2009 թվականի հունվար-փետրվար ամիսների ՀՀ պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագիրը

[ 2009/03/27 | 16:53 ]

2009 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 84.6 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 98.9 մլրդ դրամ, որոնք ապահովել են ՀՀ կառավարության կողմից հաստատված եռամսյակային ծրագրի համապատասխանաբար 45.6 եւ 50.3 տոկոսը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 9.5%-ով, ծախսերի գծով` 11.1%-ով:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտները նվազել են 14.6%-ով կամ 14.4 մլրդ դրամով: Մասնավորապես` 17.5%-ով (14.3 մլրդ դրամով) նվազել են հարկերը եւ տուրքերը, 5.4%-ով (729.9 մլն դրամով)՝ պարտադիր սոցիալական ապահովության վճարները, իսկ պաշտոնական դրամաշնորհները եւ այլ եկամուտներն աճել են համապատասխանաբար 52.9 մլն դրամով և 546.5 մլն դրամով:

Պետական բյուջեի եկամուտների 79.9%-ը ձեւավորվել է հարկերի եւ տուրքերի, 15.1%-ը` պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5%-ը` այլ եկամուտների եւ 0.1%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:

«Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 18-րդ կետին համապատասխան պետական բյուջեում ներառվել են նաեւ պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 2.2 մլրդ դրամ` նախորդ տարվա 2 մլրդ դրամի դիմաց:

2009 թվականի հունվար-փետրվար ամիսներին պետական բյուջե մուտքագրված հարկերն ու տուրքերը կազմել են շուրջ 67.6 մլրդ դրամ եւ 45.1%-ով ապահովել եռամսյակային ծրագիրը:

Հարկերի ու տուրքերի 48.6%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին: Այն կազմել է շուրջ 32.9 մլրդ դրամ եւ 21.7%-ով կամ 9.1 մլրդ դրամով զիջել նախորդ տարվա նույն ցուցանիշը:

ԱԱՀ-ի մուտքերի ավելի քան 21.7 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 11.2 մլրդ դրամը` ապրանքների եւ ծառայությունների ներքին շրջանառությունից: Ընդ որում, նվազել են եւ° ներմուծումից, ե°ւ ներքին շրջանառությունից ստացվող գումարները:

Պետական բյուջեի հարկերի ու տուրքերի 9.1%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով շուրջ 6.2 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է ավելի քան 4.2 մլրդ դրամ, որից շուրջ 1.5 մլրդ դրամը` բենզինի եւ դիզելային վառելիքի, 2.2 մլրդ դրամը` ծխախոտի ներմուծման հարկումից:

Հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից պետական բյուջեի մուտքերը կազմել են 1.9 մլրդ դրամ, որից 1.3 մլրդ դրամը ստացվել է ներքին արտադրության ծխախոտի իրացումից:

Նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ ակցիզային հարկը նվազել է 5.3%-ով կամ 346.1 մլն դրամով: Ընդ որում, նվազել են եւ° հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքների հարկումից, եւ° հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացված գումարները:

Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի հարկերի ու տուրքերի 13.2%-ն ապահովվել է շահութահարկի հաշվին՝ կազմելով շուրջ 8.9 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ շահութահարկի մուտքերը նվազել են 20.9%-ով կամ 2.4 մլրդ դրամով:

2009 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջե մուտքագրված եկամտահարկը կազմել է շուրջ 7.6 մլրդ դրամ` ապահովելով հարկերի ու տուրքերի 11.2%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամտահարկի մուտքերն աճել են 15.8%-ով կամ 1մլրդ դրամով:

Հաշվետու ժամանակահատվածում մաքսատուրքը կազմել է շուրջ 4.3 մլրդ դրամ՝ 0.5%-ով կամ 20.5 մլն դրամով գերազանցելով 2008 թվականի ցուցանիշը եւ ապահովելով պետական բյուջեի հարկերի ու տուրքերի 6.3%-ը:

2009 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում պետական տուրքից պետական բյուջեի մուտքերը կազմել են շուրջ 2.6 մլրդ դրամ կամ առաջին եռամսյակում ծրագրված մուտքերի 54%-ը:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն նվազել է 15.6%-ով կամ 480 մլն դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է գործողության որոշ տեսակների լիցենզավորման, դատարան տրվող հայցադիմումների եւ գանգատների, ՀՀ-ից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի եւ պետական գրանցման համար գանձվող տուրքերի նվազմամբ:

ործունեության առանձին տեսակներից գանձված հաստատագրված վճարները կազմել են ավելի քան 3.2 մլրդ դրամ` 22.7%-ով կամ 598.1 մլն դրամով գերազանցելով 2008 թվականի համապատասխան ցուցանիշը: Աճը հիմնականում պայմանավորված է տրանսպորտային միջոցների գազալցման, խաղատների գործունեության կազմակերպման, դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործման եւ խաղատների գործունեության, առեւտրի իրականացման վայր կազմակերպելու եւ hանրային սննդի ոլորտում գործունեության իրականացման համար գանձվող հաստատագրված վճարների աճով:

Պարզեցված հարկից պետական բյուջե է մուտքագրվել 355.1 մլն դրամ, որը 72.6%-ով զիջել է նախորդ տարվա հունվարի ցուցանիշը` պայմանավորված հունվարի 1-ից  «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի գործողության դադարեցմամբ:

2009 թվականի հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 773.4 մլն դրամ բնօգտագործման եւ բնապահպանական վճարներ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերը նվազել են 36.8%-ով կամ 450.1 մլն դրամով` հիմնականում պայմանավորված օգտակար հանածոների արդյունահանման համար գանձվող վճարների նվազմամբ:

Հունվար-փետրվար ամիսների ընթացքում այլ հարկերից պետական բյուջե է մուտքագրվել 870 մլն դրամ: Մասնավորապես` 105.3 մլն դրամ են կազմել «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքով սահմանված կոնցեսիոն վճարը, 364.3 մլն դրամ` ճանապարհային վճարները, 107.6 մլն դրամ` հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները, 115.4 մլն դրամ` հարկային օրենսդրությունը խախտելու համար «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված տույժերն ու տուգանքները եւ 177.4 մլն դրամ` ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության նյութական խրախուսման ֆոնդի եկամուտները:

Նախորդ տարվա համեմատ այլ հարկերը նվազել են 72.5%-ով կամ 2.3 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է 2008 թվականի նույն ժամանակահատվածում «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքով սահմանված ռոյալթիի վճարումներով:

Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով բյուջետային եկամուտները կազմել են շուրջ 12.8 մլրդ դրամ եւ եռամսյակային ծրագիրն ապահովել 46.4%-ով: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պարտադիր սոցիալական ապահովության վճարները նվազել են 5.4%-ով կամ 729.9 մլն դրամով:

Հաշվետու ժամանակահատվածում ստացվել են 67.5 մլն դրամի պաշտոնական դրամաշնորհներ, որոնք մուտքագրվել են պետական հիմնարկների արտաբյուջետային հաշիվներին:

Պետական բյուջեի այլ եկամուտները 2009 թվականի հունվար-փետրվար ամիսներին կազմել են շուրջ 4.2 մլրդ դրամ եւ 65.9%-ով ապահովել եռամսյակային ծրագրի կատարումը: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այլ եկամուտներն աճել են 15%-ով կամ 546.5 մլն դրամով, որը հիմնականում պայմանավորված է ռադիոհաճախականության օգտագործման վճարի, պետական հիմնարկների արտաբյուջետային մուտքերի, ինչպես նաեւ բանկերում եւ այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից եւ դեպոզիտներից ստացվող տոկոսավճարների աճով:

2009 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 98.9 մլրդ դրամ ծախսեր, որից 1.3 մլրդ դրամը` պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին:

Մասնավորապես` 95.7 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 3.2 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ բյուջեի ծախսերն ավելացել են 5.3%-ով կամ 5 մլրդ դրամով:

Աճը պայմանավորված է ծառայությունների եւ ապրանքների ձեռք բերման, այլ ծախսերի, աշխատավարձի, ինչպես նաեւ պետական բյուջեից համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաների ծախսերի աճով:

Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակաշրջանում կազմել են 95.7 մլն դրամ` 53.8%-ով կատարելով եռամսյակային ծրագիրը: Ընթացիկ ծախսերից 8.2 մլրդ դրամն ուղղվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, 496.7 մլն դրամ` պարտադիր սոցիալական ապահովության վճարներին, որոնք համապատասխանաբար 22.9%-ով եւ 4.1%-ով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները:

Ծառայությունների եւ ապրանքների ձեռքբերմանը պետական բյուջեից հատկացվել է 15.5 մլրդ դրամ` 16.5%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը:

Հաշվետու ժամանակահատվածում 2.7 մլրդ դրամ հատկացվել է պետական պարտքի սպասարկմանը` կազմելով եռամսյակային ծրագրի 62%-ը: Մասնավորապես` 2.3 մլրդ դրամ տրամադրվել է ներքին, 388.4 մլն դրամ՝ արտաքին պարտքի սպասարկմանը:

2008 թվականի հունվար-փետրվար ամիսների համեմատ պետական պարտքի սպասարկման ծախսերն աճել են 28.2%-ով կամ 597.3 մլն դրամով, որը հիմնականում պայմանավորված է ներքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով:

Պետական բյուջեից տրամադրված սուբսիդիաների գումարը կազմել է 2 մլրդ դրամ, որը 20%-ով զիջել է նախորդ տարվա նույն ցուցանիշը: 2009 թվականի հունվար-փետրվար ամիսներին պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 12.9%-ը կամ 12.4 մլրդ դրամ կազմել են դրամաշնորհները: Դրամաշնորհների եռամսյակային ծրագիրը կատարվել է 52.5%-ով:

Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 39.9%-ն ուղղվել է սոցիալական նպաստներին եւ կենսաթոշակներին, որոնք կազմել են 38.2 մլրդ դրամ կամ եռամսյակային ծրագրի 63.9%-ը:

Մասնավորապես` 29.7 մլրդ դրամ է տրամադրվել կենսաթոշակներին, 8.5 մլրդ դրամ` նպաստներին: 2008 թվականի հունվար-փետրվար ամիսների համեմատ կենսաթոշակների գծով բյուջեի ծախսերը նվազել են 7.2%-ով, իսկ նպաստների ծախսերն աճել են 7.1%-ով:

2009 թվականի հունվար-փետրվար ամիսներին պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները կազմել են 3.2 մլն դրամ, որից շուրջ 4.9 մլրդ դրամ են կազմել ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը եւ 1.7 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը:

2008 թվականի հունվար-փետրվար ամիսների համեմատ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը նվազել են 4.1%-ով կամ 207.7 մլն դրամով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը` 38.7%-ով կամ 1.1 մլրդ դրամով:

2009 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն  (առանց արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող վարկային ծրագրերի գծով միջոցների ներհոսքի) կատարվել է 14.3 մլրդ դրամ պակասուրդով:

Ընդ որում, ֆինանսավորման ներքին աղբյուրները կազմել են ավելի քան 20.5 մլրդ դրամ: Նույն ժամանակահատվածում արտաքին աղբյուրների գծով արձանագրվել է հավելուրդ շուրջ 6.3 մլրդ դրամի չափով` նախորդ տարվա 4.6 մլրդ դրամի դիմաց:

Պակասուրդի ֆինանսավորման ներքին աղբյուրներում -918.8 մլն դրամ են կազմել փոխառու միջոցներից զուտ մուտքերը` եռամսյակային ծրագրով նախատեսված 2.2 մլրդ դրամի դիմաց:

Անցած ժամանակահատվածում պետական բյուջեի պակասուրդը ներքին ֆինանսական ակտիվների հաշվին ֆինանսավորվել է ավելի քան 21.4 մլրդ դրամի չափով: Մասնավորապես` 3 մլրդ դրամ վարկ է տրամադրվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը եւ 24.4 մլրդ դրամ ներգրավվել է ազատ բյուջետային միջոցների մնացորդից:

Արտաքին պարտավորությունների մարմանը հաշվետու ժամանակահատվածում ուղղվել է 1.4 մլրդ դրամ, որից շուրջ 804.7 մլն դրամ հատկացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը, 176.1 մլն դրամ` ԱՄՆ ապրանքային վարկի մարմանը, շուրջ 427.5 մլն դրամ` Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացվող էլեկտրաէներգիայի հաղորդման եւ բաշխման համակարգի ծրագրի գծով պարտքի մարմանը:

2009 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեից արտաքին վարկավորումը կազմել է ավելի քան 4.8 մլրդ դրամ, որը տրամադրվել է ԼՂՀ-ին: Այն 35.2%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

Տես նաև՝

Print this page

Հայտնեք Ձեր կարծիքը՝