HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմազատման մասին «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծը չընդգրկվեց ԱԺ նստաշրջանի օրակարգում

ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկելու համար պատգամավորները այսօր՝ ապրիլի 30-ին, քննարկել են ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը, որը ներկայացրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

«ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն ապրիլի 23-ին նախագիծը քննարկել էր եւ տվել բացասական եզրակացություն:

Ելույթ ունենալով՝ հիմնական զեկուցողը քննադատել է իրականացվող սահմանազատման գործընթացը եւ նշել, որ խմբակցությունը փորձ է արել ներկայացնել հայտարարություն, որով կկանոնակարգվի այդ գործընթացը: Ընդդիմադիր խմբակցությունը կողմ է, որ լինի սահմանազատում, սակայն, ըստ նրանց, դրա հիմքը պետք է լինեն 1993 թվականից փաստացի գործող սահմանները:

Հարակից ելույթում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը նշել է՝ սահմանազատման գործընթացով Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվում ոչ մեկի: «Այս պահին ընթացող սահմանազատման եւ սահմանագծման գործընթացները ոչ այլ ինչ են, քան Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի վերարտադրման գործընթացներ: Գործող, գոյություն ունեցող Հայաստանի պետական սահմանի վերարտադրման գործընթաց: Այդ սահմանի վրա կարելի է սյուն տեղադրել»,- ընդգծել է նա:

Նշվել է, որ 1993 թվականի սեպտեմբերի դրությամբ սահմանը հիմք ընդունելով՝ Հայաստանը կհրաժարվի իր պետական սահմանից եւ կվերադառնա ռազմական գործողությունների տրամաբանության:

«Սա բացարձակապես անընդունելի է եւ պարունակում է Հայաստանի Հանրապետության համար իրավական, քաղաքական, դիվանագիտական եւ ռազմական ռիսկեր: Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը ստորագրել են Ալմա-Աթայի հռչակագիրը 1991 թվականի դեկտեմբերի 21-ին՝ այդպիսով միանալով նորաստեղծ Անկախ պետությունների համագործակցության կազմակերպությանը»,- ասել է Մարիա Կարապետյանը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտնել է, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին, քանի որ այն վտանգներ եւ ռիսկեր է պարունակում Հայաստանի Հանրապետության պետականության համար:

Քվեարկության արդյունքում նախագիծը նստաշրջանի օրակարգում չի ընդգրկվել: Կողմ էր քվեարկել 27, դեմ՝ 51 պատգամավոր:

Խորհրդարանը հաստատել է հերթական նիստերի օրակարգը, որից հետո սկսել օրենքների նախագծերի քննարկումը»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter