«Եկեք լավատես լինենք, բայց նախապատրաստվենք վատին»
[ 2009/05/25 | 16:04 ]Մասնագետների հավաստմամբ` ֆինանսական ճգնաժամը դեռ շարունակվելու է
Այսօր մեկնարկեց «Հայաստան. Դիմակայելով համընդհանուր աղետին» բարձրաստիճան տնտեսագիտական ֆորումը: Այն կազմակերպել էր Policy Forum Armenia միջազգային կազմակերպությունը: Ֆորումին մասնակցեցին համաշխարհային ճանաչում ունեցող տնտեսագետներ արտերկրից, պաշտոնյաներ միջազգային կազմակերպություններից, ինչպես նաև տնտեսության ոլորտի հայաստանյան գործիչներ, ովքեր քննարկեցին համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքներն ու ու դրանք մեղմելու ուղղությունները:
Ֆորումի առաջին նիստի թեման էր «Համաշխարհային և տարածաշրջանային տնտեսական պայմանները»: Նիստը բացեց ՌԴ գիտություների ակադեմիայի ակադեմիկոս Աբել Աղանբեկյանը` Մոսկվայից ուղիղ կապով միանալով ֆորումին:
Նա նշեց, որ ճգնաժամը երկակի նշանակություն ունի. առաջին` դա աղետ է, երկրորդ` շանս է զարգացման համար:
«Ճգնաժամը միշտ մեծ անորոշություն է: Ամենասխալն այս դեպքում կանխատեսումներ անելն է, թե ինչ կլինի: Մեր ղեկավարության բոլոր կանխատեսումներն այս մասին պարզապես ծիծաղելի են այն տեսանկյունից, թե ինչ են կանխատեսում, և գործնականում ինչ է տեղի ունենում: Սկսած այն բանից, երբ ասում էին, թե մեզ ճգնաժամը կշրջանցի: Էլ չեմ խոսում կոնկրետ թվերի մասին: Իհարկե, այդպես են անում նաև միջազգային կազմակերպությունները, և նրանք էլ չգիտեն, թե դեպի ո՞ւր է գնում ճգնաժամը, ե՞րբ կվերջանա, կամ ի՞նչ կլինի»,- ասաց նա:
Ամեն դեպքում, Ա. Աղանբեկյանի հավաստմամբ, կան նախադրյալներ, և եթե լավատես լինես, ապա կարելի է ենթադրել, որ ճգնաժամը կամաց-կամաց կավարտվի: Բայց երբ, ինչպես և ինչքան կտևի, դժվար է ասել:
«Շատերը Ռուսաստանում գտնում էին, որ արդեն 2009-ի վերջին աշխուժություն կսկսվի, բայց վերջին զարգացումները խոսում են այն մասին, որ ամբողջ 2010 թ. դեռ ճգնաժամ կլինի: Այդ պատճառով եկեք լավատես լինենք, բայց նախապատրաստվենք վատին: Ամենակարևորն այն է, որ ճգնաժամը որոշակի շանս է տալիս: Ճգնաժամի ընթացքում ուժեղագույնն է «ապրում», դրա ընթացքում ամրապնդվում ես»,- ասաց նա:
Ճգնաժամից դուրս գալու տարբերակ, Ա. Աղանբեկյանի կարծիքով, կարող է լինել փոքր բիզնեսի զարգացումը, ինչպես նաև`բնակտարածքների կառուցումը` օգտագործելով ցածր տոկոսադրույքով հիպոթեքային վարկերը: Կարևոր է նաև արդեն պատրաստի ապրանքի արտահանումը, և ոչ թե հում նյութի:
«Ընդհանրապես ճգնաժամի ընթացքում մարդիկ սկսում են ավելի լավ աշխատել: Ճգնաժամի ընթացքում շատ կարևոր է լավատես մնալ, ճգնաժամերը գալիս և գնում են, իսկ մենք մնում ենք: Մենք շատ տարբեր ճգնաժամեր ենք հաղթահարել` շատ ավելի ծանր: Այո, սա դժվար ճգնաժամ է, կարող է 3-3,5 տարի տևել, բայց դրանից մենք դուրս կգանք: Ամբողջ հարցն այն է, որ ամրապնդված դուրս գանք ու դրանից որոշակի հետևություններ անենք»,- ասաց ակադեմիկոսը:
Նիստը նախագահող, Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպության դեսպան Սերգեյ Կապինոսն էլ նշեց, որ հնարավոր չէ միայն համընդհանուր դեղամիջոց գտնել ճգնաժամի համար, քանի որ շատ երկրներում ճգնաժամի տարբեր դրսեւորումներ են գրանցվել, և իրավիճակը տարբեր է:
«Դրա համար էլ յուրաքանչյուր երկիր պետք է մշակի իր մոտեցումներն ու գործիքները, որպեսզի կարողանա դիմակայել ճգնաժամին ու տնտեսական աղետին: Միայն համատեղ ջանքերով կարելի է արագացնել ճգնաժամի մեղմացումը»,- ասաց նա:
ՌԴ Կենտրոնական բանկի նախկին առաջին փոխնախագահ Սերգեյ Ալեքսաշենկոն ասաց, որ ոչ մի տնտեսական ճգնաժամ հավիտյան չի եղել, և այս մեկն էլ այդ նույն ճակատագրին կարժանանա:
«Բոլոր երկրները պետք է հասկանան, թե ինչո՞ւ է տեղի ունեցել ճգնաժամը, և ինչո՞ւ է Ռուսաստանն առավել խոցելի երկրներից եղել` այս ճգնաժամի առումով: Այն 10 տոկոս անկում է ապրել առաջին եռամսյակում, և սա ամենաբարձր ցուցանիշն է 20 երկրների շրջանում: Պետք է ասել, որ անկումը, որ Ռուսաստանում տեղի ունեցավ այս տարվա սկզբին, շատ ավելի արագ տեղի ունեցավ, քան 90-ականների անկումը: Երկու հիմնական պատճառ կա Ռուսաստանի տնտեսության ձախողման համար` համաշխարհային արտադրային շուկաների վրա հիմնված լինելը և նավթի գինը: Ռուսաստանի կառավարությունը չէր կարող անել ավելին, քան արեց:
Ռուսաստանի կառավարությունը ավելի նպաստավոր պայմաններ տվեց ֆինանսական ներդրումների առումով մինչև 2008 թվականը, իսկ օգոստոսից հետո` Վրաստանի հետ պատերազմից հետո, ներդրողները սկսեցին հանել իրենց ներդրումները Ռուսաստանից, և արտարժույթի ծավալը շեշտակիորեն նվազեց: Դրանք էին հիմնական պատճառները, որ Ռուսաստանն այդքան ծանր տարավ այս ճգնաժամը»,- ասաց նա:
Սերգեյ Ալեքսաշենկոյի հավաստմամբ` թեև ընդհանուր տարածված կարծիք կար, որ Ռուսաստանի տնտեսության անկումն արդեն ավարտվել է, ու այն արդեն կայունացել է և այդքան վատ վիճակում չէ, բայց դա սխալ է. ճգնաժամը դեռևս շարունակվելու է, և ոչ մի տեղ դեռ աճի նշաններ չեն նկատվում:
«Այս ճգնաժամը ցույց է տալիս, որ աշխարհի տնտեսությունները փոխկապակցված են, և ոչ մեկը չի կարող զերծ մնալ դրանից` անկախ տնտեսության չափից, ծավալներից և այլն: Եվ ամենաթույլ ձեռնարկություններն աշխարհում կվերանան, իսկ ուժեղները կդիմանան: Այնուհանդերձ, կառավարությունները պետք է պատրաաստվեն հաջորդ ճգնաժամին, իսկ դա նշանակում է, որ կենտրոնական բանկի ռեսուրսները չափազանց կարևոր են»,- ասաց նա` հավելելով, որ ևս մեկ խնդիր է փոխարժեքը, ինչը շատ ցավալի դաս էր Ռուսաստանի և Հայաստանի համար:
«Դա կենտրոնական բանկերի սխալն էր, ովքեր մտածում էին, թե փոխարժեքը տնտեսական քաղաքականության գործիք է: Այնինչ` դա տնտեսական քաղաքականության արդյունք է: Այն ոչ թե որպես գործիք է հանդես գալիս, այլ որպես ջերմաչափ, որը ցույց է տալիս տնտեսության առողջության վիճակը:
Չենք կարող հիմա սխալ թույլ տալ, սպասել չի կարելի ու ակնկալել, թե մի քանի տարուց ամեն ինչ լավ կլինի: Աշխարհը փոփոխվում է և չի դառնալու այն, ինչ մի քանի տարի առաջ էր»,- հավաստիացրեց նա:
Թուրքիայի Կենտրոնական բանկի նախկին փոխնախագահ Ֆաթիհ Օզաթայն իր ելութում նշեց, որ Թուրքիայում ճգնաժամի փորձ նախկինում ևս ունեցել են` մասնավորապես` 1994-ին, 2001-ին, բայց այս ճգնաժամի տեսակն է տարբեր:
«Նրանք տեղային էին, իսկ հիմա` ոչ: Հիմա, իհարկե, կային խոցելի կետեր Թուրքիայի տնտեսության մեջ, բայց տնտեսական հիմնական հիմնասյուները բավականին ավելի ուժեղ էին, և 2008 թվականին գործազրկության մակարդակը 11 տոկոս էր: Մեր արտահանումն է նվազել, ինչը նույնպես մեր տնտեսության վրա ազդել է: Հիմա բոլորը հարցնում են, թե արդյոք մենք տեսնո՞ւմ ենք լույս թունելի վերջում: Բայց դիտարկումները ցույց են տալիս, որ թուրք գործարարները և սպառողները վատատես են: Վերջին ամիսներին որոշակի վերականգնման միտումներ են ցուցադրվել, սակայն մակարդակը շատ թույլ է: Մենք այս ճգնաժամի մեղավորները չենք, դրա զոհերն ենք»,- ասաց նա:
Ուկրաինայի Ֆինանսների նախկին նախարար Վլադիմիր Լիտվինն էլ շեշտեց, որ ճգնաժամի ընթացքում մարդիկ հակված են ամեն ինչ տեսնել շեղված, ոչ իրական:
«Մեր բախտը բերեց, որ օժանդակություն գտանք Արժույթի միջազգային հիմնադրամից: Մեր երկրում էլ կա ճգնաժամ, և մենք միայնակ չենք այդ առումով: Ես կարծում եմ, որ պետք է բացահայտ խոսել ճգնաժամի մասին: Եթե բացահայտ չես խոսում, ուրեմն թաքցնելու բան ունես, և դա ներդրողներին դուր չի գալիս: Իրականությունը պետք է ասել, որքան էլ այն տհաճ լինի: Այս դեպքում մարդիկ կհասկանան ու կվստահեն ձեզ»,- ասաց նա:
Իսկ ձեռնարկատերերին էլ Վ. Լիտվինը խորհուրդ տվեց իրավիճակից դուրս գալու համար դիմել ավելի մեծ փորձ ունեցող ու ավելի գրագետ մարդկանց, նրանց, ովքեր ճգնաժամի հաղթահարման փորձ ունեն արդեն:
S.P. Jain School of Management-ի պրոֆեսոր Արինդամ Բանջերին, խոսելով Դուբայի վրա ֆինանսական ճգնաժամի թողած հետևանքներից, նշեց, որ ժամանակին Դուբայը փորձեց մտնել գլոբալ շուկա, մեծացրեց անշարժ գույքի ծախսերը, դրանց ուղղությամբ արտաքին ներդրումներ ստացվեցին:
«Այստեղ բնակչության մեծամասնությունը դրսից է, և երբ նրանք կորցնում էին իրենց աշխատանքը, քանի որ քաղաքացիներ չէին, վերադառնում էին իրենց երկրներ: Սա ավելի բարդացրեց իրավիճակը, նրանք գնել էին անշարժ գույք, բայց սկսեցին լքել երկիրը, անշարժ գույքի գները շեշտակիորեն իջան, և բանկերը չէին կարողանում այլևս վարկ տրամադրել: Դուբայը միշտ էլ զարգացել է իր անշարժ գույքի շնորհիվ և շարունակելու է մնալ այդպիսին: Իսկ հետագայում մենք տեսնելու ենք տարածաշրջանում ավելի մեկուսացված երկրներ, օրինակ` Քաթարը»,- ասաց նա:














Մայիս 25th, 2009 at 19:49
himapanoutyoun