Ղարաբաղում 2008-ին ականազերծվել է 580 հա տարածք

[ 2009/02/11 | 19:00 ]

1008-mineՀարցազրույց ականազերծմամբ զբաղվող The HALO Trust բրիտանական կազմակերպության ղարաբաղյան կառույցի օպերատիվ բաժնի պետ Յուրի Շահրամանյանի հետ

-2008-ին կազմակերպությունը ինչ աշխատանքներ են տարել ականազերծման ուղղությամբ: Աշխատանքների ընթացքում եղե՞լ են լուրջ խոչընդոտներ եւ խնդիրներ, եւ ինչպե՞ս են դրանք հաղթահարվել:

- The HALO Trust կազմակերպությունը Ղարաբաղում իր գործունեությունը ծավալել է երեք հիմնական ուղղություններով` ականազերծում, մարտի դաշտի մաքրում, ինչպես նաեւ ականների խնդրի վերաբերյալ բնակչության տեղեկացվածության ծրագիր:

Անցած տարում կազմակերպության ջանքերով ականազերծվել է 580 հա տարածք: Մաքրման արդյունքում հայտնաբերվել եւ վնասազերծվել են 943 հակահետեւակային եւ 68 հակատանկային ականներ:

Կազմակերպությունը նաեւ օպերացիա է կազմակերպել կասետային ավիառումբերից վնասված մարտի դաշտերը եւ տարածքները մաքրելու ուղղությամբ: Իրականացված աշխատանքների արդյունքում մաքրվել է 3,524 հա տարածք, հայտնաբերվել եւ վնասազերծվել են 3,282 հատ զինամթերք, որից 1,071-ը` կասետային ավիառումբ:

Բնակիչների տեղեկացվածության ծրագրում ընդգրկվել են Ղարաբաղի բոլոր շրջանները: Աշխատանքներ են տարվել 194 գյուղերում, 101 դպրոցներում:

Շուրջ 13 հազար մարդ, որոնց մեծամասնությունը դպրոցական տարիքի երեխաներ են, մասնակցել են սեմինարների, որոնցից մոտ 12 հազարը անցել են թեստավորում: Ծրագրի շրջանակներում տարածվել են պաստառներ, գրքույկներ, տետրեր` անվտանգ վարվելակերպի մասին ինֆորմացիայի բովանդակությամբ:

Ինչ վերաբերում է դժվարություններին, ապա դրանք հիմնականում եղել են ականազերծման եւ մարտի դաշտի մաքրման ժամանակ` կապված եղանակային պայմանների հետ:

Հաշվի առնելով ԼՂՀ ռելիեֆը, ձմռան շրջանում տարածքների մեծամասնությունը դժվար հասանելի են դառնում, դա հիմնականում վերաբերում է բարձրալեռնային շրջաններին: Այս խնդրի լուծումը մաքրման աշխատանքների ճիշտ եւ մանրակրկիտ պլանավորումն է` հաշվի առնելով այս կամ այն տարածքի հասանելիությունը տարվա տարբեր եղանակներին:

-Տարվա ընթացքում ականների պայթյունի հետ կապված քանի՞ դեպք է գրանցվել, որտե՞ղ եւ ի՞նչ վնասներ են եղել: Դրանց արդյունքում քանի՞ մարդ է զոհվել ու վիրավորվել, եւ դրանցից քանիսն էին անչափահասներ:

-2008թվականի ընթացքում 10 դժբախտ պատահար է արձանագրվել (Մարտակերտում` 3, Մարտունիում` 3, Քաշաթաղում` 2, Ասկերանում` 1 եւ Հադրութում` 1): 4 դեպք եղել է հակատանկային ականների պայթյունի հետ կապված, 2-ը` հակահետեւակային եւ 4-ը` ռազմամթերքի:

Դրանց արդյունքում տուժել է 14 մարդ, որոնցից 3-ը` երեխաներ, 2-ը զոհվել են, որոնցից մեկը` երեխա: Տուժողները հիմնականում ստացել են վերին վերջույթների վնասվածքներ եւ ստացել կոնտուզիա:
Այս տարվա ընթացքում դժբախտ պատահարներ չեն արձանագրվել:

Տես նաև՝

Print this page

Հայտնեք Ձեր կարծիքը՝