Գաղութի աշխատակիցը մեղադրվում է թմրամիջոցներ ձեռք բերելու եւ փոխադրելու մեջ
[ 2010/03/10 | 16:39 ]
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է քրեակատարողական հիմնարկի աշխատակցի կողմից իրացման նպատակով ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Պարզվել է, որ արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) սոցիալական հոգեբանական եւ իրավական ապահովման բաժնի առաջատար մասնագետ Արթուր Առաքելյանը համաձայնության է եկել դատապարտյալների հետ եւ պատրաստակամություն հայտնել իրացնելու նպատակով հիմնարկից դուրս ձեռք բերել թմրամիջոցներ:
Մասնավորապես, ըստ նախաքննության տվյաների, նույն հիմնարկի դատապարտյալներ Հայկ Վարդանյանը եւ Աբրահամ Քեշիշօղլյանը Ա. Առաքելյանին առաջարկել են 10 հազար դրամ վարձավճարի դիմաց ձեռք բերել թմրամիջոցներ, փոխադրել ՔԿՀ-ի տարածք եւ իրացնել իրենց: Ա. Առաքելյանը համաձայնել է եւ իր բջջային հեռախոսահամարը հայտնել դատապարտյալներին, որպեսզի իր հետ կապվեն թմրամիջոց փոխանցող անձինք եւ պայմանավորվեն հանդիպման վայրի եւ ժամի վերաբերյալ:
Պայմանավորվածության համաձայն` 2009թ. դեկտեմբերի 13-ին` 19:00-ի սահմաններում, Երեւանի Վարդանանց փողոցում Ա. Առաքելյանը հանդիպել է դատապարտյալ Հ. Վարդանյանի եղբայր Արմեն Վարդանյանի հետ: Իրացնելու նպատակով նրանից ապօրինի ձեռք է բերել եւ իր մոտ պահել խոշոր չափերի հասնող 0.056 գրամ բուպրենորֆին, 0.65 գրամ ափիոն տեսակի թմրամիջոցներ, ինչպես նաեւ պրեկուրսոր հանդիսացող 0.6 մլ քացախաթթվի անհիդրիդ:
Նույն օրը եւ նույն վայրում Ա. Առաքելյանին Հայկ Վարդանյանի անչափահաս որդու միջոցով փոխանցվել է խոշոր չափերի հասնող 0.04 գրամ բուպրենորֆին տեսակի թմրամիջոց:
Այնուհետեւ 22:00-ի սահմաններում Վարդանանց փողոցում գտնվող «Արեւիկ» խանութի դիմաց Ա. Առաքելյանը հանդիպել է նաեւ Աբրահամ Քեշիշօղլյանի քենու որդու` Ֆիլիպ Համզոյանի հետ: Առաքելյանը Համզոյանից ապօրինի ձեռք է բերել եւ պահել 2.71 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց, ինչպես նաեւ պրեկուրսոր հանդիսացող 3.8 մլ. քացախաթթվի անհիդրիդ:
Հաջորդ օրը ` 2009թ. դեկտեմբերի 14-ին, ապօրինի ձեռք բերված թմրամիջոցները Ա. Առաքելյանն իրացնելու նպատակով փորձել է փոխադրել «Սեւան» ՔԿՀ-ի տարածք: Սակայն քրեակատարողական վարչության օպերատիվ հետախուզական բաժնի աշխատակիցները նրա մոտից հայտնաբերել եւ առգրավել են հիշյալ թմրամիջոցների ողջ ծավալը:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Ա. Առաքելյանին, դատապարտյալներ Հ. Վարդանյանին եւ Ա. Քեշիշօղլյանին, ինչպես նաև Ֆ. Համզոյանին առաջադրվել է մեղադրանք: Իսկ Ա. Վարդանյանի նկատմամբ որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին եւ հայտարարվել հետախուզում: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազության մամլո ծառայությունը:













