«Չքավոր մարդկանց` աղբանոցներում հայտնվելու համար պատասխանատու են հասարակության բոլոր շերտերը, եւ առաջին հերթին` ղեկավարությունը»
[ 2010/02/01 | 17:08 ]
Ընթերցողների հարցերին պատասխանում է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը
Արմեն Ավետիսյան – Պարոն մարզպետ, այցելելով մարզկենտրոն Աշտարակ` այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ քաղաքապետ Գագիկ Թամազյանն իրեն լիովին անվերահսկելի է զգում: Քաղաքում ամենուր կատարվում է բացօթյա առեւտուր, քաղաքապետարան մտնելու համար գործում է ոստիկանական խստացված ռեժիմ եւ այլն: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում քաղաքապետին կարգի հրավիրելու համար:
Աշտարակի քաղաքապետի հետ իմ աշխատանքները տարվում են նույն ձեւաչափով, ինչ մարզի մյուս բոլոր համայնքապետերի հետ, եւ այստեղ կարգի հրավիրելու խնդիր ես չեմ տեսնում: Հարցում բարձրացված խնդիրներին մեր կողմից, իհարկե, ընթացքում անդրադարձ եղել է: Սակայն այդ առթիվ մեկ անգամ եւս քննարկում արեցինք քաղաքապետի հետ: Ըստ նրա` այդ ուղղությամբ իրենք բավականին գործնական քայլեր արել են, սակայն խնդիրը դեռեւս առկա է: Նա խոստացավ, որ իրենց կողմից միջոցներ կձեռնարկվեն կարճ ժամանակում բացօթյա առեւտուրը լիովին բացառելու համար: Իսկ քաղաքապետարանում ոստիկանական պահպանության կապակցությամբ ասեմ, որ այդ ծառայությունն այնտեղ իրականացնում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչության Աշտարակի ստորաբաժանումը, որի հետ կնքած պայմանագիրը լրանում է մարտ ամսին: Քաղաքապետի հավաստիացմամբ` այդ ժամկետը լրանալուց հետո իրենք նոր պայմանագիր այլեւս չեն կնքի:
Ն. Գալստյան – Աշտարակում ջրամատակարարումը գտնվում է սարսափելի վատ վիճակում: Չկա խմելու ջրի ժամանակացույց, եթե կա` խնդրում եմ ասեք: Երբեմն ջրի ճնշման բացակայության պատճառով հնարավոր չէ գործածել ջեռոցները: Ջրի որակի մասին խոսք անգամ լինել չի կարող: Ծորակից ջրի հետ հոսում է մամուռ, տարատեսակ կենդանիներ եւ այլն: Որպես մարզպետ ի՞նչ եք անում վիճակը բարելավելու համար: Արդյո՞ք տեղյակ եք խնդիրներին, եւ ի՞նչ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում: Նաեւ չեմ ուզում բաց թողնել Աշտարակի ձախ ափի ոռոգման ջրի հարցը: Տարիներ առաջ «Փրկեք երեխաներին» կազմակերպությունը դրամաշնորհ էր տվել Աշտարակի այդ մասի ոռոգման համակարգը նորոգելու համար: Որոշ աշխատանքներ կատարվեցին, բայց համակարգն այդպես էլ չգործեց, գումարներն էլ փոշիացվեցին: Գաղտնիք չէ նաեւ, որ բնակիչները խմելու ջուրն օգտագործում են ոռոգման նպատակներով: Համաձայնեք, որ մեր օրերում մեծ ճոխություն է` հաշվի առնելով բնապահպանական խնդիրները: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում այս ուղղությամբ:
Իսկապես, դեռեւս չենք հասել նրան, որ Աշտարակ քաղաքը շուրջօրյա ջուր ունենա: Այստեղ ջրամատակարարումն իրականացվում է հաստատված գրաֆիկով: Ելնելով ներհամայնքային ջրամատակարարման համակարգի տեխնիկական հնարավորություններից` այն տարբեր փողոցներում իրականացվում է տարբեր գրաֆիկներով` օրական երկու անգամ, յուրաքանչյուրը երկժամյա տեւողությամբ: Կատարվում է խմելու ջրի ամենօրյա վարակազերծում, իսկ տեղամասում գործող լաբորատորիան իրականացնում է ամենօրյա հսկողություն մատակարարվող ջրի որակի ապահովման ուղղությամբ: Այնպես որ, ջրի ճնշումը ամբողջ քաղաքում բավարար է, իսկ աղտոտումը բացառվում է: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա «Փրկեք երեխաներին» կազմակերպության եւ համայնքի համաֆինանսավորմամբ կառուցվել է Աշտարակի Բագավան թաղամասից մինչեւ Երեւանյան խճուղի փակ ոռոգման ջրամատակարարման համակարգ` պողպատյա խողովակներով: Համակարգը շահագործման եւ սպասարկման համար հանձնվել է Աշտարակ ՋՕԸ-ին: Այն ներկայումս էլ գործում է, սակայն` ոչ լիարժեք, որի պատճառը, իմ կարծիքով, ավելի շատ բնակիչների ոչ ակտիվ լինելն է, որովհետեւ նրանք առ այսօր չեն ցանկանում ոռոգման ջրամատակարարման համար պայմանագիր կնքել ՋՕԸ-ի հետ:
Հայ մարդ – Արագածոտնի մարզպետարանի կայքէջը գտնվում է անմխիթար վիճակում: Ե՞րբ եք ունենալու նորմալ կայք:
Արագածոտնի մարզպետարանի aragatsotn.region.am էլեկտրոնային կայքը ստեղծվել է 2004 թվականին: Կայքը գործում է այն հնարավորությունների սահմաններում, ինչ որ թույլ է տալիս ներկայիս ծրագրային ապահովումը: Մարզի սոցիալ-տնտեսական նկարագիրը ներկայացնելուց բացի, կայքում տեղ են գտնում մարզի եւ մարզպետարանի գործունեության մասին պատմող նորությունները, մարզպետի որոշումներն ու կարգադրությունները, աշխատակազմի ղեկավարի հրամանները, համայնքների ղեկավարների ու ավագանիների որոշումները, մարզպետի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, համայնքապետերի տարեկան եւ եռամսյակային հաշվետվությունները, մարզի եւ համայնքների բյուջեները: Կայքում մանրամասնորեն ներկայացվում են քաղաքացիների ընդունելությունների, պաշտոնական հանդիպումների, մարզի ղեկավարության մոտ տեղի ունեցող խորհրդակցությունների մասին պատմող նյութերը: Կայքի այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու նաեւ մարզի ղեկավարների, մարզպետարանի վարչությունների եւ բաժինների պետերի կենսագրական տվյալներին, տեղեկություններ ստանալու աշխատակազմի բոլոր աշխատակիցների, ինչպես նաեւ համայնքների ղեկավարների մասին: Ներկայացվող բոլոր նյութերը թարմացվում են յուրաքանչյուր փոփոխության դեպքում` ըստ անհրաժեշտության: Իսկ եթե ինչ-որ բան այնպես չի ստացվում, կրկնում եմ, այդպիսին են այսօր ծրագրի ընձեռած հնարավորությունները:
Հայ մարդ – Արդյոք ունե՞ք մարզի զարգացման ռազմավարություն: Որտե՞ղ կարող ենք այն գտնել:
Մարզի զարգացման ռազմավարությունն ամբողջովին ամփոփված է մարզի սոցիալ-տնտեսական զարգացման 2011-2014 թթ. քառամյա ծրագրի մեջ, որը կազմվել եւ ներկայացվել է ՀՀ Կառավարություն: Այն կհաստատվի 2010 թվականին: Ծրագրի կազմման համար մարզպետի կարգադրությամբ ստեղծվել են ոլորտային խմբեր, որի մեջ ընդգրկվել են ինչպես մարզպետարանի պատասխանատուները, այնպես էլ համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչները: Ծրագրով նախատեսված է 4 տարվա ընթացքում մարզում կատարել 47 միլիարդ 365.0 միլիոն դրամի ներդրումներ: Դրանք ընդգրկելու են մարզի տնտեսական եւ սոցիալական բոլոր ոլորտները: Մարզի սոցիալ-տնտեսական զարգացման քառամյա ծրագրի նախագիծը տեղադրված է մարզպետարանի ինտերնետային էջում, որտեղ էլ հանրությունը կարող է ծանոթանալ այդ փաստաթղթին եւ, բնականաբար, կատարել իր առաջարկությունները:
Ուշեցի - Հնարավո՞ր է, արդյոք, որ Արագածոտնի մարզը ունենա իր սեփական ոստիկանությունը եւ ոչ թե լինի Հայաստանի ոստիկանության մի բաժինը: Ինչպես գիտեք, գյուղերում չկան ոստիկանական բաժիններ, եթե այնտեղ միջամտության անհրաժեշտություն է լինում:
Հարցում բարձրացված խնդիրը վերաբերում է ոստիկանության տեղամասային տեսուչների աշխատանքին, որը մեր երկրում կանոնակարգվում է ՀՀ Կառավարության 18.06.06 թ. թիվ 1233-Ն «ՀՀ ոստիկանությունում տեղամասային տեսուչների աշխատանքների կազմակերպման կարգը հաստատելու մասին» որոշմամբ: Համաձայն այդ որոշման` տեղամասային տեսուչները ամրակցվում են համապատասխան բնակավայրերին` հաշվի առնելով դրանց բնակչության թիվը: Նրանք կոչված են իրենց կցված վարչական տարածքներում իրագործելու հասարակական կարգի պահպանությունը, հասարակության անվտանգության ապահովումը, ինչպես նաեւ հանցագործության դեմ պայքարը: Ըստ այդմ, մեր մարզում յուրաքանչյուր բնակավայր ունի իր տարածքը սպասարկող տեղամասային տեսուչը: Կարծում եմ` եղած հնարավորությունները լիովին բավարար են գյուղական բնակավայրերում հասարակական կարգի պահպանությունն ու ոստիկանության առջեւ դրված մյուս խնդիրները կարգավորելու համար:
Հայկ - Պարոն Սահակյան, հանրային միջոցառումների ժամանակ գրեթե միշտ ձեզ ուղեկցում է մարզից ընտրված պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Մի քանի ամիս առաջ էլ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ լարված հարաբերություններ ունեք մարզից ընտրված մեկ այլ պատգամավոր Խաչիկ Մանուկյանի հետ: Արդյո՞ք այդպես է: Եթե ոչ, ապա ինչու՞ Խաչիկ Մանուկյանը չի մասնակցում ձեր մասնակցությամբ եւ ոչ մի միջոցառման:
Թե մարզում եւ թե հանրապետությունում ես ընդհանրապես ոչ մեկի հետ խնդիրներ չունեմ: Առավել եւս, եթե նրանք պետական պաշտոնյաներ են եւ կոչված են ծառայելու նույն նպատակներին, ինչին որ ես: Անդրադառնալով Լյովա Խաչատրյանին` ասեմ, որ նա առանձնակի պատասխանատվություն ունի իր ընտրողների հանդեպ եւ հնարավորինս փորձում է իր ուժերի ներածին չափով օգտակար լինել նրանց: Ուստիեւ, նա անմասն չի մնում իր ընտրատարածքում իրականացվող սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանը եւ տարբեր միջոցառումներին մասնակցելուց: Ես պատրաստ եմ բոլոր շահագրգիռ անձանց եւ կազմակերպությունների հետ համագործակցել, մանավանդ, եթե հարցը մարզի զարգացմանն է վերաբերում:
Սասունցի – Պարոն մարզպետ, ամոթ եմ զգում, երբ ամեն անգամ ճանապարհով անցնելիս նկատում եմ Սասունիկ գյուղի աղբանոցում ինչ-որ բաներ քչփորող մարդկանց: Մոտ 20 տղամարդ իրենց ամենօրյա աշխատավայրը համարում են այդ աղբանոցը: Մի՞թե դժվար է 20 հոգու կարիքները բավարարելը, որպեսզի աղբանոցից հաց կամ ապակյա տարաներ հավաքելով չապրեն: Համոզված եմ, որ չեք եղել այդ աղբանոցում ու ձեր աչքով չեք տեսել, թե ինչ է կատարվում այնտեղ:
Ոչ միայն մեզ մոտ, այլեւ ցանկացած երկրում աղբանոցներում չքավոր մարդկանց հայտնվելն ինքնին անընդունելի ու պախարակելի երեւույթ է, որի համար պատասխանատու են հասարակության բոլոր շերտերը, եւ առաջին հերթին` ղեկավարությունը: Ինչ վերաբերում է Սասունիկի աղբավայրին, ապա այն` իբրեւ այդպիսին, ծառայում է ոչ միայն մեր մարզկենտրոն Աշտարակ քաղաքին, այլեւ Երեւանին ու հարակից բնակավայրերին: Ասեմ, որ այնտեղ, իսկապես, մշտապես մարդկանց որոշակի խմբեր են լինում, որի մասին, ի դեպ, մենք անտեղյակ չենք: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նրանք ոչ միայն մեր մարզի բնակիչներն են, այլեւ գալիս են թե հարեւան մարզերից, թե անգամ Երեւանից: Իսկ մեր մարզից աղբավայրում երբեմն լինում են Սասունիկ համայնքի որոշ բնակիչներ, ովքեր, համայնքապետի տեղեկացմամբ, այդ տարածքից անասնակեր են հայթայթում իրենց խոզերի համար: Ասեմ, որ մարզի խիստ չքավոր բնակիչների իրավիճակը մեր կողմից, ընդհանուր առմամբ, վերահսկելի է: Նրանցից շատերի սոցիալ-կենցաղային, տնտեսական, առողջական, ինչու չէ` նաեւ աշխատանքային ու այլ խնդիրներ լուծվում են քաղաքացիների ընդունելությունների օրերին` նրանց այցելությունների ժամանակ:
Հայ մարդ – Պարոն մարզպետ, գաղտնիք չէ, որ Սասունիկ գյուղի մոտակայքում գտնվող աղբանոցի ծուխը խիստ վնասակար ազդեցություն ունի մարդկանց համար: Հատկապես պլաստիկ իրերի հրկիզումից առաջացած ծուխը կանցերոգեն է: Այն պատճառ է դառնում մարդկանց քաղցկեղով հիվանդանալուն: Մտահոգություն եմ հայտնում, Սասունիկ եւ Նարեկ գյուղերի համար: Քամու արագության դեպքում նույնիսկ տանը նստած մարդիկ շնչում են այդ խիստ վնասակար ծուխը: Այս խնդրին լուծում տալու համար որպես մարզպետ ի՞նչ եք անում: Արդյո՞ք պատասխանատվություն կրում եք մոտակայքում բնակվող մարդկանց առողջության համար: Աղբանոցի մոտակայքի բնակչությունն օգտվու՞մ է որոշակի առողջապահական արտոնություններից:
Հարցն, իսկապես, մտահոգիչ է: Ցավոք, այն մշտապես առկա է եղել, սակայն դրա լուծումը, փաստորեն, օրակարգի հարց դեռեւս չի դարձել: Ասեմ, որ Սասունիկ համայնքին հարող այդ տարածքը, որը դեռեւս խորհրդային տարիներից ծառայում է իբրեւ աղբավայր, անհրաժեշտ չափով կտրվածություն ունի բնակելի հատվածից, եւ պահպանված են աղբավայրի համար սահմանված չափանիշները: Սակայն այդ ամենը, փաստորեն, բավարար չէ բնապահպանական առումով: Հայտնի է, որ մեր հանրապետությունում դեռեւս չի իրականացվում աղբի վերամշակում: Ուստի, ինչպես այլ վայրերում, Սասունիկի աղբավայրում եւս կատարվում է աղբի այրում, որը, ցավոք, իր հետ բերում է անցանկալի հետեւանքներ: Սակայն այսօր հնարավորությունը դա է, եւ հարցի լուծումը, իմ կարծիքով, պայմանավորված է հենց աղբի վերամշակման ծրագրի իրականացմամբ: Կարծում եմ` առաջիկայում մեր գործունեության մեջ առաջնահերթորեն կանդրադառնանք այդ խնդրին:
Լիկա - Երբեւէ կաշառք վերցրե՞լ եք:
Ոչ:
Վահրամ – Ըստ ձեզ` ի՞նչ է քաղաքացիական հասարակությունը:
Դա այն հասարակությունն է, որը, բնականաբար, կարողանում է մասնակից լինել երկրում տեղի ունեցող փոփոխություններին, գործուն մասնակցություն ունենալ պետության մեջ: Մեր դեպքում` մարզում տեղի ունեցող իրադարձություններին` բոլոր առումներով եւ բոլոր ոլորտներում:
Էդվարդ – Հարգարժան մարզպետ, խնդրում եմ պատասխանեք հետեւյալ հարցերին.
1. Ի՞նչ եք դուք անձամբ նախաձեռնել, ո՞րն է եղել ձեր անձնական ներդրումը, ո՞րն է հաջողությունը, որը չէր լինի, եթե մարզպետը ուրիշ մարդ լիներ:
2. Ինչո՞վ են զբաղված ձեր բազմաթիվ տեղակալները, խորհրդականներն ու օգնականները, ի՞նչ աշխատանքի բաժանում կա նրանց միջեւ (մարզպետարանի աշխատողների մեծ մասը նույնիսկ չի ճանաչում ձեր տեղակալին):
3. Քանի՞ հոգի են պատժվել պետության փողերը յուրացնելու համար, հատկապես` վարձատրվող հասարակական աշխատանքներ անվան տակ միլիոնավոր յուրացրած դրամների համար:
1. Բոլոր մարզպետներն իրենց գործունեության ընթացքում առաջնորդվում են իրավական ակտերով, եւ յուրաքանչյուրն էլ փորձում է խնդիրները լուծել իր հնարավորությունների սահմաններում: Լավ կամ վատ` գնահատում է ժողովուրդը:
2. Ըստ Կառավարության կողմից սահմանված կանոնադրության` մեզ մոտ մարզպետի տեղակալները երկուսն են: Իմ հանձնարարությամբ եւ մարզպետարանի կանոնադրության համաձայն` նրանք համակարգում են համապատասխան ոլորտներ եւ ըստ այդմ կատարում հանձնարարությունները: Չեմ կարծում, թե մարզպետի տեղակալներին չճանաչելու խնդիր կա, քանի որ նրանց պաշտոնի նշանակման մասին ժամանակին տպագրվել է մարզային թերթերում, իսկ նրանց կենսագրություններն այսօր էլ տեղադրված են մարզպետարանի ինտերնետային կայքում: Ինչ վերաբերում է իմ խորհրդականներին ու օգնականներին, ապա նրանք եւս բազմաթիվ չեն, եւ այդ թվաքանակը նույնպես համապատասխանում է սահմանված կարգին: Նրանք կատարում են իմ կոնկրետ հանձնարարականները, ընդգրկված են մարզպետի կարգադրությամբ եւ որոշումներով ստեղծված գրեթե բոլոր հանձնաժողովներում:
3. Իմ պաշտոնավարման ժամանակաընթացքում պետության փողերը յուրացնելու դեպքեր չեն արձանագրվել ոչ վերոհիշյալ վարձատրվող հասարակական աշխատանքների անվան տակ եւ ոչ էլ այլ ոլորտներում: Իսկ եթե լինեն նման փաստեր, ապա դրանք, բնականաբար, չեն շրջանցվի, եւ հարցը կկարգավորվի օրենսդրության սահմաններում:











