Հրազդանում ստորագրություններ են հավաքում երկաթի հանքավայրի շահագործման դեմ
[ 2009/09/07 | 18:01 ]
Հրազդան քաղաքի (Կոտայքի մարզ) կողմից նկարված այս բլուրն այն տեղն է, որտեղ պայթեցման եղանակով բացվելու է Հրազդանի երկաթի հանքը եւ կառուցվելու է երկաթի հարստացուցիչ ֆաբրիկան:
Նկարից արդեն երեւում է, թե հանքն ինչքան մոտ է քաղաքին: Քաղաքի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ ձգվելով երկայնքով` այն շրջապատում է բլուրը: Այդ պատճառով քաղաքի Վանատուր, Բանավան եւ Ախպարա թաղամասերն ուղղակի հասնում են բլրի լանջերին:

Հանքին շատ մոտ են գտնվում նաեւ այլ բնակավայրեր` Քաղսի` 4 կմ, Սոլակ` 6 կմ, Լեռնանիստ` 5.5 կմ հեռավորության վրա տեղակայված գյուղերը:
Հանքավայրի արտադրական հրապարակից ընդամենը 0,6 կմ հեռավորության վրա հոսում է Սեւան- Հրազդան ջրանցքը, իսկ 1.5 կմ-ով հեռու հոսում է Հրազդան գետը:
Կոտայքի տարածաշրջանում են գտնվում նաեւ զբոսաշրջության կենտրոնները` Ծաղկաձոր եւ Հանքավան համայնքները, որտեղ բազմաթիվ ներդրումներ են արված:
Այնուամենայնիվ, բնապահպանական եւ զբոսաշրջության առումով բարենպաստ տեղանքը խոչընդոտ չի հանդիսացել, որպեսզի «Նագին» ընկերությունը ստանա ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության» ՊՈԱԿ-ի դրական եզրակացությունը:
Այս պահին հանքի շահագործման գործընթացը սառեցնելու իրավական հնարավորությունները գրեթե սպառված են` դրական եզրակացությունը կա, հանրային լսումներն ավարտված են:
«Մենք արդեն սկսել ենք ստորագրահավաք երկաթի հանքի բացման գործընթացը կանխելու համար»,- ասում է Հրազդանի բնապահպանական տեղեկատվական հասարակական «Օրհուս» կենտրոնի համակարգող Էդգար Ենգիբարյանը` ավելացնելով, որ ավելի շատ հրազդանցիներ կտային իրենց ստորագրությունները, եթե նրանց չմատահոգեին «իսկ քաղաքապետը տեղյա՞կ է, որ ստորագրահավաք է» կամ «ինձ աշխատանքից չե՞ն հեռացնի» հարցերը: Հրազդանն ունի 57 հազար բնակիչ, իր ստորագրությունն է տվել դեռեւս մոտ 1500-ը:
Բացի այն հանգամանքից, որ հանքը շատ մոտ է քաղաքին, կան այլ պատճառներ, որոնք մտահոգում են Հրազդանի ՀԿ-ների ներկայացուցիչներին:
Մասնավորապես, «Նագին» ՍՊԸ-ի «Հրազդանի երկաթի հանքաքարի հանքավայրի» շահագործման աշխատանքային նախագծի վերաբերյալ փորձաքննական եզրակացության մեջ նշվում է, որ արտադրական կեղտաջրերը մղվելու են Հրազդանի մաքրման կայան` Քաղսի գյուղից ոչ հեռու գտնվող կոլեկտոր:

«Այդ կոլեկտորը չի գործում արդեն երկար տարիներ, եւ կեղտաջրերն առանց մաքրման` ուղղակի հոսելով այդ կոլեկտորի միջով, թափվում են Հրազդան գետը»,- ասում է պրն Ենգիբարյանը` ցույց տալով կոլեկտորի քարուքանդ շինությունների լուսանկարները:

Կա նաեւ այլ մտահոգություն: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Ս. Ամիրխանյանը Հրազդանի «Օրհուս» կենտրոնին ուղղված նամակում պատասխանել է, որ «այս հանքավայրը զուտ սեւ մետաղի հանքավայր է եւ այլ մետաղներ չի պարունակում»:
ԵՊՀ Աշխարհագրության եւ երկրաբանության ՕԳՀ որոնման եւ հետախուզման ամբիոնի վարիչ Ռ.Ս. Մովսեսյանն ասում է, որ մետաղական օգտակար հանածոները, այդ թվում երկաթի հանքը, երբեւէ չեն կարող լինել առանց ուղեկից օգտակար մետաղների:
Իսկ Հ.Ս. Ավագյանի հեղինակած «Հայաստանի հանքահումքային ռեսուրսներ» ձեռնարկում կա մանրամասն տեղեկատվություն, թե ինչքան բազմամետաղ է հանքը: Օրինակ` ցիրկոնիում` 1160տ, գալիում` 497տ, արծաթ` 124տ, նիկել` 387, կոբալտ` 7628տ, տիտան` 20398տ, պղինձ` 11553տ, ցինկ` 22554տ, կապար` 857տ եւ այլն: Մաքուր երկաթ հանքում կա 161120000 տոննա:
Քանի որ «Նագին» ընկերությունն, ըստ նախագծի, պատրաստվում է արդյունահանել միայն երկաթի հանքաքար, նշանակում է, որ նշված մետաղները, որոնք ընկերության համար շահավետ չեն կորզելու համար, հայտնվելու են պոչամբարում` քաղաքից 500մ հեռավորության վրա գտնվող ձորակում:
Օդի աղտոտվածության հետ կապված խնդիրը նույնպես մտահոգիչ է: «Նագին» ընկերությունն օդի ուսումնասիրություն չի կատարել: Դրա փոխարեն հանքի նախագծի բնապահպանական մասում ներառել է ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոնի» (Հայէկոմոնիտորինգ) Հրազդանի օդի մոնիտորինգի տվյալները:
Այդ կենտրոնի տվյալներով` Հրազդանում ցեմենտի փոշին 2009 թ.-ի ընթացքում կատարված ուսումնասիրությունների ընթացքում ամեն ամիս արդեն իսկ գերազանցում է ՍԹԿ-ն (սահմանային թույլատրելի կոնցենտրացիան) 2-6.5 անգամ: Սրան կգուրմարվեն նաեւ այլ աղտոտող նյութեր, որոնք մթնոլորտ կարտանետվեն հանքի պայթեցումների ժամանակ:
Ինչ վերաբերում է ջրային ռեսուրսների ուսումնասիրությանը, ապա այստեղ կան հակասություններ: Ի տարբերություն օդի` ջրի աղտոտվածության մոնիտորինգ իրականացրել է «Նագին» ընկերությունը:
«Մենք համեմատեցինք ընկերության փաստաթղթերում գրված ՍԹԿ-ները «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոնի» տեղեկանքներում գրված ՍԹԿ-ների հետ եւ պարզեցինք, որ ընկերության փաստաթղթերում գրված ՍԹԿ-ները չեն համապատասխանում «Հայէկոմոնիտորինգ» կենտրոնի տեղեկանքներում գրված ՍԹԿ-ներին, որոնք անփոփոխ են միշտ:
Օրինակ` ընկերության փաստաթղթում գրված է, որ ջրում մանգանի սահմանային թույլատրելի քանակը 0.1մգ/լ է, իսկ «Հայէկոմոնիտորինգ»-ի տեղեկանքներում մանգանի ՍԹԿ-ն 0.001մգ/լ է, նատրիտ-իոնի ՍԹԿ-ն, ըստ ընկերության, 3.3մգ/լ է, իսկ ըստ «Հայէկոմոնիտորինգի»` նատրիտ-իոնի ՍԹԿ-ն 0.02մգ/լ է, նմանապետ քրոմի ՍԹԿ-ն, ըստ ընկերության, 0.5մգ/լ է, իսկ ըստ «Հայէկոմոնիտորինգի»` 0.001 է: Պարզ երեւում է, որ սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների սահմանը ընկերության փաստաթղթերում փոփոխված է»,- ասում է Էդգար Ենգիբարյանը:
ՀՀ բնապահպանության նախարարության պաշտպանողական դիրքորոշումն ավելի քան ակնհայտ է: Նախարարության աշխատակազմի ղեկավար Ս. Ամիրխանյանը պատասխանել է, որ «Հայէկոմոնիտորինգի» մակերեւութային ջրերի վիճակի մասին տեղեկանքներում ՍԹԿ-ները չեն համապատասխանում ՀՀ տարածքում ընդունված ՍԹԿ-ների նորմատիվներին:
«Այս դեպքում հարց է առաջանում` ինչո՞ւ է այդ կենտրոնն իրականացնում մոնիտորինգ, եւ ինչո՞ւ են կենտրոնի տվյալները որպես պաշտոնական ուսումնասիրություն տեղադրվում բնապահպանության նախարարության կայքում»,- հարցնում է Հրազդանի «Օրհուս» կենտրոնի համակարգող Էդգար Ենգիբարյանը:
Տես նաեւ՝ «Նոր հանքավայր Հրազդանում. Վարդան Այվազյանի երազանքն իրականանում է», «Ի՞նչ են շնչում Հրազդանում»












Սեպտեմբեր 7th, 2009 at 21:11
Vorbezsi jergir jegamud unena jev polor garikneru hamar kumar metchdex ga , banvorneru ashxadadex lini kesh mi plan tche paiz
Hrazdan kaghaxi exologiagan harzerun al optimal canabarhner ktnalu orenkov.Ardatrutyuni bedk e Hayasdanum inthanrabes okdakorzvi jete jergatin miayn vadcarelu nbadagov e, aveli lav e isbasel mi 50-100 dari vorbezsi tangana jergati …..