաբաններն իմացել են պատահմամբ, երբ այսօր՝ ԱԺ պատգամավորները տեսակցության են գնացել Սամվելին, և վերջինս մանրամասներ է փոխանցել:

Նշենք, որ երեկ տեսանյութ էր տարածվել, որում պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ վիճաբանություն է եղել հասարակական տրանսպորտում, ինչից հետո քրեական վարույթ է նախաձեռնվել՝ խուլիգանության հատկանիշներով: Միջադեպի մասնակիցներից Սամվել Վարդանյանը ձերբակալվել է:

Քիչ առաջ արտահերթ մամուլի ասուլիս էին հրավիրել Սամվել Վարդանյանի փաստաբաններ Ռուբեն Մելիքյանն ու Վարազդատ Հարությունյանը: Նրանց խոսքերով՝ Սամվելի նկատմամբ անմարդկային վերաբերմունքը կազմակերպվել է իշխող կուսակցության կողմից, որին մասնակցություն է ունեցել նաև Ոստիկանությունը: Դեպքի մասին փաստաբանները չեն իմացել: Պատգամավորներն են այցի ժամանակ պարզել, թե ինչ է կատարվել գիշերը Սամվել Վարդանյանի հետ, որից հետո դեպքի մանրամասները հանրայնացվել են:

Վարազդատ Հարությունյանն ասաց, որ Դատաբժշկական փորձաքննությունների կենտրոնում այսօր տեսել է Սամվելին: Նրա ջինսի տաբատի վրա եղել են թարմ խոտի հետքեր, ճակատային մասը, աջ ձեռքն այտուցված են եղել, ձախ քունքային հատվածը՝ վնասված, արյան զեղումներով: Քերծվածքներ են եղել նաև ուսի, ձեռքի հատվածներում: Սա այն դեպքում, երբ երեկ՝ ժամը 23:45-ին, քննչական վարչության շենքում հրաժեշտ են տվել Սամվելին, նա որևէ վնասվածք չի ունեցել, ինքնազգացողությունը լավ է եղել և որևէ բանից չի դժգոհել: Հագուստը եղել է պատշաճ, առանց վնասվածքների:

Սամվելը պատմել է, որ երբ Ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ դուրս են եկել քննչական վարչությունից, որ գնան ձերբակալվածների պահման վայր, 1-2 րոպե գնալուց հետո Ոստիկանության ավտոմեքենան կանգնել է, և քաղաքացիական հագուստով երկու աշխատակիցները հայտարարել են, թե բնական կարիքները հոգալու համար պետք է իջնեն: Դրանից հետո ամբողջությամբ սև հագնված դիմակավորված անձինք, որոնցից Սամվելը 3 հոգու է տեսել, մեքենայից դուրս են հանել տղային, տարել են մի քանի մետր հեռու, խոտածածկ հատվածում ստիպել են ծնկել, գլխից բռնած հարվածել են գետնին, որից հետո հարվածել են ձեռքերով: Ծեծը զուգորդվել է սեռական բնույթի հայհոյանքներով:

Փաստաբան Վարազդան Հարությունյանի փոխանցմամբ՝ դիմակավորված անձինք պահանջել են, որ Սամվելը կրկնի իր վերաբերյալ սեռական բնույթի հայհոյանքները: Սամվելը հրաժարվել ու ըմբոստացել է, ինչից հետո թքել են տղայի վրա: Վ. Հարությունյանն ասաց, որ դիմակավորված անձինք իջեցրել են Սամվելի տաբատը, փայտը պահել են ոտքերի արանքում, սակայն որևէ գործողություն չեն կատարել:

Ծեծը տևել է 3-4 րոպե, որից հետո քարշ տալով Սամվելին բերել, գցել են մեքենայի մեջ, հեռացել: Կարճ ժամանակ անց հայտնվել են տղային ձերբակալվածների պահման վայր ուղեկցող ոստիկանները: Սամվելի շնչառությունն արագացած է եղել, ծաղրելու նպատակով հարցրել են, թե նրան ինչ է եղել՝ «նոր լավ էր»:

«Այն վարքը, որ ցուցաբերել են դիմակավորված անձինք, նման պատմություններ լսել ենք միայն Ադրբեջանի գերությունից վերադարձածներից»,- ասում է փաստաբանը՝ հավելելով, որ դեպքի մանրամասները ներկայացնելու համար ստացել են Ս. Վարդանյանի համաձայնությունը:

Վ. Հարությունյանը չի կարողացել հիշել նմանատիպ մեկ այլ դեպք, որ տեղի է ունեցել վերջին տարիների ընթացքում:

Ռուբեն Մելիքյանն ասում է, որ երեկ կեսգիշերին մոտ տեղի ունեցածն աննախադեպ բան է, ինչը խոսում է Հայաստանի ներկայիս իշխանությունների հետագա դեգրադացիայի մասին: Դա հերթական քայլն է դեպի մարդկային, իրավական արժեքների գահավիժում: Ըստ փաստաբանի՝ տեղի է ունեցել սահմռկեցուցիչ հանցագործություն մի մարդու նկատմամբ, ով գտնվում է պետության լիակատար պատասխանատվության ներքո: Պետությունը ոտքով- գլխով պատասխանատու է այդ անձի համար, քանի որ նա ձերբակալված է եղել, և նրա կյանքի ու առողջության համար պատասխանատուն պետությունն է:

Ռուբեն Մելիքյանի խոսքերով՝ Ոստիկանությունը եղել է այս հանցագործության մասնակիցը, երբ ձեռքերը հետևում ձեռնաշղթաներով կապված անձին աշխատակիցները թողել են ավտոմեքենայի մեջ և գնացել են:

Փաստաբան Մելիքյանի դիտարկմամբ՝ պատգամավորի հետ միջադեպի վերաբերյալ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքը և իշխող կուսակցության համակիր այլ անձանց հայտարարությունները հիմք են տալիս եզրակացնելու, որ այս բռնությունը կազմակերպվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից:

Այն, որ դեպքը կազմակերպված է եղել, ըստ փաստաբանի, ցույց է տալիս նաև իրավապահ մարմինների լռությամբ: Մինչ այժմ քրեական վարույթ նախաձեռնված չէ:

Սա այն դեպքում, երբ Ռ. Մելիքյանի փոխանցմամբ՝ պատգամավորի հետ տեղի ունեցած միջադեպից մոտ 2 ժամ հետո Սամվել Վարդանյանը ձերբակալվել է, տարվել է Ոստիկանության բաժին, որտեղից էլ տեղափոխվել է Երևանի քննչական վարչություն: Այս ընթացքում շատ արագ քրեական վարույթ են նախաձեռնել, կատարել մի շարք քննչական գործողություններ, առերեսումներ: Սակայն, երբ խոսքը գնում է արդեն Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառված խոշտանգման մասին՝ լռություն է:

Ռուբեն Մելիքյանն ասում է, որ գոնե հայտնի է, թե ովքեր են եղել Սամվել Վարդանյանին ուղեկցող երկու անձինք, քանի որ փաստաթղթավորված է: Առնվազն այսօր՝ ժամը 13:10-ի դրությամբ, երբ դեպքի մասին հանրայնացվել է, պետք է կանչեին և պարզեին, թե ով է բնական կարիքները հոգալու հանձնարարություն տվել նրանց, երբ երկուսի մոտ էլ միաժամանակ այդ կարիքն առաջացել է: Մինչդեռ մինչ այժմ տեղեկություն չկա, որ այդ մարդիկ առնվազն աշխատանքից ազատվել են, ինչը ևս նշանակում է, որ կազմակերպված է եղել:

Ըստ Ռ. Մելիքյանի՝ նույնիսկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն չի տարածել: ՄԻՊ-ի գրասենյակից այսօր 2 աշխատակից են եղել ձերբակալվածների պահման վայր, ներս են մտել ու 20 րոպե անց դուրս եկել:

Լուսանկարում՝ Սամվել Վարդանյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter