Շուշիի շրջանում աճել է քրեական հետախուզության գծով հանցագործությունների թիվը  

[ 2010/02/04 | 16:10 ]

ԼՂՀ ոստիկանության երեկ տեղի ունեցած կոլեգիայի նիստում ամփոփվել են ոստիկանության մարմինների եւ ստորաբաժանումների 2009 թվականի  օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքները: Կոլեգիայի նիստին ներկա էր նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ով կառույցի գործունեությունն ընդհանուր առմամբ բավարար է գնահատել:

Իր ելույթում նախագահ Բակո Սահակյանը նշել է, որ նախորդ տարվա համեմատ 2009-ին նվազել է հանցագործությունների թիվը. անցած տարի գրանցվել է 575 հանցագործություն` 2008-ի 673  դեպքի դիմաց: «Հանրապետությունում 10 հազար բնակչին ընկնող հանցագործությունների թիվը կազմել է 41,1` 2008 թվականի 48,5-ի դիմաց: Սա ամենացածր ցուցանիշներից է համաշխարհային մասշտաբով, ինչը, իհարկե, վկայում է մեր երկրում հասարակական անվտանգության բարձր մակարդակի մասին»,-շեշտել է նախագահը, ով միաժամանակ գոհացուցիչ է համարել նաեւ հանցագործությունների բացահայտման ցուցանիշի շուրջ 2 տոկոս աճը:

Նիստում հնչեցված տեղեկատվության համաձայն` անցած տարվա ընթացքում հանցագործությունների թիվը նվազել է Ստեփանակերտում, Մարտակերտի, Մարտունու եւ Ասկերանի շրջաններում:

Հանցագործությունների թվի աճ է գրանցվել` Քաշաթաղի շրջանում` 52 տոկոսով եւ Շուշիի շրջանում` 84 տոկոսով: Կտրուկ աճել է Շուշիի շրջանում նաեւ քրեական հետախուզության գծով հանցագործությունների թիվը, ինչը, ըստ Բակո Սահակյանի, լուրջ մտահոգության տեղիք է տալիս:

«Նման իրավիճակը բացարձակապես անթույլատրելի է: Պետք է ուժեղացնել աշխատանքներն այդ ուղղությամբ եւ հնարավորինս կարճ ժամկետներում հասնել դրական արդյունքի, հատկապես հաշվի առնելով այն համգամանքը, որ մենք նախատեսում ենք համայն հայության ջանքերով խոշոր ծրագրեր իրականացնել Շուշիում»,- ընդգծել է երկրի ղեկավարը:

Անբավարար աշխատանքի եւ թույլ հսկողության արդյունք է նախագահը համարում տարվա ընթացքում արձանագրված կրկնահանցագործություններ կատարած անձանց թվի աճը. 2009 թվականին` 2008-ի համեմատությամբ ավելի քան 1,5 անգամ աճել է այդ թիվը:

Արցախի հանրային հեռուստատեսության փոխանցմամբ` աճել են հասարակական անվտանգության,  կարգի  եւ բնակչության առողջության դեմ, տնտեսական գործունեության եւ պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները:

Նախագահի թերի է համարել նաեւ անհայտ կորածների եւ հետախուզման մեջ գտնվողների հայտնաբերման աշխատանքը:

Տես նաև՝

  • Այս թեմայով նյութ չկա
Print this page

Հայտնեք Ձեր կարծիքը՝