«Արխիտեքս»-ը սկսել է Մուղնեցոց Սբ. Գևորգի վերականգնման նախագծի նախնական աշխատանքները

[ 2009/12/02 | 13:33 ]

s-gevorg5_19.11.09

Ընթացքի մեջ են հուշարձանի փլատակների մաքրման աշխատանքները

ՀՀ մշակույթի նախարարությունը Թբիլիսիի Մուղնեցոց Սբ. Գևորգ եկեղեցու փլուզման փաստի առիթով նոյեմբերի 26-28-ը Վրաստանի Հանրապետություն է գործուղել ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրենի տեղակալ Հ. Սանամյանին` փլուզված եկեղեցին տեղում ուսումնասիրելու և Վրաստանի մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալության հետ քննարկելու եկեղեցու վերականգնման աշխատանքների գործընթացը: Այս մասին հայտնում է ՀՀ Մշակույթի նախարարության կայքը:

Գործուղման ընթացքում Հ. Սանամյանը հանդիպել է Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչ Սիլվանյանի, Վրաստանի մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալության պետ Նիկոլազ Վաչեաշվիլու, «Արխիտեքս» նախագծաշինարարական կազմակերպության ղեկավար Շալվա Մելիքիձեի հետ:

Գործակալության հանձնարարությամբ «Արխիտեքս»-ը սկսել է հուշարձանի վերականգնման նախագծի նախնական աշխատանքները:

Պարոն Սանամյանը «Արխիտեքս» կազմակերպության ղեկավարի և մասնագետների հետ այցելել է Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցի, ծանոթացել իրավիճակին ու լուսանկարել այն:

Հուշարձանում այս պահին ընթանում են փլատակների մաքրման աշխատանքները, որն իրականացվում է քաղաքապետարանի տրամադրած միջոցներով, «Արխիտեքս» կազմակերպության մասնագետների հանձնարականներով և հսկողությամբ:

ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրենի տեղակալ Հ. Սանամյանը հանդիպել է նաև Վրաստանի մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալության պետ Նիկոլազ Վաչեաշվիլուն, ով հավաստիացրել է, որ մտադիր են Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցին վերականգնել ամբողջությամբ, իր նախնական տեսքով` հավելելով, որ նույնն է ցանկանում նաև Վրաստանի կաթողիկոս Պատրիարք Իլյա Երկրորդը: Ըստ նրա` եկեղեցու նախագծային և շինարարական աշխատանքներն ընդգրկվելու են 2010 թ. վերականգնման աշխատանքների պետական ծրագրում: Փլատակների մաքրման աշխատանքների ավարտից անմիջապես հետո սկսվելու են հետազոտական, չափագրական, նախագծային, իսկ գարնանը` շինարարական աշխատանքները:

Ձեռք բերված պայմանավորվածության հանաձայն` ս. թ. դեկտեմբերի 15-20-ը Վրաստանի գործակալությունը ՀՀ մշակույթի նախարարությանը կտրամադրի եկեղեցու վերականգնման աշխատանքների առաջադրանքը, այնուհետև, կներկայացնի վերականգնման էսքիզային նախագիծը, աշխատանքային գծագրերը` նախարարության գիտամեթոդական խորհրդում քննարկելու համար: «Արխիտեքս» կազմակերպության ղեկավար Շալվա Մելիքիձեի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նախագծային աշխատանքներում ընդգրկվեն նաև հայ մասնագետները` համատեղ ուսումնասիրման և վերականգնման նախագիծը կազմելու համար:

Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցին հիմնադրվել է 1356 թ., վերակառուցվել է 1756 թ., իսկ 1852-93 թթ. մասնակի նորոգվել է: Այն կառուցված է թրծած աղյուսից, կրաշաղախով ներսից սվաղված է: Վրաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո եկեղեցին չի գործել: Այնտեղ մինչև 1980-ական թթ. վերջը գործել է ազգագրության թանգարանը, որը տեղափոխվել է կառույցում ճաքերի առաջացման պատճառով: 1990-ական թթ. սկզբից կառույցը համարվել է վթարային և ժամանակավոր ամրացման աշխատանքներ չիրականացնելու հետևանքով, բնական գործոնների ազդեցությունից (բնահողի նստվածք, եղանակային գործոններ, երկրաշարժ և այլն) շարունակվել է քայքայվել. մեծացել են ճաքերը, պատերի որոշ հատվածներ թեքվել են և եկեղեցին ս. թ. նոյեմբերի 19-ին խոնարհվել է: Կործանվել են եկեղեցու գմբեթը, ավագ խորանը, հյուսիսային և հարավային թաղերը: Պահպանվել է միայն արևմտյան հատվածը` թաղով, և տանիքի վրայի` 1789 թ. կառուցված զանգաշտարակով: Հյուսիսային, հարավային և արևելյան հատվածներում պատեը պահպանվել են հիմնականում մինչև թաղերը: Պահպանված հատվածներում առկա են բավականին մեծ ճաքեր, իսկ պատերի գերակշռող հատվածները թեքված են:

Տես նաև՝

Print this page

Հայտնեք Ձեր կարծիքը՝