Ոստիկանը մեղադրվում է գողության մեջ
[ 2010/03/10 | 14:24 ]Արցախի գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժինը, ըստ քննչական ենթակայության, իր վարույթ ընդունելով ԼՂՀ ոստիկանության պետական պահպանության վարչության գումարտակի թիվ 1 վաշտի ոստիկան Վրեժ Ալթունյանի նկատմամբ հարուցված քրեական գործը` մարտի 9-ին վերջինիս մեղադրանք է առաջադրել ԼՂՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` գողություն:
Ինչպես մեզ հայտնի դարձավ, Վրեժ Ալթունյանն այս տարվա հունվար ամսին գողություն էր կատարել քաղաքաշինության նախարարությունում, ինչը բացահայտվելուց հետո պարզվել է, որ նման գողություններ նա կատարել է նաեւ գյուղատնտեսության նախարարությունում:
Առաջադրված մեղադրանքում Վ. Ալթունյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել եւ իր ցուցմունքում հայտնել, որ գողություններ է կատարել 2007թ. հուլիս ամսից մինչեւ 2010թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում: Նախաքննությամբ ստուգվում են մեղադրյալի ցուցմունքներում մատնանշված հանգամանքները:
Վրեժ Ալթունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:













