Նախկին վարչապետերը` ճգնաժամի առաջացման ու դրա հաղթահարման ելքերի մասին
[ 2009/05/25 | 19:10 ]
Policy Forum Armenia-ի կազմակերպած «Հայաստան. Դիմակայելով համընդհանուր աղետին» բարձրաստիճան տնտեսագիտական ֆորումի չորրորդ նիստը հետաքրքրական էր նաև այն առումով, որ նիստի ընթացքում ելույթ ունեցան ՀՀ նախկին վարչապետերը: Թեման էր` «Հայաստան-Տնտեսական քաղաքականության ապագա ուղղություններ»:
Նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը նշեց, որ այս ճգնաժամի հիմնական արմատներից մեկն արհեստական պահանջարկն էր: Այն, ըստ Վ. Մանուկյանի, առաջանում է մի քանի պատճառներով:
«Մեկն այն է, որ գործարարն ուզում է, որ իր ապրանքը վաճառվի, ու անընդհատ պետք է նոր նիշաներ բացի: Օրինակ, հանգիստ կարելի էր տասը տարի օգտագործել նույն ավտոմեքենան, բայց արհեստական պահանջարկ եղավ, որ տարին մեկ պետք է փոխել այն և այլն: Բիզնեսմենների բնական ձգտումն է` արտադրություն դնել ու գումարներ վաստակել: Երկորդը կառավարություններն անընդհատ իրենց խոստումները կատարելու` նոր աշխատատեղեր բացելու համար պետք է այդ գործն անեն: Բայց մի շատ կարևոր հարց էլ կա` դա արտադրողականության բարձրացումն է: Արհեստական պահանջարկը երբ առաջանում է, մարդիկ պետք է ապրանք ներդնեն: Ու բնական ընթացք է ստանում վարկային համակարգը, և կամաց-կամաց վարկն ինքը դառնում է մի ապրանք, որը շատ տարօրինակ հատկություններ ունի: Վարկի պահանջակն անսպառ է, մյուս կողմից առաջարկն էլ է կամաց-կամաց դառնում է անսպառ»,- ասաց նա` ընդգծելով, որ վարկ նշանակում է ապագայից գումար վերցնել ու ծախսել հիմա:
«Ու այժմ այն մեթոդները, որոնցով հարցը լուծում է Միացյալ Նահանգները, նշանակում են` նորից գնալ նույն ճանապարհով: Նրանք որպես ավելի մեծ ու հզոր խաղացող, կարողանում են ավելի հեռու ապագայից գումար բերել ու ծախսել այսօր: Դա նշանակում է, որ ժամանակավորապես վիճակը կարող է կայունանալ, բայց հարցերը միևնույնն է, չեն լուծվելու, մնալու են»,- ասաց նա:
Վ. Մանուկյանը վստահ է, որ իր բոլոր բացասական հետևանքներով հանդերձ` ճգնաժամը բերում է առողջացման` թույլ տնտեսությունները, արհեստական արտադրությունները` ոչ մրցունակ, վերանում են: Ասպարեզում մնում են մրցունակներն, ու ճանապարհ է բացվում նորերի համար:
«Հայաստանն ունի երկու ճգնաժամ` մեկը թելադրված է դրսից, ու մեզ վրա այն իսկապես զգում ենք: Երկրորդ ճգնաժամը վաղուց է, 15-20 տարի է` մենք ճգնաժամի մեջ ենք ապրում: Այն պայմանավորված է և’ անցումային փուլով, և’ նաև մեր ներքին խնդիրներով: Ամեն դեպքում Հայաստանը դժվար թե կարողանա օգտվել այս ճգնաժամից ու բարելավել իր դիրքերը: Եթե ճգնաժամ կա, 100-ը տուժում են, մեկն օգտվում է: Մենք կարո՞ղ ենք այդ մեկը լինել: Կցանկանայի, բայց որևէ նախագիծ, որը հնարավորություն կտար, որ Հայաստանն օգտվեր ճգնաժամից, ես չեմ տեսնում»,- ասաց նա:
Գագիկ Հարությունյանն էլ իր խոսքում նշեց, որ ցանկացած երևույթ բնութագրելու համար պետք է կարողանալ առանձնացնել նրան բնորոշ որակները:
«Երբ ասում ենք ճգնաժամ, դա նշանակում է առանձնահատուկ իրավիճակ, որը նաև իր բնորոշումները պետք է ունենա: Երբ խոսում են համաշխարհային տնտեսական ճգնաժամի մասին, ես տեսնում եմ, որ այս երևույթի խորքային, լիարժեք բնորոշումը դեռևս չկա: Իմ պատկերացմամբ` սա համակարգային ճգնաժամ է, դրա տարրերը վերաբերում են վերարտադրության բոլոր փուլերին, և դրանք պայմանավորված են նաև ներկայիս գլոբալ զարգացումներով»,- ասաց նա:
Նախկին վարչապետը համոզված է, որ ի հայտ եկած նոր հանգամանքներն ու դրանք հաղթահարելու նոր մոտեցումները համարժեք չեն: Ըստ նրա` մարդկությունը վերջին տասնամյակների ընթացքում կարողացավ փաստել մեկ կարևոր բան, որ տնտեսական հարաբերությունները վաղուց դուրս են եկել պետության սահմաններից, դրանք ներպետական հարաբերություններ չեն:
«Սակայն դրանց հիմանական միջամտությունները ներպետական լծակներով են, իսկ միջազգային լծակները դեռևս համարժեք չեն դրանց ծավալների մեծացմանը: Մյուս կարևոր հանգմանքն է, որ այս ճգնաժամը որոշակիորեն կապված է գլոբալ զարգացումների մեկ այլ դրսևորման հետ, այն է` շատ երկրների տնտեսություններ արդյունավետ չկարողացան գործել միաբևեռ քաղաքական համակարգի պարագայում: Եվ սառը պատերազմից հետո այդ երկրներում առաջացավ տնտեսության համակարգի վերանայման անհրաժեշտություն, իսկ տնտեսության նախկին պայմանները կենսունակ չէին: Մեր տիպի երկրներն առաջին հերթին պետք է կարողանան աշխատել առավեագույնս խուսափել այս երևույթի բացասական ազդեցություններից: Իսկ դրանք չափազանց մեծ են: Մենք պետք է խոսենք համակարգային վերափոխումների մասին և տեսնենք` դա որակ տալո՞ւ է, թե՞ ոչ»,- ասաց նա:
Հրանտ Բագրատյանն էլ իր զեկույցի ժամանակ նշեց, որ ներկայումս բանավիճում են այն հարցի շուրջ, թե սա ցիկլայի՞ն, թե՞ կառուցվածքային ճգնաժամ է: Նրա կարծիքով` ամենայն հավանականությամբ երկուսի «սիմպտոմներն» էլ կան:
«Ճգնաժամների պատճառները մարդիկ փորձում են վերլուծել ու գնահատել դրանից 7-10 տարի հետո: Համենայնդեպս` այս ճգնաժամի առիթները հետևյալն են` առաջինը 20-րդ դարի վերջին ֆեդերալ ռեզերվի կողմից թույլտվությունն էր բանկերին` ինվեստիցիա կատարել: Ֆինանսական շուկայի չափազանց շատ կոնցենտրացումն էր: Հաջորդը` համապատասխան վերահսկողության բացակայությունը միջազգային ռեզերվների նկատմամբ, հատկապես նրանց, որոնք միջազգային վճարամիջոցներ են` դոլար, եվրո: Ինչպես նաև` շուկաների կառավարման համապատասխան մեխանիզմների բացակայությունը»,- ասաց նա:
Հ. Բագրատյանը տարբերակներ առաջարկեց` ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ: Սակայն նա նշեց նաև, որ պետք չէ մեզ բոլորիս լուրջ դեմքով մատուցել, թե Հայաստանում հակաճգնաժամային ծրագիր կա:
«Ի՞նչ անել` ապամենաշնորհել իմպորտը: Բացի այդ` այս ճգնաժամն այսքան խորն է, որովհետև երկիրը կառուցել է շատ էլիտար շենքեր: Այդ ռեսուրսները ուրիշ տեղ պիտի գնար: Երբեմն ինձ թվում է, որ երկիրը դիտարկվում է որպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն: Մենք անպայման պետք է իջեցնենք ավելացված արժեքի հարկը: Պետք է վերջապես դադարեցնել այս շինարարությունը, որպեսզի ստիպեն, որ փողը գնա ռեալ տնտեսություն: Պետք է անպայման արժեզրկել ազգային դրամը, մեզ ուժեղ դրամ հիմա պետք չէ: Եվ հավատացնում եմ, որ դա գների ինֆլյացիայի հետ բացարձակապես կապ չունի: Պետք է ստեղծել նաև կապիտալի շուկա»,- ասաց Հ. Բագրատյանը:













