«Գյուղապետարանը որեւէ գործարք չի կատարի հարկերը չվճարող քաղաքացիների հետ»

[ 2009/08/03 | 17:38 ]

03_08-sarukhanՍարուխանի համայնքապետարանի ամենաուշագրավ հայտարարությունը փակցված էր 3 աշխատասենյակների պատերին: Այն համայնքի բնակիչներին տեղեկացում էր հետեւյալի մասին. «Գյուղապետարանը որեւէ գործարք չի կատարի համայնքի բյուջեի նկատմամբ պարտք ունեցող քաղաքացիների հետ», եւ մյուսով` «Խնդրում ենք շտապ կարգով կատարեք Ձեր հարկային պարտավորությունները»:

Երբ հայտարարության բովանդակության մասին մեր զարմանքը հայտնեցինք համայնքի ղեկավարի տեղակալ Խաչիկ Հովհաննիսյանին, նա ասաց, որ հայտարարությունը փակցվել է այն նպատակով, որ «խեղճ ժողովուրդը հարկերը մուծի ու տուգանքներ չկուտակի»: Մինչ այդ, իրենք, հատկապես տարեսկզբին, ծանուցագրեր ուղարկելու եւ տնային այցելությունների միջոցով անհատական բացատրական աշխատանք են տարել համայնքի բնակիչների շրջանում, նրանց ծանոթացրել 2009 թ. ընդունված «Հողի հարկի արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի դրույթներին: Մեր մյուս հարցերը համայնքի ղեկավարի տեղակալն առաջարկեց ուղղել համայնքի ղեկավարին:

Քիչ անց, երբ նույն հայտարարությունների մասին հարցրինք համայնքի ղեկավար Վահան Գեւորգյանին, նա ծիծաղեց, անկեղծորեն զարմացավ եւ ասաց, որ իրենց մոտ նման հայտարարություն փակցված չէ, քանի որ դա օրինական չէ եւ հակասահմանադրական է: Ավելին` համայնքապետը նման գործելաոճը բնորոշեց տերթոդիկյան, սակայն երբ հայտնեցինք, որ հիշյալ հայտարարությունը փակցված է 3 օրինակով, համայնքապետն իր տեղակալին առաջարկեց պատից պոկել եւ աշխատասենյակ բերել մի օրինակ: Տեղակալը բերեց 3 օրինակներից խունացածը: Համայնքապետը, մատնանշելով թղթի գույնը, նկատեց, որ այն փակցված է եղել նախկին համայնքապետի օրոք, եւ իրենք պարզապես չեն նկատել: Նաեւ հավելեց, որ հայտարարությունը կնքված եւ ստորագրված չէ իր կողմից:

Ի դեպ, համայնքապետարանում փակցված էր վերոհիշյալ հայտարարությանը բնույթով համահունչ, այս անգամ համայնքի ղեկավարի կնիքով եւ ստորագրությամբ վավերացված մի կարգադրություն, որով համայնքապետարանի 2 աշխատակիցների` գլխավոր մասնագետ Ն. Բարեղամյանին եւ առաջին կարգի մասնագետ Ի. Բադալյանին հանձնարարված էր «Հայփոստի» Սարուխանի բաժանմունքում իրականացնել համապատասխան գանձումներ` «Սարուխան գյուղի բնակիչներից գույքահարկի եւ հողի հարկի պարտքերը գանձելու համար»:

Սա նշանակում է, որ կենսաթոշակի ու նպաստի վճարման օրերին «Հայփոստի» Սարուխանի բաժանմունքում ավելանում է եւս մեկ «գանձող սեղանիկ»: Կարգադրման կատարման հսկողությունը վերապահված էր համայնքի ղեկավարի տեղակալ Խաչիկ Հովհաննիսյանին: Այս կարգադրության առնչությամբ համայնքի ղեկավար Վ. Գեւորգյանը նկատեց` «Գանձում ենք միայն կամավորության սկզբունքով: Բա ի՞նչ անենք, հարկ չհավաքե՞նք: Եթե այդ օրը չտան, էլ չենք կարող հարկ հավաքել: Էլեկտրաէներգիան, գազը փոստում գանձում են, բա մենք չգնա՞նք հողի հարկը վերցնենք»: Հետո էլ ավելացրեց, որ չնայած գրել են, սակայն այսքան ժամանակ դեռ չեն իրականացրել:

Ելնելով այս համայնքի օրինակից` հարկ է նկատել, որ հատկապես 2009 թ. ընթացքում իշխանությունների կողմից համայնքապետարանի եւ համայնքապետի աշխատանքի գնահատման առաջին, հիմնական եւ գերակա չափորոշիչ է սկսել համարվել հարկերի հավաքման ցուցանիշը եւ բյուջեի կատարումը: Իսկ մեթոդների եւ գործիքների ընտրությունն ու կիրառումը մղվել են երկրորդ պլան:

Սարուխանի համայնքապետարանը հարկեր հավաքագրելու առումով «ամաչելու տեղ չունի»: 2009 թ. բյուջեն նախատեսվել է շուրջ 101 մլն 800 հազար դրամ: 2009 թ. առաջին կիսամյակի դրությամբ հավաքագրվել է ավելի քան 49 մլն դրամ, որը կազմում է տարեկան բյուջեի մոտ 44,5 %-ը: Համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ սեփական եկամուտների գանձման աշխատանքներն ակտիվորեն կատարելու համար մի քանի աշխատակիցներ նաեւ դրամական պարգեւի են արժանացել: Այդ նպատակով բյուջեում նախատեսվել է 1 մլն դրամ, որից առաջին կիսամյակում ծախսվել է 504,5 հազար դրամը:

Սարուխանի համայնքապետարանի հաստիքացուցակում աշխատողները 30-ն են` համայնքային ծառայողներ, հայեցողական պաշտոններում աշխատողներ, ինչպես նաեւ տեխնիկական ու պատվիրակված աշխատողներ: Տարեկան կտրվածքով աշխատանքի վարձատրության համար բյուջեով նախատեսվել է շուրջ 38 մլն դրամ, որը կազմում է բյուջեի մոտ 37,3 %-ը: Վերջին շրջանում մի քանի հաստիքներ կրճատվել են, օրինակ` բնապահպանության գծով օգնականի հաստիքը, սակայն շուտով համայնքում ստեղծվելու է սանիտարական աշխատանքներ իրականացնող ոչ առեւտրային կազմակերպություն, որտեղ աշխատելու է կրճատված մասնագետը:

Բացի այդ, համայնքապետարանի հաստիքացուցակում են ընդգրկվել, ասենք, մշակույթի տան տնօրենը, գրադարանավարը, սակայն այս հիմնարկների ներկայացուցիչները պետք է վարձատրվեն ոչ թե որպես համայնքապետարանի աշխատողներ, այլ որպես համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների (ՀՕԱԿ) աշխատողներ: ՀՕԱԿ-ների կազմակերպումը ենթադրում է նաեւ այլ հաստիքների (հաշվապահ, պահակ եւ այլն) անհրաժեշտություն, որոնք կպահանջեն ավելի շատ ֆինանսական հատկացումներ: Ֆինանսներ խնայելու նպատակով Սարուխանի համայնքապետարանն իր ենթակայության հիմնարկների աշխատողների վարձատրությունը իրականացնում է համայնքապետարանի աշխատակազմում ընդգրկելու միջոցով, սակայն համայնքապետ Վ. Գեւորգյանի տեղեկացմամբ` շուտով ստեղծվելու են ՀՕԱԿ-ներ, եւ այդ աշխատողների վարձատրությունն իրականացվելու է օրենքի պահանջներին համապատասխան: Քանի որ ՀՀ ֆինանսների նախարարությունը հերթական ստուգումն էր իրականացնում Սարուխանի համայնքապետարանում, համայնքի ղեկավարից ցանկացանք ճշտել, թե այդ որոշումը կապվա՞ծ է այդ կամ այլ ստուգումների հետ: Նա բացասական պատասխան տվեց եւ հայտնեց, որ դա իր որոշումն է:

Պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաները կազմում են Սարուխան համայնքի 2009 թ. բյուջեի մոտ 78%-ը` շուրջ 79 մլն դրամ: Փաստորեն, աշխատանքի վարձատրության համար ծախսվում է դոտացիաների գրեթե կեսը, իսկ սեփական եկամուտները կազմում են բյուջեի մոտ 22 %-ը:

Ֆոնդային բյուջեում Սարուխանի 2009 թ. բյուջեով նախատեսվել է 7 մլն 908 հազար դրամ: Սրան գումարվել է նաեւ համայնքի բյուջեի ֆոնդային մասի տարեսկզբի 3 մլն 542 հազար դրամ մնացորդը` ընդհանուր հաշվով կազմելով 11 մլն 450 հազար դրամ: Այս գումարը Սարուխանի համայնքապետարանը դեռ չի ծախսել: Համայնքի ղեկավար Վ. Գեւորգյանը նշում է, որ գումարը փոքր է, սակայն անելիքները շատ են: Մտադրություն ունեին այս տարի հացահատիկահավաք կոմբայն ձեռք բերել մոտ 15 մլն դրամ արժողությամբ, ինչը, կարծես թե, չի հաջողվում: Ունեցած գումարով, հավանաբար, կլուծեն Սպիտակ սարից ինքնահոս ջուր բերելու` դարձյալ կարեւոր խնդիրը:

Համայնքի բյուջեից ծախսեր են կատարվել նաեւ էներգետիկ, կոմունալ, կապի, տեղեկատվական (ինտերնետ կապ) ծառայություններից օգտվելու, գործուղումների, համայնքապետարանի ու ծառայողական ավտոմեքենայի ընթացիկ նորոգման ու պահպանման, գրասենյակային եւ տրանսպորտային նյութերի ձեռքբերման նպատակներով: Առաջին կիսամյակում 760 հազար դրամի չափով նաեւ դրամական օգնություններ են հատկացվել համայնքի կարիքավոր բնակիչներին: Բյուջեում այդ նպատակով տարվա համար նախատեսվել է 2 մլն դրամ գումար: Այսպես թե այնպես, մեր ՏԻՄ-երում արդեն սովորույթ է դառնում դրամական օգնությունների հատկացումը համայնքի բյուջեից, սակայն այդ գործընթացը հատուկենտ ՏԻՄ-երում է իրականացվում թափանցիկ ձեւով:

Հանրային իրազեկման միջոցառումների եւ հայտարարությունների համար 2009 թ. բյուջեով նախատեսվել է 150 հազար դրամ: Սարուխանի համայնքի ղեկավար Վահան Գեւորգյանը տեղեկացրեց, որ 2009 թ. փետրվարին ինքը ելույթ է ունեցել Գավառի «Քյավառ» հեռուստաընկերությամբ եւ ներկայացրել է բյուջեի նախագիծը:

Չնայած դրան` Գավառի տարածաշրջանի ամենամեծ գյուղական համայնք Սարուխանի համայնքապետարանի գործելաոճը դժվար է թափանցիկ համարել: Խորհրդային շրջանից ժառանգած «Հայտարարություններ» խորագիրը կրող ցուցատախտակին այդ նպատակին հետամուտ լինող տեղեկություններ տեղադրված չեն:

Մեր ՏԻՄ ներկայացուցիչներին դեռ հասու չէ այն պարզ ճշմարտությունը, որ ցուցատախտակը միայն հայտարարությունների համար չէ, այլ համայնքի բնակիչներին հետաքրքրող, օրենսդրությամբ նախատեսված տեղեկությունների, ավագանու որոշումները հրապարակելու համար: Հաճախ, հատկապես քաղաքային ՏԻՄ-երի նստավայրերում, երբ փակցվում են բյուջեի մասին տեղեկություններ, դրանք լինում են պաշտոնական փաստաթղթերի պատճեններ, որոնք մատչելի են սակավաթիվ մարդկանց: Մինչդեռ համայնքապետարանում աշխատող համապատասխան մասնագետները պետք է բյուջետային տեղեկությունները պատրաստեն հանրամատչելի ձեւով եւ նոր միայն տեղադրեն ցուցատախտակներին: Հակառակ պարագայում տեղեկությունների հրապարակումը դառնում է ինքնանպատակ:

Տես նաև՝

Print this page

Հայտնեք Ձեր կարծիքը՝

Սարուխանի համայնքապետը կարեւորում է ավագանու դերի բարձրացումը

[ 2008/05/26 | 00:00 ]

Սարուխանն ունի տնային տնտեսությունների հաշվառման 34 գիրք, որոնց տվյալները վերանայելու եւ թարմացնելու համար համայնքապետարանի ձեւավորած հանձնաժողովի անդամներն այցելում ու համապատասխան գրանցումներ են կատարում համայնքի բնակիչների շրջանում: Ըստ հաշվառման տվյալների` համայնքից ժամանակավոր բացակայում է 996 մարդ, երկարատեւ բացակայողների թիվը 365 է: Ժամանակավոր են համարվում այն բացակայողները, ովքեր տարին թեկուզ մի քանի օրով համայնքում են լինում, իսկ երկարատեւ բացակայությունը տարիների տեւողություն ունի:

2008 թ. ընթացքում Սարուխանում հրավիրված ավագանու 3 նիստերից տեղի են ունեցել վերջին 2-ը, քանի որ առաջին նիստի ժամանակ քվորում չի ապահովվել: Նշենք, որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով համայնքի ավագանու նիuտն իրավազոր է, եթե նիuտին ներկա է ավագանու անդամների կեuից ավելին. «Եթե կեu ժամվա ընթացքում չի ապահովվում նիuտի իրավազորությունը կամ նիuտին չի ներկայանում համայնքի ղեկավարը, եւ նիuտը չի uկuվում, ապա նիuտի չկայացման մաuին կազմվում է արձանագրություն, որը uտորագրում են ավագանու` նիuտին ներկայացած անդամները»: Այս ընթացակարգով էլ շարժվել են Սարուխանի ՏԻՄ ներկայացուցիչները:

Ավագանու երկրորդ նիստը կայացել է փետրվարի 25-ին օրակարգային հինգ` 2008 թ. համայնքային բյուջեի, տեղական տուրքերի եւ դրույքաչափերի, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակի եւ դրույքաչափերի, 2007 թ. համայնքային բյուջեի կատարման, համայնքի հողերի աճուրդ վաճառքի հաստատման հարցերով:

Համայնքի 2007 թ. բյուջեի մուտքերը կազմել են 84 մլն 323 հազար դրամ, մինչդեռ ծախսերը կազմել են 89 մլն 549 հազար դրամ, ինչը պայմանավորված է եղել նախորդ տարվա բյուջեից փոխանցված 3 մլն 242 հազար 200 դրամ ազատ մնացորդով: 2007 թ. բյուջեն կատարվել է շուրջ 72 %-ով: Նախորդ տարվա արժանահիշատակ աշխատանքներից համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Էդգար Վարդանյանն առանձնացնում է 3200 մ ընդհանուր երկարությամբ փողոցային լուսավորության անցկացումը համայնքում, որն իրականացվել է գնանշման հարցման միջոցով, 7 մլն 50 հազար դրամ արժողությամբ:

2008 թ. բյուջեով նախատեսվել են 92 մլն 855 հազար 300 դրամի ծախսեր, իսկ մուտքերը նախատեսվել են 89 մլն 647 հազար դրամ: Տարբերությունը կրկին պայմանավորված է տարեսկզբի ազատ մնացորդով: Տարվա ամենամեծ կապիտալ ծրագրի ուղղվածությունը որոշելու համար 2007 թ. դեկտեմբերի 21-ին համայնքում իրականացվել է համահամայնքային քննարկում, որն իրականացվել է ոչ թե համայնքապետարանի, այլ հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ: Ի դեպ, համայնքներում նույնիսկ չեն էլ ենթադրում ու պատկերացնում, թե առանց արտաքին միջամտության նման հանդիպումների նախաձեռնումն ու իրականացումն իրենց իսկ պարտականությունն է:

Սարուխանի համահամայնքային քննարկումը կազմակերպել են «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ը եւ Գեղարքունիքի Առեւտրաարդյունաբերական պալատը: Շուրջ 150 մասնակից ունեցող այդ հանդիպումը համայնքապետարանի աշխատակիցները չեն արձանագրել, քանի որ մեզանում ՏԻՄ-երի աշխատակիցների գործավարության շրջանակներում գրանցվում ու գրառվում են միայն օրենքով պարտադրված գործողությունները: Մինչդեռ, տեղի է ունեցել բավականին հետաքրքիր ու արձանագրության արժանի քննարկում: Ներկայացվել են համայնքային 5 ծրագրերի գաղափարներ` ներհամայնքային նշանակության ճանապարհների վերանորոգում, ակումբի դահլիճի կապիտալ վերանորոգում, «Պալի տակ» կոչվող թաղամասում կամուրջի կառուցում եւ ճանապարհի խճապատում, թիվ 1 մանկապարտեզի մասնաշենքի կապիտալ վերանորոգում, ոռոգման ջրի խորքային հորի հորատում, որպեսզի համայնքի անդամները քվեարկեն եւ դրանցից մեկն ընդգրկեն 2008 թ. համայնքային բյուջեում: Այս ծրագրերից յուրաքանչյուրը մասնակիցներին ներկայացվել է գրավոր տեսքով, մեկ էջի սահմաններում, ինչպես նաեւ` յուրաքանչյուր առաջարկ ներկայացվել է ելույթների միջոցով: Համայնքի անդամները բաց եւ համակարգչային քվեարկությամբ ընտրել են ներհամայնքային նշանակության ճանապարհների վերանորոգումը, որի համար 2008 թ. բյուջեում նախատեսվել է 15 մլն դրամ: Գեղարքունիքի Առեւտրաարդյունաբերական պալատի փորձագետ Արտակ Դադոյանը նշում է, որ քննարկման նպատակը համայնքային բյուջեում ընդգրկվելիք ծրագրերի ընտրությանը համայնքի բնակիչներին մասնակից դարձնելն էր, ինչը հաջողվել է իրականացնել Սարուխանում:

Սարուխանում տեղի ունեցած քննարկումն ամենից առաջ արժեքավոր է որոշումների կայացման գործընթացում համայնքի բնակիչների ներգրավման առումով, քանի որ ավագանին, ձեւավորված լինելով ընտրությունների արդյունքում, իրականում չի գործում որպես ներկայացուցչական մարմին: Որպես կանոն` համայնքի գործադիր իշխանությունը ներկայացնող պաշտոնյաները եւ մասնավորապես համայնքների ղեկավարները թափանցիկության, հրապարակայնության, բնակչության մասնակցության վերաբերյալ պահանջներին դիմակայում են հենց ավագանու գործոնով` «ավագանին տեղյակ է եղել», «ավագանին է որոշել», «ավագանու անդամներն ամեն օր մեր աշխատանքները ներկայացնում են համայնքի բնակիչներին» նմանօրինակ արդարացում-պատասխաններով: Մինչդեռ իրենք շատ լավ գիտեն, թե որքան ձեւական ու պասիվ է մեզանում ավագանու ինստիտուտը:

Որպեսզի կիրարկվեն թափանցիկության, հրապարակայնության եւ համայնքի անդամների առջեւ հաշվետու լինելու սկզբունքները, անհրաժեշտ է ենթաօրենսդրական ակտերի ընդունումով սահմանել պարտադիր գործողություններ: Այսպես, օրինակ, բոլոր ՏԻՄ ներկայացուցիչները լավատեղյակ են, որ 10 մլն դրամը գերազանցող կապիտալ ծրագրերը կամ գնումները պետք է իրականացվեն Գնումների գործակալության միջոցով: Իսկ հնարավո՞ր չէ, արդյոք, նաեւ իրավական ճանապարհով պարտադիր դարձնել հանրային քննարկումները, ասենք, 10 մլն դրամը գերազանցող ծրագրերի, գնումների կամ համայնքի սեփականությունը հանդիսացող գույքի օտարման առնչությամբ: Անշուշտ, հնարավոր է: Այդ դեպքում համայնքապետերը եւ ավագանին, որոնց ետ կանչելու մեխանիզմներ համայնքի բնակիչները չունեն, ավելի պատասխանատու կգտնվեն մեծ ծրագրեր իրականացնելու կամ, ասենք, համայնքի ղեկավարի համար թանկարժեք ծառայողական ավտոմեքենա գնելու հարցերում:

Սարուխանում տեղի ունեցած համահամայնքային քննարկումը հուշում է, որ միայն ցանկություն ու կամք է պետք, որպեսզի համայնքը ներգրավվի իրեն վերաբերող որոշումների ընդունման գործընթացում: Այս մտահոգությունների տեսանկյունից էլ կրկին ուրախացնող են արդեն 12 տարի պաշտոնավարող Սարուխան համայնքի ղեկավար Լյովա Աբրահամյանի` տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխման առաջարկները` բարձրացնել ավագանու դերը, սահմանել համայնքի ղեկավարի թեկնածուի` բարձրագույն կրթություն ունենալու պարտադիր նորմը: Սակայն ավագանու դերն ինքն իրեն չի բարձրանա: Խորհրդարանն էլ ինքն իրեն չի սահմանի բարձրագույն կրթություն ունենալու պարտադիր նորմ համայնքի ղեկավարի թեկնածուի համար: Հասարակական պահանջ է անհրաժեշտ, որպեսզի հասնենք ժողովրդավարական միջավայրի կերտմանն այն տարածքում, որտեղ մեզանից յուրաքանչյուրն ապրում է:

Ավագանու 3-րդ նիստի ժամանակ, որը տեղի է ունեցել ապրիլի 14-ին, ընդունվել են որոշումներ 2008 թ. համայնքային բյուջեի առաջին եռամսյակի կատարման, համայնքում վարուցանքի գների եւ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունից ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հողի հարկի բազան ստանալու մասին:

Հետաքրքիր է ավագանու կողմից համայնքում վարուցանքի գների սահմանման մասին որոշումը, քանի որ այդ աշխատանքներն իրականացվելու են մասնավոր գյուղտեխնիկայով: Համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Կատվալյանը նշեց, որ հարեւան համայնքում մեծ տրակտորով 1 հա հողամասը վարելու գինը 400 դրամ է, իսկ գյուղատնտեսական աշխատանքները սկսելիս իրենց համայնքի գյուղտեխնիկա ունեցողները որոշել էին նույն ծառայությունն իրականացնել 600 դրամով, քանի որ Սարուխանի հողակտորները փոքր են եւ միմյանցից հեռու, ինչը մեծացնում է աշխատանքների ինքնարժեքը: Նկատի ունենալով բնակիչների բողոքները` իրենք բանակցել են համայնքի համապատասխան աշխատանքներ իրականացնող գյուղտեխնիկա ունեցողների հետ եւ ավագանու որոշմամբ սահմանել են միջին գին` 500 դրամ: Պատասխանելով «արդյոք նման որոշումն իրավաբանորեն ընդունելի՞ է» հարցին` աշխատակազմի քարտուղար Էդգար Վարդանյանն ասաց, որ որոշումը դեռ չի ուղարկվել Գեղարքունիքի մարզպետարան, սակայն կարեւորն այն է, որ նման համաձայնություն ձեռք է բերվել: Նշենք, որ համայնքի ղեկավարի` գյուղատնտեuական աշխատանքների իրականացմանն աջակցելը ներառված է նաեւ կամավոր լիազորություններում, հետեւապես ողջունելի է նման նախաձեռնությունը:

Համայնքի բյուջեի եկամուտների հավաքագրման աշխատանքները, ինչպես ՀՀ շատ եւ շատ համայնքներում, այնպես էլ Սարուխանում, իրականացվում են հարկային վարչարարության միգուցե հասկանալի, սակայն ոչ օրինաչափ մեթոդներով: Այսինքն` տեղեկանքների համար համայնքապետարան դիմող քաղաքացու առջեւ պայման են առաջադրում` հարկային մուծում կատարիր որոշ չափով, որպեսզի տեղեկանք տրամադրենք: «Ի՞նչ անենք,- բացատրում են համայնքապետարանի աշխատակիցները,-այլ լծակ չունենք»: Ի դեպ, Սարուխան համայնքի հողի հարկի ապառքները կազմում են շուրջ 80 մլն, գույքահարկի ապառքները` 50 մլն դրամ: Հասկանալի ու համոզիչ են թվում ՏԻՄ ներկայացուցիչների այն բացատրությունները, թե այդ պարտքերը կուտակվել են նաեւ մեղմ մոտեցման արդյունքում: Ընդունելի է նաեւ այն, որ մարդիկ դադարել են պարտաճանաչ հարկատու լինել ու առավել հակված են կուտակելու, քան ժամանակին կատարելու իրենց հարկային պարտավորությունները: Սակայն տեղեկանքի տրամադրման մերժումն էլ օրինական չէ:

Հավելենք նաեւ, որ ինչպես Սարուխանում, այնպես էլ մարզի ու հանրապետության շատ այլ համայնքներում 2007 թ. խորհրդարանական ընտրություններից ու մարզպետների նշանակումներից հետո համայնքապետարանի ներկայացուցիչներն իրականացրել են հետեւողական աշխատանք պետական սեկտորում աշխատող համայնքի հարկատու բնակիչների հետ: Գեղարքունիքի մարզպետարանի առաջադրանքով բազմաթիվ համայնքներում ՏԻՄ-երը հանդիպումներ են կազմակերպել պետական կարգավիճակ ունեցող հիմնարկներում, որպեսզի հարկատուներին հիշեցնեն նրանց` պետական բյուջեից վարձատրվելու ու հարկային պարտավորությունների կատարման «բարոյական» փոխկապվածության մասին:

Մեր ունեցած տվյալներով` պետական հիմնարկների ղեկավարներին ներկայացվել են նաեւ պարտք ունեցող հարկ վճարողների անվանական ցուցակներ` հարկահավաքման գործընթացն ըստ պատշաճի կազմակերպելու համար: Այնպես որ, վարչական լծակները մեզանում սկսել են կիրառվել ոչ միայն ընտրությունների շրջանում, այլեւ բյուջեի եկամուտների հավաքագրման ամենօրյա գործընթացում: Չի կարելի չհամաձայնել նաեւ, որ բյուջեի ձեւավորման առումով բացատրական հանդիպումներն անհրաժեշտ ու ինչ-որ առումով նաեւ ուշացած են, սակայն, ինչպես միշտ, այս անգամ եւս մեդալը երկու կողմ ունի: Բյուջե ձեւավորողը պետք է չխուսափի բյուջեի նախագծի, կատարողականների բաց, հասկանալի հրապարակումից: Միայն այս դեպքում հարկատուները պատասխանատվություն կդրսեւորեն: Միայն այս պարագայում համայնքի բնակչին հասկանալի կլինի, թե ինչով են զբաղված իրենց համայնքապետարանում:

Տես նաև՝

  • Այս թեմայով նյութ չկա
Print this page