Քրեական գործ՝ սուտ ցուցմունք տալու եւ կեղծիք կատարելու համար

[ 2010/02/09 | 13:17 ]

Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ստացված նյութերի ուսումնասիրությամբ իրավապահները պարզվել են, որ «Բագրատունյաց 13» համատիրության նախագահ Ի. Զաքարյանը, խախտելով «Բազմաբնակարան շենքի կառավարման  մասին» ՀՀ օրենքի պահանջները, առանց բնակիչների համաձայնությունն ստանալու նույն համատիրության հսկիչ  Գ. Բոդուրյանի հետ նախնական համաձայնությամբ 2007 թ. օգոստոսի 6-ին կազմել,  ստորագրություններով եւ համատիրության կնիքով հաստատել են ակնհայտ կեղծ  փաստաթուղթ:

Դրա հիման վրա Չեխովի 15 շենքի ընդհանուր բաժնային սեփականությունից 68 քմ  մակերեսով նկուղային տարածքն անհատույց, սեփականության իրավունքով հատկացվել է հիշյալ շենքի բնակիչ Ա. Մկրտչյանին:

Գլխավոր դատախազության մամլո ծառայության փոխանցմամբ` բացի  այդ, Ի. Զաքարյանը եւ Ա. Մկրտչյանը վերջինիս սեփականության իրավունքը  ճանաչելու պահանջի մասին դիմումի հիման վրա` Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քաղաքացիական գործի քննության ընթացքում սուտ ցուցմունքներ են տվել այն մասին, թե իբր 2007 թ. օգոստոսի 6-ին  տեղի է ունեցել շենքի սեփականատերերի ընդհանուր ժողով, որի որոշման միաձայն որոշմամբ վերոնշյալ նկուղային տարածքը սեփականության իրավունքով հատկացվել է  Ա. Մկրտչյանին:

Վերջինս նաեւ կեղծ արձանագրությունը ներկայացրել է դատարան: Դատարանը, հիմք ընդունելով սուտ ցուցմունքներն ու կեղծ արձանագրությունը, 2009 թ. մայիս ամսին վճիռ է կայացրել դիմումը բավարարելու վերաբերյալ:

Փաստի առթիվ գլխավոր դատախազության պետական շահերի վարչությունում   հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ոստիկանություն` նախաքննությունն իրականցնելու համար:

Տես նաև՝

  • Այս թեմայով նյութ չկա
Print this page

Հայտնեք Ձեր կարծիքը՝