Գագիկ Արզումանյան.«Այո, հենց ճգնաժամի պայմաններում հասարակությունը պետք է իրեն զգա պահանջատեր»

[ 2009/05/25 | 19:07 ]

nranyan-arzumanyanԻնչքան ուշ միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամը լիներ, այնքան Հայաստանի տնտեսության անկումն ավելի ցավոտ էր լինելու: Որովհետեւ դեռեւս 4-5 տարի առաջ հպարտորեն բարձրաձայնվող Հայաստանի երկնիշ տնտեսական աճն իրականում պարունակում էր նաեւ ճգնաժամային փուչիկի բաղադրիչ, որն ուղղակի պայթեց համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ զուգահեռ: Այս կարծիքին է  ԱԺ պատգամավոր Արա Նռանյանը (ՀՅԴ խմբակցություն), որն այսօր  Policy Forum Armenia-ի կազմակերպած «Հայաստան. դիմակայելով համընդհանուր աղետին» բարձրաստիճան տնտեսագիտական ֆորումի բանախոսներից մեկն էր:

«Հայաստան. գործարար միջավայրը և կառավարության դերը» խորագիրը կրող քննարկման ժամանակ Նռանյանը նշեց, թե տարիներ շարունակ հայտարարել ենք «բարենպաստ գործարար միջավայր ձեւավորելու» մասին, սակայն միաժամանակ «երկար տարիներ ունեինք դոլարի մի փոխարժեք, որն ընդհանրապես չէր խրախուսում տեղական արտադրության զարգացումը: Ասում էինք, որ Հայաստանի տնտեսության համեմատական առավելությունը չի կարող հանդիսանալ ցածր աշխատավարձը, այնինչ վարում էինք ցածր աշխատավարձի քաղաքականություն, որի պատճառով բոլոր կարող ուժերը, ովքեր ի վիճակի եղան գտնել բարձր վարձատրվող աշխատանք արտերկրում, լքեցին Հայաստանը, եւ մենք ունեցանք ժողովրդագրական պրոբլեմ: Ասում էինք, որ պլանային տնտեսությունից հրաժարվել ենք, սակայն հարկահավաքումը շարունակում ենք իրականացնել պլանային ցուցանիշների հիման վրա, եւ դրանով, փաստորեն, պրեսինգի ենք ենթարկում տնտեսությունը: Խոսում ենք վարկային միջոցների մասին, սակայն հօգուտ ֆինանսական վիճակի կայունության զոհեցինք ամբողջ տնտեսական համակարգը եւ, փաստորեն, այսօր ունենք վարկային կազմակերպություններ, որոնք կուտակել են մեծ թվով գումարներ, որոնք ոչ մեկին պետք չեն»:

«Ես ինչ-որ տեղ նաեւ շնորհակալ եմ ճգնաժամից, որ մեզ թույլ տվեց ազատվել երկնիշ տնտեսական աճի պատրանքից, եւ սկսեցինք տնտեսությանը նայել իրական աչքերով»,- ասաց պատգամավորը:

b-papazyan_250509Քննարկման մյուս բանախոսը` Բեկոր Փափազյանը (Հայաստանի ազգային մրցակցության հիմնադրամի տնօրեն), առանձնացրեց ճգնաժամի դրական ազդեցությունները. նախ` «կառավարությունն այսօր ավելի տրամադրված է մասնավոր-պետական խաղի մեջ մտնելուն: Մյուս կողմից` տարբեր պետություններ, խթանելու համար իրենց արտահանումը, շատ ավելի օժանդակություն են ցուցաբերում (հիմնականում վարկերի տեսքով) իրենց խոշոր ընկերություններին: Երրորդ` աշխարհում կա առանց կոնկրետ թիրախի ֆինանսավորում»:

Այս առումով Բ. Փափազյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Հայաստանում բավականին հավակնոտ ծրագրեր չկան` անթիրախ փողերը, ներդրումների տեսքով, կլանելու համար:

Բանախոսի կարծիքով` մեր երկրում ներդրումների հոսքի հիմնական խոչընդոտը վստահության պակասն է: Այս համատեքստում, ըստ նրա, մեղավորը «Հայաստանի բիզնես միջավայրի մենաշնորհային կառուցվածքն է»:

«Եթե ասիական երկրները 80-ական թթ. մեծ աճ արձանագրեցին, որովհետեւ կանայք սկսեցին աշխատել, մեր պարագայում մոնոպոլիստների խնդիրը լուծելն է: Մյուս խնդիրներն ավելի հեշտ լուծելի են»,- համոզված է Բ. Փափազյանը:

«Երկիրը չի կարող համարվել բիզնես միջավայրի համար բարենպաստ, եթե տարբեր պետական պաշտոնյաներ, թեկուզ նույն հարկային կամ մաքսային մարմինների աշխատակիցներ, ունեն սեփական բիզնեսը եւ ի վիճակի են ճնշել ոչ պաշտոնյա գործարարների բիզնեսը»,- հավելում է ԱԺ պատգամավոր Ա. Նռանյանը:

Նա պատահական չի համարում Կառավարության կողմից ԱԺ ներկայացված «Հարկային փաթեթը». դրանով փորձ է արվում գոյություն ունեցող մոնոպոլիստական կառույցը հավաքել մեկ բուրգի տակ եւ մոնոպոլիզացման աստիճանը հասցնել գագաթնակետին: «Մենք կունենանք տնտեսության մի կառուցվածք, որը վերեւից ներքեւ կենթարկվի խիստ վերահսկողության»:

Քննարկմանը մասնակցող Գագիկ Արզումանյանը` Vallex Group-ի փոխնախագահը (ֆինանսների նախկին փոխնախագահ), հիշյալ խնդրի վերաբերյալ ունի այլ կարծիք: Վերջինիս խոսքերով, եթե գործարարները վստահ լինեին, որ թե իրենց եւ թե իրենց մրցակիցների հանդեպ պետության վերաբերմունքը լինելու է միատեսակ, որեւէ բարեխիղճ գործարար «Հարկային փաթեթին»  դեմ չէր լիներ:

Ըստ Արզումանյանի` «Փաթեթի» նկատմամբ առկա հակազդեցությունը կարող է պայմանավորված լինել երկու գործոնով. առաջին` ԱԺ-ում իսկապես ներկայացված են ոչ բարեխիղճ գործարարների շահերը: Երկրորդ` այն բարեխիղճ գործարարների շահերը, որոնք նրկայացված են ԱԺ-ում, լրջագույն մտավախություն ունեն, որ օրենքը միատեսակ չի կիրառվի:

«Կոնկրետ մեր ձեռնարկությունը դեռեւս մի քանի տարի առաջ դիմել է կառավարությանը, որպեսզի ձեռնարկությունում ստեղծվի հարկային մշտական ներկայացուցչություն, որպեսզի հարկային մարմինն ամեն օր հետեւի մեր գործողություններին: Այսինքն` թափանցիկ աշխատող ձեռնարկությունը դրա հետ կապված որեւէ խնդիր չպետք է ունենա»,- ասում է նա:

Ինչ վերաբերում է գործարար միջավայրի բարելավմանը, Գագիկ Արզումանյանի կարծիքով, մեր երկրի դեպքում անհրաժեշտ է իրականացնել որոշակի քայլեր. «Ցանկացած երկիր, որը հավակնում է առաջատարը լինել ներդրումների առումով, պետք է ապահովի օրենքի գերիշխանություն: Եթե չկան հավասար պայմաններ, եթե պետավտոտեսուչը կարող է տուգանել մեկին (ընդ որում` դա չպետք է գնա պետական բյուջե) եւ չտուգանել մյուսին, որովհետեւ վերջինիս ավտոմեքենան ավելի շքեղ է, ապա մենք դժվար կարող ենք հավակնել նրան, որ Հայաստանում կունենանք տնտեսավարման հավասար պայմաններ եւ ներդրողների ազատ ներհոսք»:

Բանախոսը նշում է, որ ցանկացած ճգնաժամ, ցնցում առաջին հերթին հնարավորություն է, եւ «մենք պետք է կարողանանք առավելագույնս օգտվել այդ հնարավորությունից»:

«Այո, հենց ճգնաժամի պայմաններում հասարակությունը պետք է իրեն զգա պահանջատեր: Որովհետեւ, եթե հասարակությունը կոռուպցիան արմատախիլ անելու պահանջարկը չստեղծի, կունենանք այն համակարգը, ինչը տարիներ ի վեր ունեցել ենք: Հատկապես այս պայմաններում, երբ տեսնում ենք, թե ինչքան դաժան է պայքարը 1 դոլար ներդրումի համար, մենք պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնենք սրա վրա»,- ասում է Արզումանյանը:

Պատգամավոր Նռանյանը եւս փաստում է, որ Հայաստանը դրսի ներդրողի համար կարող է գրավիչ լինել միայն կոռուպցիայի բացակայությամբ եւ թափանցիկ վարչարարությամբ, «որովհետեւ մենք, ի տարբերություն մեր հարեւանների, ունենք շատ փոքր շուկա»: Վերջինս գտնում է, որ մեր հիմնական  «պրոբլեմները գալիս են երկրի վարած տնտեսական քաղաքականությունից, որը կարիք ունի փոփոխության»: Սակայն Արա Նռանյանը միաժամանակ շեշտում է, թե փոփոխությունները մեկ գիշերվա ընթացքում չեն կարող իրականացվել:

Տես նաև՝

Print this page

Հայտնեք Ձեր կարծիքը՝