HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՊԵԿ նախագահի նախկին տեղակալի բիզնեսներն ու ապօրինի գույքին վերաբերող վարույթը

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Պետական եկամուտների կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Արմեն Սաքապետոյանի ու ընտանիքի անդամների գույքի վերաբերյալ ուսումնասիրություն է իրականացվել, և կազմվել է ամփոփագիր: 1 մլրդ 60 մլն 114 հազ. դրամի չափով արգելանք է դրվել Արմեն Սաքապետոյանին պատկանող գույքի վրա, այդ թվում՝ իր մասնակցությամբ ընկերությունների:

Նախկին պաշտոնյայից բացի, Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն են հրավիրվել կինը՝ Մարիաննա Մկրտչյանը, որդին՝ Հայկ Սաքապետոյանը և եղբայրը՝ Արեգ Սաքապետոյանը: Վերջիններիս անվամբ հաշվառված գույքը ենթակա է բռնագանձման, քանի որ, նախնական տեղեկություններով, դրանց իրական սեփականատերը Արմեն Սաքապետոյանն է:

Այս փուլում Գլխավոր դատախազությունը տեղեկատվություն չի հրապարակում բռնագանձման ենթակա գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների վերաբերյալ: Պատճառաբանությունն այն է, որ հնարավոր է ներկայացվեն ապացույցներ, հիմնավորումներ, և գույքի ցանկը փոփոխվի:

Արմեն Սաքապետոյանը՝ պաշտոնյայից մինչև բիզնեսմեն

Արմեն Սաքապետոյանը ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում նշանակվել է 2016թ. մարտին՝ այդ ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ: 2018թ. իշխանափոխությունից հետո՝ մայիսի 21-ին, Արմեն Սաքապետոյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Արմեն Սաքապետոյանն այժմ իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն: Նրան են պատկանում մի շարք ընկերություններում բաժնեմասեր: Ավելին՝ իր ընկերություններից մեկը հասցրել է նաև օգտվել պետական աջակցության ծրագրից:

«Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» միջոցառման շրջանակում Կառավարությունը 2023թ. հուլիսին որոշել է հաստատել «Յու Էմ Ագրո» ՍՊԸ-ի ներդրումային ծրագիրը և տրամադրել օժանդակություն՝ հողամասերի ջրարբիացումն ապահովելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքի կառուցման նպատակով:

«Յու Էմ Ագրո» ՍՊԸ-ն հիմնվել է 2018թ. հուլիսին: 2021թ. դեկտեմբերի 7-ից ընկերության միանձնյա սեփականատեր է դարձել Արմեն Սաքապետոյանը: Մեկ տարի անց ընկերության տնօրենը դարձել է եղբայրը՝ Արեգ Սաքապետոյանը:

Ըստ Կառավարության որոշման՝ ընկերությունը նախատեսել է Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Բագարան և Երվանդաշատ գյուղերում սեփականության իրավունքով իրեն պատկանող 2088 հա գյուղատնտեսական նշանակության հողամասերում հիմնել նուշի ինտենսիվ այգիներ և խոշոր ֆերմերային տնտեսություն: Նուշի այգիներ հիմնելու մեկնարկը տրվել է 2022թ. նոյեմբերի 1-ից:

Տարածքին մոտ գտնվող Ախուրյանի ջրամբարի ջուրը չի հասնում ընկերության գործունեության համար նախատեսված տարածքներ, իսկ տվյալ տարածքում, որտեղ նախատեսվում է իրականացնել ներդրումային ծրագիրը, խիստ անհրաժեշտ է պատշաճ կաթիլային ոռոգման համակարգ ունենալը, որը կբավականացնի նուշի այգիների պատշաճ մշակման համար։ Կառավարության աջակցությունը վերաբերում է հենց ոռոգման ջուրը տարածք հասցնելուն:

«Յու Էմ Ագրո» ՍՊԸ-ի կողմից ծրագրի շրջանակում իրականացվելիք ներդրումների ծավալը 1.6 մլրդ դրամ է: Սակայն, Կառավարության կողմից տրամադրվող աջակցության շրջանակներում կառուցվող ենթակառուցվածքի արժեքը չի կարող գերազանցել ծրագրի շրջանակում իրականացվելիք ներդրումների ծավալի ընդհանուր արժեքի 20 տոկոսը:

«Յու Էմ Ագրո» ՍՊԸ-ն, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, այս տարի անվանափոխվել և դարձել է «Յերրա» ՍՊԸ:

Օրեր առաջ՝ 2024թ. ապրիլի 25-ին, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնի կողմից 1 մլրդ 60 մլն 114 հազ. դրամի չափով արգելանք է դրվել Արմեն Սաքապետոյանին պատկանող գույքի վրա, այդ թվում՝ իր մասնակցությամբ ընկերությունների:

Իրական շահառուների հայտարարագրի համաձայն՝ ընկուզապտուղների աճեցմամբ զբաղվող «Ալմոնդ Ագրո» ՓԲԸ-ի 33.3%-ի սեփականատերը Արմեն Սաքապետոյանի եղբայրն է՝ Արեգ Սաքապետոյանը, մյուս 33.3%-ի սեփականատերն այլ անձ է, սակայն մնացած բաժնեմասի վերաբերյալ տեղեկատվություն չկա: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դատախազությունը Արեգ Սաքապետոյանի անվամբ հաշվառված գույքը ևս ցանկանում է բռնագանձել՝ ենթադրվում է, որ նրա ունեցած բաժնեմասի իրական սեփականատեր դիտարկվում է եղբայրը՝ Արմեն Սաքապետոյանը:

«Ալմոնդ Ագրո» ՓԲԸ-ն գրանցված է Արմավիրի մարզի Վանանդ գյուղում:

Նույն գործունեությամբ զբաղվում է նաև «1էսքյու Ագրո» ՍՊԸ-ն: Այն ստեղծվել է 2021թ. հոկտեմբերին՝ Արմեն Սաքապետոյանի կողմից, սակայն 2024թ. հունվարին սեփականատերը փոխվել է, և ընկերության 100%  սեփականությունն անցել է եղբորը՝ Արեգ Սաքապետոյանին:

Այս ընկերության կանոնադրային կապիտալը մոտ 129 մլն դրամ է: Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը «1էսքյու Ագրո» ՍՊԸ-ի վրա ևս արգելանք է կիրառել:

2023թ. նոյեմբերից «1էսքյու Ագրո» ՍՊԸ-ին է պատկանում նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի հիմնադրած «Արմենիակ» ընկերությունը: Վերջինս հանքարդյունաբերությամբ հետաքրքրվող ընկերություն է, որի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է:

«Բեյսիք Ինվեսթմենթ Ընդ Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն հիմնվել է 2019թ. փետրվարին: Ընկերության 33.3%-ը պատկանում է Արմեն Սաքապետոյանին: Ընկերությունն իրականացնում է բնակելի, հասարակական և արտադրական շենքերի շինարարություն:

Շինաշխատանքների իրականացմամբ զբաղվող «Բեստ Փրոփերթիս» ՍՊԸ-ի 40%-ը ևս Արմեն Սաքապետոյանինն է: Նա ընկերության սեփականատեր է դարձել 2022թ. ապրիլին: Ընկերությունը Երևան քաղաքի Հալաբյան փողոցի վրա բնակելի շենք է կառուցում:

Բնակելի շենքերի շինարարությամբ զբաղվող մեկ այլ՝ «Պարկ Դիվելոփմենթ» ՍՊԸ-ի 25%-ը Արմեն Սաքապետոյանին է պատկանում: Ընկերությունն այժմ բնակելի շենք է կառուցում Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում:

«Պարկ Դիվելոփմենթ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2022թ. հոկտեմբերին, սակայն Սաքապետոյանը ընկերության համասեփականատեր է դարձել ավելի ուշ՝ 2023թ. դեկտեմբերի 28-ին:

Արմեն Սաքապետոյանին է պատկանում նաև անշարժ գույքի առուվաճառքով զբաղվող «Իմմոբիլիեր» ՍՊԸ-ն: Ընկերությունը հիմնվել է 2021թ. Ա. Սաքապետոյանի որդու՝ Հայկ Սաքապետոյանի կողմից: 2023թ. ընկերության սեփականատեր է դարձել դուստրը՝ Սոնա Սաքապետոյանը, իսկ 2024թ. ապրիլի 8-ից ընկերության միակ սեփականատերը Արմեն Սաքապետոյանն է:

Հայկ Սաքապետոյանը 2023թ. օգոստոսին ստեղծված հաշվապահական և աուդիտ ծառայություններ մատուցող «Ունիվերսալ Ֆայնենշլ Սոլուշնս» ՍՊԸ-ի համասեփականատերերից է: Նրան է պատկանում ընկերության 33.34%-ը:

2023թ. հունվարից Արմեն Սաքապետոյանը նաև խոհանոցային կահույքի արտադրությամբ զբաղվող «Ս.Թ. Ջեյքոփ» ՍՊԸ-ի 50%-ի սեփականատերն է: Ընկերությունը ստեղծվել է 2012թ․-ին:

Հարկ է նշել, որ 2018թ., երբ Արմեն Սաքապետոյանը թողնում էր պետական պաշտոնը, հայտարարագիր է ներկայացրել, ըստ որի՝ պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ ունեցել է 4 անշարժ գույք, «MERCEDES-BENZ E 200» մակնիշի ավտոմեքենա:

Որպես 8 մլն դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցող թանկարժեք գույք հայտարարագրել է ձեռագործ գորգ:

Եկամուտները կազմել են 56 մլն 529 հազ. դրամ, որից 4 մլն 529 հազ. դրամը գոյացել էր ՊԵԿ-ից ստացած աշխատավարձից, իսկ 52 մլն դրամը՝ գույքի օտարումից:

Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Արմեն Սաքապետոյանը, որպես դրամական միջոց, հայտարարագրել է 38 մլն 650 հազ. դրամ և 2500 ԱՄՆ դոլար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter