HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Կիրանցից 30 անձ է ձերբակալվել․ մեծաթիվ ոստիկակական ուժեր են կուտակվել գյուղում

Վաղ առավոտյան Կիրանց գյուղում բողոքի ակցիա իրականացնող 30 անձ է ձերբակալվել։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«30 անձ բերվել է Ոստիկանություն Վարչական իրավախախտման օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը- խմբ․)»,- նշեց խոսնակը։

Սակայն մեզ չմանրամասնեց, թե ինչ օրինական պահանջ չի կատարվել և միջադեպի այլ հանգամանքներ։ 

Նշենք, որ Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածը մոտ 2 շաբաթ է՝ փակել են քաղաքացիները։ Նարեկ Սարգսյանի խոսքով՝ ճանապարհահատվածն այս պահին էլ շարունակում է փակ մնալ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների կողմից։

ԱԺ «Հայաստան» խմբակցության  պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Կիրանցում Ոստիկանության ուժերը փակել են գյուղի մուտքերը։

«Մեծաքանակ ոստիկաններ լցվել են գյուղ: Ականազերծման աշխատանքներին խոչընդոտող գյուղացի տղամարդիկ վայրենի կերպով բերման են ենթարկվել: Բերման ենթարկվածների մեջ կան նաև անչափահասներ: Այս պահին գտնվում եմ Իջևանի ոստիկանության բաժնում, որտեղ բերման է ենթարկվել 2 տասնյակից ավելի քաղաքացի»,- գրել էր նա:

Ոստիկանական մեծաքանակ ուժերի մուտքը գյուղ Ներքին գործերի նախարարությունը պարզաբանում է, որ անվտանգության ապահովման նպատակով է՝ հայտարարությունում նշելով․ «ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում, պետական սահմանի տվյալ հատվածի վերարտադրության նպատակով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության փորձագիտական խմբերի կողմից գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների իրականացումը ապահովելու համար: 

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն` ականապատ գոտիներ քաղաքացիական անձանց մուտքը թույլ չտալու և նրանց անվտանգությունն ապահովելու համար»։

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին Հաաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովի նիստից հետո պաշտոնական Երևանն ու Բաքուն հաղորդեցին, որ «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։

Այս հայտարարությունից հետո Տավուշի մարզում և հետո նաև Հանրապետության տարբեր հատվածներում սկսվեցին բողոքի ցույցեր։ Քաղաքացիների մտահոգությունն այն է, որ այդ տարածքների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո սահմանն անցնելու է Կիրանց գյուղի և հիմնական ճանապարհի հարևանությամբ:

Լուսանկարը՝ էկրանակադր 168.am-ի տեսանյութից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter