«Բաֆտա» ՍՊԸ-ն պետբյուջեի գումարներով Ալավերդու հեղեղատարը մաքրելու փոխարեն շրջակայքի բարեկարգում է կատարել
[ 2009/10/26 | 18:13 ]
«Պետբյուջեից այս տարի Ալավերդի համայնքին հատկացված բնապահպանական վճարներից քաղաքի Ջրավազան թաղամասի հեղեղատարի մաքրման ու վերականգնման համար հատկացվել է 5 մլն 851, 8 հազար դրամ»,- ասաց Ալավերդու քաղաքապետարանի ֆինբաժնի վարիչ Սամվել Աբելյանը: Հեղեղատարի մաքրման աշխատանքները կատարել է Ալավերդիում գրանցված «Բաֆտա» ՍՊԸ-ն, որի տնօրեն Սերգեյ Հարությունյանն ասաց, որ ըստ պայմանագրի` հեղեղատարի մաքրման ու վերականգնման ժամկետ էր սահմանված այս տարվա օգոստոսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը: Նա տեղեկացրեց, որ հեղեղատարում իր ղեկավարած ՍՊԸ-ն աշխատանքները սկսել է օգոստոսի 12-ին եւ ավարտել է նախատեսված ժամկետում:
«Հեղեղատարն ամբողջ երկարությամբ ծառաստան էր, թփեր էին, աշխատանքները սկսել ենք Ջրավազան թաղամասի Աքորի գյուղ գնացող ճանապարհի առաջին շրջադարձի մոտից: Դրանք լրիվ մաքրվել են»,- փաստեց հեղեղատարի մաքրման աշխատանքների պատասխանատուն:
Ասենք, որ 1978 թ.-ին կառուցված 975,5մ երկարությամբ Ջրավազան թաղամասի հեղեղատարն իր երկարությամբ ամենամեծն է քաղաքում: Թեպետ «Բաֆտա» ՍՊԸ-ի տնօրենը հավաստիացնում էր, թե հեղեղատարը ողջ երկայնքով մաքրվել է, սակայն հենց հեղեղատարի ակունքի թունելախորշը մի քանի օր առաջ նրա հետ մեր դիտարկման պահին մաքրված չէր, իսկ Ալավերդու նախկին տեքստիլ ֆաբրիկայի մոտից մինչեւ Թումանյան փողոց ընդգրկող հեղեղատարի շուրջ 500 մետր հատվածի մաքրման ու վերականգնման ուղղությամբ ոչինչ չէր արվել: Երկաթգծին ու կենտրոնական մայրուղուն հարող թունելախորշերն այժմ էլ գրեթե փակված են նախկին տարիների հեղեղների բերվածքներով եւ հորդառատ անձրեւի դեպքում կարող են անանցանելի դարձնել երկաթգիծն ու կենտրոնական մայրուղին:

Որոշ աշխատանքներ կատարված էին հեղեղատարի ակունքից մինչեւ «Արդշինինվեստբանկ»-ի Ալավերդու մասնաշենքի բակը, շուրջ 470 մ երկարությամբ, սակայն հեղեղատարի այն հատվածը, որ Ս. Հարությունյանը մատնանշեց իբրեւ իր ՍՊԸ-ի կատարած աշխատանք, շատ դեպքերում գերազանցում էր իրականությանը: Ակնհայտ էր նաեւ, որ հեղեղատարի մաքրման աշխատանքների ծավալի ճիշտ կանխատեսում չէր կատարվել կատարողի ու պատվիրատուի կողմից, որի հետեւանքով հատկացված ֆինանսական միջոցների վատնում էր կատարվել: Դա փաստեց նաեւ Ս. Հարությունյանը: «Փորձեցինք հատակի վերանորոգման աշխատանքները կատարել եւ արդյունքն այն եղավ, որ մենք մի քանի անգամ վերանորոգեցինք, ջուրը եկավ, քշեց-տարավ: Ես արդեն զգացի, որ ներքեւի մասը, ուսումնարանի նախկին շենքի մոտից մինչեւ բանկի շենքը, աշխատանք հնարավոր չէ կատարել»:
Տարօրինակն այն է, որ գոնե այս դեպքում փոխանակ գումարները հեղեղատարի շարունակություն` մյուս 500 մ-ի մաքրելուն ու վերականգնելուն ուղղելուն, Սերգեյ Հարությունյանը որոշել է սեփական հայեցողությամբ լրացնել աշխատանքի բացը: «Գոնե մի տեղ ինձ մխիթարելու իմաստով, էնտեղ (խոսքը հեղեղատարի մասին է) աստատկեքը կա, ջուրը նորից քշել-տարել ա, անիմաստ էր ստեղ այդ աշխատանքները կատարել, անտեղի համ աշխատուժ օգտագործել, համ շինանյութ փչացնել: Դրա փոխարեն, աջ կողմում` հեղեղատարի դիմացի շենքի առաջ, մի պատ էր քանդված, էդ պատը նորոգեցի, լրիվ վերականգնեցի, ուսումնարանից ներքեւ` դեպի թիվ 2-րդ դպրոցի ճանապարհը, ինչքան որ փոսեր կային, բետոնով լրիվ էդ փոսերը լցրեցի, մեքենաները չէին կարում մտնել դպրոցի տերիտորիան, ասենք` սնունդ-մնունդ են տանում, բան»: Ս. Հարությունյանը ոգեւորված ասաց, որ անգամ հեղեղատարի երկայնքով գնացող փողոցի հորերն է լիցք արել: «Մի երկու հատ էլ աստիճաններ եմ դրել, որ ձմեռը մարդիկ հանգիստ բարձրանան»:
Մոռացած հեղեղատարում իր գործը` «Բաֆտա» ՍՊԸ-ի ղեկավարն անհաղորդ է մնացել նախագծանախահաշվային փաստաթղթերից չշեղվելու պայմանագրային իր պարտականություններին: Զավեշտական է նաեւ պատվիրատուի` Ալավերդու քաղաքապետարանի կեցվածքը, որը ժամանակին չի կատարել պայմանագրի 3.1.1. կետով սահմանված իր պարտականությունը` չի ստուգել կատարողի իրականացրած աշխատանքների ընթացքն ու որակը, ժամանակին չի կանխել շեղումները:
Ս. Հարությունյանից տեղեկացանք, որ հեղեղատարի մաքրման ու վերականգնման աշխատանքներում ընդգրկվել են 6 բանվորներ: «Ես ընդհանուր աշխատանքների համար ամենքին 110 հազար դրամ փող եմ տվել»,- ասաց «Բաֆտայի» տնօրենը: Հեղեղատարի շուրջ 500 մ չմաքրված հատվածի մասին Ս. Հարությունյանն ասաց. «Տրանսպորտի մոտենալու տեղ չկա, էդ միջոցառումները նախատեսված չեն, որ ես մի տեղ պատ քանդեմ, էնտեղ մեքենա մոտեցնեմ եւ այլն, եւ այլն»:
Այստեղ էլ «Բաֆտա»-ի տնօրենն անկեղծ չէր իր բացատրություններում, քանի որ նրա կազմած եւ Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանի կողմից հաստատված ծածկագրով մրցույթի ՀՀ ԼՄԱՔ-ԱՇՁԲ-023/ 23բ ծավալաթերթում բերվածքների քանդումը, աղբի մաքրումը, բերվածքների եւ շինարարական աղբի տեղափոխումը եւ բարձումը ավտոինքնաթափերին նախատեսված է կատարել ձեռքով:
Լավագույն ցանկության դեպքում կատարողը մեկ ավտոինքնաթափ կարող էր կանգնեցնել հեղեղատարին հարող Թումանյան փողոցում, մյուսն էլ` հեղեղատարից ոչ այնքան հեռու գտնվող տեքստիլ ֆաբրիկայի շենքի մոտ, որոնք էլ հեղեղատարի երկու կողմից բանվորները 2 մասի բաժանելով` հազիվ 10-15 մ հեռավորությունից կբարձեին ձեռքով տեղափոխած աղբն ու բերվածքները: Մինչդեռ պարզվում է` կիսով չափ մաքրված ու տեղ-տեղ վերականգնված հեղեղատարի համար 5,8 մլն դրամը քիչ է եղել:
«Դրա համար պետք է լրացուցիչ նախահաշիվ կազմվի, էդ աշխատանքների 5,8 մլն դրամը իր նկարագրություններն ունի, որը ինչ ծավալի, ինչ գնի տակ, լրիվ տեղավորված ա: Ես նախահաշվային աշխատանքներում թերություն չեմ տեսնում, նախահաշվում ինձ տրված է 264 խմ տիղմի հեռացում, Աքորվա պավարոտից մինչեւ նախկին ուսումնարանի շենք հասնելը, հեղեղատարի երկարությունը անձամբ ինքս չեմ չափել, բայց Աքորու պավարոտից մինչեւ նախկին ուսումնարանի շենքը 430մ եմ ես չափել 1,80 միջին լայնությամբ»:
Ասենք, որ Սերգեյ Հարությունյանի մատնանշած 430մ վրա հեղեղատարի եզրապատերի փոքր հատվածներ էին վերականգնված, իսկ ներսի պատերին բետոնի հետք անգամ չէր երեւում: Թե ինչու հեղեղատարի վերականգնման համար նախատեսված բետոնով պրն Հարությունյանը գերադասել էր վերականգնել հեղեղատարից 20-30 մետր հեռու գտնվող շենքի հենապատը, այլ ոչ հեղեղատարի քանդվող պատերը, այդպես էլ անհասկանալի մնաց:
Ալավերդու քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Գագիկ Սոխակյանից տեղեկացանք, որ Ջրավազան թաղամասի հեղեղատարը ողջ երկայնքով պետք է մաքրի եւ վերականգնի «Բաֆտա» ՍՊԸ-ն, որի մասին «Բաֆտա»-ի ղեկավարը չէր ուզում լսել: Թեեւ, ըստ պայմանագրի, հեղեղատարի մաքրման ու վերականգնման աշխատանքների ժամկետը սպառվել է, եւ կատարողն էլ կարծում է, որ իր ստանձնած պարտավորությունների մասով ինքն աշխատանքներն ավարտել է, այդուհանդերձ, քաղաքապետարանը կատարողին դեռեւս չի վճարել մնացորդային 2 մլն դրամը:
Լեռների փեշերին սփռված Ալավերդի քաղաքի համար ջրհեղեղները մշտական սպառնալիք են: Ալավերդու քաղաքաշինությանը, ստրատեգիական նշանակության օբյեկտների, մասնավորապես քաղաքի կենտրոնով անցնող երկաթգծի, առանձին թաղամասերում նաեւ բնակելի շենքերի ու սոցիալ-տնտեսական կարեւորագույն շինությունների անվտանգությունը ջրհեղեղներից ապահովելու նպատակով, հատկապես 1970 թ.-ին Ալավերդիում գրանցված մեծ ջրհեղեղից հետո, որի ժամանակ եղան նաեւ մարդկային զոհեր, քաղաքում կառուցվեցին 7 հեղեղատարներ ու ջրահեռացման համակարգեր: Դրանցից այսօր անբարեկարգ ու անմխիթար վիճակում են գրեթե բոլորը, այդ թվում Խուդյակով, Փիրուզյան, Բաղրամյան փողոցների հեղեղատարները, նաեւ` Ջրավազան թաղամասի հեղեղատարը, որի մաքրման համար պետբյուջեից այս տարի 5,8 մլն դրամ էր հատկացվել: Մինչդեռ հեղեղների սպառնալիքները, չնայած պետբյուջեի լուրջ հատկացումներին, Ալավերդիում այդպես էլ չեն վերացվում:













