Հեղինակի Արխիվ

Արդյո՞ք փոքր հիդրոէլեկտրակայանները էկոլոգիապես մաքուր են

[ 26 Հոկտեմբերի, 2009 | 18:32 ]

26_10-hidroԱրդեն մի քանի տարի է բնապահպանների ու էներգետիկների միջեւ ծագած «ջուրը ՀԷ՞Կ-ին, թե՞ գետին» անհամաձայնությունների առանցքը «բնապահպանական թողք» ասվածն է: Բնապահպանական թողքը ջրի այն ծավալն է, որը սահմանված չափով մնում է գետին, իսկ ջրի մնացած ծավալը տեղափոխվում է ՀԷԿ: »»»»»


Արագիլները չվել են, բայց խոստացել են վերադառնալ

[ 12 Հոկտեմբերի, 2009 | 18:04 ]

12_10-aragilԱպագա գյուղի սպիտակ արագիլները, վերջին անգամ բնի մեջ խառնելով ու վերադասավորելով ամռան ամիսներին կուտակած «կարողությունը», պատրաստվում են չվել դեպի տաք երկրներ: Երբ արագիլների զույգն արդեն լքի իր բույնը, շրջակայքում ապրող մարդիկ բնի միջից կգտնեն իրենց կոշիկի զույգը, աշխատանքային գործիքը, երեխայի խաղալիքը կամ ամռանը կորած այլ իրեր: »»»»»


Հարկադիր կատարողները 3000 դրամը դարձրին 24000

[ 5 Հոկտեմբերի, 2009 | 18:12 ]

2006 թ. մարտին Երեւանի բնակիչ Արտակ Առաքելյանի ավտոմեքենան օդանավակայանի ճանապարհին կանգնեցնում է Պետավտոտեսչության ոստիկանը եւ ճանապարհային երթեւեկության կանոնը խախտելու համար տուգանում 3000 դրամով: Օրենքով սահմանված ժամկետներում Արտակ Առաքելյանը «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղում վճարում է 3000 դրամ տուգանքը: »»»»»


Հրազդանում ստորագրություններ են հավաքում երկաթի հանքավայրի շահագործման դեմ

[ 7 Սեպտեմբերի, 2009 | 18:01 ]

07_09-hrazdan

Հրազդան քաղաքի (Կոտայքի մարզ) կողմից նկարված այս բլուրն այն տեղն է, որտեղ պայթեցման եղանակով բացվելու է Հրազդանի երկաթի հանքը եւ կառուցվելու է երկաթի հարստացուցիչ ֆաբրիկան:

»»»»»


Դարձ ի շրջանս յուր. մայրը չի կարողանում ստանալ իր երեխաների ծննդյան վկայականները

[ 17 Օգոստոսի, 2009 | 17:14 ]

17_08-galstyanՆաիրա Գալստյանի 7-ամյա որդին եւ 4-ամյա դուստրը ծննդյան վկայականներ չունեն: Երեխաները շուտով դպրոց եւ մանկապարտեզ պետք է գնան, իսկ առանց վկայականի նրանց չեն ընդունի: Վկայականների բացակայության պատճառով աղքատության մեջ ապրող ընտանիքը նաեւ նպաստ չի ստանում:

2002 եւ 2005 թթ.-ին, երբ ծնվեցին Էրիկն ու Լիաննան, նրանց մայրը` Նաիրա Գալստյանը, չուներ անձնագիր, ինչի պատճառով հիվանդանոցից դուրս գրման ժամանակ խնդիրներ առաջացան: »»»»»


Շուտով պարզ կլինի` ունե՞նք ուրան, թե` ոչ

[ 10 Օգոստոսի, 2009 | 17:17 ]

10_08-uraniumՍյունիքում արդեն սկսվել են ուրանի որոնողական աշխատանքները, եւ այս տարվա վերջին պարզ կլինի` արդյոք այնտեղ կա՞ արդյունահանման համար անհրաժեշտ քանակությամբ ուրան, թե` ոչ: (Այն, որՍյունիքում կա ուրան, արդեն պարզ էր խորհրդային տարիներին, մնում է պարզել` որքանո՞վ է հանքի բացումը տնտեսապես շահավետ):

»»»»»


Ապօրինի շինություններն օղակի մեջ են առել Սեւանա լիճը

[ 16 Փետրվարի, 2009 | 19:45 ]

16_02-sevanՆախարարն օրենքը խախտողներից մեկն է

Սեւանա լճի ափին 1990 – ական թթ.- ից մինչեւ այսօր շարունակվում են կառուցվել բազմաթիվ շինություններ` առանձնատներ, հյուրանոցներ, սրճարաններ: Շատ հաճախ դրանք կառուցվում են հենց ափին` 1905.0մ նիշից ցածր տարածքում` զբաղեցնելով այն գոտին, որը լճի մակարդակի բարձրացման դեպքում պետք է անցնի ջրի տակ: »»»»»


«Դատարանները չեն վայելում բնակչության բավարար վստահությունը»

[ 15 Դեկտեմբերի, 2008 | 00:00 ]

Եթե դիտարկենք ըստ քաղաքացիների 2007թ. բողոքների բովանդակության (2008 թվականի զեկույցը կհրապարակվի 2009 թ. մարտին), ապա առավել շատ դիմումներ ուղղված են եղել դատարանների (149), ոստիկանության (147), դատախազության (111) դեմ: Սակայն, ինչպես ցույց է տալիս մեր աշխատանքային փորձը եւ տարեկան զեկույցների հաշվետվությունները, գրեթե չկան այնպիսի իրավունքներ, որոնց խախտման առնչությամբ բողոքներ արձանագրված չլինեն:

- Տարեկան քանի՞ բողոք – դիմում եք ստանում քաղաքացիներից: Կա՞, արդյոք, մարզային եւ քաղաքային բնակիչների միջեւ տարբերություն քաղաքացիական ակտիվության տեսանկյունից:

- Դիմումների քանակը մոտավորապես պահպանվում է տարեկան 2500- 3000-ի սահմաններում: Դրանք հիմնականում Երեւանից են: Օրինակ` 2007թ. պաշտպանին դիմողների 65 տոկոսը եղել է Երեւանից, իսկ Վայոց Ձորից, Արմավիրից եւ Արագածոտնի մարզերից, Տավուշից ստացված դիմումները կազմել են 1-2 տոկոս: Այն, որ Երեւանից դիմումներն ավելի շատ են, չի նշանակում, որ մարզերում մարդու իրավունքների պաշտպանվածությունն ավելի բարձր մակարդակի վրա է: Կարծում եմ` պատճառն այն է, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը չունի գրասենյակներ մարզերում, թեպետ մենք փոստով էլ ենք դիմումներ ընդունում: Ասեմ նաեւ, որ փորձը ցույց է տալիս, որ շատ հաճախ բանավոր դիմում- բողոքներ ներկայացնողների մի մասը խուսափում է գրավոր բողոք ներկայացնել, ինչպես նաեւ նշել իր անունը, ազգանունը, հասցեն` պատճառաբանելով, որ դիմում ներկայացնելը կարող է բացասաբար անդրադառնալ իր վրա:

- Մարդիկ վստահո՞ւմ են իրավապաշտպան համակարգերին (դատարան, հանրային պաշտպան, ՀԿ-ներ) կամ վստա՞հ են, որ նրանց նկատմամբ կկիրառվի իրավունքի պաշտպանության կամ պատասխանատվության կիրառման արդար ընթացակարգ:

- 2007 թվականի զեկույցում զետեղված են 1053 պատահական քաղաքացիների շրջանում «Հայաստանի Զրուցակից» շաբաթաթերթի կողմից անցկացված եւ Ձեր կողմից բարձրացված խնդրին վերաբերող մի հարցման արդյունքները: Այն հարցին` ո՞ւմ եւ ի՞նչ կազմակերպության կդիմեք, եթե ոտնահարվեն ձեր քաղաքացիական իրավունքները, հարցվածների մեծամասնությունը` 27 տոկոս, պատասխանել է, որ ոչ ոքի չի դիմի: Այս արդյունքից պարզ է, որ հարցվածների մեծամասնությունն ընդհանրապես չի հավատում որեւէ իրավապաշտպան կառույցի: 16.2 տոկոսը նշել է Մարդու իրավունքների պաշտպանության հաստատությունը: Հարցվածների 15.3 տոկոսը նշել է, որ իրավունքի վերականգնման համար կդիմի հանցագործ աշխարհի` իրեն ծանոթ հեղինակության միջնորդությանը: Հետո արդեն հիշել են իրավապաշտպան մարմիններին` ոստիկանություն, դատարան, դատախազություն, ԶԼՄ-ներ, կառավարություն` նախագահ, վարչապետ, պատգամավորներ եւ այլն: Իմ տպավորությամբ` վստահությունը, որ մարդկանց իրավունքները պատշաճ կերպով կպաշտպանվեն հանրային իշխանության մարմինների կամ քաղաքացիական հասարակության ինստիտուտների կողմից, ցածր մակարդակում է:

- ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքին զուգորդող հանգամանքները այլ շա՞տ առանձնահատուկ են այլ երկրների պաշտպաններից:

- Դժվար է հավատալ, որ ժողովրդավարական երկրներում Մարդու իրավունքների պաշտպանի հայտնաբերած խախտման վրա ուշադրություն չեն դարձնի, իսկ մեր երկրում նման դեպքեր հնարավոր են: Կան դեպքեր, երբ պաշտպանի միջամտությունից հետո էլ լինում են նույնատիպ խախտումներ, որոնց մասին նախկինում պաշտպանն արդեն հայտնել է իր դիտողությունը:

- Ո՞ր ոլորտներն են, որոնք պաշտպանի համար մատչելի չեն միջնորդության համար, կամ որտեղ պաշտպանի միջամտությունը սահմանափակված է եւ ոչ արդյունավետ:

- Օրենքով սահմանափակված են պաշտպանի միջամտության հնարավորությունները դատական գործընթացներին: Բայց եւ այնպես, մենք բազմաթիվ դիմումներ ենք ստանում` ուղղված, օրինակ, դատարանների կողմից արդար դատաքննության իրավունքի խախտման վերաբերյալ: Շատ դեպքերում դիմումատուները խնդրում են պաշտպանին հսկողության տակ վերցնել դատական գործընթացները, մինչդեռ պաշտպանն այդ իրավասությունը չունի:

– Ի՞նչ խախտումներ են սովորաբար մարդիկ նշում իրավապահ եւ արդարադատության համակարգերի վերաբերյալ:

- Իրավապահ մարմինների դեմ ուղղված բողոքները հիմնականում եղել են անձին ոստիկանություն անհիմն բերման ենթարկելու եւ ապօրինի պահման, տեղեկացված հանցագործության մասին քրեական գործ չհարուցելու, հարուցված քրեական գործերով հանցագործության բացահայտման ուղղությամբ ակտիվ գործողություներ չձեռնարկելու ու/կամ որպես մեղադրյալ ներգրավված լինելու դեպքում` բռնության եւ սպառնալիքի ազդեցությամբ ցուցմունքներ կորզելու հարցերով եւ այլն: Զգալի թիվ են կազմում քրեական գործերի քննության ընթացքում թույլ տրված խախտումներին վերաբերող բողոքները: Դրանք, մասնավորապես, վերաբերում են կասկածյալներին, մեղադրյալներին նրանց իրավունքների մասին չծանուցելուն, գործի հանգամանքների հետազոտման համար բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն չիրականացնելուն եւ այլն: Զգալի թիվ են կազմում նաեւ հոգեբանական ճնշման ազդեցության տակ անձանց հարցաքննելու մասին բողոքները: Դատարանների դեմ ուղղված դժգոհությունները հիմնականում վճիռների, դատավճիռների եւ որոշումների առթիվ են: Թեեւ բնական կարելի է համարել, որ դատապարտյալը դժգոհում է մեղադրական դատավճռից, սակայն, բողոքների քանակը եւ բովանդակությունը վկայում են, որ բնակչության վստահությունը դատարանների նկատմամբ բավարար չէ:


«Եվրոպական դատարան դիմելը թանկ հաճույք չէ»

[ 15 Դեկտեմբերի, 2008 | 00:00 ]

- Իսկապես, վերջին տարիներին դատաիրավական փոփոխությունների (չեմ ասում բարեփոխումներ) պակաս չենք զգացել: Վատն այն է, որ ամեն ինչ չափից ավելի է փոփոխվում: Ով գալիս եւ ինչ ասում է, միանգամից սկսում են փոխել: Օրենք փոխելը դարձել է շատ հասարակ բան: Մարդ չպետք է առավոտյան արթնանալիս չիմանա, թե ի՞նչ օրենքներ են նրա նկատմամբ այսօր գործում: Դատարանի հանդեպ վստահություն ներշնչելու փորձերն ու միջոցառումներն ավելի շատ են, քան գործնական քայլերը: Դատարանը մեկն է, եւ պետք չէ այն գովազդել, պետք է պարզապես մեկ արդար վճիռ կայացնել, եւ բոլոր հարցերը կլուծվեն: Ինչպե՞ս կարելի է մարդկանց մոտ վստահություն ունենալ, եթե դատարանի վճիռները երբեմն, մեղմ ասած, հիմարություն են լինում: Ինձ ծանոթ վճիռներից մեկում գրված էր, որ «թեեւ վկաների նկատմամբ բռնություններ կիրառվել են, սակայն, դա արվել է ճշմարտությունը բացահայտելու համար»: Այս դատավճիռն անցել է բոլոր ատյաններով եւ մնացել անփոփոխ: Ես անգամ տեսել եմ մի մեղադրական դատավճիռ, որի մեջ գրված էր. «Ամբաստանյալի մեղավորությունը հաստատվում է այն հարցաքննության արձանագրությամբ, որտեղ նա հրաժարվել է ցուցմունք տալ` պահանջելով դատապաշտպան»: Եվ ես ականատես եմ եղել սրանից դեպի լավը չտարբերվող մի շարք դատական ակտերի:

- Մարդու իրավունքների խախտման ո՞ր դեպքերում է դատարանն անկախ, եւ ո՞ր դեպքերն են, որոնց մասին դատավարության մասնակիցները եւ փաստաբաններն ասում են` «կանխավ լուծված են»:

- Ինչ վերաբերում է քաղաքացիական ամուսնալուծության, ալիմենտների, անշարժ գույքի բաժանման եւ նման կարգի կենցաղային բնույթի դատավարություններին, ապա մեր դատարանները լիարժեք անկախ են, եթե, իհարկե, վիճող կողմերից մեկը ինչ-որ մեկի խնամին կամ բարեկամը չէ: Բայց այն գործերը, որոնցում կա իշխանական շահ, պատրանք է մտածել, որ կարող են լուծվել անկախ: Այս հարցերում դատավորների մոտ անգամ ինքնագրաքննության մեխանիզմն է գործում:

– Ինչպե՞ս են պաշտպանված մարտի 1-ի գործով կալանավորված մարդկանց իրավունքները:

- Ես մարտիմեկյան դեպքերի հետ կապված կալանավորվածներից ոչ մեկի պաշտպանությամբ չեմ զբաղվում, այդ պատճառով կարող եմ լինել անկողմնակալ: Ես չեմ ուզում նաեւ քննարկել` արդյոք ճի՞շտ էր նրանցից յուրաքանչյուրին կալանավորելը, թե` ոչ: Սակայն, այն ընթացակարգը, որով նրանց կալանավորել են, լուրջ խախտումներով է եղել, եւ այդ մարդկանց իրավունքները կոպտորեն խախտվել են: Եթե ուսումնասիրենք մարդկանց կալանավորելու դատարանների որոշումները, ապա կնկատենք, որ դրանցում փոփոխված են միայն անուն-ազգանունները, իսկ որոշումները մեկը մյուսից չեն տարբերվում, անգամ տառասխալներն են նույնը: Սա նշանակում է, որ ոչ մեկի դեպքն անհատապես չի քննարկվել, եւ կալանավորելու բոլոր որոշումները մեկը մյուսից պատճենահանված են: Այս դեպքերում, արդեն իսկ, ակնհայտ դարձավ մեր դատական համակարգի ծայրահեղ կախվածությունը գործադիր իշխանությունից: Փաստորեն, ստացվում է, որ մեր երկրում կա իշխանության մեկ` գործադիր ճյուղ, որովհետեւ գործադիր իշխանությունից եկած ամեն մի օրենքի նախագիծ դառնում է օրենք, եւ վերեւից եկած ամեն մի հրահանգ դատարանի համար ունի ավելի բարձր ուժ, քան ցանկացած օրենք:

– Այս դեպքում, նշանակու՞մ է, արդյոք, որ փաստաբանը դառնում է կանխավ մտածված սցենարի մասնակից:

- Կան գործեր, որոնք հենց սկզբից կարելի է համարել անհույս, բայց անգամ ամենաանհույս գործերում կարելի է ինչ-որ արդյունքի հասնել: Հենց այս կալանավորման գործերում դատարանները գիտեին, որ պետք է կալանավորման համապատասխան որոշում կայացնեն եւ, կարծես թե, հնարավոր չէր այստեղ ինչ-որ բան անել: Բայց որոշ դեպքերում, որտեղ փաստաբանները լուրջ մոտեցում են դրսեւորել, ստեղծվել են նախադրյալներ Եվրոպական դատարան դիմելու համար: Իսկ այն փաստաբանները, որոնք ի սկզբանե հուսալքված են եղել, պաշտպանելու հետագա հնարավորությունները բաց են թողել:

– Ի՞նչ հայցերով են ՀՀ քաղաքացիները դիմում Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

- Հայաստանից ամենաշատ դիմումները կապված են արդար դատաքննության, իրավունքի խախտման, անօրինական կալանավորման, բռնությունների արգելման եւ սեփականության իրավունքի պաշտպանության դեպքերին: Համենայն դեպս, ինձ հայտնի դիմումների մեջ նշված հարցերի վերաբերյալ հայտերը մեծամասնություն են կազմում: Եվրոպական դատարանի արդարադատությանը դիմում են այն մարդիկ, որոնք արդեն սպառել են իրենց իրավունքների պաշտպանության բոլոր ներպետական մեխանիզմները: Ես մի քանի անգամ լսել եմ ՀՀ Արդարադատության նախարարությունից հայտարարություններ այն մասին, որ Հայաստանից Եվրոպական դատարան դիմողների քանակը շատ ավելի քիչ է, քան մյուս ԱՊՀ երկրներից: Սակայն, կարծում եմ, խնդիրն այն է, որ Եվրոպական դատարան դիմում է շատ չնչին մասն այն մարդկանցից, ովքեր կարող են դիմել: Իմ պատկերացմամբ` հարյուրից մեկն է դիմում: Չեմ կարող հստակ պատճառներ նշել, թե ինչո՞ւ, բայց ենթադրում եմ, որ թերահավատ են, կամ հենց այստեղ նրանց ներշնչում են, որ, միեւնույն է, իրենց հարցով նույնիսկ այնտեղ ոչինչ չի արվի: Ասեմ նաեւ, որ Եվրադատարան դիմելու ֆինանսական ծախսերն այնքան ծանր չեն, ինչպես հաճախ պատկերացվում է: Եթե մարդը դիմումն ուղարկում է առանց փաստաբանի օգնության, ապա նրանից պահանջվում է հոգալ միայն փոստային ծառայության ծախսը: Ես գիտեմ դեպք, երբ հայցվորը գործը շահել է առանց փաստաբանի օգնության: Իսկ երբ դիմումն արդեն համարվում է ընդունված, եվրոպական դատարանը դիմող կողմին առաջարկում է տեղեկատվություն ներկայացնել նրա սեփականության վերաբերյալ: Եթե դիմողի գույքային դրությունը, Եվրադատարանի կարծիքով, բավարար չէ, ապա այդ կառույցն առաջարկում է ինքնուրույն հոգալ փաստաբանի վճարը: Ես չեմ համաձայնվում այն կարծիքի հետ, որ Եվրոպական դատարան դիմելը թանկ հաճույք է:

– Ինչպե՞ս է ՀՀ-ն ապահովում Եվրոպական դատարանի վճիռների կատարումը:

- Հայաստանում Եվրոպական դատարանի վճիռների կատարումը մեխանիկական բնույթ է կրում: Վճիռ կատարողներին թվում է, որ եթե վճարվել է սահմանված տուգանքը, եւ վճիռը թարգմանվել է հայերեն ու հրապարակվել, ապա այլեւս պահանջ չկա: Բայց Եվրոպական դատարանի վճռի իմաստն այն է, որ պետք է վերականգնվեն դիմողի խախտված իրավունքները: Այսինքն` դիմողի հետ կապված դրությունը հնարավորինս պետք է բերվի այն վիճակին, որը գոյություն ուներ նախքան նրա իրավունքի խախտումը: Այստեղ Եվրոպական դատարանի վճռի կատարման պատկերացումները դեռեւս ամբողջական չեն: Եթե մտածել, որ սա արվում է չհասկանալով, ապա մենք բազմիցս դիմել ենք հստակ պահանջներով, եւ անգամ չհասկացողն էլ պետք է որ հասկանար:


Մտածում են` ինչպե՞ս ճգնաժամից օգուտ քաղեն

[ 8 Դեկտեմբերի, 2008 | 00:00 ]

Ընկերության բաժնետերերը որոշել են վաճառել կամ լուծարել «Լայքս Եվրոպա»-ն եւ նրա բոլոր մասնաճյուղերը, քանի որ այն շահութաբեր չէ: Այս մասին են վկայում ընկերության պաշտոնական կայքում տեղադրված ֆինանսական հաշվետվությունները:

«Լայքս»-ը Եվրոպայում հայտնի է որպես ինտերնետ – պորտալ, որի ծառայություններից են վեբ կայքերի դիզայնը, գովազդը, էլեկտրոնային առեւտուրը, չաթը եւ այլն: Ընկերությունում (Գերմանիա) աշխատում է 700 մասնագետ, որից 220-ը` հայաստանյան մասնաճյուղում: Ընկերության արտադրանքի շուկան եվրոպական երկրներն են:

«Լայքս Արմենիա»- ի գրասենյակում հրաժարվում են որեւէ մեկնաբանություն տալ, սակայն հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցները, որոնցից 150-ը բարձրակարգ մասնագետներ են, արդեն տեղեկացված են ընկերության փակման մասին:

Ընկերության նախկին աշխատակից Միքայել Ղազարյանի համար աշխատանքի կորուստը լուրջ մտահոգությունների պատճառ է դարձել:

«Ես, ինչպես իմ գործընկերներից շատերը, վարկ ենք վերցրել, եւ հիմա խնդիրը ոչ միայն ուղղակի աշխատանք գտնելն է, այլ նաեւ համապատասխան աշխատավարձ ունենալու հարցն է դառնում շատ կարեւոր»,- ասում է Միքայելը:

«Լայքս Արմենիա» ընկերության հայաստանյան թիմը ոլորտի աշխատաշուկայի 3 տոկոսն է կազմում: Ընդհանուր առմամբ, ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալների` ոլորտում աշխատում է մոտ 5000 մասնագետ (ոլորտի այլ ներկայացուցիչներ նշում են 6000 թիվը):

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչության պետ Ժենյա Ազիզյանն ասում է, որ մասնագետներին աշխատանքով ապահովելու խնդրի լուծման ուղին նախարարությունում արդեն պատկերացնում են:

«Մեզ համար ամենալավ տարբերակը կլինի այն, որ մենք կարողանանք ամբողջ թիմը վերակազմավորել ուրիշ ընկերությունում` նույն շենքում, որովհետեւ այդ մասնագետներն արդեն թիմ են, նրանց աշխատանքը համակարգային է եւ, եթե անգամ նրանցից ամեն մեկը կարողանա ուրիշ տեղում աշխատանք գտնել, մեզ համար առաջնային նպատակն է, որ նրանք շարունակեն միասին աշխատել»,- ասում է Ժենյա Ազիզյանը:

Խնդրի լուծման գործնական ուղիներին վարչությունը կանդրադառնա այն ժամանակ, երբ «Լայքս Եվրոպա» ընկերության ղեկավարությունը դադարի լինել աշխատակիցների պաշտոնական գործատուն:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների» միության տնօրեն Կարեն Վարդանյանին այս իրավիճակում մտահոգող միակ հարցն է` ի՞նչ եւ ինչպե՞ս անել, որպեսզի ընկերության մասնագետները չմնան անգործ:

«Մենք ուզում ենք գտնել գործարարներ, որոնք կցանկանան հիմա ներդրումներ անել եւ պահել այն թիմը, որն ընկերության փակման պատճառով մնացել է անգործ: Ի դեպ, ներդրումների մասնաբաժին կարող է ունենալ նաեւ պետությունը: Սա, իսկապես, կլիներ գործնական օգնություն, մանավանդ, որ այս հարցով հետաքրքրվում է նաեւ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը»,- առաջարկում է պրն Վարդանյանը` ավելացնելով, որ, եթե հարցերը գործնականում չեն լուծվելու, ապա բոլոր խոսակցությունները դատարկաբանություն են:

Աշխարհում ծավալվող ֆինանսական ճգնաժամի եւ Հայաստանի վրա դրա հետեւանքների մասին պաշտոնական առաջին հայտարարությունները միտված էին ներշնչել մարդկանց, որ այն կշրջանցի Հայաստանը, հետո, երբ իրականությունն այլ պատկեր ուրվագծեց, հաջորդեցին խոսակցությունները, թե Հայաստանը կարող է ճգնաժամից օգուտներ քաղել, սակայն, ինչպես հավաստում է պրն Վարդանյանը, «օգուտ քաղելու» ձեւը տեղեկատվական տոխնոլոգիաների ոլորտում դեռեւս ներկայացված չէ, թեպետ դրա հնարավորությունները շատ են:

«Մեզ մոտ չկա ճգնաժամից օգտվելու քաղաքականություն»,- ասում է միության տնօրենը:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում հավաստիացնում են, որ «օգուտներ քաղելու» գործնական քայլերի փաթեթը տասնօրյա ժամկետում կներկայացվի կառավարությանը: Անցած հանսգտայն օրերին տեղի է ունեցել հանդիպում ոլորտի մասնավոր ընկերությունների ղեկավարների հետ, որոց համագործակցությունն անհրաժեշտ է խնդիրների լուծման համար:

«Այն, ինչ մենք պատրաստվում ենք անել, ոլորտի զարգացման հայեցակարգի դրույթներն են, սակայն հիմա նպատակներ կան, որոնց իրագործումը պետք է արագացվի` պահը որսալու համար»,- ասում է Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչության պետը:

Ճգնաժամի հետեւանքով տուժած շատ երկրներում այս ոլորտի մասնագետները կորցնում են իրենց աշխատանքը: Շատ ընկերություններ գումար խնայելու համար ուրիշ շուկաներ են փնտրում` ներդրումներ անելու համար:

«Պետք է մտածել` ինչպե՞ս անել, որ մեզ մոտ ստեղծվեն նոր ընկերություններ, որովհետեւ հնարավորություն կա նոր մասնագետներ ներգրավել մեր շուկա ուրիշ երկրներից: Կամ` ինչպե՞ս անել, որպեսզի այս ընթացքում մտնենք նոր շուկաներ, քանի որ մեզ հայտնի ֆինանսական կենտրոնները ԱՄՆ-ից եւ Ռուսաստանից տեղափոխվում են այլ տարածաշրջաններ` Արաբական էմիրություններ, Հնդկաստան, Եգիպտոս եւ այլն»,- ասում է Կարեն Վարադանյանը:

Հայաստանի տեղեկատվական եւ հեռահաղորդակցական ոլորտում գործում է շուրջ 200 ընկերություն, որից 60-ը արտասահմանյան ծագում ունեն: