Համայնքներում կառավարումն իրականացվում է աչքաչափով
[ 2009/10/27 | 10:15 ]Մարզի մի շարք համայնքներում 2009 թ. իրականացրած վարչական ու ֆինանսական հսկողության արդյունքում Շիրակի մարզպետարանի արձանագրած խախտումները փաստում են, որ համայնքապետերը կառավարումն իրականացնում են աչքաչափով: Վերջիններս որոշումները կայացնում են` հիմք ունենալով ոչ թե ՀՀ-ում գործող օրենքներն ու Կառավարության որոշումները, այլ` սեփական պատկերացումներն ու ցանկությունները: Մարզպետարանի հանձնաժողովը ստուգումների արդյունքներն ամփոփող տեղեկանքներում այս երեւույթը հետեւյալ կերպ է բնութագրել. «Այս թերություններն ու բացթողումները հիմնականում համայնքի ղեկավարի անգործության եւ նրա կողմից կատարված կադրային ոչ ճիշտ քաղաքականության արդյունք են»:
Այս եզրահանգումը, թերեւս, կարելի է բացատրություն համարել համայնքներում հայտնաբերված վարչական իրավախախտումների համար: Սակայն, ֆինանսական ստուգումների արդյունքում հայտնաբերված որոշ արտառոց խախտումներ նման ձեւակերպումով հնարավոր չէ լուծել: Ինչպես, օրինակ, ստորեւ ներկայացվող փաստերը.
· Ցողամարգի համայնքի ղեկավարը համայնքային սեփականության գույքի մի մասը օգտագործման է տրամադրել առանց համապատասխան ձեւակերպումների, իսկ այդ գույքի օգտագործման դիմաց գանձումներ չեն կատարվել: Այսպես.
1. Համայնքի սեփականության ՊԱԶ-672 մակնիշի ավտոբուսը, սերմազտիչը, կշեռքը` 3 տ, պահեստի շենքը ու մշակույթի տանը պատկանող ՙԿոմիտաս՚ մակնիշի դաշնամուրը առանց վարձակալության կամ օգտագործման նկատմամբ իրավունք ձեռք բերելու, անօրինական կարգով օգտագործվում են համայնքի բնակիչների կողմից, որոնց փաստացի օգտագործման դիմաց վարձավճար ընդհանրապես չի գանձվում:
2. Համայնքի գույքացանկում նշված գույքից բացակայում են համակարգիչը, մոնիտորն ու տպիչը:
· Շիրակի մարզի Լանջիկ համայնքում ստուգումների արդյունքներով պարզվել է, որ ՙուսումնասիրվող ժամանակահատվածում գույքային հարկերի անդորրագրերը լրացվել են ուղղումներով ու ջնջումներով, ինչպես նաեւ համակարգողը անդորրագրերին համապատասխան կանխիկ ընդունված գումարները սահմանված ժամկետում չի մուտքագրել տվյալ համայնքին սպասարկող տեղական գանձապետական բաժանմունքի համապատասխան գանձապետական հաշվին:
Դրամարկղի գրքում առկա են բազմաթիվ ջնջումներ եւ առանց ծանոթագրության ուղղումներ: Կատարած ուղղումները չեն վավերացվել գանձապահի ու գլխավոր հաշվապահի ստորագրություններով: Համայնքապետարանի գլխավոր հաշվապահը դրամարկղի գրքի վարման վերահսկողություն չի իրականացրել:
Ավտոմեքենայի ուղեգրերում մեծ մասամբ չի լրացվել բենզինի ծախսը, եւ կատարած վազքի կմ-ը նշված չէ:
2009 թ. Լանջիկ համայնքում իրականացվել են մանկապարտեզի շենքի կտուրի վերանորոգման աշխատանքներ, որը կատարվել է բյուջեի ֆոնդային միջոցներից` 100 հազար դրամ գումարով: Այն իրականացվել է մրցակցային բանակցությունների միջոցով: Համայնքի ղեկավարը չի պահպանել «Գնումների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի եւ 50-րդ հոդվածի 1-ին մասի բոլոր դրույթների պահանջները: Հանձնման ու ընդունման արձանագրության բաղկացուցիչ մասը կազմող վերոհիշյալ աշխատանքների կատարման վերաբերյալ բոլոր հաշիվ ապրանքագրերը եւ մյուս փաստաթղթերը բացակայում են:
· Վարդաղբյուրի համայնքի դրամարկղային գրքի վարման ճշտության ուսումնասիրությամբ պարզվեց, որ 2008 թ. հուլիս ամսին բացված դրամարկղի գիրքը ընդհանրապես չի վարվել, իսկ նախկին դրամարկղի գիրքը չկա:
· Տուֆաշեն համայնքի ղեկավարը 22.12.2008 թ. թիվ 1 որոշումով համայնքային սեփականության 4.0 հա հողատարածքը, (արոտ) առանց մրցույթի եւ առանց ավագանու կողմից վարձավճարի չափ որոշելու, հանձնել է վարձակալության` 25 տարի ժամկետով, ինչը հակասում է ՀՀ հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթին, ըստ որի` համայնքի սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրվում են մրցույթով:
Համայնքի ավագանին, գերազանցելով իր լիազորությունները, 26.03.2000 թ. թիվ 19 որոշումով համայնքային սեփականության 4.0 հա հողատարածքը (արոտ) 25 տարի ժամկետով, տարեկան 80 հազար դրամ վարձավճարով ուղղակի ենթավարձակալության է հանձնել «Անգելինա դայմոնդ» ՍՊԸ-ին: Նշված գործառույթի իրականացումը համայնքի ավագանու լիազորությունների սահմաններից դուրս է:
Իհարկե, նշված համայնքում արձանագրված խախտումների վերաբերյալ մարզպետը մինչեւ 17 կետից կազմված առաջարկ է ներկայացրել համայնքների ղեկավարներին` ստուգման արդյունքում բացահայտված խախտումները վերացնելու նպատակով, սակայն նշված խախտումներն, իրականում, համայնքային ունեցվածքի վատնում են, փոշիացում` իրենցից բխող մի շարք բացասական հետեւանքներով, որի գնահատականը, անկասկած, մարզպետը չի կարող տալ, այն իրավապահների խնդիրն է:
Ինչեւէ, ներկայացված առաջարկությունները հիմք ընդունելով` համայնքի ղեկավարը պետք է շտկի արձանագրված թերությունները կամ, առաջարկի հետ համամիտ չլինելու դեպքում, քննարկումից անմիջապես հետո իր մերժման որոշումը ներկայացնի մարզպետին: Մարզպետն առաջարկում է համայնքի ավագանուն օրենքով սահմանված կարգով անհրաժեշտ վերահսկողություն իրականացնել համայնքի ղկավարի լիազորությունների իրականացման նկատմամբ: Մեկ այլ կետով` միջոցներ ձեռնարկել համայնքային սեփականության գույքի տնօրինման, տիրապետման եւ օգտագործման ուղղությամբ: Համայնքային սեփականության գույքը օգտագործման տրամադրել միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխան: Դրամարկղային գործառություններ իրականացնելիս խստագույնս ղեկավարվել ՀՀ Կառավարության հաստատած ՙԴրամարկղային գործառնությունների իրականացման կարգի՚ պահանջներով եւ այլն:
Սակայն որքանով են իրատեսական այս առաջարկները, երբ նույն հանձնաժողովը վարչական ստուգումների արդյունքում համայնքների հիմնական մասի համար արձանագրում է ավագանու դերակատարության բացարձակ բացակայություն եւ արձանագրած փաստերով մեկ անգամ եւս հաստատում է համայնքապետերի միանձնյա կառավարումը: Հանձնաժողովն արձանագրել է փաստեր, որոնք վկայում են ավագանու անունից շինծու որոշումներ կայացնելու մասին: Այսպես.
· «Ցողամարգ համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների կողմից «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի թիվ 12 հոդվածով սահմանված կարգով չեն կազմվել ավագանու նիստերում քննարկման ներկայացվող հարցերի, որոշումների նախագծեր, որոնք նիստը սկսվելուց առնվազն 7 օր առաջ պետք է տրամադրվեին ավագանու անդամներին: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածին համապատասխան` համայնքի ավագանու որոշումներում չեն նշվել որոշման նախագծին «կողմ», «դեմ» եւ «ձեռնպահ» քվեարկած ավագանու անդամների ազգանունները, որոնց դիմաց վերջիններս պետք է ստորագրեին:
· Համայնքի ղեկավարը, գերազանցելով իր լիազորությունները, երբեմն կատարել է ավագանու գործառույթներ: Նա 01.04.2009 թ. թիվ 42 կարգադրությամբ համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների համար նոր դրույքաչափ է հաստատել, որը, ՏԻՄ օրենքի համաձայն, ավագանու իրավասությունն է:
· Նույն օրը կայացրած մեկ այլ որոշումով աշխատակազմի քարտուղարի պաշտոնում նշանակում է կատարել` առանց մրցույթ անցկացնելու եւ առանց մրցույթում հաղթող ճանաչված անձանց որոշելու:
· Վարդաղբյուր համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների կողմից «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով չեն կազմվել ավագանու նիստերում քննարկման ներկայացվող հարցերի որոշումների նախագծեր, որոնք նիստը սկսվելուց առնվազն 7 օր առաջ պետք է տրամադրվեին ավագանու անդամներին:
Մարզպետի առաջարկներից մեկով հարկերի հավաքագրման հարցում թերացած համայնքների ղեկավարները նաեւ հարկերն ու ապառքները հավաքագրելու ժամանակցույց պետք է կազմեն: Օրինակ` Ցողամարգ համայնքում, հանձնաժողովի արձանագրմամբ, 01.06.2009 թ. դրությամբ գույքահարկի գծով ապառքը կազմում է 4725.0 հազար դրամ, հողի հարկի գծով` 34992.3 հազ. դրամ, իսկ վարձակալական հողի վարձավճարների գծով` 8499.4 հազար դրամ: Աշխատավարձի պարտքը կազմում է 13432.7 հազար դրամ, սոցապահովագրության վճարի պարտքը` 3262.3 հազ. դրամ:
Այս հարցում, չնայած Կառավարության խստագույն պարտավորեցումներին, համայնքապետերի մեծ մասը գրեթե դրական տեղաշարժ չի արձանագրում, եւ դա զարմանալի չէ: Համայնքապետի գործունեությամբ ամենաչհետաքրքրված գյուղացին անգամ չի կարող պարտաճանաչ հարկատու լինել մի համայնքում, որտեղ համայնքապետը միանձնյա է ղեկավարում, վճարումների դիմաց անդորրագրեր չի տրամադրում, դրամարկղային գիրք չի վարում եւ համայնքային ծառայողներին նշանակում է իր ցանկությամբ:
Ինչպես կարող են բնակիչները հարկ վճարել փաստացի անգործություն ցուցաբերած համայնքապետին, երբ նա հավաքագրված գումարները հիմնականում ծախսել է աշխատավարձերի եւ սոց. ապահովագրության ֆոնդին կատարվող վճարումների համար, ինչպես վարվել է Տուֆաշեն համայնքի ղեկավարը: «Բյուջեով նախատեսված աղբահանության, փողոցների մաքրման, ջրամատակարարման, կոյուղու համակարգի շահագործման, համայնքային ենթակայության ճանապարհների վերանորոգման եւ շահագործման հոդվածներով գումարները մասամբ են ծախսվել»,- արձանագրել է ստուգող հանձնաժողովը:
Նախորդ տարիներին մարզային եւ պետական այլ իրավասու կազմակերպությունների` համայնքներում կատարած ստուգումների արդյունքում արձանագրած փաստերը ցույց են տվել, որ բացահայտված խախտումները չեն վերացվել մինչեւ մյուս ստուգումը` երկու կամ երեք տարի հետո, եւ դրանց գումարվել են նորերը: Ընդ որում` վարչական հսկողության դեպքում, համաձայն «ՏԻՄ մասին» օրենքի 77 հոդվածի 5-րդ կետի, համայնքի ավագանու` oրենuդրությանը հակաuող որոշումները փոփոխելու համար մարզպետը համայնքի ղեկավարին առաջարկում է այդ հարցով եռoրյա ժամկետում հրավիրել ավագանու արտահերթ նիuտ, վերացնել խախտումները եւ այդ մասին գրավոր ծանուցել իրեն: Մարզպետի պահանջով հրավիրվող նիuտում ավագանու` օրենսդրությանը հակասող որոշումը չփոփոխելու կամ ավագանու նիuտը չկայանալու դեպքում մարզպետն իրավունք ունի ավագանու որոշումը բողոքարկել դատական կարգով: ՏԻՄ-երի ձեւավորումից անցել է շուրջ 15 տարի, սակայն մեր իրականության մեջ դեռեւս նման դեպք չի արձանագրվել:
Ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ շատ համայնքապետեր դեռեւս չեն ընկալել անգամ օրենքի այն պահանջը, որ համայնքի ավագանին նիստերը պետք է հրավիրի առնվազն երկու ամիսը մեկ անգամ, որ ավագանու նիստերում քննարկման ներկայացվող հարցերի, որոշումների նախագծերը նիստը սկսվելուց առնվազն 7 օր առաջ պետք է տրամադրվեն ավագանու անդամներին, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի թիվ 30 հոդվածով սահմանված 7-օրյա ժամկետում ավագանու որոշումները պետք է ուղարկվեն մարզպետարան, որ համայնքի ղեկավարը նույն օրենքի թիվ 32-րդ հոդվածի 2-րդ կետի համապատասխան` համայնքի զարգացման քառամյա ծրագիրը պետք է ներկայացնի ավագանու հաստատմանը, որ ՏԻՄ մարմինների նորմատիվ իրավական որոշումները սահմանված կարգով եւ ժամկետներում պետք է ուղարկվեն ՀՀ արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության:
Համայնքներում իրականացվող յուրաքանչյուր ստուգում կրկին ու կրկին ամրապնդում է այն համոզմունքը, որ շատ համայնքապետեր անգամ «ՏԻՄ մասին» օրենքը մինչեւ վերջ չեն կարդացել, եւ անիմաստ է բավարար վարչարարություն ակնկալել նրանցից:
Սաթենիկ Մակարյան











