Ֆոտոլրագրող Շամշյանը ցուցմունք է տվել ԱԱԾ-ում

[ 2009/05/13 | 14:07 ]

13_05-parkuch

Ապրիլի 30-ի լուսաբացին փաստաբան-լրագրող Արգիշտի Կիվիրյանին դաժան ծեծի ենթարկելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ցուցմունք է տվել Ազգային անվտանգության ծառայությունում:

Հիշեցնենք, որ միջադեպից մոտ կես ժամ անց դեպքի վայր ժամանած ֆոտոլրագրողի տեղում արած լուսանկարներում, արյունոտ փայտե ձողից բացի, ֆիքսվել են նաեւ հանցագործների կրակած գնդակների պարկուճները: Սակայն դեպքի վայր ժամանած ոստիկանների «տեղազննումից» հետո պարկուճներն անհետացել էին:

«Մենք դեպքի վայրի զննությամբ չենք հայտնաբերել պարկուճներ: Եթե մեկը վերցրել-պահել է, թող բերի ներկայացնի»,- օրեր անց հայտարարեց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն պետ Հովհաննես Թամամյան:

Փաստի առթիվ ոստիկանությունը քրեական գործ հարուցվեց «Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու» մեղադրանքով, ինչ մեծ աղմուկ բարձրացրեց մասնագետների շրջանում: Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը նշեց, թե քրգործը պետք է հարուցվեր առնվազն «Սպանության փորձ» հոդվածով:

Օրեր անց գործի քննությունը ոստիկանությունից տեղափոխվեց ԱԱԾ-ի քննչական վարչություն, սակայն մինչ օրս հանցագործությանը տրված իրավական մեղմ գնահատականն այդպես էլ չի վերաորակվել:

Օրերս ֆոտոլրագրող Շամշյանն ԱԱԾ-ում ցուցմունք է տվել եւ հայտնել դեպքի մասին իրեն հայտնի հանգամանքները: Նա հատուկ ընդգծել է այն անփույթ վերաբերմունքի մասին, որը դեպքի վայրում իրեղեն ապացույցների նկատմամբ դրսեւորել են «պրոֆեսիոնալ» ոստիկանները: Մասնավորապես, նրանցից մեկը «ձեռքերը գրպանում` ոտքով տշել է արյունոտ փայտե մահակը», ինչը ֆիքսված է նաեւ լուսանկարում:

13_05-vostikan

Շամշյանի ենթադրում է, որ ԱԱԾ-ն իր կողմից արված լուսանկարները կուղարկի փորձաքննության:

Տես նաև՝

Print this page

Հայտնեք Ձեր կարծիքը՝