Երեւանցիները որպես ամառանոց գնում են Աղավնավանքի տները
[ 2010/02/08 | 16:04 ]
Դիլիջանից մոտ 20 կմ հեռավորությամբ, Ճամբարակ տանող ճանապարհին գտնվող գյուղը 22 տարի առաջ վերաբնակեցվեց Ադրբեջանից բռնագաղթած մեր հայրենակիցներով: Բնակավայրը հնում հայկական է եղել, այստեղ 2 հին մատուռ կա, Բագրատունիների իշխանության շրջանի կամուրջ, 12-րդ դարի ճգնավորի խուց: Հարեւանությամբ գտնվում է «Անապատ» մենաստանը, կամ ինչպես տեղացիներն են ասում` Ախնաբադը:
Գեղատեսիլ բնությունը հրապուրել է անասնապահությամբ զբաղվող ադրբեջանցիներին, ովքեր հիմնել էին Սալահ գյուղը: Այն 400 բնակիչ ուներ:
Այստեղ 1988 թ.-ից ապրում են վերաբնակներ հարեւան հանրապետության տարբեր վայրերից` Բաքվից, Կիրովաբադից, Շամխորից, Շահումյանից, Խանլարից, Դաշքեշանից, Իսմայիլից եւ այլն… Հայաստանի հեռուստաընկերությունները հաճախ են ցուցադրում բռնագաղթի մասին կադրեր, երբ փախստականները շրջապատում են հայկական ուղղաթիռը: Աղավնավանքցիներն այդ կադրերում ճանաչում են դպրոցի տնօրեն Սերգեյ Թաիրյանին:
«Այն ժամանակ ես այս տեսքը չունեի, մորուք էի պահում,- վերհիշում է Սերգեյը,- այդ օրը փորձում էի երեխաներիս Հայաստան ուղարկել, սակայն չկարողացա, ուղղաթիռում տեղ չկար»:
Սերգեյը համոզված է, որ Դաշտային Ղարաբաղի Շամխորի, Դաշքեսանի, Խանլարի հայկական գյուղերից գաղթելը սխալ էր, այդ շեները Շահումյանի հետ պետք է պաշտպանական միասնական գիծ կազմեին եւ մնային եւ հայրենի հողը պաշտպանեին ադրբեջանական ոտնձգություններից:
Սերգեյ Թաիրյանի խոսքերով` գյուղը Աղավնավանք անունը ստացել է տեղի կոլխոզի նախագահ Արմեն Հովակիմյանի նախաձեռնությամբ: Նրա մոր անունը Աղավնի է, այս կերպ նա հավերժացրել է իր ծնողի անունը:
Ս. Թաիրյանի ղեկավարած Աղավնավանքի միջնակարգ դպրոցում այժմ ընդամենը 53 աշակերտ կա: Կրթօջախում 3-րդ եւ 4-րդ դասարաններ չկան, գործում են երկու հատ երկկոմպլեկտ (1-2 եւ 5-6) դասարաններ: Դպրոցի գրադարանում առկա է ընդամենը 294 գիրք:
Դպրոցի տնօրենի խոսքերով` թեմատիկ գրականության, հայ գրականության դասականների երկեր չունեն: Դպրոցի շենքը հիմնանորոգման կարիք ունի: Սերգեյ Թաիրյանը պատմում է, որ առաջին հարկի զուգարանի միջնապատը փլվել է, երեխաները ստիպված օգտվում են երկրորդ հարկի զուգարանից:
Սակայն ջրագծի խողովակաշարի շարքից դուրս գալու հետեւանքով երկրորդ հարկի զուգարանում էլ խնդիրներ են ծագել: Վերջերս հայ-ամերիկյան մի հիմնադրամից եկել են, վթարված ջրագիծը լուսանկարել, հույս կա, որ կօգնեն այն հիմնանորոգել:
Կրթօջախը ջեռուցելու համար յուրաքանչյուր դասասենյակի հաշվով օրական 2.5 լ դիզվառելիք է տրվում, սակայն այն բավարար չէ ձորում գտնվող, անտառներով շրջափակված, օրվա մեջ գրեթե արեւի երես չտեսնող դպրոցը տաքացնելու համար:
Մանավանդ, որ անցած 20 տարում դպրոցի ապակիների մի մասը շարքից դուրս է եկել, եւ պատուհաններին նախկին երկփեղկի փոխարեն միափեղկ ապակիներ են:
Դասարաններում աշակերտների թիվը փոքր է, դասասենյակներն էլ բավական ընդարձակ են` 56 քառակուսի մետր մակերեսով եւ 3.2 մ բարձրությամբ:
Դրանցում երբեմն 12-13 աստիճան տաքություն է լինում: Այդ պատճառով դպրոցի տնօրինությունը հարկադրված է կրթօջախի կեսը վառելափայտով տաքացնել: Դպրոցի տնօրենը գոհ է իր սաներից:
«Անցյալ տարի 7 շրջանավարտ ենք ունեցել, որից 4-ը ընդունվել են ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղ, 2-ը ` Դիլիջանի եւ Իջեւանի պետական քոլեջներ, մեկի ծնողն էլ զավակին ուսումնառության ուղարկելու միջոցներ չուներ»,- ասում է Ս. Թաիրյանը:
Փոքր համայնքը փոքր բյուջե ունի: Համայնքապետարանի հաշվապահ Ասյա Պողոսյանը տեղեկացնում է, որ Աղավնավանքի 2010 թ. բյուջեն 5 մլն 239 հազար դրամ է, որից պետական լրավճարը` 3 մլն 557 հազար: Պետբյուջեից լրավճարն աճել է. անցյալ տարի այն շուրջ 2 մլն դրամ էր:
Համայնքը 961 հա տարածք ունի, որից 190 հա-ն` վարելահող, 250 հա-ն` խոտհարք: Տնամերձ հողամասերը ոռոգվում են, հիմնականում մշակում են վարունգ, լոբի, կարտոֆիլ: Գյուղացիներն ասում են, որ Աղավնավանքի լոբին որակյալ է, շուտ չի փչանում: Բացառությամբ ներքեւի թաղամասի, գյուղն ապահովված է խմելու ջրով:
«Իմ հողամասը այն սարի վրա է, 10 կմ հեռավորությամբ, ճանապարհն էլ վատ է, գյուղտեխնիկան դժվարությամբ է հաղթահարում»,- ասում է համայնքապետարանի աշխատող Շողեր Դալլաքյանը:
Անցյալ տարի համայնքի սեփական եկամուտների պլանը կազմել է 1 մլն 58 հազար դրամ, որն ամբողջությամբ կատարվել է: Գյուղը 514 հա արոտավայր ունի, ինչը լավ հիմք է անասնապահության զարգացման համար:
Սակայն Աղավնավանքում ընդամենը 234 գլուխ խոշոր եղջերավոր անասուն կա, որից 114-ը` կով: Գյուղատնտեսական հողերի մի մասը գյուղից զգալի հեռավորությամբ է գտնվում, այդ պատճառով չի օգտագործվում: Չնայած տարածքը շատ հարմար է անասնապահության զարգացման համար, սակայն եղած հնարավորությունները չեն օգտագործվում:
«Գյուղից մոտ 20 կմ հեռավորությամբ Խաչքար տարածք ունենք: Այդ տարածքի վարելահողերն ու խոտհարքները արդեն 5 տարի չեն օգտագործվում: Սարից այն կողմ Ճամբարակի տարածքի Դրախտիկ գյուղն է, որի բնակիչներն անօրինական օգտվում են Խաչքարի խոտհարքներից ու արոտավայրերից»,- ասում է
Աղավնավանքի համայնքապետարանի հաշվապահ Ասյա Պողոսյանը:
Մինչդեռ այս տարածքում ժամանակին ոչխարի 4 ֆերմա է եղել, յուրաքանչյուրում` 1000 անասուն: Համայնքի համեստ բյուջեն հնարավորություն է տալիս փոքր աշխատակազմ պահելու: Այն 5 հոգուց է բաղկացած, 2009-ի համեմատ աշխատակազմը միայն մեկ աշխատողով է աճել: Նոր աշխատողը` 47-ամյա Շողեր Դալլաքյանը, նախկինում որպես սրբագրիչ աշխատել է շրջանային «Շամխոր» թերթի խմբագրությունում: Հիմա նա կես դրույքով, 15 հազար դրամով համակարգում է համայնքապետարանի մշակութային բնագավառը:
Նրա ղեկավարած գրադարանում ընդամենը 1078 գիրք կա, որից 300-ը «Դեմոկրատիան այսօր» հ/կ-ն վերջերս է տրամադրել: Աղավնավանքի համայնքապետարանում աշխատավարձերն առավել քան համեստ են, ամենաբարձրը 2002-ից համայնքը ղեկավարող Վարդուշ Ներսիսյանի աշխատավարձն է` 40 հազար դրամ:
Աղավնավանքը գտնվում է սարերով պարփակված ձորի մեջ: Այդ պատճառով այստեղ միայն երկու հեռուստաալիք է հեռարձակվում` Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը եւ ռուսական «ՌՏՌ Պլանետան», այն էլ` գյուղի ոչ բոլոր հատվածներում:
Դրա համար էլ բնակիչների մեծ մասը արբանյակային ալեհավաք է տեղադրել: Շուրջ 450 բնակիչ ունեցող գյուղը ձգվում է 2, 5 կմ: Սարերով շրջապատված բնակավայրն ընդարձակվելու տեղ չունի, տուն կառուցելու համար ամենամոտ տարածքը գյուղից 7 կմ հեռավորության վրա է գտնվում:
Ժամանակին այստեղից արտագաղթ է եղել, Աղավնավանքից հիմնականում հեռացել են Բաքվից եւ Կիրովաբադից գաղթածները: Գյուղի գեղատեսիլ բնությունը հրապուրում է երեւանցիներին, ովքեր մայրաքաղաքից 110 կմ հեռավորությամբ ամառանոցներ են գնում:
«Ժամանակին այստեղ տները 400-500 դոլարով են վաճառել, հիմա երեւանցիները 10-20 հազար են տալիս»,- ասում է Շողեր Դալլաքյանը:
Գյուղի 152 տներից 40-ը երեւանցիները գնել են:
«Այս տան տերը Ռուսաստանում է, այն երկու տներն էլ երեւանցիներն են գնել, միայն ամռանն են հանգստանալու գալիս»,- Վերին թաղամասի փակ տները ցույց տալով` ասում է Սերգեյ Թաիրյանը:
Մինչդեռ գյուղի երիտասարդները ամուսնանալու, առանձին ընտանիք կազմելու համար տուն չունեն: Աղավնավանքի շրջակա անտառներում բազմատեսակ հատապտուղները, ուտելի բույսերն առատ են, սակայն առաջիկայում հազիվ թե վերամշակող ձեռնարկությունների հումք դառնան:
Ավելի շուտ` դրանք եւ հարուստ բնությունը կհրապուրեն մայրաքաղաքի բնակիչներին, ովքեր այստեղ են փախչում երեւանյան տապից:













