Աշոտ Ղահրամանյան. «Մանվել Գրիգորյանն ի՞նչ միջոցառում է արել, որ ես չեմ գնացել»

[ 2009/11/16 | 16:24 ]

16_11-a_ghahramanyan«Հետքի» ընթերցողների հարցերին պատասխանում է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը

Արմեն - Պրն Ղահրամանյան, ձեր եղբոր տղան 2008 թ. մեքենայով մի քանի հոգու հարվածեց եւ սպանեց, արդյոք նա ենթարկվե՞ց պատասխանատվության:

Ոչ ոք տրանսպորտային պատահարներից ապահովագրված չէ: Միայն վերջին 9-10 ամիսների ընթացքում 1700-ից ավելի տրանսպորտային պատահար է եղել հանրապետությունում: Պետք չէ այդ դեպքը կապել ինձ հետ, թե եղբորս տղան է եղել: Նախ` իմ եղբոր տղան մեղավոր չի եղել: «Ջիփ» ավտոմեքենան քշել է իր վրա, ինքն էլ մեքենան փախցրել է ու վրաերթի ենթարկել 3 երիտասարդների: Ոչ ոք չի մահացել, բոլորն էլ ողջ-առողջ են եւ սովորում են տարբեր համալսարաններում: Հիմա էլ նորմալ, մարդկային հարաբերություններով իրար հետ շփվում են: Ասեմ, որ դրա համար եղբորս որդին պատասխանատվություն կրել է: Ոչ միայն վրաերթի ենթարկվածների բժշկական ծախսերն է հոգացել, այլեւ դատարանի կողմից տուգանվել է:

ԳրիգորՊարոն մարզպետ, Էջմիածնում տեղի ունեցող ոչ մի միջոցառման մասնակից չեք լինում: Հատկապես այն միջոցառումներին, որոնց կազմակերպիչը քաղաքապետարանն է կամ գեներալ Մանվել Գրիգորյանը: Մինչ օրս չե՞ք հաշտվում այն մտքի հետ, որ Էջմիածնի քաղաքապետ ընտրվեց Կարեն Գրիգորյանը, այլ ոչ ձեր աջակցությունը վայելող Հակոբ Հակոբյանը:

Հարց տվողին ուղիղ կարող եմ ասել, որ, հավանաբար, ինքը Էջմիածնում իմ մասնակցությամբ բազմաթիվ միջոցառումները չի նկատել կամ չի ուզում նկատել: Մի շարք միջոցառումներ ենք իրականացրել Էջմիածնի քաղաքապետի հետ, եւ Կարեն Գրիգորյանի հետ կապված որեւէ խնդիր ես չունեմ: Աշխատանքային նորմալ հարաբերություններ են: Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանին, իգնչ միջոցառում է արել, որ ես չեմ գնացել: Այն միջոցառումներին, որոնց չեմ մասնակցել, ուրեմն նախապես ինձ տեղյակ չեն պահել կամ նույն օրը, նույն ժամին մարզում մեկ այլ միջոցառում եմ ունեցել: Օրինակ` Էջմիածնի քաղաքապետի հաշվետվության օրը` հոկտեմբերի 19-ին, նախապես պայմանավորվածության համաձայն, Բաղրամյանի տարածաշրջանի Մյասնիկյան համայնքի խմելաջրի ջրամբարի բացումն էր: Այդ արարողության ժամանակ ինձ բերում են հրավիրատոմս, որ մասնակցեմ մեկ ժամ հետո տեղի ունենալիք միջոցառմանը: Ես իգնչ պետք է անեի, այդ միջոցառումը թողնեի, գնայի մեկ այլ միջոցառման մասնակցեգի: Էջմիածին քաղաքի տոնին էլ չեմ մասնակցել, որովհետեւ այստեղ չեմ եղել` արձակուրդի մեջ էի:

ԿարենԻնչպե՞ս է ստացվել, որ օլիգարխները հատկապես Արմավիրի մարզում են ձեռք բերել հարյուրավոր հա հողեր: Հետաքրքիր է իմանալ` Երվանդ Զախարյանը, Ալբերտ Հերոյանը, Կարեն Կարապետյանը, Էդուարդո Էռնեկյանը եւ այլք ինչպե՞ս են ձեռք բերել հարյուրավոր հա բերրի հողեր:

Եթե տվյալ հարց տվողը նշում է, որ դրանք բերրի հողեր են եւ մշակվում էին, 98-99 տոկոսով չի համապատասխանում իրականությանը: Էռնեկյանի մշակած հողերում դարերով ծառ չի աճել, որեւէ բան չի մշակվել: Շուրջ 3000 հա տարածքը անապատային վիճակում է եղել եւ հիմա հող է դարձել: Այդ բոլոր մարդկանց անունները, որ նշվում են, հողատարածքներ ձեռք են բերել մինչեւ իմ մարզպետ նշանակվելը: Թե ի՞նչ կարգով են գնել, ես բանից անտեղյակ եմ, որովհետեւ մինչեւ իմ գալն է եղել: Իմ մարզպետ եղած ժամանակ նրանցից ոչ մեկը հողատարածք չի գնել: Նրանք այդ տարածքների վրա ահագին գումարներ են ներդնում: Երվանդ Զախարյանի կողմից մշակվող տարածքները Արագած գյուղի բարձրավանդակի վրա են գտնվում: Թող գնան տեսնեն, թե ինչ քարեր է այնտեղից հանում այդ մարդը, որ այգիներ հիմնի: Թող ուրիշներն էլ գային, անեին:

Հ. ՀակոբյանՀետեւելով Պետեկամուտների կոմիտեի հրապարակած խոշոր հարկատուների ցանկին` Արմավիրում գործող շատ գործարաններ եւ ձեռնարկություններ չնչին հարկեր են վճարում, օրինակ` ՄԱՊ-ը: Արդյոք չգիտե՞ք, որ սեփականատերերն այդ կերպ պետությանը վնաս են տալիս ձեր աչքի առջեւ:

Ինձ համար առաջին կարեւորությունը մարզի բնակչությանն աշխատատեղով ապահովելն է: Հարկային ամբողջ գործառույթը հարկային տեսչության իրավասությունն է: Թե ինչքա՞ն հարկ են վճարում, ի՞նչ կարգով, ճիշտն ասած` նման տեղեկություն չունեմ: Ամենաշատը կարող եմ իմանալ, թե ինչքան արտադրանք է տվել: Հարկային տեսչությունն է ստուգումներ անում, իմ կարծիքով` ՄԱՊ-ը բարեխղճորեն հարկերը վճարում է, թե ուրիշ ի՞նչ կա` չեմ կարող ասել: ՄԱՊ-ը սեզոնին 1000 աշխատատեղ է բացում: Այս տարի էլ 8000 տոննա խաղող է մթերել` դրանով ապահովելով մեր ազգաբնակչության աճեցրած բերքի իրացումը:

ՀակոբԱրմավիրի մարզի հողերն, ըստ կադաստրի, համարվում են բերրի հողեր, սակայն, իրականում հողերն ուժասպառ են եղել: 2-րդ կարգի համարվող հողերն իրականում 3-4-րդ կարգի են, մինչդեռ գյուղացիները շարունակում են ցածրակարգ հողի համար վճարել բարձր հարկեր: Մարզում վերջին անգամ ե՞րբ են հողի հարկի որոշման կամ փոփոխման աշխատանքներ կատարվել, եւ իգնչ քայլեր եք ձեռնարկում հողերի նոր կարգ որոշելու կամ փոփոխելու ուղղությամբ:

Իրոք, մարզում այդպիսի խնդիր կա: Մի շարք համայնքներից այդպիսի դիմում-բողոքներ կան, որ իրենց հողը չի համապատասխանում այն կատեգորիային, ինչի մասին նշված է վկայականում: Խոսակցություն ունեցել եմ Կադաստրի պետական կոմիտեի նախագահի հետ: Եղել են համապատասխան հանձնարարականներ: Բոլոր գյուղապետերին զգուշացված է` որտեղ կա նման խնդիր, մեկշաբաթյա ժամկետում ներկայացնեն այդ հողերի տվյալները: Դրանից հետո Կադաստրի եւ մեր հանձնաժողովները կգնան տեղում խնդրին վերջնական լուծում կտան: Ուսումնասիրության արդյունքում եթե համոզվեցին, որ վկայականում նշված ու փաստացի հողի կատեգորիաները չեն համընկնում, միանշանակ փոփոխություն կլինի հողի կարգում:

ԱննաՊարոն մարզպետ, Արմավիր քաղաքում եկեղեցի կառուցելու՞ են:

Եկեղեցու կառուցման համար համապատասխան տարածք հատկացվել է հենց մարզպետարանի դիմացի այգում: Կադաստրի վկայականը հանձնվել է Վեհափառին: Ամենայն հայոց կաթողիկոսն էլ ասաց, որ պատրաստվում է համապատասխան միջոցներով ներդրում անել, որպեսզի Արմավիր քաղաքում եկեղեցի կառուցվի: Մարզում այնպիսի մոտեցում է գնում, որ յուրաքանչյուր համայնքում եկեղեցի լինի: Դրա վառ օրինակն այն է, որ Նոր Կեսարիա, Արգավանդ, Շահումյան, Աղավնատուն համայնքներում եկեղեցիներ են կառուցվում: Բազմաթիվ գյուղերում էլ, որ եկեղեցիներ ունեն: Այնպես որ, հոգեւոր սնունդը մարզում սկսել է վերելք ապրել: Դա շատ լավ է, որովհետեւ ստամոքսի սովը կոտրելը մի այլ բան է, բայց հոգու սովը շատ դժվար բան է: Անցած շաբաթ ավստրալահայ բարերարի հետ գնացել եմ Բագարան համայնք: Հենց Ախուրյան գետի ափին Շուշանիկ եկեղեցին է` մի հրաշալի կոթող: Անմիջապես դիմացը այժմ Թուրքիայի տարածքում գտնվող հին Բագարան գյուղն է: Շուշանիկ եկեղեցու անմիջապես դիմացը թուրքերի մինարեթն է: Անպայման ուզում ենք մեր Շուշանիկ եկեղեցին վերանորոգենք, գարնանն էլ ավտոճանապարհը բացենք, որը ոգեւորություն կառաջացնի տեղացիների մոտ: Այնտեղ տոնակատարություն ենք անելու:

ԳագիկԱմասիա գյուղում հակակարկտային կայան տեղադրվելո՞ւ է:

Արտակարգ իրավիճակների նախարարության ծրագրով եւ Գյուղնախարարության միջոցներով 2010 թ.-ին շուրջ 25 նոր հակակարկտային կայաններ են տեղադրվելու մարզում: Հակակարկտային կայանների ծառայության պետի հետ պայմանավորվածություն ունեմ, որ 4-5 հակակարկտային կայան այս տարի տեղադրեն: «ՎիվաՍելի» միջոցներով 6 կայաններ են տեղադրվելու Շենավան եւ Ամասիա համայնքներում: Բայց, եթե մենք ամբողջ ափամերձ տարածքը հակակարկտային կայաններով փակենք, Ամասիա համայնքում հակակարկտային կայանի տեղադրման անհրաժեշտությունը կարող է վերանալ: Կարկտային ամպերի դեմը կառնենք, եւ ամպերը Ամասիա չեն հասնի:

Արթուր Ղազարյան - Ես Արմավիրի մարզից եմ: Վստահ կարող եմ ասել, որ դուք անում եք ավելին, քան մինչ օրս որեւէ այլ մարզպետ: Լսելով ձեր ծրագրերի մասին` ցանկանում եմ իմանալ, թե ի՞նչ եղավ եւ ո՞ր փուլում է Իրանի հետ իրականացվող ծրագիրը` կապված գյուղատնտեսական տեխնիկայի հետ:

Այս պահին էլ իմ տեղակալի գլխավորությամբ մեր պատվիրակությունը գտնվում է Ատրպատական նահանգի Ուրմիա քաղաքում: Բանակցություններ են վարվում գյուղատնտեսական փոքր տրակտորների հավաքման արտադրամասի տեղափոխման հարցերի շուրջ, որը պետք է հավաքվի Արմավիրի մարզում: Մենք 18 կետից բաղկացած արձանագրություն ունենք, որի հիման վրա էլ ստորագրվել է փոխըմբռնման համաձայնագիր: Այն ստորագրվել է մոտ 15 օր առաջ:

ԱրամԿրթության եւ գիտության գրեթե բոլոր նախարարները հայտարարել են, որ կրթական ոլորտը պետք է հեռու մնա քաղաքականությունից եւ կոռուպցիայից: Սակայն, այդ ամենը կարծես թե Արմավիրի մարզին չի վերաբերում: Մարզում դպրոցները ոչ միայն քաղաքականացվում են, այլեւ կոռուպցիոն մի շարք դրսեւորումներ են նկատվում` սկսած ուսուցիչներին աշխատանքի ընդունելու դեպքերից: Հատկապես գյուղական դպրոցներում դրամահավաքը շարունակվում է: Աշակերտներին ստիպում են օրագրեր ու տետրեր գնել հենց դպրոցներից: Եվ այս հարցերում միշտ անպարտելի են մնում դպրոցի տնօրենները, իսկ մարզպետարանի Կրթության վարչության պետ Գայանե Սայադյանը, քայլեր չձեռնարկելով, կարծես թե խրախուսում է նման գործելաոճը: Չե՞ք կարողանում հսկողության տակ պահել կրթական ոլորտը, գոնե հանրակրթական դպրոցներում:

Միանշանակ կարող եմ ասել, որ մարզի որեւէ դպրոցում դրամահավաքություն տեղի չի ունենում: Եթե դրամ էլ հավաքվում է, ապա տվյալ դասարանի ծնողական կոմիտեի նախաձեռնությամբ է լինում, ոչ թե դպրոցի տնօրինության: Եթե հարգարժան հարց տվողը գիտի, որ որեւէ մեկին աշխատանքի ընդունելիս գումար է նրանից վերցվել` թող կոնկրետ օրինակով ասի: Այդ մասին ես որեւէ փաստ չունեմ: Ինչ վերաբերում է քաղաքականացվածությանը, ապա չգիտեմ, թե ինչն է քաղաքականացված: Դպրոցի տնօրեն եւ Հանրապետական կուսակցությունից ունենք, եւ Դաշնակցություն կուսակցությունից: Բոլորին էլ զգուշացված է, որ իրենց քաղաքական հակումները դպրոցում չցուցադրեն: Նույնն էլ վերաբերում է կրոնական կազմակերպություններին: Մենք ունենք ուսուցիչներ, որոնք Եհովայի վկաներ են, բայց տվյալ ուսուցչին աշխատանքից չենք ազատում: Նրանց բացատրում ենք, որ դասավանդման ընթացքում որեւէ քարոզչություն չիրականացնեն: Եթե նման բան նկատենք, անպայման աշխատանքից կազատենք: Դպրոցներում օրագրեր չեն վաճառվում, իսկ տետրերը Կրթության նախարարության կողմից երաշխավորված տետրեր են:

ԱրմոԵս առաջարկում եմ ավելի մեծ ուշադրություն դարձնել ձեր ղեկավարած մարզի գյուղական համայնքների զարգացմանը: Որքանով ես եմ տեղեկացված, անտեսում եք եւ գյուղական համայնքները, եւ առավելապես գյուղատնտեսության զարգացումը: Դժվար չէ գոնե տարվա ընթացքում 1-2 կմ ճանապարհներ ասֆալտապատելը:

Հարգարժան ընթերցող, իսկ 19.4կմ ասֆալտապատման աշխատանքները Արմավիր-Մարգարա, Սարդարապատ-Բամբակաշատ-Ջրաշեն, Ջանֆիդա-Նալբանդյան, Արագած-Ծաղկալանջ-Առատաշեն-Գեղակերտ-Տարոնիկ-Արշալույս ճանապարհահատվածներում իգնչ են, եթե ոչ ասֆալտապատում: Իսկ գյուղամիջյան ճանապարհներն ամբողջությամբ համայնքային ենթակայության են, որն օրենքով հանձնված է գյուղապետարաններին: Դա գյուղապետի պարտադիր լիազորությունների մեջ է մտնում: Գյուղապետն էլ պարտավոր է ֆինանսական միջոցներ հայթայթել գյուղամիջյան ճանապարհները վերանորոգելու համար: Շատ համայնքներում ասֆալտապատում չի արվում, բայց փոսալցման աշխատանքներ միշտ արվում են:

Անի ԹադեւոսյանԽնդրում ենք պատասխանել, թե ձեր ղեկավարած մարզում դպրոցական համազգեստներն ինչո՞ւ են պարտադրական բնույթ կրում: Տեղյա՞կ եք, որ գումարներն ավելին են հավաքում, քան արժեն իրականում:

Այդ հարցին բազմիցս եմ պատասխանել, որ համազգեստը պարտադրված չէ որեւէ մեկի կողմից: Դպրոցների ուսխորհուրդների եւ կոլեկտիվի որոշման արդյունքում է առաջացել դպրոցական համազգեստ կրելու խնդիրը: Ես չեմ հավատում, որ համազգեստի համար ավել գումարներ են հավաքվում, որովհետեւ այդպիսի փաստ չունեմ եւ այդ մասին ընթերցողի հարցից եմ իմանում:

Տես նաև՝

Print this page

4 Responses to “Աշոտ Ղահրամանյան. «Մանվել Գրիգորյանն ի՞նչ միջոցառում է արել, որ ես չեմ գնացել»”

  1. Armo Says:

    Miguce Armaviri marzpet@ petq e gyughapeterin aveli zgastacni u hanznarari vor aveli lav ashxaten. vorovhetev inqs shat lav teghyak em , te inch e katarvum armaviri marzum.. Inch verabervum e pashtonyai nshats chnaparahatvatsnerin, haytnem , vor verjinneris asfaltapatum@ irakanacvel e HH transporti ev kapi naxararutyan koghmic, isk verjinis finansavorvel e hajreni byujeic, aynpes vor hargeli marzpet petq che achqneris toz pchel

  2. Armine Says:

    Erevi te shat qchern en texyak, te inch ahreli ashxatanqner e anum mer hargarjan marzpet@, chi kareli kuyr linel ev chtesnel katarvac ashxatanqner@, aydqan el hesht che miangamic marzi bolor xndirner@ lucel, enpes, vor petqa gnahatel ey shnorhakal linel, ayn ameni hamar, inch arvela u arvuma,

  3. Առմօ Says:

    Marzpet@ chi kara lriv tirapeti marz@ qani @ndex ka hzor general Manvel Grigoryn@. Marzpet@ misht kashkandvaca

  4. Armine Says:

    Hargeli Armo Duq shat antexyak eq marzpeti gorcoxutyunneri masin dra hamar nman baner eq grum, isk inch verabervum e General Manveli yev Marzpeti poxharaberutyunnerin, erevi te et harc@ Dzez chi trvac. Duq ete shat eq cankanum, vor marz@ bargavachi, shat aveli ognac klineq nman baner chgrelov… yev inqnert inch vor ban marzi hamar anelov

Հայտնեք Ձեր կարծիքը՝