HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գազը՝ համայնքապետի եղբոր, ճանապարհների վերանորոգումը՝ եղբոր աներորդու ընկերություններից

Արդեն մի քանի տարի է` Հրազդանի համայնքապետարանը ծառայողական ավտոմեքենաների լիցքավորման գազը գնում է համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի եղբոր՝ Մեխակ Միքայելյանի ընկերությունից: Հրազդանի ճանապարհների վերանորոգման աշխատանքների մի մասն էլ իրականացնում է համայնքի ղեկավարի եղբոր աներորդու ընկերությունը: Միայն վերջին 3 տարվա ընթացքում գազի գնման պայմանագրերի գումարը մոտ 156 մլն դրամ է:

Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանն Ազգային ժողովի նախկին պատգամավոր, այժմ՝ Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի որդին է: Համայնքի ղեկավար է ընտրվել 2018թ. իշխանափոխությունից հետո՝ նույն տարվա հոկտեմբերին: Համայնքների խոշորացումից հետո՝ 2021թ. դեկտեմբերին, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով Սևակ Միքայելյանը դարձյալ ընտրվել է համայնքի ղեկավար:

Ընտրվելուց հետո Սևակ Միքայելյանը բազմիցս պայմանագրեր է կնքել եղբոր ընկերությունների հետ:

Հրազդանի համայնքապետարանի ավտոմեքենաների լիցքավորման համար գազը գնում են «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ից: Սասուն Միքայելյանն ընկերությունը հիմնադրել է 2018թ. փետրվարին: Սակայն, իշխանափոխությունից հետո՝ 2018թ. հուլիսին, Սասուն Միքայելյանը դուրս է եկել ընկերությունից և նոր սեփականատեր է դարձել կնոջ եղբոր որդին՝ Անդրանիկ Մեսրոպյանը: Նա էլ ընկերության սեփականությունը 2022թ. մարտին փոխանցել է Սասուն Միքայելյանի ավագ որդուն՝ Մեխակ Միքայելյանին։

Հրապարակված պայմանագրերի համաձայն՝ 2022-2024թթ. ընթացքում Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը մորեղբոր որդու, այնուհետև եղբոր ընկերության՝ «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ի հետ կնքել է մոտ 156 մլն դրամի պայմանագիր:

«Լարգո-Վինչ» ՍՊԸ-ն ոչ միայն գազալցակայաններ ունի, այլև Հրազդանում իրականացնում է ավտոմեքենաների լվացման ծառայություն:

Ընկերության հետ պայմանագրերը կնքվում են էլեկտրոնային աճուրդի եղանակով: «Գնումների մասին» օրենքի համաձայն՝ էլեկտրոնային աճուրդը էլեկտրոնային միջոցների օգտագործմամբ նոր՝ նվազեցված գների ներկայացման գործընթաց է, որը հնարավորություն է տալիս ավտոմատ գնահատման մեթոդներով որոշել հայտեր ներկայացրած մասնակիցների զբաղեցրած տեղերի հաջորդականությունը: Էլեկտրոնային աճուրդը հիմնվում է բացառապես գների վրա:

Հրազդանի համայնքապետարանի գնումների և զարգացման ծրագրերի բաժնի պետ Քրիստինե Բաղդասարյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է ստացվում, որ վերջին տարիներին համայնքի ղեկավարի եղբոր ընկերության հետ են պայմանագրեր կնքվում:

Քրիստինե Բաղդասարյանն ասաց, որ որևէ բացասական ռիսկ չի տեսնում: Ավելին՝ նշեց, որ գործընթացը թափանցիկ է, և որևէ խախտում թույլ չեն տվել: Բաժնի պետը նշեց, որ  նախկինում՝ մոտ 7 տարի առաջ, ուրիշն է շահել մրցույթը:

«Նման դեպք էլի կար, այսպես ասեմ, տենդեր է, մասնակցել են, շահել են։ Ցանկացածը կարող է մասնակցել, շահել: Այստեղ շահերի բախում չկա այն առումով, քանի որ Միքայելյանը չի եղել գնահատող հանձնաժողովի անդամ, բայց որպես պատվիրատուի ղեկավար, կարող է ցանկացածի հետ կնքել պայմանագիր»,- ասում է Ք. Բաղդասարյանը։

Քրիստինե Բաղդասարյանն ասաց, որ էլեկտրոնային աճուրդի ժամանակ մրցակցություն չի եղել, դիմել է միայն «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ն:

«Հիմա Մեխակ Միքայելյանը մասնակցել է, նախ՝ ինքը տնօրենը չի, տնօրենը Վահագն Ասատրյանն է, մենք պարտավոր չէինք ստուգելու: Իրական շահառու կա, հայտարարագիրը կա, կայքէջի հղումը կա, բայց տնօրենը փաստացի Վահագն Ասատրյանն է, բայց փաստացի, եթե հայտերը ներկայացվել են, մրցակից չի ունեցել, կամ ենթադրենք ունեցել է, շահել է ինքը: Էլեկտրոնային աճուրդ է, թղթային մրցույթ չի, որ խտրականության հիմք տեսնեք կամ մտածեք։ Պարզ աճուրդ է, խնդրեմ, նայեք աճուրդի պայմանները»,- հավելում է համայնքապետարանի աշխատակիցը։

Քրիստինե Բաղդասարյանն ասում է, որ խտրականություն չկա, մրցակցությունը շատ պարզ ու բաց է: Նույնիսկ տեխնիկական բնութագիրն է շատ պարզ:

«Շահերի բախում լինում է, երբ գնահատող հանձնաժողովից լինում է իրենց ծանոթ, բարեկամ: Բայց պատվիրատուի եղբայր կլինի, կին կլինի, հայր կլինի, լրիվ նորմալ է, քանի որ իր հետ պատվիրատուն շահերի բախում չի ունենում, գնահատող հանձնաժողովի և ստորաբաժանման անդամ չէ»,- ասում է Ք. Բաղդասարյանը:

Նշենք, որ «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ի տնօրեն Վահագն Ասատրյանը Հրազդան համայնքից է՝ Սևակ և Մեխակ Միքայելյանների հարևանն է:

Հրազդան համայնքի ճանապարհների վերանորոգումը՝ Մեխակ Միքայելյանի աներորդու և զոքանչի ընկերության միջոցով

Հրազդան համայնքի ճանապարհների մի մասը տարիներ շարունակ վերանորոգել է «Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ն՝ համայնքապետարանի հետ կնքած պայմանագրի հիման վրա: Ընկերության բաժնետերերը Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի եղբոր՝ Մեխակ Միքայելյանի զոքանչն ու աներորդին են:

Գնումների և զարգացման ծրագրերի բաժնի պետ Քրիստինե Բաղդասարյանն այս դեպքում նույնպես կոռուպցիոն որևէ ռիսկ չի տեսնում։

«Այսպես ասեմ, մեր տենդերներին ինքը բազմիցս մասնակցել է, ունեցել է շատ մրցակիցներ։ Տենդեր ենք ունեցել, որ 5 մրցակից է ունեցել, որը շահել է, որը չի շահել։ Մենք ասֆալտ անող շատ ընկերությունների հետ ունենք պայմանագրեր, կնքված ու արված։ Բայց ամեն դեպքում այդտեղ ով է, ում բարեկամն է, նույնիսկ եթե համայնքի ղեկավարի հետ խնամիական կապ ունի, գնահատող հանձնաժողովի հետ կապ չկա, և ինձ հետ կապ չկա։ Շահերի բախումը գնահատող հանձնաժողովի ստորաբաժանման անդամների և գնումների համակարգողի հետ պետք է լինի։ Սա լրիվ օրենքի սահմանում է»,- հայտնեց Քրիստինե Բաղդասարյանը։

Վերջինս նշեց, որ եթե որևէ անօրենություն լիներ, մրցակիցները կբողոքարկեին։

«Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ն հիմնադրվել է 1997թ. նոյեմբերին: Ըստ ընկերության իրական շահառուների հայտարարագրի՝ ԲԲԸ-ի 65,7%-ը պատկանում է Էդգար Բաղդասարյանին, 19.6%-ը մորը՝ Զարիկ Վարդանյանին, իսկ 14.7%-ը՝ Սերյոժա Մկրտչյանին: Հայտարարագրում նշված է, որ Էդգար Բաղդասարյանն ընկերության իրական շահառուն է հիմնադրման օրվանից, այսինքն՝ երբ 17 տարեկան էր, իսկ մայրը՝ 2019թ. նոյեմբերից: Է. Բաղդասարյանը նաև ընկերության տնօրենն է:

Սակայն, հրազդանցիների շրջանում տարածված է, որ այդ ընկերության իրական սեփականատերը Սասուն Միքայելյանն է: Այս վարկածը Քրիստինե Բաղդասարյանը հերքեց և նշեց, որ երկար տարիներ՝ հիմնադրման օրից «Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ն պատկանել է Էդգար Բաղդասարյանի հորը, իսկ մահից հետո անցել է նրան։

2023թ. մայիսի 26-ին «Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ի և Հրազդանի համայնքապետի միջև կնքվել է ճանապարհի վերանորոգման և բետոնե բաժանարարների տեղադրման աշխատանքների կատարման պայմանագիր, որի գինը մոտ 106 մլն 647 հազ. դրամ է:

Դրանից մոտ 7 ամիս առաջ՝ 2022թ. հոկտեմբերին, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի միջթաղամասային, գլխավոր և երկրորդային նշանակության ճանապարհների հիմնանորոգման նպատակով նույն կողմերի միջև կնքվել է 192 մլն դրամի պայմանագիր:

Համայնքապետարանը 2021թ. օգոստոսին նույն ընկերության հետ կնքել է համայնքի Միկրոշրջան, Մ. Բաղրամյան, Կենտրոն, Հարավային, Ջրառատ և Վանատուր թաղամասերի միջթաղամասային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների կատարման պայմանագիր՝ 445 մլն 884 հազ. դրամ արժեքով:

2019թ. Հրազդան քաղաքի ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման և փոսային աշխատանքների կատարման համար «Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ի հետ կնքվել է 13 մլն 645 հազ. դրամի պայմանագիր, իսկ 2020թ. նույն նպատակով կնքվել է մոտ 30 մլն դրամի պայմանագիր:

Հրազդան համայնքի հարավային թաղամասի Շահումյան փողոցի հիմնանորոգման աշխատանքների կատարման համար 2021թ. հոկտեմբերին Սևակ Միքայելյանը «Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ի  հետ կնքել է 148 մլն 413 հազ. դրամ արժեքով պայմանագիր: Նույն տարվա մայիսին էլ համայնքի ճանապարհների փոսալցման աշխատանքների համար է մոտ 30 մլն 800 հազ. դրամի պայմանագիր կնքվել:

Պաշտոնից մինչև հողերի աճուրդ-վաճառք

Համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը հոգացել է նաև, որ իր ազգականներն անգործ չմնան։ Համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելուց հետո՝ 2019թ․ փետրվարին, Հրազդանի ավագանին որոշել է «Վարչական շենքի սպասարկման և պահպանման» բյուջետային հիմնարկի տնօրեն նշանակել Միքայելյանի մորեղբորը՝ Անդրանիկ Մեսրոպյանին։

Միքայելյանի մորեղբոր որդիներն ու եղբոր կնոջ ազգականները նաև մասնակցում են հողերի աճուրդ-վաճառքներին։ Մասնավորապես՝ 2021թ․ հոկտեմբերին Մեխակ Միքայելյանի կնոջ եղբայրը՝ Էդգար Բաղդասարյանը, 2400 քմ հողամասը գնել է 133 հազ․ 750 դրամով։ Համայնքապետարանից հայտնել են, որ աճուրդի մեկնարկային գինը եղել է 150 հազ․ դրամ, մասնակիցները եղել են երկուսը, և հողամասը մեկնարկային գնից 26 հազ․ 750 դրամով ավել գնով վաճառվել է Է․ Բաղդասարյանին։

Նույն օրը Էդգար Բաղդասարյանը Հրազդանում աճուրդով գնել է նաև 325 քմ հողատարածք՝ այս անգամ 1 մլն 725 հազ․ դրամով։ Հողամասը վաճառվել է 3 քայլով՝ մեկնարկային 1 մլն 500 հազ․ դրամին ավելանալով 225 հազ․ դրամ։

Էդգար Բաղդասարյանին ուղիղ վաճառքով օտարվել է նաև մոտ 456 քմ հողատարածք՝ առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենք կառուցելու նպատակով։ Հողամասը վաճառվել է մոտ 2 մլն 25 հազ․ դրամ։

Էդգար Բաղդասարյանի քույրը՝ Քրիստինե Բաղդասարյանը ևս աճուրդով հողատարածք է գնել Հրազդանում։ 2023թ․ ապրիլին մոտ 206 քմ հողատարածքը գնել է 1 մլն 35 հազ․ դրամով։ Մեկնարկային գինը եղել է 900 հազ․ դրամ և վաճառվել է 3 քայլով՝ արժեքը բարձրացնելով 135 հազ․ դրամով։

Հրազդան համայնքի ղեկավարի մորեղբոր որդին՝ Սիրաք Մեսրոպյանը, առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենք-շինություններ կառուցելու նպատակով աճուրդով գնել է 400 քմ հողատարածք՝ մոտ 2 մլն 44 հազ․ դրամով։

Սևակ Միքայելյանի մյուս մորեղբոր որդին՝ Կամո Մեսրոպյանը, մոտ 1.9 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասը 2020թ․ օգոստոսին աճուրդով գնել է 575 հազ․ դրամով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter