Սարդարապատի թանգարան. սվաստիկան խորհրդանշել է բարություն, իսկ մեղուներն օգտագործվել են պատերազմի ժամանակ
[ 2009/11/09 | 16:00 ]
Հնում հայկական տան հատուկ անկյունում դրվում էր գդալնոցը, որի գդալների թիվը համապատասխանում էր ընտանիքի անդամների թվին: Հնում հաճախ հյուր գնում էին սեփական գդալներով: Այս մասին պատմեց «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի» էքսկուրսավար Լիլիթ Սմբատյանը, ով արդեն 22 տարի է աշխատում է այս թանգարանում: 1978 թ. հիմնադրված թանգարանը 70.000-ից ավելի նմուշներ ունի, որոնցից ցուցադրվում է մոտ 7.000-ը: Ցուցանմուշներն ամենատարբեր ժամանակաշրջանների են` հին քարե դարից մինչեւ 20-րդ դար:
Սարդարապատի թանգարանը կառուցված է հայկական ավանդական տան նման, այսինքն` այնպես, որ պատուհանը նայի դեպի ներքին բակ: Դա եղել է հայկական տանը շատ բնորոշ, որովհետեւ ընտանիքը փակ համակարգ էր, եւ պատահական անցորդն անգամ ուղղակի իրավունք չուներ տեսնելու, թե ինչ է կատարվում տան ներսում: Թանգարանի 2-րդ հարկում լուսավորությունը կատարվում է երդիկների օգնությամբ, որոնք հայկական ավանդական տան միակ պատուհանն էին: Սարդարապատի թանգարանը կառուցված է այնպես, որ մի կողմի պատուհանը նայի դեպի Արագած, իսկ մյուսը` դեպի Արարատ:
Թանգարանի առաջին ցուցանմուշը Հայկական լեռնաշխարհի մանրակերտն է` իր երեք խոշորագույն լճերով` Կապուտան (Ուրմիա), Վանա լիճ եւ Սեւանա լիճ: Ներկայիս Հայաստանը Հայկական լեռնաշխարհի 1/10 մասն է կազմում:
Թանգարանի առաջին ցուցանմուշներից է Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակիչներից մեկի` մի զորավարի վերականգնված գլուխը: Զորավարի զրահաշապիկի վրա սվաստիկայի (կեռախաչի) նշան կա: Սվաստիկան Հայկական լեռնաշխարհում ունի առնվազն 7000 տարվա պատմություն եւ հանդիպում է արդեն Ք.Ա. 5-րդ հազարամյակում` ժայռապատկերների, աստվածների արձանիկների, խեցանոթների եւ անգամ 19-րդ դ.-ի հայկական գորգերի, ասեղնագործության նմուշների վրա, եկեղեցական զարդարվեստում: Սկզբնապես սվաստիկան բարության, բարօրության, արեւի, բնության հավերժական ընթացքի խորհրդանիշն էր, եւ այս իմաստը խեղաթյուրվեց 20-րդ դ.-ի 30-ական թթ.-ին:
Ցուցանմուշներից մեկը Զվարթնոցի տարածքին կից 7-րդ դարի հնձան է, որտեղ գինի էին ստանում: Գինին Հայկական լեռնաշխարհում ունի առնվազն 9000 տարվա պատմություն: Այն Հայաստանում համարում էին աստվածների ու արքաների ըմպելիքը, նաեւ պաշտում էին: Հնձանի վերին հատվածի` տառապանի վրա դնում էին խաղողը, ձեռքերով ճզմում, հյութը ակոսներով հոսում էր գռի մեջ:
Հնձանում խաղողը ոտքերով տրորելը ծես էր, որին մասնակցելու իրավունք որեւէ կին չուներ: Ընդունված էր հավատալ, որ կնոջ մասնակցությամբ ստացված գինին շատ արագ քացախանում էր:
«Վաղ շրջանում, օրինակ` 19-րդ դ..-ում, կնքելիս սովորաբար մեռոն ավելի շատ քսում էին աղջիկների ձեռքերի մեջ եւ տղաների ոտքերի տակ, այսինքն` աղջիկը պետք է հաց թխեր` ձեռքերն էր օգտագործում, իսկ տղամարդը պետք է գինի տրորեր»,- ասաց Լիլիթ Սմբատյանը:
Ի տարբերություն գինու` արդեն 5-րդ դ.-ում Հովհաննես Մանդակունի կաթողիկոսը որոշ օրենքներով սահմանափակել է օղու գործածությունը Հայաստանում: Օղին գրաբարում «ցքի» է կոչվել, որը թարգմանաբար նշանակում է «դեն նետիր», «գցիր», ինչը ցույց է տալիս, որ հայերն արհամարհում էին այդ խմիչքը: Իսկ արաղ բառը, որն այսօր հայերը գործածում են, արաբերենից թարգմանաբար «քրտինք» է նշանակում:
Ցուցափեղկերից մեկում ներկայացված են անտիկ շրջանի եւ միջնադարյան ապակու նմուշներ` օծանելիքների, անուշաբուրությունների, նաեւ արցունքի սրվակներ: Երբ ամուսինը երկար ժամանակով բացակայում էր տնից, արցունքի սրվակում հավաքված արցունքը ապացուցում էր կնոջ հավատարմությունը:
Թանգարանում ներկայացված են նաեւ արծաթյա բաժակներ: Հայ ժողովուրդը հավատացել է արծաթի մոգական ուժին, այդ պատճառով հիմա էլ փոքր երեխաներին արծաթյա գավաթներով են ջուր տալիս խմելու: Հայ արքաները գինին խմում էին արծաթյա բաժակներով, քանի որ թագավորներին հիմնականում մկնդեղով թունավորված գինի էին տալիս, իսկ արծաթը մկնդեղի առկայության դեպքում փոխում էր գույնը:
Կենդանիների ոսկորները` կատալիզատոր
Հայաստանում շատ վաղ է սկսում զարգանալ մետաղամշակությունը: Աշխարհի ամենահին պղնձաձուլարաններից մեկն այսօր էլ գտնվում է ՀՀ տարածքում: Դա Մեծամորի պղնձաձուլարանն է, որտեղ ստանում էին բրոնզի ավելի քան 12 համաձուլվածք: Հնում Մեծամորի հնոցում ջերմությունը բարձրացնելու համար յուրօրինակ կատալիզատոր են օգտագործել: «Կենդանիների ոսկորները փոշիացնում էին, մանրացնում, խառնում կավի հետ եւ դնում հնոցում. ոսկորների մեջ եղած ֆոսֆորի հաշվին հնոցում ջերմությունը բարձրանում էր»,- ասաց էքսկուրսավարը:
Թանգարանում ներկայացվող բրոնզեդարյան ժամանակաշրջանի ուժի, իշխանության խորհրդանիշերից է լկամը: Այն վկայում է ձիաբուծության եւ միաժամանակ` իշխանության մասին, որովհետեւ ձին ճոխություն էր հին աշխարհում: Հին Հայաստանում անգամ եղել են հատուկ ձիերի համար կառուցված դամբարաններ:
Հին աշխարհում իշխանության եւ սոցիալական կարգավիճակի խորհրդանիշ էր նաեւ զարդը: Զարդին նայելով` կարելի էր ճանաչել այն կրողին: Կային զարդի տեսակներ, որոնք կրելու իրավունք չուներ հասարակ մահկանացուն, ու եթե անգամ կրեր, կարող էր դատապարտվել: Թանգարանում ներկայացված են տարբեր մածուկներից, բրոնզից, արծաթից, ոսկրից եւ ոսկուց պատրաստված 4000-ամյա զարդեր:
Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակիչների հավատալիքների շարքում ամենակարեւորը արեւապաշտությունն էր: Արեւապաշտության մասին վկայում է նաեւ հայոց լեզուն. մեր բոլոր օրհնանքներն ու անեծքները կապված են արեւի հետ:
Թանգարանի շրջանաձեւ զարդերը խաչահիմք կամ արական սկիզբ նշանակող կենտրոնական նախշ ունեն, որը խորհրդանշում է արեւը: Արեւ է խորհրդանշել նաեւ զարդի կենտրոնի խաչը: «Խաչն այն Կենաց ծառն էր, որը կապում էր տիեզերքն ու մայր հողը եւ ստեղծում մեկ ամբողջություն: Եվ հայկական խաչը այսօր էլ շարունակում է մնալ Կենաց ծառ, որովհետեւ ավարտվում է բողբոջներով, որոնք ամեն րոպե պատրաստ են ծլարձակելու: Հայկական խաչի վրա հենց այդ պատճառով էլ այսօր չի պատկերվում խաչելություն: Դա մեր մշակույթին օտար երեւույթ է: Եվ հենց մենք` հայերս, հաճախ մեզ անվանում ենք ոչ թե քրիստոնյա, այլ խաչապաշտ, այսինքն` մենք խաչապաշտ էինք քրիստոնեություն ընդունելուց հազարավոր տարիներ առաջ արդեն»,- ասաց Լիլիթ Սմբատյանը:
Ի տարբերություն արեւի` հնում համարվում էր, որ լուսինը իգական սկիզբ ունի, եւ լուսնի էներգիան բացասական է ու վտանգավոր: 19-րդ դարում անգամ հմայական մոգության ձեւ կար, երբ նորածին երեխային բարձրացնում էին տան կտուրը, ցույց տալիս լուսինը եւ ասում. «Սա քո քեռին է», որպեսզի լուսինը բարի աչքով նայեր երեխային եւ նրան չուղարկեր ամենատարբեր հիվանդություններ:
Անդրադառնալով այն հարցին, որ եթե լուսինը իգական սկիզբ ուներ, ապա ինչո՞ւ էին նրան «քեռի» ասում` Լիլիթ Սմբատյանը պատասխանեց, որ ընդհանրապես հին աշխարհում իգականի եւ արականի սահմանը շատ երերուն էր, եւ մեր բոլոր աստվածները երկսեռ էին, մանավանդ գերագույն ծնող աստվածները:
Ցուցանմուշներից մեկը ներկայացնում է Վանի թագավորության ժամանակաշրջանին բնորոշ թաղման ձեւերից մեկը, որը բավականին տարածված է եղել Ք.Ա. 1-ին հազարամյակում: Երբ մարդը մահանում էր, նրա դին դրվում էր հատուկ տեղ` հավանաբար աշտարակներին, ինչպես ներկայացված է «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» առասպելում:
Աճյունն այդպես մնում էր այնքան ժամանակ, մինչեւ մնում էին միայն ոսկորները` «հավանաբար 40 օր, որովհետեւ 40-ը սրբազան է նաեւ այսօր, որից հետո արդեն ոսկորները ծեծում-մանրացնում էին եւ պահպանում այս աճյունասափորներում: Աճյունասափորը սովորական սափորից տարբերվում է իր վրա եղած 3 անցքերով: Սարկոֆագը եւս ուներ անցք` ամենայն հավականությամբ հոգու համար, որն անմահ էր եւ կարող էր դուրս գալ ու վերադառնալ իր կացարանը: Մի ուրիշ շատ հետաքրքիր տեղեկություն կա` կապված այս աճյունասափորների հետ. այստեղ հաճախ հնարավոր չի լինում պեղել գանգի ոսկորների մնացորդներ, որովհետեւ գանգը առանձնացվել եւ թաղվել է առանձին»,- ասաց Լիլիթ Սմբատյանը` հավելելով, որ այսօր չենք կարող իմանալ, թե ինչ նպատակով է դա արվել, որովհետեւ ամեն մի ժողովրդին բնորոշ թաղման ձեւ գալիս է հանդերձյալ աշխարհի եւ հոգու գաղափարի մասին այդ ժողովրդի պատկերացումներից:
Հայկական խաչքարերի համար հիմք են դարձել մենհիրները
Ցուցափեղկերից մեկում ներկայացված է մեգալիթյան ժամանակաշրջանի մենհիր: Մենհիրներն ամենավաղ կանգնած կոթողներն են եւ ամենահին շիրմաքարերի տարբերակներից են: Լիլիթ Սմբատյանն ասաց, որ մենհիրները պատկանում են կելտական մշակույթին: Սարդարապատի թանգարանում ներկայացված մենհիրից կրկնակի մեծ մենհիրներ հանդիպում են Ֆրանսիայի տարածքում: «Մենք տեսնում ենք Դվինից պեղված գերեզմանասալիկ, որի վրա պատկերված են կին եւ տղամարդ, որ պարում են ծիսական պար: Ենթադրվում է, որ սա մահվան ծեսին ուղեկցող պարն է: Եթե եղերերգերը պահպանվել են այսօր, ապա մահվան ծեսին ուղեկցող պարերը վաղ միջնադարից հետո արդեն չեն հանդիպում»,- ասաց էքսկուրսավարը:
Մոտավորապես Ք.Ա. 5-րդ դ.-ում Հայաստանի տարածքում հանդիպող մահարձանները զանգվածային գլխատման են ենթարկվել: Թե ինչո՞ւ՝ այսօր պարզ չէ: Մենհիրները հիմք են դարձել հայկական խաչքարերի համար: Արդեն քրիստոնեության ընդունումից հետո Հայաստանում, ի նշան նոր կրոնի հաղթանակի, ավերված հեթանոսական սրբատեղիներում կանգնեցրին փայտե փոքրիկ խաչեր: Առաջին խաչքարերը փոքրիկ, կլոր, խաչի պատկերներով ձվածիր կան շրջանաձեւ քարեր էին: 12-13-րդ դդ.-ում խաչքարերի արվեստն իր ծաղկման գագաթնակետին հասավ: Հավանաբար ողջ պատմական Հայաստանից հնարավոր կլիներ հայտնաբերել 200.000 խաչքար, քանի որ միայն ներկայիս Հայաստանի տարածքից մոտ 20.000 խաչքար է հայտնաբերվել: Այդ խաչքարերից եւ ոչ մեկը չի կրկնում մյուսին: Անգամ մեկ խաչքարի եզրային 2 զարդանախշերը չեն կրկնում իրար: Խաչքարի վրա գիծը երբեք չի ընդհատվում, որովհետեւ սա հավերժության խորհրդանիշն է: Կենտրոնում պատկերված խաչը խորհրդանշում է Քրիստոսի խաչելությունը, սակայն հայկական խաչը շարունակում է պատկերվել որպես ծաղկախաչ, որն ամեն րոպե պատրաստ է ծլարձակել ու կապել երկինքն ու երկիրը:
Լիլիթ Սմբատյանն ասաց, որ հայ մարդը խաչքար կանգնեցրել է ցանկացած առիթով. խաչքարը հուշաքար էր, սահմանաքար, շիրմաքար, կանգնեցվում էր ճանապարհների խաչմերուկներում եւ աղբյուրների մոտ` ի հիշատակ նահատակների, հերոսների, դժբախտ սիրահարների, պատմական կարեւոր իրադարձության:
Ո՞րն է եղել բոլոր ժամանակների սուրբ կենդանին Հայաստանում
Սարդարապատի թանգարանում ցուցադրված է նաեւ 1609 թ.-ի խոյաձեւ տապանաքար: Էքսկուրսավարն ասաց, որ խոյը Հայաստանում բոլոր ժամանակներում եղել է սուրբ կենդանի, եւ այսօր էլ մենք (թեպետ չենք գիտակցում) խոյը պաշտում ենք, որովհետեւ այն մատաղացու միակ կենդանին է այսօրվա Հայաստանում: Ներկայացված տապանաքարի վրա խոյի եղջյուրները խորհրդանշում են արեւը: Եղջյուրների անջատման կենտրոնում պատկերված է հավերժական պտույտը, որը սվաստիկայի ոճավորված տարբերակ է: Տապանաքարը խորհրդային շրջանում բերվել է Հին Ջուղայից: 2005-ի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ ադրբեջանական պետությունը, բանակի միջոցով, ոչնչացրել է Հին Ջուղայի հայկական գերեզմանոցի 4500-5000 խոյաձեւ տապանաքար ու խաչքար:
Սրահներից մեկում ներկայացված է 19-դ դ.-ի սերմնացանի հագուստ: Վար անելը եւ սերմ ցանելը Հայաստանում նույնացվել է աստծու կողմից աշխարհն արարելու գաղափարի հետ: Այդ պատճառով սերմնացան լինելու իրավունք ուներ ոչ ամեն ոք: Սերմնացանը գյուղի ամենահարգված մարդն էր` բազմազավակ գերդաստանի հայր, որի երեխաները անպայման պետք է արական սեռի լինեին: Ըստ այդ ժամանակվա պատկերացումների` աղջիկ ունենալը հավասար էր անզավակության:
«Հայաստանը մտնում է աշխարհագրական «Ոսկե աղեղ» կոչվող գոտու մեջ, որը հայտնի է հացաթխման հնագույն ավանդույթներով, եւ հենց այդ պատճառով էլ մեր ժողովրդի կերակրացանկում շատ մեծ տեղ է գրավում հացը: Եվ մեր ժողովրդի հոգեբանությունն է անգամ շատ հետաքրքիր, որովհետեւ մենք ոչ թե ասում ենք «ընթրել», ,նախաճաշել», «ճաշել» եւ այլն, այլ պարզապես «հաց ուտել»: Հայաստանում լավաշ հացը հայտնի է արդեն Ք.Ա. 1-ին հազարամյակում: Արտաշատ քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերվել է հենց այդ ժամանակաշրջանի թոնիր»,- ասաց Լիլիթ Սմբատյանը:
Նախկինում Հայաստանում օգտագործվել է քթոցային փեթակը, որն այժմ չի հանդիպում: Այն կավով էր ծեփվում, եւ մեկ անցք էր թողնվում մեղվի համար: Մեղվապահությունը ռազմական նշանակություն է ունեցել Հայաստանի համար, քանի որ մեղուներին կատաղեցնում եւ ուղղորդում էին թշնամու զորքի վրա:
Ի՞նչն է պարտադիր համարվել հայ կնոջ համար
Հնում հայ կնոջ համար պարտադիր է համարվել գորգագործությանը տիրապետելը: Աղջիկը շատ վաղ հասակից էր արդեն պատրաստվում ամուսնության եւ պետք է ամեն ինչ կարողանար անել` եւ գորգ գործել, եւ կարել: Օժիտը հարսնացուի ձեռքի աշխատանքն էր: «Եվ եթե հաշվի առնեք, որ արդեն 14 տարեկան աղջնակը Հայաստանում ամուսնացած կին էր, պատկերացրեք, որ 9 տարեկան աղջիկը Հայաստանում պարտադիր արդեն պետք է գորգեր գործեր»,- ասաց Լիլիթ Սմբատյանը: Վարպետը թելադրում էր գորգը, իսկ երիտասարդները գործում էին: «Սկզբում վերցնում են մեկ հենքաթելը, հետո դրա դիմացի հենքաթելը, եւ ստացվում է կրկնակի հանգույցը: Սա հայկական հանգույցն է, որը, ցավոք, այսօր աշխարհում հայտնի է «թուրքական հանգույց» անվամբ: Հաճախ այսօր Թուրքիայի թանգարաններում հայկական գորգերը ներկայացված են որպես թուրքական: Հաճախ կարելի է նկատել հրաշալի պահպանված գորգ, որի մի հատվածը հեռացված է` չկա, որովհետեւ, հավանաբար, այդտեղ եղել է հայատառ արձանագրություն»,- ասաց էքսկուրսավարը:

Հայկական ավանդական տան ներքին կահավորանքի կարեւոր մասն է ծալքապահարանը, որի վերին անկյունում պահվում էր ծալքը: Ծալք էր կոչվում հայկական ավանդական անկողինը, որովհետեւ այն ծալում էին եւ հավաքում պահարանում: Ծալքապահարանի ներքին հատվածում պահում էին չորացրած մրգեր, բանջարեղեն, իսկ վերին անկյունում` ավելի կարեւոր իրեր: Պահարանի բոլոր դռները, բոլոր ամբարները, մառանները փակվում էին բանալիներով: Բանալիների կույտը, ինչպես շերեփը եւ գոգնոցը, կնոջ իշխանության խորհրդանիշն էր: Այս կույտն իր զգեստի ծալքերում էր պահում տան ամենամեծ կինը` տատիկը:
Տղամարդու իշխանության խորհրդանիշը փափախն էր: Հաճախ, եթե փեսացուն բացակայում էր հարսանեկան ծեսից, նրան փոխարինում էր փափախը:
Սարդարապատի հերոսամարտում թշնամու ուժերը գրեթե կրկնակի էին
Սարդարապատի թանգարանում կա նաեւ 1918 թ. մայիսյան հերոսամարտերին եւ Հայաստանի առաջին Հանրապետության ստեղծմանը նվիրված ցուցադրություն: Այս շրջանում հայերը կորցրին պատմական Հայաստանի 9/10-ը: «Դա մի կորուստ է, որ առ այսօր էլ մեզ համար ոչ մի բանով հնարավոր չէ լրացնել»,- ասաց Լիլիթ Սմբատյանը: Նա նշեց, որ Սարդարապատի վճռորոշ օրերին Գեւորգ 5-րդ կաթողիկոսի հրամանով հնչեցվում են Արարատյան դաշտի բոլոր եկեղեցիների զանգերը: «Կաթողիկոսի հրամանով եւ թույլտվությամբ այդ օրերին ստեղծվում է միայն հոգեւորականներից բաղկացած մոտ 300 հոգանոց ջոկատը»,- ասաց Լիլիթ Սմբատյանը:
Մայիսի 23-ի կարճատեւ դադարից հետո ճակատամարտը վերսկսվում է: Երբ թուրքական կողմի հրամանատար Վեհիբ փաշային օգնության պետք է հասներ Արաքսի հակառակ ափին գտնվող դիվիզիան, շարքից դուրս են բերվում Արաքսի կամուրջները, եւ այդ ձեւով ուղղակի հնարավոր չի լինում գետանց կատարել: «Դա այն եզակի դեպքերից մեկն էր, երբ ամբողջ օրը անձրեւ էր տեղացել, եւ Արաքսը վարարել ու դուրս էր եկել իր ափերից` այդ ձեւով օգնելով հայկական կողմին»,- ասաց Լիլիթ Սմբատյանը` հավելելով, որ մայիսի 25-ի ճակատամարտի հերոսն է դառնում Վարդան Ջաղինյանը: Սարդարապատի հերոսամարտում հայկական ուժերը 6 հազ. էին, իսկ թշնամունը` 10 հազ.` մինչեւ ատամները զինված: «Չնայած ուժերի հստակ տարբերությանը` հայերը կարողացան փայլուն հաղթանակ տանել Սարդարապատում: Սարդարապատի հերոսամարտի հաղթանակի լուրը ոգեշնչեց նաեւ Բաշ Ապարանում ու Ղարաքիլիսայում մարտնչող մեր զինվորներին: Բաշ Ապարանի փայլուն հաղթանակը կասեցրեց թուրքերի առաջխաղացումը դեպի Երեւան՝ հյուսիսից: Թուրքերի նպատակն էր հարավից եւ հյուսիսից աքցանի մեջ վերցնել քաղաքը եւ ոչնչացնել: Հերոսամարտերի արդյունքում արդեն 1918 թ. մայիսի 28-ին վերստեղծվեց հայոց պետականությունը, որը մենք կորցրել էինք 5 դար առաջ»,- ասաց էքսկուրսավարը:












Նոյեմբեր 11th, 2009 at 19:37
Հարգերլի Սոնա,
Ձեր հոդվածում խոսվում էր հանգուցյալների դին աշտարակների վրա 40 օր թողնելու մասին, սակայն ոչ մի խոսք դիակիզման փաստի վերբերյալ: Որպես ԱՐԻԱՑԻ(ԱՐՄԱՆ բառացիորեն նշանակում է MAN-AR, ԱՐ-ի մարդ կամ ԱՐԻԱՑԻ մարդ կամ ԱՐևԻ մարդ), հայերս հնարավոր չէ , որ չունենայինք այդ արիական ծեսը: Երբ մեր թվարկությունից 1500 առաջ Արիացի-Արմենները հայկական լեռնաշխարհից սփռվում են աշխարհով մեկ , տես Karen Armstrong “The Great Transformation”, նրանք իրենց հետ տարան նաև իրենց ծեսերն ու ավանդույթները: Հասնելով Հնդկաստան և կազմելով բացարձակ փոքրամասնություն , նրանք ոչ միայն չձուլվեցին տեղի բնակչությանը, այլև նրանց վրա հաստատեցին իրենց գերիշխանությունը(Այնպես ինչպես Արցախի Հայերն են հիմա անում Հայաստանում):
Ուստի պատահական չի, որ մինչև օրս հնդիկներն այրում են հանգուցյալի դին, իսկ մոխիրը շաղ տալիս Գանգես սրբազան գետի վրա:
Կհարցնեք, իսկ որտեղ է կապը հնդիկների այդ ավանդույթի ու մեր միջև: Որպես Արիացի-Արևապաշտ մեր նախնիք հավատում էին,որ Արևը ծնվում է Վանա լճից , կատարում մեկօրյա իր ճանապարհորդությունը, այնուհետև օրվա վերջում վերադառնում որտեղից որ եկել էր-Վանա լիճ :
Նրանք հանճարեղորեն կռահել էին, որ մենք նույնպես ծնվում ենք ջրից ու վերադառնում ենք ջուր.Մեր էպոսում Ծովինարը խմեց մեկուկես բուռ ջուր և ծնվեցին Սանասարն ու Բաղդասարը…(ոչ պատահականորեն մեր օրգանիզմի 70%-ից ավելին ջրային զանգված է): Ի տարբերություն Հին Կտակարանային(այստեղ ուշադիր. Հին Կտակարան , այլ ոչ Աստվածաշունչ) անհեթեթության, ըստ որի հող ես , հող դարձիր…
Ձեր հոդվածում բազմիցս հանդիպում էր «Քրիստոսից առաջ» արտահայտությունը: Քանի որ Քրիստոսն Էություն է, Ալֆա և Օմեգա, մինուս անվերջությունից պլյուս անվերջություն, Քրիստոսից առաջ ասելը նույնն է ինչ որ ասել Մինուս անվերջությունից առաջ: Խորհուրդ կտայի փոխարենը օգտագործել Մեր թվարկությունից առաջ բառակապակցությունը:
Նոյեմբեր 12th, 2009 at 11:41
Հարգելի ԱՅՐԱՐԱՏ,
Շնորհակալ եմ Ձեր մեկնաբանության համար. այն շատ հետաքրքիր էր և տեղեկատվությամբ հարուստ:
Դուք գրել եք. «Ձեր հոդվածում խոսվում էր հանգուցյալների դին աշտարակների վրա 40 օր թողնելու մասին, սակայն ոչ մի խոսք դիակիզման փաստի վերբարյալ»:
Հոդվածի աղբյուրը թանգարանի էքսկուրսավարն է: Քանի որ ցուցանմուշները բազմաթիվ էին, էքսկուրսավարը յուրաքանչյուրի մասին պատմում էր միայն ամենից էականը և պատասխանում այցելուների հարցերին: Գուցե ժամանակ խնայելու համար չի անդրադարձել դիակիզմանը: Այդ մասին նրան հարցեր ևս չտրվեցին: Համոզված եմ, որ հարցեր լինելու դեպքում անպայման կանդրադառնար նաև դիակիզմանը:
«Ձեր հոդվածում բազմիցս հանդիպում էր «Քրիստոսից առաջ» արտահայտությունը: Քանի որ Քրիստոսն Էություն է, Ալֆա և Օմեգա, մինուս անվերջությունից պլյուս անվերջություն, Քրիստոսից առաջ ասելը նույնն է ինչ որ ասել Մինուս անվերջությունից առաջ: Խորհուրդ կտայի փոխարենը օգտագործել Մեր թվարկությունից առաջ բառակապակցությունը»,- նշել եք Դուք:
Կարծում եմ, որ «մեր թվարկությունից առաջ» և «Քրիստոսից առաջ» բառակապակցությունները հավասարապես են գործածվում և հոմանիշներ են, քանի որ մեր թվարկությունը հաշվվում է` սկսած Քրիստոսի ծնունդից: Հոդվածում գործածել եմ «Քրիստոսից առաջ» ձևը, քանի որ թանգարանում և էսքկուրսավարը, և այցելուները այդպես էին ասում: Անշուշտ, դրա փոխարեն կարելի էր գրել «մեր թվարկությունից առաջ» բառակապակցությունը:
Կարո՞ղ եք կապվել խմբագրության հետ. Ձեր նշած էլ.փոստին ուղարկված մեր նամակները տեղ չեն հասնում:
Շնորհակալություն
Սոնա Ավագյան
Նոյեմբեր 13th, 2009 at 01:08
ՀԵՏՔԻ հարգելի խմբագրություն,
Փորձեք այս e-mail-ը: