Կոտայքի ՔԿԱԳ բաժիններում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների մասին իրազեկող նյութեր չկան
[ 2009/10/19 | 18:02 ]Կոտայքի մարզի Հրազդան եւ Եղվարդ քաղաքների Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) բաժնում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների մասին իրազեկող նյութեր չկան: ՔԿԱԳ բաժնի պետի ասելով, առաջինում` շենքի վթարայնության պատճառով, իսկ մյուսում` շենքը վերանորգելու:
«Մեզ համար քաղաքապետարանում տարածք է հատկացված, մի ամսից պետք է տեղափոխվենք»,- մեր դիտողությանն ի պատասխան` հայտնեց Հրազդան քաղաքի ՔԿԱԳ բաժնի պետ Վերոնիկա Նուրիջանյանը: Մեր այցելության օրից անցել է շուրջ երկու ամիս, սակայն բաժինը շարունակում է գործել նույն տեղում: Վ. Նուրիջանյանը հայտնեց, որ աղետալի վիճակում գտնվող Հրազդանի սպորտային համալիրի մի հատվածում տեղ զբաղեցնող ՔԿԱԳ տարածքային բաժինը, աշխատանքային պայմաններ չունենալուց բացի, հաճախակի կողոպուտների է ենթարկվում: «Մենք պատերին դիմումների ձեւերն ունեինք փակցված, գողերը ներս էին մտել, խզբզել էին վրան, պատռել, շաղ տվել հատակին: Այդ մասին զեկուցագիր եմ գրել քաղաքապետին ու ոստիկանությանը»,- հայտնեց ՔԿԱԳ Հրազդանի բաժնի պետը:
Վ. Նուրիջանյանը ստացել էր ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետ Հ. Նավասարդյանի` բաժնում հրապարակայնություն ապահովելու մասին 2009 թ. հուլիսի 30-ով թվագրված գրությունը, որում, սակայն, նշված չէր հրապարակման ենթակա փաստաթղթերի ցանկը: Մեր դիտողությանը, որ փակցված չէ անգամ գրանցման ենթակա ակտերի համար պահանջվող վճարի չափը, Վերոնիկա Նուրիջանյանը մատնացույց արեց իր աշխատասենյակում պատին փակցված թերթիկը, որը ծածկված էր ինչ-որ հուշանվերով եւ զգուշորեն այն հեռացրեց վրայից: Թերթիկի բովանդակությունը քաղաքացիներին անմատչելի էր ոչ միայն այն պատճառով, որ շարադրանքը մանր տառերով էր, այլ` որ բաժնի պետից բացի ոչ ոք չէր կարող երեւակայել, որ գրանցման ենթակա ակտերի համար սահմանված սակագների մասին տեղեկատվությունը հենց այդտեղ պետք է փակցված լիներ:
Չարենցավանի քաղաքապետարանի առաջին հարկում տեղ զբաղեցնող անհրապույր ու նեղլիկ սենյակներից մեկում տեղակայված ՔԿԱԳ բաժնի մասին իրազեկող միակ ցուցանակը բաժնի պետի անուն-ազգանվան ցուցանակն է: Բաժնի պետ Քրիստինե Գինոսյանը կանխում է հրապարակման ենթակա փաստաթղթերի վերաբերյալ մեր հարցերը` ասելով, որ իրենց մոտ ոչինչ պետք չէ փնտրել, իր զբաղեցրած պաշտոնի մասին վկայող ցուցանակն էլ չէր լինի, եթե այն չնվիրեին: Ք. Գինոսյանը հավաստիացնում է, որ վճարման ենթակա գումարի մասին իրենք քաղաքացիներին ծանուցում են` ցույց տալով գրանցամատյանը, սակայն զրույցի պահին բաժնի աշխատակցուհին քաղաքացու հարցին, թե որքան գումար պետք է վճարել տվյալ ակտի գրանցման համար` պատասխանեց. «3000 դրամ, կարող եք այստեղ վճարել»: Սակայն, այցելուն գերադասեց վճարումը բանկում կատարել:
Չնայած ավելորդ էր այլեւս բանկային հաշվեհամարը չփակցնելու վերաբերյալ նրան որեւէ հարց ուղղելը, սակայն բաժնի պետը վստահեցրեց, որ իրենց հաշվեհամարը կա բոլոր բանկերում, եւ բաժիններում փակցված չլինելը աշխատանքին ամենեւին չի խոչընդոտում: Նույն պատասխանը մեզ տվեցին նաեւ Կոտայքի մարզի բոլոր ՔԿԱԳ բաժինների պետերը, որոնք բոլորն էլ մեր այնտեղ գտնվելու պահին տեղում գանձումներ էին կատարում: Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարարի 27.03.1998 թ. թիվ 81 հրամանով այն պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվություն է: «Պետական տուրք գանձելիu անհրաժեշտ է տուրք վճարողներին տեղեկացնել համապատաuխան բանկային հաշիվների մաuին: Այդ նպատակով հանձնարարվում է ժողդատարանների, նոտարական գրաuենյակների եւ ՔԿԱԳ բաժինների կողմից զբաղեցրած շենքերի կամ շինությունների տեuանելի տեղերում փակցնել համապատաuխան հայտարարություն` ի գիտություն պետական տուրք վճարողների»:
Ք. Գինոսյանը կարծում է, որ սակագների մասին իրազեկող ցուցանակը, ինչպես նաեւ հրապարակայնությունն ապահովող մյուս փաստաթղթերը պետք է տրամադրի արդարադատության նախարարությունը, ինչպես արել է նոտարական ծառայությունների համար: Իրենց փակցրածը ցուցապաստառ չի կարող լինել, հետեւաբար, հազիվ թե այն քաղաքացիների ուշադրությունը գրավի:
Աբովյան քաղաքի ՔԿԱԳ բաժինը մարզում միակն էր, որտեղ դիմումների օրինակելի ձեւանմուշները, այդ թվում նաեւ գրանցման ենթակա ակտերի համար պահանջվող սակագները փակցված են, սակայն` օրենքից կատարված քաղվածքի տեսքով: Յուրաքանչյուր ակտի գրանցման համար նշված է «բազային տուրքի ՞-ապատիկի չափով», ինչպես սահմանված է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում, սակայն չի նշվում, որ նույն օրենքով Հայաստանի Հանրապետությունում բազային տուրքի չափ է սահմանվել 1000 դրամը: Աբովյանի ՔԿԱԳ բաժնի աշխատասենյակների դռներին բացակայում են նաեւ աշխատողների պաշտոնների եւ ազգանվան մասին հուշող ցուցանակները:
Այստեղ, ինչպես նաեւ մյուս բոլոր ՔԿԱԳ բաժիններում, նշում չկա այն մասին, որ ծննդյան վկայականը, որը գրանցման ենթակա ակտերում թվով ամենամեծն է, տրամադրվում է անվճար (մեր դիտարկումներով` ծննդյան վկայան տրամադրելու համար 2000-5000 դրամ են պահանջում):
Մարզի ՔԿԱԳ բաժիններից ոչ մեկում փակցված չեն քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պահանջվող փաստաթղթերի ցանկերը եւ դրանց ուժի մեջ գտնվելու ժամկետները: Աբովյան քաղաքի ՔԿԱԳ բաժնի պետ Վանինե Հովսեփյանը պատճառաբանում է, որ յուրաքանչուր քաղաքացիական կացության ակտի գրանցման համար պահանջվող փաստաթղթերի ցանկը ակտի գրանցման ժամանակ կարող է փոփոխվել: Այդ իսկ պատճառով դիմումատուներին բանավոր է ասվում, թե ինչ փաստաթղթեր են պահանջվում տվյալ ակտի գրանցման համար:
Ի մի բերելով Կոտայքի մարզում առկա 4 ՔԿԱԳ բաժիններում հրապարակայնություն ապահովող նյութերի առկայությունը` նշենք, որ դրանցից ոչ մեկում օրենքի պահանջները լիարժեք չեն պահպանվում` ոչ մի տեղ հրապարակված չէր բանկային հաշվեհամարը, որին պետք է փոխանցումներ կատարեն քաղաքացիները, չկան հանդիսությունների սրահներ, նշված չեն աշխատաժամերը եւ այլն:
Չմոռանանք այն մասին, որ նշված ՔԿԱԳ բաժինները, որոնք թեպետ տեղակայված են քաղաքներում եւ ներկայումս ենթարկվում են քաղաքապետարանին, իսկ աշխատակիցներն էլ ունեն համայնքային ծառայողի կարգավիճակ, սակայն սպասարկում են նաեւ շրջակա գյուղերին` նախկին շրջանային տարածքներով: Օրինակ` Եղվարդի ՔԿԱԳ տարածքային բաժինը Եղվարդ քաղաքից բացի սպասարկում է Նոր Հաճըն քաղաքը եւ 16 գյուղական համայնքներ: Սակայն, բաժնի աշխատաժամերի մասին ոչ մի նշում չկար: Նույնը վերաբերում է նաեւ Հրազդանի ու Չարենցավանի ՔԿԱԳ բաժիններին, որոնցից առաջինը սպասարկում է 10, իսկ երկրորդը` շրջակա 5 գյուղերի բնակիչներին:
Այս եւ հրապարակման ենթակա մյուս նյութերի բացակայությունը ՔԿԱԳ բաժնի պետ Արմենուհի Վարդանյանը բացատրեց Եղվարդի քաղաքապետարանում նոր ավարտված վերանորոգման աշխատանքներով: Նա եւ քաղաքապետարանի քարտուղար Վարդան Մուրադխանյանը խոստացան առաջիկայում լրացնել բացը: Սակայն Հրազդանի ու Չարենցավանի դեպքում այս երաշխիքը տվող չկա:
Ելնելով նրանից, որ ՔԿԱԳ բաժինների հետ քաղաքացիների շփումը բավականին հաճախակի է, եւ նախորդ տարիներին մեր կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բազմաթիվ ակտեր, օրինակ` երեխաների ծնունդները, ամուսնությունը եւ այլն, ժամանակին չգրանցելու պատճառներից մեկն էլ տեղեկատվության պակասն է` պահանջվող փաստաթղթերի, դրանց պիտանիության ժամկետների, վճարելիք գումարի չափի եւ բաժնի աշխատաժամերի վերաբերյալ, հետեւաբար, անհրաժեշտ է ոչ միայն ՔԿԱԳ բաժիններում փակցնել անհրաժեշտ տեղեկատվությունը, այլեւ տրամադրել համայնքապետարաններին: Դա զգալիորեն կկրճատի մարդկանց դրամական, ինչպես նաեւ ժամանակի կորուստը:
Նշենք, որ պահանջված փաստաթղթերը նրանք, հիմնականում, ձեռք են բերում նախկին շրջկենտրոններում գտնվող հիմնարկություններից եւ մի պարզունակ ակտ գրանցելու համար երբեմն հարկադրված են լինում մի քանի անգամ կրել ճանապարհի դժվարությունները (նկատի ունենանք, որ գյուղական բնակավայրերից շատերը հասարակական տրանսպորտ չունեն):
Սաթենիկ Մակարյան











