Նվեր Պողոսյան. «Անձամբ ես Սեւանի ափին տարածք չունեմ»
[ 2009/12/14 | 17:20 ]
Ընթերցողների հարցերին պատասխանում է Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը
Կարեն – Պարոն Պողոսյան, երեւի Գեղարքունիքի մարզը միակն է, որտեղ տարածքային անհամաչափ զարգացումն ակնառու է: Նույն աղքատության մեջ էին գեղարքունիքցիները 10 տարի առաջ, նույն վիճակն է նաեւ այսօր: Հատկապես Ճամբարակի տարածաշրջանում մարդիկ դեռեւս ապրում են միջնադարի կենցաղով: Բնակչության ներկայիս կենսամակարդակը ձեզ ոչինչ չի ասո՞ւմ:
Թույլ տվեք չկիսել ձեր կարծիքը: Քանի որ 10 տարի առաջ այլ էին մարդկանց կենսապայմանները, եւ դրանք այլ են այսօր: Վերջին տարիներին սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված խոշոր ծրագրեր են իրականացվել մարզի զգալի թվով համայնքներում: Դրանք ընդգրկել են ճանապարհաշինության, դպրոցաշինության, խմելու ջրագծերի վերանորոգման եւ կառուցման, գյուղատնտեսության, հանքահումքային արդյունաբերության եւ այլ ոլորտները:
Եվ թեկուզ այն փաստը, որ Գեղարքունիքի մարզի համայնքների 70%-ն այսօր գազիֆիկացված է, համեմատական եզրեր չունի 10 տարի առաջվա իրավիճակի հետ: Ինչ վերաբերում է Ճամբարակի տարածքին, ապա այն զարգացում եւ առաջընթաց չի ապրել նույնիսկ խորհրդային տարիներին: Այս տարածքում հատկապես սրությամբ դրված է բնակարանային խնդիրը, քանի որ արծվաշենցի տեղահանվածները հիմնականում տեղավորված են մալականների` ավելի քան երկուդարյա վաղեմություն ունեցող տնակներում, որոնք կորցրել են իրենց շահագործման պիտանելիությունը: Իսկ որոշ բնակարաններ էլ ժամանակին տուժել են հրետակոծությունից:
Բնակչության եկամտի հիմնական աղբյուրը Ճամբարակի տարածքում, ինչպես եւ մարզի մնացած տարածքներում, հողագործությունն ու անասնապահությունն են, որոնց զարգացման համար խոշոր ներդրումներ են անհրաժեշտ:
Այսքանով հանդերձ, վերջին երկու տարիների ընթացքում Ճամբարակում եւ դրա տարածքի համայնքներում պետական բյուջեի, «ՎիվաՍելի», «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի, «Շեն» բարեգործական ՀԿ-ի եւ միջազգային այլ դոնոր կազմակերպությունների կողմից ներդրված մոտ 2 մլրդ դրամի շրջանակներում իրականացվել են սոցիալ-տնտեսական նշանակության բազմապիսի ծրագրեր:
Օրինակ` Ճամբարակ, Թթուջուր, Անտառամեջ, Ջիլ, Ձորավանք, Վահան, Գետիկ, Աղբերք, Շորժա, Դրախտիկ, Այգուտ, Մարտունի համայնքներում իրականացվել են գազիֆիկացման, դպրոցական շենքերի, համայնքային եւ հանրապետական նշանակության ճանապարհների, խմելու եւ ոռոգման ջրագծերի վերանորոգման, գյուղտեխնիկայի ձեռքբերման, մարզադպրոցների, մանկապարտեզների, համայնքապետարանների, անասնաբուժական լաբորատորիայի վերանորոգման ծրագրեր: Ասեմ նաեւ, որ մարզի զարգացման ծրագրով այս տարածաշրջանի համար նոր ծրագրեր եւս նախատեսված են իրականացնել 2010-ին: Միայն ֆինանսական հնարավորությունները թույլ տան:
Արարատ – Գեղարքունիքի մարզը Հայաստանի ամենաաղքատ մարզերից մեկն է: Ինչո՞վ եք դա բացատրում:
Ի տարբերություն հանրապետության որոշ մարզերի, Գեղարքունիքի մարզի բնակչության եկամտի հիմնական աղբյուրներն են` գյուղատնտեսությունը, անասնապահությունը, առեւտուրը, արտագնա աշխատանքը եւ հանրային ծառայությունները: Մարզում չկան արդյունաբերական այնպիսի խոշոր ձեռնարկություններ, որոնցում ներգրավված լինի բանվորական հզոր ներուժ:
Իսկ գյուղատնտեսությունն էլ հիմնականում հենված է կարտոֆիլագործության վրա, որի իրացման հետ կապված` հաճախ են խնդիրներ ի հայտ գալիս: Գեղարքունիքի մարզում գարունը շատ ուշ է գալիս, իսկ ձմեռն էլ, կարելի է ասել, սկսվում է նոյեմբեր ամսից:
Այդ կարճ ժամանակահատվածն էլ, որ կոչվում է ամառ, հաճախ անկանխատեսելի դժվարություններ է ստեղծում եւ գյուղատնտեսության եւ անասնապահության ոլորտներում: Բացի այդ, մենք ժառանգել ենք թույլ ենթակառուցվածքներ, որոնց զարգացման համար դեռ տեւական ժամանակ ու հսկայական ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ:
Հատկապես անմխիթար վիճակում են գտնվում մարզային ու համայնքային նշանակության ճանապարհները, խմելու եւ ոռոգման ջրագծերի ներքին ցանցերը: Այսքանով հանդերձ, հարկ եմ համարում ասել, որ Գեղարքունիքի մարզում այսօր ակնառու տարբերություն կա` կապված համայնքների սեփական եկամուտների հավաքագրման հետ:
Եթե երկու տարի առաջ մարզում այդ ցուցանիշը տարեկան կտրվածքով կազմում էր մոտավորապես 42%, ապա այս տարի 11 ամիսների կտրվածքով այն հասնում է ավելի քան 90% -ի: Սա արդեն իսկ խոսում է մարզում սոցիալական լարվածության մեղմացման մասին:
Ե՞րբ է նորոգվելու Գավառ-Կարմիր ճանապարհահատվածը: Մարդկանց ավտոմեքենաները ջարդուփշուր են լինում այդ ճանապարհների վրա: Ինչ-որ մեկը պատասխանատվություն կրելու՞ է դրա համար:
Նորատուս-Արծվաքար-Գավառ-Կարմիրգյուղ շուրջ 9,2 կմ (որից մոտ 4,5 կմ-ը բաժին է հասնում Գավառ-Կարմիրգյուղ հատվածին) ճանապարհի հիմնանորոգումը դեռեւս 2005 թ.-ից ներառված էր «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում: Այս ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2008 թ.-ի սեպտեմբերից, սակայն 2009 թ.-ի հունիսից ծրագրի ֆինանսավորումը դադարեցվեց: Խնդրի առնչությամբ դիմել ենք Կառավարությանը: Ֆինանսական միջոցների առկայության դեպքում թերի մնացած աշխատանքները կվերսկսվեն:
Ռուզան – Սեւանի ափամերձ տարածքներն ամբողջովին զավթել են պաշտոնյաները: Դուք ունե՞ք տարածք Սեւանի ափին:
Անձամբ ես Սեւանի ափին տարածք չունեմ: Սակայն որդիս դեռեւս 2004 թ.-ին, վարձակալությամբ, կառուցապատման իրավունքով Սեւանի ափին տարածք է ձեռք բերել: Կառուցապատումն իրականացվել է գործող քաղաքաշինական նորմերին համապատասխան:
2009 թ. ընթացքում մասնակցե՞լ եք Գեղարքունիքի մարզի համայնքներից որեւէ մեկում հրավիրված ավագանու նիստի: Եթե այո, ապա ո՞ր համայնքում:
2009 թ. հունիսի 19-ին Սեւանի քաղաքապետարանում մասնակցել եմ ավագանու հրավիրած հերթական նիստին: Նույն ժամանակահատվածում Վարդենիսի տարածքի Փոքր Մասրիկ համայնքի ավագանու անդամներին հրավիրել եմ մարզպետարան` համայնքում առկա մի քանի հրատապ խնդիրների պարզաբանման եւ լուծման նպատակով:
Իմ հանձնարարությամբ իմ տեղակալները եւ մարզպետարանի մի քանի ստորաբաժանումների ղեկավարներ մասնակցել են Սոտք, Գեղամասար, Ակունք եւ Վահան համայնքներում հրավիրված ավագանու նիստերին: Մասնակցել եմ նաեւ մարզի քաղաքային 5 համայնքների ղեկավարների եւ ավագանիների աշխատանքային գործունեության տարեկան հաշվետվությունների ներկայացմանը:
Նարեկ – Պարոն մարզպետ, Գեղարքունիքի մարզի համայնքներն ունե՞ն զարգացման ծրագրեր: Այնպիսի տպավորություն է, որ համայնքապետերն աշխատում են ոչ թե ծրագրով, այլ օրվա գրաֆիկով: Վառ օրինակ է Վարդենիս քաղաքը, որտեղ վերջին մի քանի տարիների ընթացքում ոչ մի դրական տեղաշարժ չի նկատվում:
«ՏԻՄ մասին» օրենքի համաձայն` համայնքի ղեկավարի ընտրությունից հետո մեկամսյա ժամկետում համայնքի ղեկավարը համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը:
Վարդենիս համայնքի ղեկավարն իր ընտրությունից հետո մարզպետարան է ներկայացրել Վարդենիս քաղաքի ավագանու 2009 թ. ապրիլի 28-ի թիվ 20-Ն որոշմամբ հաստատված 2009-12 թթ. սոցիալ-տնտեսական զարգացման քառամյա ծրագիրը:
Ինչ վերաբերում է Վարդենիսին, ինչպես եւ մարզի զգալի թվով համայնքներին, կապված ֆինանսական ճգնաժամի հետ` առաջընթացը դանդաղորեն է արձանագրվում: Օրինակ` 2009 թ.-ի պետական բյուջեից տրամադրված 264 մլն դրամի շրջանակներում հիմնանորոգվել է Վարդենիս քաղաքի հիվանդանոց տանող ճանապարհը, 87մլն 200 հազար դրամի շրջանակներում հիմնանորոգվել է Վարդենիսի թիվ 2 միջնակարգ դպրոցը:
«Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի շրջանակներում կատարվել են Վարդենիսի կենտրոնական մարզադաշտի ներսի եւ դրսի տարածքների բարեկարգման եւ օժանդակ այլ աշխատանքներ: Հարկ եմ համարում նշել նաեւ, որ Ասիական զարգացման բանկի ու Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ Վարդենիսի տարածքի ավելի քան 15 համայնքներում միայն 2009 թ.-ին կատարվել են մոտ 40 կմ երկարությամբ ասֆալտապատման աշխատանքներ:
շարունակելի
Պատրաստեց` Գրիշա Բալասանյանը












Դեկտեմբեր 16th, 2009 at 01:28
Miyevnuyn e paron marzpete aydpes el hstak patasxan chi tvel te kan ardyok patasxanatuner Gavar Karmir tshanaparhi hamar, yete jardupshur e linum mekenad… vonts vor karavarutyan nisti jamanak en jur tsetsum, nuyn dzevi el mardkants hartserin patasxanelis… Ayn paste vor Նորատուս-Արծվաքար-Գավառ-Կարմիրգյուղ շուրջ 9,2 կմ (որից մոտ 4,5 կմ-ը բաժին է հասնում Գավառ-Կարմիրգյուղ հատվածին) ճանապարհի հիմնանորոգումը դեռեւս 2005 թ.-ից ներառված էր «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում: Այս ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2008 թ.-ի սեպտեմբերից, սակայն 2009 թ.-ի հունիսից ծրագրի ֆինանսավորումը դադարեցվեց arden talis e tvyal marzpeti ashxatanki gnahatakane… u aydpes el jur tsetselov aprum enk…
Դեկտեմբեր 16th, 2009 at 04:30
Ba um anunov a dzevakerpvats?
Դեկտեմբեր 16th, 2009 at 14:14
Not good,sir ….. Not at all …..