Ալավերդի քաղաքին պետբյուջեից հատկացվող բնապահպանական սուբվենցիաները 2010 թ. կտրուկ նվազել են

[ 2009/11/25 | 16:05 ]

Ալավերդու «Էյ-ՍԻ-Փի» ընկերության պետբյուջեին վճարվող բնապահպանական վճարներից վերջին տարիներին սուբվենցիաներ են հատկացվում Լոռու մարզի Ալավերդի, Օձուն, Հաղպատ եւ Աքորի համայնքների բյուջեներին: Ըստ «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի` բնապահպանական մասհանումները նպատակային  միջոցներ են եւ օգտագործվում են  տվյալ համայնքների տարածքում բացառապես բնապահպանական ծրագրերի իրականացման համար:

Թեեւ օրենքը ուժի մեջ է մտել 2002 թ. հունվարի 1-ից, այդուհանդերձ, նրա պահանջներին տարիներ շարունակ անհաղորդ են մնում բնապահպանական մասհանումներ ստացող համայնքների համայնքապետերը:

Օրենքը  սահմանում է, որ բնապահպանական սուբվենցիաներով պետք է իրականացվեն այն բնապահպանական ծրագրերը, որոնք ներառում են համայնքի ընդերքի, նրա վարչական սահմաններում գտնվող անտառային, ջրային եւ օդային տարածքների, բուսական եւ կենդանական աշխարհի պահպանման եւ վերականգնման միջոցառումներ եւ բնակչության առողջության պահպանմանը նպատակաուղղված այն միջոցառումները, որոնց  անհրաժեշտությունը պայմանավորված է ընկերությունների գործունեությամբ: Սակայն համայնքապետերն այդ գումարներն ամեն տարի նպատակաուղղում են հիմնականում նույն փողոցների փոսալցումների, հեղեղատարների կասկածելի մաքրումների, օրենքի պահանջների հետ առնչություն չունեցող հիվանդների սննդի հատկացման եւ այլ ծախսումների: Օրինակ «Էյ-Սի-Փի» ընկերության պղնձաձուլական գործարանի, սահմանված նորմաներից 11-12 անգամ շատ արտանետումներից տուժող Ալավերդու բնության վերականգնման նպատակով տարիներ շարունակ գումարներ չեն հատկացվել, որի պատճառով էլ  Ալավերդին զուրկ է հանգստի կանաչ գոտուց:

2009 թ. բնապահպանական սուբվենցիաների հակաօրենսդրական ծախսումներ է կատարել Աքորու համայնքապետ Կամո Սիմոնյանը` 13,1 մլն դրամ սուբվենցիաներից 1,7 մլն դրամը ծախսել է գյուղի 4-րդ փողոցի կապիտալ նորոգման, 420 հազար դրամ ծախսել է 4-րդ փողոցի խմելու ջրի կապիտալ նորոգման, 206 հազար դրամ ծախսել է 9-րդ փողոցի ոռոգման ջրագծի կապիտալ նորոգման,  6,2 մլն դրամը` 4-րդ փողոցի ոռոգման ջրագծի կապիտալ վերանորոգման համար: Ընդօրինակելով  Ալավերդու քաղաքապետին` 588 հազար դրամ էլ հատկացրել է գյուղի հղի կանանց վիտամիններով հարուստ սնունդ հատկացնելու համար:

Երբ Կամո Սիմոնյանին հարց է ուղղվում գյուղի վարելահողերի մշակման մասին, նա շեշտում է , որ Աքորիի վարելահողերը մշակության համար պիտանի չեն, ծառայում են որպես խոտհարքներ: Այդ դեպքում, թե ինչու է ոռոգման նպատակով բնապահպանական սուբվենցիաների ամեն տարի այդչափ ծախսեր նախատեսում համայնքապետը, անհասկանալի է մնում: Նշենք, որ պաշտոնական դիրքի չարաշահմամբ բնապահպանական վճարների յուրացումների համար 2009 թ. սեպտեմբերի 4-ին Լոռու մարզային դատախազությունը Կամո Սիմոնյանի նկատմամբ քրեական գործ է հարուցել` հիմք ունենալով «Հետքի» հրապարակումները:

Բնապահպանական վճարների ծախսումների օրենսդրական  պահանջը 2009 թ. կատարվել է թերեւս միայն Հաղպատի համայնքում, որի մասին համայնքապետ Սերգո Քառյանը  հայտնեց. «Պետբյուջեից 2009 թ. հատկացվել է 8,2 մլն դրամ, որից 5,2 մլն դրամը, ինչպես նախատեսել էինք, ծախսել ենք գյուղի գազիֆիկացման ներքին ցանցի կառուցման վրա, որը կնպաստի վառելիքի նպատակով ծառահատումների նվազեցմանը: Առողջապահական ծրագրով նախատեսված 2,4 մլն դրամով, գյուղի բնակիչների պահանջով, 630 բնակիչներից յուրաքանչյուրին հատկացրել ենք 9 կգ ալյուր: Նշված գումարներից նույնքան ալյուր կհատկացվի բնակիչներին տարեմուտի շեմին»:

Սերգո Քառյանը նաեւ տեղեկացրեց, որ 2010 թ.-ին պետբյուջեից Հաղպատ համայնքին կրկին հատկացվել է  8,2 մլն դրամ: «Ֆոնդային բյուջեով նախատեսված 5,7 մլն դրամով մենք կշարունակենք գյուղի գազիֆիկացման ներքին ցանցի կառուցման աշխատանքները, իսկ 2,4 մլն դրամ առողջապահական ծրագրով հատկացված գումարը համայնքի ավագանին որոշել է հատկացնել տարիներ շարունակ չգործող գյուղի մանկապարտեզի վերագործարկմանը»,- ասաց Սերգո Քառյանը:

Օրերս ԵԱՀԿ Օրհուս կենտրոնի Ալավերդու գրասենյակի խորհրդի նիստում պետբյուջեից բնապահպանական սուբվենցիաների 2010 թ.-ի հատկացումների մասին Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը տեղեկացրեց. «Նախորդ տարիների համեմատ այս տարվա (2010 թ.) բնապահպանական ծրագրերի վիճակը տխուր է լինելու, որովհետեւ, եթե 2009 թ. մենք պետբյուջեից բնապահպանական վճարների մասհանումներ ստացանք մոտ 103 մլն դրամ եւ իրականացրինք բազմաթիվ ծրագրեր, ապա 2010 թ. այդ հնարավորությունները  չենք ունենա, քանի որ հատկացված բնապահպանական մասհանումը կազմելու է ընդամենը 37 մլն 279 հազար դրամ»:

Նշենք, որ քաղաքապետ Արթուր Նալբանդյանն իր պաշտոնավարման տարիներին բնապահպանական սուբվենցիաների պատկառելի գումարների ծախսումները նույնպես պլանավորել է օրենսդրական խախտումներով, որոնց անարդյունավետության մասին մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել:

Թե  ինչու են պետբյուջեից, նախորդ տարիների համեմատությամբ, կտրուկ նվազեցրել 2010 թ. բնապահպանական սուբվենցիաները, քաղաքապետը բացատրեց. «Քանի որ մենք հաշվարկման մեթոդիկան չգիտեինք, դիմեցինք ՀՀ տարածքային կառավարման եւ ֆինանսների նախարարություններին` նվազեցման պատճառները պարզելու համար: Հաշվարկման մեթոդիկան տրամադրելուց հետո զգացինք, որ հաշվարկը ճիշտ է կատարվել»,- ասաց նա եւ հույս հայտնեց, որ 2011 թ.-ին նորից գումարների չափը կավելանա:

Այդուհանդերձ, Ա. Նալբանդյանը հայտնեց, որ բնապահպանական սուբվենցիաների նվազեցումից առաջին հերթին վտանգվել է Ալավերդու աղբավայրի կառուցման խնդիրը: «Բնապահպանական այս տարվա մասհանումներից որոշել էինք 70 մլն դրամը ներդնել քաղաքի աղբավայրի կառուցման համար, բայց, ցավոք, գումարը նվազեցվեց 37 մլն դրամի, որի արդյունքում աղբավայրի կարեւոր ծրագիրը բնապահպանական վճարներից չի ֆինանսավորվի»,- բացատրեց Ա. Նալբանդյանը:

Քաղաքապետը նախատեսել է հատկացված 37 մլն դրամ բնապահպանական մասհանումից 26 մլն դրամը հատկացնել ներհամայնքային փողոցների փոսային նորոգումներին: Ասենք որ 2009 թ. բնապահպանական սուբվենցիաներից Ալավերդու քաղաքապետը 26,4 մլն դրամ է ծախսել քաղաքի փողոցների փոսալցումների համար: Ըստ ասֆալտապատման տեխնոլոգիաների փոսալցումները պարտավոր են 2-3 տարի պահպանվել:

Մեր հարցին, թե ինչպես է պատահում, որ ամեն տարի Ալավերդու նույն փողոցներում է փոսալցումներ կատարվում, քաղաքապետը պատասխանեց. «Բանը նրանում է, որ շինարարներն ապացուցում են, որ հին ու նոր ասֆալտը իրար հետ չեն բռնում: Նոր ասֆալտը չի փչանում, երբ որ իրար հետ հին ու նոր ասֆալտներն սկսում են աշխատել, հինը էդ մասից սկսում ա քայքայվել: Հոմ նույն տեղը անընդհատ փոսային նորոգում չենք անո±ւմ, 1 քմ ասֆալտը էսօր 7-8 հազար դրամ ա: Դա ախր շատ թանկ հաճույք է մեզ համար»:

Այնուհետեւ քաղաքապետը տեղեկացրեց, որ բնապահպանական վճարների առողջապահական ծրագրով նախատեսված շուրջ 11 մլն դրամից 4,6 մլն դրամը նախատեսել է քաղաքի մանկապարտեզների 400 երեխաների սննդի, 2,9 մլն դրամը` 300 հղիների եւ  3,6 մլն դրամը` պալարախտով 90 հիվանդներին վիտամիններով հարուստ սնունդ տալու նպատակով: Ըստ Ալավերդու քաղաքապետի, «Էյ-Սի-Փի» ընկերության թունավոր արտանետումներից տարիներ շարունակ տուժում են միայն պալարախտով հիվանդները, հղիները, իսկ մյուս ալավերդցիներից, ասենք, չարորակ ուռուցքային, սրտանոթային ծանր հիվանդներին ու հոգեկան հիվանդներին, կարելի է եւ առողջության վերականգնման համար չաջակցել:

Բնապահպանական սուբվենցիաների պետբյուջեի հատկացումների եւ իր պլանավորած ծախսերի մասին Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանն էլ տեղեկացրեց, որ ինչպես 2009 թ.-ին, այնպես էլ 2010 թ.-ին իր համայնքին հատկացվել է 8 մլն դրամ: Համայնքապետն այդ գումարները 2010 թ.-ին նույնպես որոշել է ծախսել գյուղի մանկապարտեզներին սնունդ հատկացնելու եւ հեղեղատարները մաքրելու համար:

Տես նաև՝

Print this page

Հայտնեք Ձեր կարծիքը՝