Ըստ Ալավերդու քաղաքապետի` 2010 թ. բյուջեն ամենաիրատեսական և ռեալ բյուջեն է լինելու
[ 2009/12/07 | 17:05 ]
Դեկտեմբերի 2-ին Ալավերդու քաղաքապետարանի և ԵԱՀԿ Օրհուս կենտրոնի Ալավերդու գրասենյակի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ալավերդի համայնքի 2010 թ. բյուջեի հանրային քննարկում: Քննարկման լսարանը նեղ էր` 20-25 մարդ, որոնց մեծ մասը քաղաքապետարանի աշխատողներ էին: Քննարկումը բացեց ԵԱՀԿ Օրհուս կենտրոնի Ալավերդու գրասենյակի կոորդինատոր Անուշ Էվոյանը, որը հավաքվածներին ներկայացրեց բյուջեի հանրային քննարկման նպատակը, ապա խոսքը տվեց Ալավերդու համայնքապետ Արթուր Նալբանդյանին:
«Մենք արդեն քանի տարի է փորձում ենք ինչքան հնարավոր է Ալավերդու բյուջեի քննարկումը թափանցիկ լինի, փորձում ենք մեզ համար մի շատ կարևոր փաստաթղթի` 2010 թ. բյուջեի շուրջ բնակչությանը էլ ավելի ակտիվացնել»,- ասաց քաղաքապետը: 2009 թ. բյուջեի եկամուտների համեմատ համայնքի 2010 թ. բյուջեի եկամուտները 84,6 մլն դրամով նվազել են: Սակայն, դա չխանգարեց, որ քաղաքապետը ներկայացնի իր հաջողությունները. «Երկար չարչարանքից հետո Ալավերդու քաղաքապետարանը իր պատմության մեջ, անկախությունից էս կողմ, առաջին անգամ նոր տարին դիմավորելու է առանց պարտքի: Պարտքը կազմել է 14 մլն դրամ, որտեղ գերակշռել է աշխատավարձը, որը «Բյուջեի մասին» օրենքի համաձայն առաջնահերթ վճարում է, սակայն կուտակվել է նախորդ տարիներից»:
Վերջին տարիներին համայնքի բյուջեի տարեկան եկամուտները կազմել են 350-380 մլն դրամ: Ինչպես նկատում ենք, եկամուտների համեմատ բյուջեի պարտքը առանձնապես նշանակալի գումար չէ: Արթուր Նալբանդյանի հեղինակած բյուջեի ծախսային մասը ուշադիր դիտարկելիս ակնհայտ է դառնում, որ բյուջեի պարտքերի մարումը նա անհարկի է հետաձգել: Մինչդեռ, նա կարծում է. «Սա մեզ համար լուրջ հաջողություն է, որովհետև նախկին տարիներին միշտ խնդիրներ ենք ունեցել և մեզ համար լուրջ խնդիրներ են ստեղծվել այդ պարտքերի առումով»:
Քաղաքապետը տեղեկացրեց, որ 2010 թ. բյուջեն կազմելիս աշխատել է, որ այն հնարավորինս «ռեալ լինի, կանխատեսելի», իսկ եկամուտները նախատեսելիս հաշվի է առել 2009 թ. բյուջեի փաստացի մուտքերը: «Այս առումով վստահ կարող եմ ասել, որ 2010 թ. բյուջեն ամենաիրատեսական և ռեալ բյուջեն է լինելու: Իհարկե, իր սուղ դրամական միջոցներով, ռեալ, իրատեսական բյուջե ունենալուց լավ բան չկա»,- եզրակացրեց Ա. Նալբանդյանը: Նա տեղեկացրեց, որ 2010 թ. համայնքի վարչական բյուջեով եկամուտները նախատեսված են 267 մլն դրամ, ֆոնդային բյուջեով` 31 մլն դրամ:
Ա. Նալբանդյանը թվարկեց 2010 թ. վարչական բյուջեով նախատեսված եկամուտների աղբյուրները: «Սեփական հարկային եկամուտներ`28 մլն դրամ, գույքահարկ` 21,8 մլն դրամ, տուրքեր` 23 մլն դրամ, այլ եկամուտներ` 8,9 մլն դրամ, պաշտոնական դրամաշնորհներ` 232,8 մլն դրամ, տարեսկզբի մնացորդը երեւում է` 0»: Արթուր Նալբանդյանն ակնհայտորեն գոհ էր իր աշխատանքից, մասնավորապես 2009 թ. հողի հարկի հավաքագրումից. «Նորից Ալավերդի քաղաքի պատմության մեջ առաջին անգամ հողի հարկը 100%-ով կատարում ենք, ոչ միայն հաշվարկային թիվը, 2009 թ.-ի համար նախատեսած 7 մլն դրամը մենք մինչև տարեվերջ 100 %-ով կկատարենք: Սա նույնպես պատմության մեջ առաջին անգամ է եղել»,- ասաց Արթուր Նալբանդյանը:
Իսկ թե Ալավերդու քաղաքապետի «պատմական հաջողությունն» ինչպես է արձանագրվել, ունի իր նախապատմությունը: Համայնքի ֆինանսական միջոցների իր կանխատեսումներում (տես` Ալավերդի համայնքի 2008 թ. բյուջե, էջ 16) Ա. Նալբանդյանը 2009 թ. գյուղատնտեսական նշանակության հողի հարկային եկամուտ կանխատեսել է 19,1 մլն դրամ, իսկ 2010 թ.-ին` 22 մլն դրամ: Այս կանխատեսումների փոխարեն Ա. Նալբանդյանը 2009 թ. պլանավորել է հողի հարկի 7 մլն դրամ եկամուտ, որի հավաքագրումն էլ պատմական հաղթանակ է բերել նրան: Այս կապակցությամբ նա բացատրեց. «Հիմա շատ լավ գիտեք, որ տարածքային կառավարման նախարարը իր խոսքերի մեջ ասում էր, որ այն համայնքը, որը սեփական հարկային եկամուտներ չի ապահովում, տվյալ համայնքում կապիտալ ներդրումներ չեն արվելու: Հիմա մենք վերցնենք ստիպված թիվը ուռճացնենք, չկարողանանք հավաքագրել, կապիտալ ներդրումներից էլ զրկվենք»:
Նշենք, որ ըստ քաղաքապետի` ներկայումս բազաների ճշտման արդյունքում Ալավերդի համայնքի բյուջեի ապառքները հողի հարկի գծով կազմում են 50 մլն դրամ, իսկ գույքահարկի գծով` 54 մլն դրամ: Ալավերդի համայնքի բյուջեն դոտացիոն է: «2010 թ. բյուջեի դոտացիոն մասը կազմել է 195 մլն դրամ»,- ասաց քաղաքապետը: Նա նաև տեղեկացրեց, որ քաղաքապետարանի ենթակառուցվածքները 2010 թ.-ին կդառնան ոչ առևտրային կազմակերպություններ, որոնց ծախսային մասը կկազմի 123,3 լն դրամ: Քաղաքապետարանում և նրա ենթակառուցվածքներում 2010 թ.-ին նախատեսվել է 20 մլն դրամի աշխատավարձի բարձրացում:
Արթուր Նալբանդյանը իր հեղինակած ֆոնդային բյուջեն որակեց խիստ համեստ: Ֆոնդային բյուջեի առյուծի բաժինը` 26,1 մլն դրամ, 2010 թ.-ին նախատեսվել է ծախսել համայնքի ներքին հատվածի փողոցների ասֆալտապատ ծածկույթի նորոգման վրա: Բյուջեի քննարկումների ընթացքում քաղաքապետին հարց ուղղվեց Ալավերդու ԲՇՏ-ների մասին, որոնք վերջին տարիներին ֆինանսական առումով չեն սնվում համայնքի բյուջեից, արդյունքում անմխիթար վիճակում է հայտնվել քաղաքի բնակֆոնդի պահպանությունը, հակասանիտարական վիճակում են բնակելի շենքերի բակերն ու շքամուտքերը: Այս կապակցությամբ նա ասաց. «Անցած տարվանից մենք քաղաքում փորձեցինք ստեղծել համատիրություններ: Եթե ԲՇՏ-ներն իրենց արդարացնեին, մենք այդ համատիրությունների ետևից չէինք ընկնի: Ալավերդցիները նոր բանը դժվարությամբ են ընդունում: Մենք ՄԱԿ-ի հետ քննարկումների միջոցով փորձեցինք ստեղծել համատիրություններ, մի քանի շենքեր միավորեցինք, սակայն չստացվեց: Շատ լավ իմանալով, որ ԲՇՏ-ն հին կառույց է, վստահությունն էլ ժողովրդի մեջ կորել է, մարդիկ չեն ուզում վճարել սպասարկման վճարները: Բայց մենք հասնելու ենք համատիրությունների ստեղծմանը: Առաջին համատիրությունը երբ ստեղծվեց, բյուջեից անպայման պետք է ներդրում կատարենք: Էսօր ոչ մի միջազգային կառույց ԲՇՏ-ների հետ չի ուզում աշխատել»: Թե կոնկրետ երբ կլուծվի այս խնդիրը, քաղաքապետը չասաց:
Այն հարցին, թե բացի պետբյուջեի միջոցներով քաղաքի կենտրոնական փողոցների փոսալցումներից, կապիտալ գործառնական էլ ինչ աշխատանքներ են նախատեսվում Ալավերդիում 2010 թ.-ին, Ա. Նալբանդյանը պատասխանեց. «Բյուջեով այլ կապիտալ գործառույթներ չեն նախատեսվել: Բայց Սոցներդրումների հիմնադրամի միջոցներով ունենք թիվ 14 մանկապարտեզի վերանորոգում` 90 մլն դրամ ներդրումային գումարով: Այստեղ համայնքը ներդրում ունի, ուղղակի համայնքի ներդրումը մեր բյուջեում չի երևում: Համայնքի ներդրումը կկատարի «Մանես» հիմնադրամը»:
Ուրախալի էր այն հանգամանքը, որ քաղաքի թիվ 12 դպրոցի աշակերտներից մի քանիսը նույնպես քաղաքի հիմնախնդիրներին վերաբերող իրենց հարցերով էին ներկայացել համայնքի բյուջեի քննարկմանը: «Մեզ հետաքրքրում է մեր քաղաքի աղբատարներում անընդհատ հայտնվող և աղբատարների շրջակայքում աղբը տարածող անասունների հարցը: Էդ հարցը ոնց կարող եք լուծել, պրն քաղաքապետ»,- հարցրեց 9-րդցի Աղասի Ղորխմազյանը: «Էս 4 տարվա մեջ որ լուծող լինեինք, կլուծեինք, էլի»,- հարցին կատակով, բայց ճիշտ պատասխանեց քաղաքապետը,- ապա Աղասուն հաճոյախոսեց,- ազիզ ջան, հարցը տեղին ա, համոզված եմ, որ Ձեր սերունդը երբ մեծանա, հաստատ շենքում հավ, խոզ ու կով չի պահելու: Մենք ամեն ինչ անելու ենք, որ թափառող անասուններից ազատվենք»:
Ինա Ստեփանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Ցանկալի կլիներ, որ երեխաների խաղավայրեր լինեին, գնում ենք ուրիշ քաղաքներ, մեզ մոտ ցանկություն է առաջանում, որ մեր քաղաքն էլ այդպիսին լինի»: Ինչ իմանար Ինան, որ քաղաքապետը վերջին տարիներին համայնքի բնապահպանական վճարներից պատկառելի գումարներ է հատկացրել քաղաքում երեխաների համար խաղավայրեր կառուցելու նպատակով, սակայն դրանք չեն կառուցվել:











