Կ. Շահգալդյան. «Լավ ապրելս երբեք պայմանավորված չի եղել որեւէ պաշտոնով»
[ 2009/12/28 | 15:14 ]
Ընթերցողների հարցերին պատասխանում է Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանը
Կէվորկ - Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով 2007 թվականի մայիսին արժանացել եք Հայ Առաքելական Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» հուշամեդալին: Ինչի՞ համար:
2006-2007 թվականներին վերակառուցել եմ ծննդավայրիս` Կոտայքի մարզի Ալափարս համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը խորհրդային տարիներին քանդվել ու վերածվել էր պահեստի: Այդ կապակցությամբ էլ պարգեւատրվել եմ Սուրբ Ներսես Շնորհալի հուշամեդալով:
Պետք է ավելացնեմ նաեւ, որ վերջին տարիների ընթացքում մարզում կառուցվել ու վերակառուցվել են բազմաթիվ եկեղեցիներ, եւ հնարավորությունների ու իրավասությունների սահմաններում ես մշտապես աջակցել եմ այդ գործընթացներին:
Ռոբերտ – Ես ցանկանում եմ հանդիպում մարզպետարանում, եթե հնարավոր է հերթագրում, ունեմ հուզող հարցեր, կանխավ շնորհակալություն:
Քաղաքացիների ընդունելության կազմակերպման սահմանված կարգին համապատասխան մշակված ժամանակացույցի շրջանակներում յուրաքանչյուր ամսվա բոլոր շաբաթ օրերին մարզի չորս տարածաշրջաններում կազմակերպվում է հիշյալ գործընթացը այսպիսի հերթականությամբ` ամսվա առաջին շաբաթ օրը Աբովյանում (ք. Աբովյան, Կոտայքի մարզպետարանի ներկայացուցչություն, հերթագրման համար` 0222/2-13-53), երկրորդ շաբաթ օրը` Հրազդանում (ք. Հրազդան, Կոտայքի մարզպետարանի վարչական շենք, հերթագրման համար` 0223/2-57-14), երրորդ շաբաթ օրը` Չարենցավանում (ք. Չարենցավան, քաղաքապետարանի վարչական շենք, հերթագրման համար` 0226/4-28-30), չորրորդ շաբաթ օրը` Եղվարդում (ք. Եղվարդ, Կոտայքի մարզպետարանի ներկայացուցչություն, հերթագրման համար 0224/2-23-00): Ձեր ցանկացած օրն ու ցանկացած տարածաշրջանում կարող եք մասնակցել ընդունելություններին, իսկ առավել հրատապ հարցերի պարագայում կարող եք աշխատանքային յուրաքանչյուր օր զանգահարել (0223)2-36-63 հեռախոսահամարով, պայմանավորվել եւ այցելել:
Մհեր – Ինչպիսի՞ն են Ձեր եկամուտները, քանի որ Դուք լավ եք ապրում:
Lավ ապրելը բավականաչափ հարաբերական հասկացություն է. իմ ընտանիքը ապրում է մարդավայել եւ շատ չափավոր. պատահական չէ նույնիսկ այն հանգամանքը, որ մենք մինչ այժմ բնակվում ենք Չարենցավան քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում, նախընտրում ենք ապրելու այդօրինակ ձեւաչափը եւ, կարծում եմ, որ այդպես շատ լավ է: Ընտանիքս ունի սեփական բիզնես, «Արմավտո» ԲԲԸ-ի խոշոր բաժնետեր եմ: Լավ ապրելս երբեք պայմանավորված չի եղել որեւէ պաշտոնով:
Վահե – Կոտայքի մարզը զարգացման ի՞նչ հեռանկարներ ունի:
Լինելով հանրապետության կենտրոնական մարզը` Կոտայքն ունի զարգացման մի շարք հեռանկարներ: Պետք է կարեւորեմ նաեւ այն հանգամանքը, որ արդեն իսկ մշակվում ու ընդամենը 2010 թվականի սկզբում Կառավարության հաստատմանը կներկայացվի մարզի զարգացման ծրագիրը. ռազմավարական կարեւորություն ունեցող մի փաստաթուղթ, որն իր վերլուծություններում կներառի մարզային բոլոր ենթակառուցվածքների բնականոն զարգացմանն ու այդ ամենի շարունակական կատարելագործմանը միտված հիմնական ուղղությունները:
Ոլորտային աշխատանքային խմբերն այս պահին կատարում են իրենց ամփոփիչ գործառույթները, ծրագրի կազմումն իրականացվում է սահմանված ընթացակարգի բոլոր մանրամասներին համապատասխան, աշխատանքը կազմակերպվում է հասարակական կազմակերպությունների գործուն մասնակցությամբ. հաշվի են առնվում հասարակական կարծիքն ու հանրությանն առավել հետաքրքրող բոլոր հիմնախնդիրները:
Այս ամենով հանդերձ` պետք է փաստել, որ Կոտայքի մարզն ունի զբոսաշրջային, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, արդյունաբերության եւ տարբեր այլ ոլորտների զարգացման հստակ նախադրյալներ, որոնց իրագործումը կհանգեցնի ցանկալի ու սպասված արդյունքին:
Անահիտ – Պրն Շահգալդյան, չեք կարծու՞մ, որ չափազանց ծիծաղելի է Չարենցավան մտնող ճանապարհի վրա տեղադրել մի ցուցանակ, որի վրա գրված է «Չարենցավանը դարձնել օրինակելի վարքի քաղաք»: Մի՞թե մենք անօրինակելի վարք ունենք: Սովետի հոտ է գալիս:
Կարծում եմ, որ այդ տողերը պետք չէ միակողմանիորեն ընկալել ու անմիջապես վերագրել մարդկային վարքին: Համոզված եմ, որ ինչպես Դուք, այնպես էլ բոլոր ընթերցողները հստակ ընկալում են, որ տվյալ պարագայում խոսքը քաղաքացիական վարքագծի ու օրինակելի միջավայր ձեւավորելու մասին է:
Պարզապես որեւէ մի երեւույթ շահարկման առարկա դարձնելու համար ընդամենը պահանջվում են վայրկյաններ եւ սուբյեկտիվ ու վատատեսական ընկալումներ յուրաքանչյուր դրվագի նկատմամբ, իսկ ցանկացած խոսքի մեջ, ցանկացած նախադասության մեջ քննադատության արժանի հատվածներ գտնելն ընդամենը ցանկության խնդիր է (ի դեպ, այդ տեսանկյունից նայելիս չի փայլում նաեւ Ձեր հարցադրման ձեւակերպումն ու նույնիսկ բառերի հայեցիությունը): Ասեմ ավելին, բոլոր ժամանակներում իր ինքնատիպ ավանդույթներն ունեցող Չարենցավանում փակցված այդ ցուցանակը նպատակ ունի կապող օղակ հանդիսանալ երբեմնի իրողությունների ու ներկայիս հրամայականների միջեւ` այդ ամենի արդյունավետ համադրման արդյունքում պահպանելով քաղաքի ուրույն դիմագիծը:
Նելլի – Ինչ պե՞ս կգնահատեք մարզպետարանում ներդրված Mulberry համակարգը:
Չափազանց արդյունավետ: Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության Mulberry համակարգը կարելի է համարել անցնող տարվա ամենակարեւոր ձեռքբերումներից մեկն ու հաստատապես ընդգծել, որ այն մի նոր որակ հաղորդեց Կոտայքի մարզպետարանի գործունեությանը:
Մենք այսօր կարողանում ենք լիարժեքորեն պահպանել փաստաթղթերի ժամկետայնության ու հրատապության բոլոր պահանջները եւ այդ նույն տրամաբանությամբ աշխատել տարբեր գերատեսչությունների հետ, որը միանգամայն քաղաքակիրթ է ու հաճելի բոլորի համար:
Նելլի – Ինչպե՞ս է համայնքների բյուջեների հավաքագրումը:
Ի պատիվ մարզի համայնքների` պետք է ասեմ, որ չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցություններին, այս տարի եւս այդ գործընթացն ուղեկցվում է բարձր ցուցանիշներով: Մեզ հաջողվել է 2009 թ. եւս համայնքների բյուջեների հավաքագրումների մակարդակը հասցնել առավելագույնի:
Մեջբերելով միայն մի քանի թվային տվյալներ` նշեմ, որ 2009 թ. դեկտեմբերի մեկի դրությամբ մենք ունենք հետեւյալ պատկերը. հողի հարկը կատարվել է 104.6%-ով, իսկ գույքահարկը` 108.1%-ով, սեփական եկամուտների հավաքագրման առաջադրանքը կատարվել է 98.6%-ով:
Ամբողջացնելով ցուցանիշները` նշեմ, որ մարզի բյուջեների կատարողականը կազմել է շուրջ 98.5%, իսկ դեկտեմբերի վերջի դրությամբ այս թիվը, բնականաբար, ավելանալու է:
Հայուհի – Ինչպե՞ս եք գնահատում Ձեր աշխատանքը Կոտայքի մարզպետի պաշտոնում , արդյո՞ք օգտագործել եք Ձեր բոլոր հնարավորությունները բարեխիղճ աշխատելու համար, եւ որո՞նք են այն խոչընդոտները, որ հարթելու դեպքում ավելի կհեշտանա Ձեր կողմից մարզի խնդիրների լուծումը: Կարո՞ղ եք մեկնաբանել, թե Ձեր պաշտոնավարման ընթացքում ի՞նչ աշխատանքներ եք արել մարզի բնակչության համար եւ որպես մարզպետ ինչպիսի՞ն է Ձեր ինքնագնահատականը:
Նախ պետք է նշել, որ յուրաքանչյուր պաշտոնյայի աշխատանքի գնահատականը պետք է տա ժողովուրդը: Կոտայքի մարզպետի պաշտոնում աշխատելու այս ժամանակահատվածում, իհարկե, հաջողվել է իրականացնել մի շարք այնպիսի գործառույթներ, որոնք նպաստել են մարզի բնակիչների բարօրությանը, նրանց տարաբնույթ սոցիալական հիմնախնդիրներին որոշակի լուծումներ տալուն:
Պարտականությունների կատարման ասպարեզում ներդրել եմ հնարավոր բոլոր մոտեցումները, որպեսզի հաջողվի իրագործել մարզային գործընթացների բարելավմանը միտված ծրագրերն ու նախաձեռնությունները:
Արվել է առավելագույնը Կառավարության տարածքային քաղաքականության արդյունավետ իրականացման ուղղությամբ: Այս ամենի համատեքստում, այնուամենայնիվ, գլխավոր խնդիրն ու խոչընդոտը մնում է մարդկային մտածողությունը. հաճախ լինում են դեպքեր, երբ մի դրական նախաձեռնություն կյանքի կոչելիս հանդիպում ես կարծրատիպերի, որոնք չեն տեղավորվում ներկայիս աշխարհի գերակայությունների ու ժամանակակից մտածողության տիրույթում եւ դրանով իսկ խանգարում նորարարություններին ու տարաբնույթ արդիականացումներին:
Պաշտոնավարման տարիների ընթացքում ինձ հաջողվել է մարզում արմատացնել նաեւ ժողովրդավարության միտումները, բնակիչներին, աշխատակիցներին, տարբեր ենթակառուցվածքների պատասխանատուներին մշտապես հնարավորություն է տրվել լիարժեք արտահայտել իրենց տեսակետներն ու կարծիքները, առաջնորդվել ինքնուրույնության սկզբունքներով:
Կարեն - Ինչպե՞ս եք պատկերացնում Կոտայքի մարզը տասը տարի հետո, Ձեր կառավարմա՞ն օրոք:
Հարցի մի մասի պատասխանը թողնում եմ ժամանակին եւ իրերի դրությանը, իսկ մյուս մասով պետք է նշեմ, որ տասը տարի անց կարելի է կանխատեսել կայուն զարգացող, հասարակական կյանքի տարբեր բնագավառներում դրական տեղաշարժեր արձանագրող մի մարզ, որտեղ տեսանելիորեն կբարելավվեն ազգաբնակչության կենսապայմաններն ու այդ ամենից բխող բոլոր գործընթացները:
Ասվածը, բնականաբար, ուղիղ համեմատական է լինելու Հայաստանի շարունակական զարգացմանն ու առաջընթացին: Եվ տեղին է հիշել ՀՀ նախագահ պարոն Սարգսյանի այն խոսքը, որով հստակ սահմանվում են յուրաքանչյուր հաջորդ օրն ավելի լավը լինելու ազդակները:
Ինչպե՞ս եք վերաբերվում դավաճանությանը, Ձեր կյանքում եղե՞լ են այդպիսի դեպքեր:
Վստահաբար պետք է դավաճանությունը համարենք աններելի, անուղղելի մեղք, որեւէ ասպեկտով չարդարացվող մի երեւույթ ու աշխատենք զերծ մնալ այդպիսի իրավիճակներում հայտնվելուց:
Արսեն – Պարոն մարզպետ, ինչու՞ եք կառչել մարզպետի բազկաթոռին, ժառանգե՞լ եք, թե՞ նվեր եք ստացել:
Առանց Ձեր հարցադրման որակումներին անդրադառնալու` պետք է ընդամենը նշեմ, որ ծառայողական պարտականություններն իրականացնում եմ ամբողջական ծավալներով ու ամենայն պատասխանատվությամբ. ամեն օր աշխատանքի եմ գնում մեծագույն պարտավորվածությամբ եւ ինձ վերապահված գործառույթները լիարժեքորեն կատարելու անթաքույց մղումով:
Ռազմիկ - Հարգելի մարզպետ, ինչպիսի՞ միջոցառումներ են նախատեսված Կոտայքի մարզում տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունը թուլացնելու համար 2010 թ.:
Բոլոր այն գործողությունները, որոնք ներառված են Կառավարության կողմից բավականին իրատեսորեն մշակված Հակաճգնաժամային միջոցառումների ծրագրում: Արվում է ամեն ինչ, որպեսզի համաշխարհային հանրության առջեւ ծառացած տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունը հնարավորինս շրջանցի մարզի ազգաբնակչությանն ու տնտեսական հատվածին:
Գոհար – Նայում եմ Ձեր կենսագրությանը. Դուք միշտ պաշտոններ եք զբաղեցրել, ի՞նչ է դա, Աստծո կողմից տրված մենաշնո՞րհ, թե՞ շատ եք ճարպիկ, կարողանում եք պաշտոններ ձեռք գցել թե կոմունիստների, ՀՀՇ-ի, թե այս իշխանությունների ժամանակ:
Իհարկե, շատ ճիշտ եք նկատել, որ կենսագրությանս մեջ գերակշիռ տեղ են զբաղեցնում պաշտոնավարումները, սակայն պետք է հակադրվեմ Ձեզ` ասելով, որ որեւէ մենաշնորհի, ճարպկության կամ նմանատիպ այլ խնդիրներ չկան. ընդամենը գնահատվել են իմ կազմակերպչական ունակությունները, կատարողական կարգապահությունն ու աշխատանքի նկատմամբ պատասխանատու վերաբերմունք ունենալու հմտությունները:
Եթե այս ամենին էլ հավելենք, որ խորհրդային տարիներին ղեկավարել եմ միութենական նշանակության խոշոր արտադրական միավորում` առանց կոմունիստ լինելու, իսկ անկախության առաջին տարիներին երբեւէ չեմ համարվել ՀՀՇ-ական իշխանությունների յուրայինը, ապա պատկերն առավել քան ամբողջական է դառնում…
Հայ Մարդ – Ինչպե՞ս եք օգտագործել պետական բյուջեից հասարակական կազմակերպությունների համար (ծրագրեր, որոնք պետք է իրականացվեն ՀԿ-ների կողմից) տրվող գումարները նախորդ տարիներին: Ո՞ր ՀԿ-ի միջոցով եւ ի՞նչ ծրագրեր եք իրականացրել: Ի՞նչ արդյունքներ կան:
Պետք է փաստենք, որ Կոտայքի մարզպետարանի եւ հասարակական կազմակերպությունների միջեւ ձեւավորված են բավականին սերտ հարաբերություններ, ունենք համատեղ արդյունավետ աշխատանքի փորձ, որը ներառում է սոցիալական, զբաղվածության, բնապահպանական, երիտասարդական եւ այլ ուղղություններ:
Սակայն պետք է հարցադրման մեջ մի փոքր ուղղում մտցնենք` նշելով, որ պետական բյուջեով հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվելիք ծրագրերի համար մարզպետարանին գումարներ չեն տրամադրվում, պետբյուջեի հատկացումները մարզպետարանին ունեն իրենց հստակ ձեւկերպումներն ու ծախսման կոնկրետ ուղղությունները, որոնք ի սկզբանե ամրագրված են գլխավոր ֆինանսական փաստաթղթում:
ՀԿ-ների հետ բոլոր շփումները եղել են փոխհամագործակցության տիրույթում եւ ունեցել դրական արդյունք:
Հայ Մարդ – Երբեւէ կաշառք վերցրե՞լ եք:
Այս հարցը վերահասցեագրում եմ Ձեզ` բայց ոչ թե պատասխանելու, այլ խորը կշռադատելու անկեղծ մակագրությամբ:
Պետրոս - Ինչպե՞ս եք սիրում դիմավորել Նոր տարին:
Ընտանեկան հարկի ներքո` զավակներով, թոռնիկներով, բարեկամներով ու հարազատներով շրջապատված:
Արման – Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր հասցեին հնչած քննադատություններին:
Եթե այդ ամենը տեղավորվում է առողջ ու կառուցողական քննադատության տիրույթում, ապա շատ լավ եմ վերաբերվում ու այդ ամենից նաեւ հետեւություններ եմ անում, իսկ բամբասախառն զազրախոսությունները պարզապես արհամարհում եմ:
Ճի՞շտ է, որ Ձեր տղան Չարենցավանի քաղաքապետն է: Եթե այո, ապա չեք տեսնու՞մ շահերի հստակ բախում:
Իմ որդին Չարենցավանի քաղաքապետն է, եւ տվյալ պարագայում մարզպետ-քաղաքապետ հարաբերություններում շահերի որեւէ բախում չկա, հատկապես, երբ Չարենցավան համայնքի ղեկավարն ամբողջությամբ արդարացնում է իր ընտրողների վստահությունն ու ամբողջապես կատարում իր բոլոր լիազորությունները: Դրանում համոզվելու համար խորհուրդ եմ տալիս այցելել Չարենցավան:
Աշխեն – Իմ ամուսնու ազգանունը նույնպես Շահգալդյան է, բայց նա Սյունիքի մարզից է: Հազվադեպ հանդիպող ազգանուն է. կա՞ ինչ-որ կապ հայրենադարձության հետ: Ավելացնեմ նաեւ, որ ես եղել եմ Չարենցավանում, շատ գեղեցիկ քաղաք է:
Արմատներս գալիս են Իրանի Մակու քաղաքից, ազգանունն էլ պայմանավորված է դրանով. ծնունդով Կոտայքի մարզի Ալափարս գյուղից եմ: Շահգալդյան ազգանունը կրող տոհմերի մեջ կապ տեսնելու իմաստով պետք է դիմենք պատմությանն ու ժամանակագրությանը, բայց դրա անհրաժեշտությունն ամենեւին էլ չկա, քանզի եթե հայ ենք, ուրեմն եւ բարեկամներ ենք, եւ հարազատներ ու մերձավորներ:
Լուսինե - Պարոն մարզպետ, Գագիկ Ծառուկյանի հետ ինչպիսի՞ հարաբերություններ ունեք:
Շատ ջերմ. եւ գործնական, եւ ընկերական:
Սառա Պետրոսյան – Պրն Շահգալդյան, Ձեզ հայտնի է, որ մոտ 8000 բնակչություն ունեցող Գառնի գյուղի մշակույթի տունը ավերակ վիճակում է: Բնակիչները Ձեզ հետ ունեցած հանդիպման ժամանակ բարձրացրել են այն վերանորոգելու հարցը, սակայն Դուք այն առաջնահերթ չեք համարել: Ասացեք, խնդրեմ` Գառնիի համար ո՞րն եք համարում առաջնահերթ լուծում պահանջող հարցերը եւ Ձեր կանխատեսումներով` գյուղի միակ մշակութային շինության վերանորոգումը ի՞նչ ժամանակամիջոցում կարող է առաջնահերթ համարվել: Մարզի համար ամոթալի չեք համարու՞մ, որ հանրապետությունում ամենաշատ հողեր վաճառող Գառնի համայնքի մշակույթի տունը դեռեւս իր նպատակին ծառայեցնելու հեռանկար չկա:
Ես դիմել եմ համայնքի բնակչությանը` խնդրելով կարծիքներ հայտնել դպրոցի, խմելու ջրի մատակարարման ցանցի, ինչպես նաեւ մշակույթի տան հիմնանորոգումների առաջնահերթությունների վերաբերյալ: Գառնի համայնքի բնակիչները փաստել են, որ առաջնահերթ են համարում դպրոցի հիմնանորոգման եւ խմելու ջրագծի աշխատանքները: Եվ պետք է ընդունենք նաեւ, որ պետական միջոցներով բոլոր խնդիրները միանգամից լուծել հնարավոր չէ, իսկ համայնքի բյուջեի միջոցների հաշվին մշակույթի տան վերանորոգումը մեր կողմից միմիայն կողջունվի, սակայն սա բացառապես համայնքի ղեկավարի ու ավագանու որոշելիք խնդիրն է:
Միանշանակ համակարծիք լինելով մշակույթի տան վերանորոգման անհրաժեշտության` Ձեր դիտարկման հետ, պետք է առաջարկեմ խնդիրը բարձրաձայնել նաեւ համայնքում. տեղի ազգաբնակչության, համայնքի ավագանու եւ համայնքի ղեկավարի համատեղ քննարկման արդյունքում, համայնքային հնարավորությունների սահմաններում առաջնահերթություն տալ մշակույթի տան վերանորոգմանը: Եվ վերջում նշեմ, որ Գառնին մարզի այն համայնքը չէ, որտեղ վաճառվում են ամենաշատ հողերը:
Նաիրա - Համայնքապետերի համար քառամյա ռազմավարական ծրագիրը մի փաստաթուղթ է, որը գրվում է հարկ եղած դեպքում ինչ-որ մեկին ցույց տալու համար: Իբրեւ մարզի ղեկավար ի՞նչ եք անում, որպեսզի այդ ծրագրերը ձեւականից վերածվեն իրականության: Ձեզ պատասխանատու համարու՞մ եք այդ ծրագրերի իրականացման համար կամ ին՞չ եք անում, որպեսզի համայնքապետերը պատասխանատվություն կրեն իրենց ներկայացրած ծրագիրը չիրականացնելու համար:
Միանգամից նշենք, որ քառամյա զարգացման ծրագրերը ոչ թե կազմվում են հարկ եղած դեպքում որեւէ մեկին ցույց տալու համար, այլ համայնքի ղեկավարի ընտրվելուց անմիջապես հետո, օրենքով սահմանված ժամկետում այն ներկայացվում է համայնքի ավագանու վավերացմանը եւ դառնում տվյալ համայնքի կարեւորագույն փաստաթուղթը:
Մինչ հարցի բուն էությանն անդրադառնալը պետք է նկատենք, որ շուրջ տասներեք տարվա պատմություն ունեցող տեղական ինքնակառավարման համակարգը նկատելիորեն զարգացում է ապրում, եթե մենք 1996-ին եւ նրան հաջորդող շրջանում դեռեւս չէինք կարողանում ուրվագծել համայնք հասկացության ամբողջական պատկերը, ապա այսօր իրադրությունը բոլորովին այլ է, ու մենք նույնիսկ ցուցաբերում ենք համայնքային բոլոր բարեփոխումները արագորեն իրականացնելու խիստ հավակնություններ, որը չափազանց գովելի է:
Ինչ վերաբերում է քառամյա զարգացման ծրագրերի իրագործմանը, ապա դրա պարտադրումը նախ եւ առաջ բացառապես պատկանում է տվյալ համայնքի ավագանուն եւ բնակիչներին. կունենանք ակտիվ համայնք, համայնքային կյանքում շահագրգիռ ներգրավվածություն ունեցող ազգաբնակչություն, կունենանք նաեւ իրենց կողմից ներկայացված քառամյա զարգացման ծրագրերն ամբողջությամբ իրականացնող համայնքների ղեկավարներ:
Կարծում եմ` ամեն ինչ առավել քան պարզ ու հասկանալի է: Ասեմ նաեւ, որ այս տարվանից ներդրվել է համայնքների ղեկավարների կողմից հանրությանը ներկայացվող հաշվետվությունների մի գործընթաց, որի շրջանակներում համայնքների ղեկավարները հիմնականում ներկայացնում են հիշյալ ռազմավարական ծրագրի կատարողականները:
Կարծում եմ, որ սա եւս մի քայլ է այս ճանապարհին, եւ առաջիկայում համանման խնդիրները կունենան որակապես բոլորովին նոր լուծումներ: Այս հարցում առանցքային եմ համարում բնակչության ակտիվությունը:
Արարատ – Որքա՞ն է Ձեր աշխատավարձը: Ի՞նչ բիզնեսներ ունեք: Խանութներ, ռեստորաններ, գործարաններ ունե՞ք: Որքա՞ն է կազմում Ձեր տարեկան եկամուտը:
Աշխատավարձս կազմում է 230000 դրամ: «Արմավտո» ԲԲԸ-ի բաժնետեր եմ: Տարեկան եկամուտներս սահմանված կարգով հայտարարագրում եմ Պետական եկամուտների կոմիտեում, այդտեղ թաքցնելու ոչինչ չկա:
Նորա - Ինչպիսի՞ն են Ձեր փոխհարաբերությունները համայնքների ղեկավարների հետ:
Շուրջ ինը տարվա շփումները հանգեցրել են ինչպես աշխատանքային, այնպես էլ մարդկային փոխհարաբերությունների, որն ընդամենը նպաստում է համատեղ աշխատանքի արդյունավետությանը:














Հունվար 17th, 2010 at 19:42
cavum em vor shat eq stum