Նվեր Պողոսյան. «Անձամբ ես Սեւանի ափին տարածք չունեմ»
[ 2009/12/21 | 17:00 ]
Ընթերցողների հարցերին պատասխանում է Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը
Արմեն -Պարոն մարզպետ, Գեղարքունիքի մարզը /Սեւանի ավազանը/ նախկինում խաղային սպորտաձեւերի շատ մեծ ավանդույթներ է ունեցել, գրեթե բոլոր քաղաքները ունեցել են ֆուտբոլային թիմեր եւ հաջողությամբ հանդես են եկել, թե ՍՀՄ, թե ՀՀ տարբեր առաջնություններում:Վերջին տարիներին մարզում , մասնավորապես ֆուտբոլի զարգացման հետ կապված լրիվ «մեռած» վիճակ է: Դուք, որպես մարզի զարգացմամբ մտահոգված անձ, որեւէ քայլ, վերջապես, ձեռնարկելո՞ւ եք այդ ուղղությամբ: Մեր մարզում վերջապես մի նորմալ մարզադաշտ լինելո՞ւ է եւ մենք , վերջապես ՀՀ ֆուտբոլի մեծահասակների առաջնությունում ակումբ ունենալո՞ւ ենք, թե ոչ:
Ասեմ, որ թե բարոյական եւ թե նյութական իմաստով ես լուրջ ուշադրության եմ արժանացնում բոլոր մարզաձեւերի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերող մարզիկներին: Ինձ համար մեծ պատիվ է Գեղարքունիքի մարզի յուրաքանչյուր մասնակցի գրանցած առաջընթացը, քանզի ես ինքս էլ լինելով նախկին մարզիկ, լավ եմ պատկերացնում թե ինչ դժվարությունների գնով կարելի է հաղթանակ ձեռք բերել: Վերջին տարիներին մեր մարզիկները հանրապետական եւ միջազգային առաջնություններում լուրջ հաջողություններ են արձանագրել:
Դրա վառ վկայություններն են բռնցքամարտ, ծանրամարտ, բազկամարտ, քինգ-բոքսինգ, վոլեյբոլ, բասկետբոլ եւ էլի ուրիշ մարզաձեւերում արձանագրված հաղթանակները: Մարզադաշտերի հետ կապված, ասեմ, որ Վարդենիս, Մարտունի եւ Լճաշեն համայնքներում ունենք մարզադաշտեր եւ 2 տասնյակի չափ խաղադաշտեր կան մարզի ամենատարբեր համայնքներում, ուր կարող են մարզվել մեր մարզիկները:
Ունենք նաեւ ֆուտբոլի երիտասարդական Մարտունու «Ալաշկերտ» թիմը, որը խաղում է Հայաստանի հանրապետության առաջնությունում: Իսկ ինչ վերաբերում է ֆուտբոլի Հայաստանի մեծահասակների առաջնության մասնակցությանը, ասեմ, որ մարզպետարանը չունի նման հնարավորություններ, քանի որ դուք էլ քաջ գիտեք, որ Հայաստանի հանրապետություն առաջնությանը մասնակցող թիմերի համար ներդրվում են հզոր ֆինանսական միջոցներ:
Գագո -Ի՞նչ կասեք երեխաների պաշտպանության ոլորտի վերաբերյալ: Ի՞նչ աշխատանքներ եք տանում ոլորտի բարելավման ուղղությամբ եւ արդյո՞ք ձեռնարկում եք միջոցներ ավելի ակտիվ ու արդյունավետ գործելու համար: նդրում եմ կոնկրետ ներկայացնեք ծրագրերը, որոնք իրականացվում են Ձեր մարզում:
Դեռեւս 2006 թվականից Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմում գործում է երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը, որը համագործակցում է մարզի ոստիկանության անչափահասների հարցերով զբաղվող բաժինների, համայնքապետարաններում գործող խնամակալության, հոգաբարձության հանձնաժողովների, հասարակական կազմակերպությունների հետ: Բաժնի աշխատակիցները մարզի տարածքներում հայտնաբերում եւ կենտրոնական հաշվառման են ուղարկում ծնողական խնամքից, կրթությունից դուրս մնացած, թափառաշրջիկ, մուրացիկ երեխաներ: Իրականացվում է հատուկ ուսուցման կարիք ունեցող երեխաների հայտնաբերման եւ համապատասխան դպրոց տեղափոխելու ծրագիրը: Ասեմ նաեւ, որ բաժինը համագործակցում է ՀՕՖ-ի գրասենյակի հետ, որի արդյունքում մարզում ներդրվել է կանխարգելում ծրագիրը: Վերջինիս նպատակն է կասեցնել երեխաներին մանկատներ տանելու ծնողի մտադրությունը: Ընթացքի մեջ է նաեւ մանկատների բեռնաթափման ծրագիրը, որի արդյունքում Գավառի մանկատնից 9 երեխաներ տեղափոխվել են մարզի տարբեր տարածքների 8 ընտանիքներ: Բաժինն աջակցում է մարզի տարածքում իրականացվող որդեգրումներին, զբաղվում է թրաֆիքինգի եւ գենդերային հիմնախնդիրներին վերաբերող հարցերով: Իսկ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում հնարավոր է լինում օգնել սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքների երեխաներին: Կազմակերպվում է նաեւ այդ երեխաների ամառային հանգիստը տարբեր ճամբարներում: Մարզպետարանի աջակցությամբ արվում է հնարավորը` մարզում թափառող, մուրացիկ, ծնողական խնամքից եւ կրթությունից դուս մնացած երեխաների թիվը նվազեցնելու, ստեղծված արտակարգ իրավիճակները մեղմելու եւ աջակցության կարիք ունեցող երեխաներին ուշադրությունից դուրս չթողնելու ուղղությամբ:
Խնդրում եմ Ձեր պաշտոնական արձագանքը «Չորրորդ իշխանություն» թերթում վերջերս հրատարակված` «Թալանում են եղբայրաբար» հոդվածին: Հոդվածը բացահայտում է, որ փոխմարզպետ Արտուշ Ղուկասյանը թեեւ մարզպետարանի ամենաչսիրված, հովանավորչական, ընդգծված քաղաքականությամբ աչքի ընկնող, կոռուպցիայի մեջ թաթախված ու բարոյական վատ նկարագիր ունեցող անձ է: Նրա նկարագիրը ստվեր է գցում Գեղարքունիքի մարզպետարանի վրա: Դա Ձեզ չի՞ անհանգստացնում:
Գիտեք ինչ, եթե որեւէ համակարգի ենթակա աշխատող իր ղեկավարին չի ընդունում, դա դեռ չի նշանակում, թե տվյալ ղեկավարը վատն է, կամ թերանում է իր լիազորությունների կատարման մեջ: Իսկ ինչ վերաբերում է հոդվածում մեջ բերված փաստերին, ապա ասեմ ձեզ, որ, եթե համոզված լինեի դրանցում` կանհանգստանայի:
Արման – Ի՞նչ արտադրամասեր են գործում ձեր մարզում: Ի՞նչ եք անում դուք դրանց աջակցելու համար:
Միակ խոշոր արտադրական ձեռնարկությունը, որ կա մեր մարզում, դա Սոտքի ոսկու հանքն է , որտեղ շոշափելի թվով մարդիկ են աշխատում: Իսկ ընդհանրապես մարզի տարբեր տարածքներում գործում են լիմոնադի, ջրի, չիչխանի գինու արտադրամասեր, 2 ձկնաբուծարան, տորֆի հանքը, մոտ 2 տասնյակի հասնող տեղական բազալտ քարի եւ շինարարական ավազի արտադրամասեր, ասֆալտգործարաններ, կաթի վերամշակման եւ ընդունման արտադրամասեր, հրուշակեղենի փոքրիկ արտադրամասեր, որոնք ցավոք իրենց գործարկմամբ շատ քիչ աշխատատեղերի խնդիր են լուծում:
Մենք, մեր լիազորությունների եւ հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անում ենք նպաստելու ձեռներեցության զարգացմանը մարզում: ՓՄԶ ԶՄ -ի հետ ունեցած համագործակցության եւ գործող տարածքային հանձնաժողովի միջոցով մենք քննարկման ենք դնում սկսնակ ձեռներեցների ներկայացրած ծրագրերը եւ դրանք հավանության արժանացնելու դեպքում աջակցում ենք նրանց ծրագրերի իրականացման համար:











