Տավուշի մարզը գերազանցի՞կ
[ 2009/11/02 | 17:06 ]Ինչպես են իրականացրել համայնքային ժողովները Տավուշի համայնքապետարանները
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի այս տարվա հունիսի 17-ի հանձնարարականի համաձայն` համայնքների ղեկավարները սկսել են կատարած աշխատանքների վերաբերյալ եռամսյակային հաշվետվություններ ներկայացնել համայնքի բնակչությանը համայնքային ժողովների, ասուլիսների, տեղեկատվական թերթիկների միջոցով: Հաշվետու հանդիպումներին մասնակցում են նաեւ մարզպետարանների ներկայացուցիչները: ՀՀ տարածքային կառավարման նախարարության վեբ կայքը հաղորդում է, որ «հունիս-սեպտեմբեր ամիսներին հաշվետվություն են ներկայացրել Տավուշի մարզի բոլոր 62 համայնքների ղեկավարները: Գյուղական համայնքներում հաշվետվությունները փակցվել են տեղեկատվական ցուցատախտակներին, կազմակերպվել են համայնքային ժողովներ: Քաղաքային համայնքների ղեկավարները հաշվետվություն ներկայացրել են ժողովների, հեռուստատեսության եւ թերթերի միջոցով, իսկ մարզպետարանը վերահսկողություն է իրականացրել:
Թեեւ այդ տեղեկատվության մեջ մարզերի ցանկում Տավուշը վերջինն է, սակայն համայնքապետարանների աշխատանքի թափանցիկության առումով, ըստ նախարարության տարածած հաղորդագրության, ամենաբարձր ցուցանիշը հենց Տավուշի մարզում է արձանագրվել: Միակ մարզն է, որտեղ, ըստ այդ հրապարակման, բոլոր համայնքների ղեկավարները բնակչությանը հաշվետվություններ են ներկայացրել: Եթե Տավուշի մարզի բնակիչ չլինեի եւ լրագրող, գուցեւ հավատայի այս բաղձալի արդյունքին: Սակայն, որոշեցի հին ասացվածքով առաջնորդվել` «լավ է մի անգամ տեսնել, քան…»: Եղա Ադրբեջանից գաղթած հայ փախստականներով վերաբնակեցված Հովք գյուղում:
Հովքի համայնքապետ Յուրա Ցուգունյանին հարցրի, թե վերջին անգամ ե՞րբ են համայնքի ժողով անցկացրել:
- Համայնքի ժողո՞վ… մի րոպե հիշեմ… սեպտեմբերի 21-ին, չէ, սեպտեմբերի մեջ է եղել:
-Ունե՞ք արձանագրություն:
-Հա, քարտուղարի մոտ ա, սեյֆում փակված: Քարտուղարն էլ այստեղ չէ, Իջեւան է գնացել:
Համայնքի ղեկավարը պարզաբանում է, որ ժողովը վերաբերում էր ավագանու նիստերին, համայնքի բյուջեի կատարողականին եւ այլն:
Յուրա Ցուգունյանից ճշտում եմ, որ Հովք համայնքի ժողովը տեղի է ունեցել Ռուսաստանում գտնվող հովքեցիներից մեկին պատկանող, համայնքապետարանի վերածված փոքր տանը, որին գյուղի 520 բնակչից մասնակցել են ընդամենը 20-ը: Հետագա հարցումներով պարզում եմ, որ այդ 20 հոգուց 7-ը համայնքապետարանի աշխատողներն են եղել, 5-ը` ավագանու անդամներ: Համայնքապետին հարցնում եմ` համայնքի ժողովի, օրակարգի, ընդունված որոշումների, ավագանու որոշումների մասին ինչպե՞ս են տեղեկացնում Հովքի բնակիչներին: Նրա խոսքով` հայտարարությունները փակցնում են համայնքապետարանի պատուհանին, որը, համայնքապետարանի բոլոր պատուհանների նման, վարագուրված է բնակչությանն ուղարկված հումանիտար օգնության հագած շորերի կապոցի միջից գտնված Հունաստանի Հանրապետության դրոշով:
Համառ փորձերս` պարզելու, թե ե՞րբ է համայնքապետարանը հանրային հաշվետվություն ներկայացրել, այդպես էլ արդյունք չտվեցին: «Սեպտեմբերի մեջ էր, 20-ի կողմերը»,- ասաց Հովքի համայնքապետը:
Ըստ Տավուշի մարզպետարանի ներկայացրած հաշվետվության` Հովք համայնքի ղեկավարը գյուղի հանրությանը հաշվետվություն է ներկայացրել սեպտեմբերի 29-ին: Որպես համայնքապետարան ծառայող շենքի պատուհանին ընդամենը մի գրություն կար փակցված, ուր խոսք անգամ չկար համայնքի ավագանու որոշումների կամ համայնքային բյուջեի կատարողականի մասին: Գրությամբ հովքեցիներին տեղեկացվում է, որ նրանք Ադրբեջանում ունեցած իրենց աշխատանքային ստաժի հետ կապված հարցերով կարող են դիմել համայնքապետարան:
Այցելում եմ հանրահայտ Գոշ գյուղ: Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Լենա Արզումանյանի խոսքերով` սեպտեմբերի 18-ին կայացած համայնքային ժողովին Գոշի 1142 բնակիչներից մասնակցել է շուրջ 30 հոգի: «30 հոգանոց հանդիպումը համայնքի ժողով եք համարո՞ւմ»,- տարակուսում եմ ես: «Շատ վատ ժամանակ է, բնակիչները խոտի, փետի են… Ամբողջ ամառը անձրեւ էր, մարդիկ մինչեւ հիմա սարերից խոտ են իջեցնում»,- պատասխանում է քարտուղարը:
Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարն ասում է, որ այդ ժողովի ժամանակ քննարկվել է գյուղի մի թաղամասում ակտիվացած սողանքից տուժած տների հարցը: Այդ հարցով բնակիչները դիմել էին Գոշ համայնքի ղեկավար Հովսեփ Վերանյանին: Ժողովի արձանագրությունն էլ, հնարավոր է, համայնքի ղեկավարի մոտ է, ով այդ օրը հողամասերի տեղադրության ճշգրտման հարցերով բացակայում էր:
Հանրային ժողովի օրակարգի, ընդունված որոշումների մասին էլ ոչ մի տեղ տեղեկատվություն չկար փակցված: Համայնքապետարանի մուտքի մոտ հայտարարությունների ցուցատախտակը դատարկ էր, բացառությամբ ճապոնացի ժողովրդի նվիրատվության մասին հիշեցման: Ես էլ հիշեցնեմ, որ ճապոնական դրամաշնորհով Գոշում հակասողանքային միջոցառումներ, մակերեսային ջրերի հեռացման աշխատանքներ են արվել: Գոշի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Լենա Արզումանյանն ասաց, որ համայնքի ավագանու որոշումների կամ համայնքային կյանքի այլ նորությունների մասին որեւէ տեղեկատվություն չեն փակցնում կիլոմետրերով ձգվող, պայմանականորեն Ներքին եւ Վերին Գոշերի բաժանված համայնքում: Համայնքապետարանի շենքի պատուհանին նախորդ տարվա հողի հարկի պարտքերի վճարման եւ այդ կերպ տույժերից ազատվելու հիշեցումն էր միայն: Նույն հայտարարությունը, ըստ Լենա Արզումանյանի, փակցված է նաեւ «Հայփոստի» տեղի մասնաշենքում:
Ի դեպ, Տավուշի մարզպետարանը տարածքային կառավարան նախարարությանը ներկայացրած հաշվետվության մեջ նշել է, որ Գոշի համայնքապետը գյուղի հանրությանը հաշվետվություն է ներկայացրել սեպտեմբերի 28-ին: Լենա Արզումանյանի վկայությամբ` համայնքի ժողովը կայացել է սեպտեմբերի 18-ին: Նույն այդ թաղամասի բնակիչները մեզ հետ զրույցում ասացին, որ այդ հարցով համայնքապետի հանդիպումը տեղի է ունեցել ոչ թե սեպտեմբերի 18-ին, այլ` մեր այցելությունից մի շաբաթ առաջ` հոկտեմբերի 18-ին: Գյուղի 30 բնակիչների հետ բացօթյա հանդիպումը (ակումբի շենքը վթարային վիճակում է) մի՞թե կարելի է համայնքապետի հաշվետվություն կոչել: Մանավանդ, որ այնտեղ քննարկվել է թեկուզ կարեւոր, սակայն լոկ մեկ թաղամասին աչնչվող հիմնահարց:
Կարող է թվալ, թե համայնքների ղեկավարների եւ համայնքապետարանների գործունեության թափանցիկության հետ կապված թերացումներ կան միայն մարզի գյուղերում: Սակայն հենց Տավուշի մարզկենտրոնում` Իջեւանում, մարզպետարանի աչքի առաջ է ամենամեծ խնդիրը: Այստեղ ոչ միայն բնակչությունը, այլեւ ավագանին հնարավորություն չունի տեղեկանալու քաղաքապետարանի ու քաղաքապետի գործունեության մասին: Հիշեցնեմ, որ Իջեւան քաղաքի ավագանու 13 անդամներից 8-ը հոկտեմբերի 2-ին նամակով դիմել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` պահանջելով Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի պաշտոնանկությունը նրա ոչ թափանցիկ աշխատաոճի համար:












Նոյեմբեր 11th, 2009 at 16:29
Իջևանի համայնքում ոչ միայն ավագանու անդամներին չի տրամադրում ավագանու արձանագրությունները,այլ նույնիսկ առանց ավագանու գիտության որոշումներ է կայացնում և որոշումներ է փոփոխության ենթարկում առանց ավագանու գիտության:
Նոյեմբեր 13th, 2009 at 13:32
Նոյեմբերի 11-ի Իջևանի նիստը վերածվեց բազարի,ինչն էր պատճառը,ես որքան հասկացա Իջևանի ավագանու անդամներին Իջևանի քաղաքապետարանից ոչ մի փաստաթուղթ հասանելի չի:Համայնքի ավագանին նշում ու ապացուցում էր որ իրենց որոշումները կեղծվում է:Քաղաքապետը այս ամենը լսելով լռում էր: