Ճգնաժամից տուժել են մարզային թերթերը
[ 2010/02/08 | 16:14 ]
Թեեւ ֆինանսատնտեսական ճգնաժամը ազդել է Լոռու մարզի տպագիր մամուլի` հատկապես տնտեսական գործունեության վրա, այնուամենայնիվ, խորագրերը, տպաքանակը, էջերի քանակը չեն նվազել: Ֆինանսատնտեսական ճգնաժամը չի ազդել նաեւ նրանց լուսաբանումների, անկախության եւ ազատ արտահայտվելու վրա:
Տասը տարի առաջ տպագիր մամուլի շուկա մուտք գործած «Վանաձորյան խճանկար» շաբաթաթերթը մյուս լրատվամիջոցների պես գոյատեւում է հիմնականում գովազդների, հայտարարությունների եւ վաճառքի հաշվին:
2009 թ. 20 տոկոսով նվազել են գովազդային պատվերները: Եթե 2006 թ. թերթի` գովազդից ստացած եկամուտը 10% էր կազմում, 2007-ին` 20, իսկ 2008 թ.` 50, ապա 2009 թ. այն կտրուկ անկում է ապրել` կազմելով նորից 10%: «Վանաձորյան խճանկարի» խմբագրությունում հայտարարությունների եւ գովազդների գները եւս նվազել են:
«Իջեցրեցինք, որպեսզի գովազդատուներ ունենանք, բայց նրանք քիչ են»,- ասում է շաբաթաթերթի տնօրեն Հայկազ Սիմիկյանը: Խմբագրությունը ճգնաժամից կարողացել է խուսափել միայն այն պատճառով, որ 2009 թ. շաբաթաթերթի առաջին եւ վերջին էջերը հանրությանը ներկայացան գունավոր տարբերակով: Ըստ տնօրենի` գունավոր էջերը օգնել են պահպանել տպաքանակը:
«Լոռու մարզ» եռօրյա թերթը հրատարակվում է 14 տարի: Թերթի գոյատեւման աղբյուրները եւ նախկինում, եւ այժմ բաժանորդագրություններն են մարզի գրեթե բոլոր գյուղերում ու քաղաքներում, հատավաճառից ստացած գումարները, հայտարարությունները:
Ճգնաժամը վերջին 2 տարում թերթի վրա չի ազդել, քանի որ թերթի հայտարարությունները չեն պակասել. համայնքապետարանները շարունակում են տպագրել իրենց հայտարարությունները մարզային այս թերթում:
«Ճգնաժամի ազդեցությունն այն է, որ կան հիմնական բաժանորդներ, ովքեր չեն կարողանում վճարել, բաժանորդագրության պարտքեր են կուտակվել խմբագրությանը: Բայց ոչ իրենք են ուզում հրաժարվել մեզնից, ոչ մենք` իրենցից»,- ասում է թերթի գլխավոր խմբագիր Մանվել Միկոյանը՝ շարունակելով թերթը վաճառել անվճարունակ բաժանորդներին՝ հետագայում պարտքերը վերադարձնելու ակնկալիքով:
Տարբեր գերատեսչություններ եւ հիմնարկներ, համայնքապետարաններ խմբագրությանը պարտք են 2-2.5 միլիոն դրամ:
Հաշվի առնելով ճգնաժամը՝ խմբագրությունում հայտարարությունների ու գովազդների գները նվազել են, որպեսզի գովազդատու, հայտարարության պատվիրատու կապը չկորցնեն. «Նրանք մեր հիմնական հաճախորդներն են, չենք ուզում նրանց կորցնել»,-բացատրում է թերթի գլխավոր խմբագիրը:
Ճգնաժամը չի ազդել թերթի լուսաբանումների բովանդակության, թեմատիկ բազմազանության վրա: Իսկ ահա խմբագրական գործընթացի վրա ազդել է.
«Խմբագրական գործընթացի վրա չէր կարող չազդել, որովհետեւ ավելի շատ ժամանակ եմ տրամադրում ֆինանսական հարցերը լուծելու համար»,- ասում է Մանվել Միկոյանը:
«Հարցնում ես` ճգնաժամն ազդե՞լ է, թե` ոչ,- մեկ անգամ էլ հարցս կրկնեց Գյումրիի «Շրջապատ» շաբաթաթերթի հիմնադիր-տնօրեն Եպրաքսյա Մեխակյանը,- իհարկե ազդել է, բայց մինչ այդ մենք երկու այլ ճգնաժամեր ստիպված եղանք հաղթահարել»:
Գյումրիում հիմնադրված բոլոր թերթերը, սկսած խորհրդային տարիներից հրատարակվող «Բանվոր» թերթից, մշտապես տպագրվել են Գյումրիի տպագրատանը: Այդպես եղել էր երկրաշարժից առաջ, նույն ձեւով շարունակվեց նաեւ աղետից հետո:
Նախքան մարզպետի աթոռին հրաժեշտ տալը, Ռոմիկ Մանուկյանը տպագրատունը «քանդեց»: Շենքը, որ զբաղեցնում էր կառույցը, մարզպետը նվիրաբերեց թիվ 21 դպրոցի կառուցմանը նպաստած բարերար Արմենակ Օյունյանին: Տպագրատունը կազմաքանդվեց, տեղի թերթերը կանգնեցին ծանր խնդրի առաջ:
«Դա ամենամեծ վատությունն էր, որ կարող էր անել թերթերին Ռոմիկ Մանուկյանը: Ի դեպ, այդ շենքը նվիրաբերած օրվանից չի օգտագործվում, իսկ մենք մեր գլխի ճարը ինչ-որ ձեւով պիտի տեսնեինք,- պատմում է Ե. Մեխակյանը,- եւ ահա տարի ու կես է` «Շրջապատը» Երեւանում է տպվում»:
2004 թ. մայիսից միջինը 3000 օրինակով լույս տեսնող «Շրջապատ» թերթի գինը 100 դրամից դարձավ 150: Սա որոշակիորեն ազդեց թերթի վաճառքի վրա:
«Հաջորդ հարվածը տեղական թերթերին հասցրեց «Պրես Ստենդը»` պահանջելով 40% միջնորդավճար: Մենք աշխատում էինք նախկինում 20% միջնորդավճարով եւ չէինք բողոքում, բայց պահանջել տեղական թերթերից կրկնակին` ուղղակի թալան էր, ու մենք հրաժարվեցինք «Պրես Ստենդի» հետ աշխատելուց: Մեր թերթն այլեւս կրպակներում չի վաճառվում: Հիմա այն տարածում են շրջիկ լրագրավաճառները, բաժանորդագրություն ենք անում»,- ասում է Ե. Մանուկյանը:
Թերթի դիզայնով զբաղվող Աշոտ Ղարիբյանը նկատում է, որ, փաստորեն, իրենք բավական սահուն են անցել բուն ճգնաժամին, որովհետեւ մինչեւ այդ էլ այս կամ այն կերպ ճգնաժամի մեջ են եղել:
Համաշխարհային ճգնաժամի հարվածն առավել զգալի էր, քանի որ խանութներ փակվեցին, որտեղ իրենք իրենց թերթն էին տալիս վաճառքի:
Եթե «Շրջապատի» տպաքանակը 2006-2008 թթ. 3000-ից տատանվել է մինչեւ 5000, ապա 2009-ին այն հաստատուն է եղել` 3000: Գովազդից ստացած եկամուտը գրեթե չի փոխվել: Իսկ խմբագրության աշխատակիցների թիվը նույնիսկ ավելացել է 3-ով:
Չնայած այս բոլոր փորձություններին` Ե. Մեխակյանը խոստովանում է, որ անցած երեք ամիսներին իրենց վիճակը բարելավվել է` շնորհիվ թերթում տեղադրվող գովազդի:
«Նվազագույնը 20 գովազդ կա տեղադրած մեր վերջին համարներում, արդեն այն էջերն էլ ենք օգտագործում, որտեղ սովորաբար գովազդ չէինք տեղադրում,- ասում է Աշոտ Ղարիբյանն ու կատակում,- կամ մենք ենք սկսել ճիշտ աշխատել, կամ գովազդատուն է ինչ-որ բան գլխի ընկել: Ամեն դեպքում, էս պահի դրությամբ չենք բողոքում»:
«Շրջապատի» խմբագրությունն ունի 5 աշխատակից: Թերթի խմբագիրը հաճախ մի քանի գործ է անում ` լուսանկարչի, խմբագրի, մենեջերի եւ այլն: Թերթը բազմաժանր է: Թեմատիկ առումով նյութերը բազմազան են` քաղաքականություն, ժամանց, հուշեր, նամակներ, հեռուստահաղորդումների ծրագիր, անվճար հայտարարություններ:
Ե. Մանուկյանը պնդում է, որ երբեք որեւէ մեծահարուստի կամ կուսակցության թույլ չի տվել, որ իրենց նպատակների համար օգտագործեն թերթը: Կատակում է. «Եվ թերթը եւ հիմնադիրը սկզբունքային են, ծռմռվել չեն սիրում»: 5 տարի է մամուլի դաշտում են, սակայն մեկ անգամ են դրամաշնորհ ստացել:
««Եվրասիա-համագործակցություն հիմնադրամ»-ն էր մրցույթ հայտարարել, մարզային մամուլին վերաբերող ծրագիր էր, պիտի մարզային կյանքը լուսաբանեինք,- պատմում է Աշոտ Ղարիբյանը,- մասնակցեցինք ու անցանք:
Ծրագիրը մեկ տարի է տեւել: Սա միակ դեպքն է եղել, դրա շնորհիվ ավելի հզոր ֆոտոխցիկ ձեռք բերեցինք եւ մեր ունեցած երկու համակարգիչները թարմացրինք»:
Վերջում Ե. Մեխակյանը հիշեց, որ USAID-ի կողմից պատվոգրի են արժանացել` անցած նախագահական ընտրությունները պրոֆեսիոնալ եւ անաչառ լուսաբանելու համար:
«Հինգշաբթի» ինֆորմացիոն-ժամանցային թերթը հիմնադրվել է1997 թ.: Հիմնադիր-տնօրեն Արմեն Մարտիրոսյանի ներկայացմամբ` Գյումրին չուներ թերթի այն տեսակը, որն այժմ ներկայացնում է «Հինգշաբթին», այսինքն` թերթ, որտեղ մարդիկ կգտնեին առք ու վաճառքի հայտարարություններ, հեռուստահաղորդումների ծրագիր, խաչբառեր:
«Այն ժամանակ հայտարարություններն անվճար էին, ընդամենը 3 տարի է, որ դրանք դարձրել ենք վճարովի»,- ասում է Արմեն Մարտիրոսյանը: Բացի «Հինգշաբթի» ինֆորմացիոն-գովազդային շաբաթաթերթից, «Հինգշաբթի» ՍՊԸ-ն 2002 թ. հրատարակում է «Հինգշաբթի-ժամանց» շաբաթաթերթը:
«Տարբերություն երկու թերթերի միջեւ կա,- հավաստիացնում է գլխավոր խմբագիր Տիգրան Ավետիսյանը,- արդեն վերնագիրն էլ է հուշում, որ դրանցից մեկը միայն ժամանցային բնույթի է, իսկ «Հինգշաբթին», որ լույս է տեսնում 5 տպագրական մամուլ ծավալով, մենք առաջին 3 էջը հատկացրել ենք տեղական լուրերի լուսաբանմանը, եւ միայն 7 էջերն են զբաղեցնում հայտարարությունները»:
Թերթերն ունեն նաեւ էջեր, որտեղ նյութերը տպագրվում են ռուսերեն` Գյումրիի ռուսախոս ընթերցողների համար: Միջինը 4500 տպաքանակով լույս տեսնող «Հինգշաբթի» շաբաթաթերթը մեծ պահանջարկ է վայելում Գյումրիում, եւ ետադարձի տոկոսը շատ քիչ է:
Չնայած այս ցուցանիշներին, գլխավոր խմբագիրը խոստովանեց, որ ճգնաժամի ազդեցությունը զգում են, գովազդատուները պակասել են:
Տիգրան Ավետիսյանը չմոռացավ հիշատակել Գյումրիի տպագրատան հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ «Պրես Ստենդի» հետ չստացված համագործակցությունը:
Եթե նախկինում թերթը վաճառվում էր 100 դրամով, ապա տպագրատան տեղափոխման հետեւանքով, երբ հարկ եղավ տպագրության համար հասնել Երեւան, ստիպված եղան 50 դրամով ավելացնել թերթերի գինը:
Այս տարվանից «Հինգշաբթի» ՍՊԸ-ն վարձակալել է թերթ տպագրելու մեքենա եւ տպագրությունն իրականացնում է տեղում: «Բնականաբար, տպագրության հետ կապված բոլոր խնդիրները եւս մենք ենք լուծում, բայց գոնե հանգիստ ենք, եւ Երեւան գնալու հարցը մեջտեղից դուրս է եկել»,- ասում է թերթի տնօրենը:
«Շրջապատ» շաբաթաթերթի նման «Հինգաբթին» էլ տարածվում է անհատ լրագրավաճառների միջոցով: Թերթը կարելի է տեսնել սննդի կետերում, լոտո վաճառողների մոտ եւ այլուր:
6 հոգանոց խմբագրակազմը ճգնաժամի հետեւանքով չի կրճատվել: Սակայն 2006 թ. համեմատությամբ` 20 տոկոսով նվազել է գովազդից ստացված եկամուտը: Դրամաշնորհային որեւէ ծրագրի չեն մասնակցել:
Շիրակի Մրցունակության կենտրոնի կողմից 2008 թ. թերթը պարգեւատրվել է պատվոգրով` որպես մարզի գործարարների լավագույն ինֆորմացիոն աջակից:
«Սյունյաց երկիր» տասնօրյա թերթը Սյունիքի մարզի միակ տպագիր մամուլն է, 2003 թ. հոկտեմբերի 1-ից այն պարբերաբար լույս է տեսնում: Տպաքանակը 2100 է, ծավալը` երկու տպագրական մամուլ:
Թերթի էջերում լուսաբանվում է Սյունիքի մարզի հասարակական, քաղաքական, մշակութային, սոցիալական, տնտեսական կյանքը:
Թերթն անդրադառնում է նաեւ հանրապետական կարեւոր իրադարձություններին, նշանակալից պատմական, մարզային եւ մշակութային հոբելյանների առիթով լույս են տեսնում հատուկ թեմատիկ համարներ:
Պարբերականը սպառվում է Սյունիքի մարզի ողջ տարածքում` Կապան, Մեղրի, Քաջարան, Սիսիան, Գորիս, Ագարակ քաղաքներում եւ հարակից գյուղերում: Թերթի որոշակի տպաքանակ առաքվում է նաեւ Երեւան:
Թերթը հիմնականում գոյատեւում է բաժանորդագրության, հատավաճառի ու գովազդի շնորհիվ: Սակայն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` 90 տոկոսով պակասել է գովազդը:
«Խմբագրությունում աշխատում էր 2 գովազդային գործակալ, ճգնաժամից հետո հրաժարվեցին աշխատել` նշելով, որ գովազդ չեն պատվիրում, մարդիկ մերժում են գովազդային առաջարկը` նշելով, որ վճարունակ չեն: Հիմա գովազդով հատուկ զբաղվող չունենք, տպագրում ենք այն գովազդներն ու հայտարարությունները, որոնք մարդիկ իրենք են բերում»,- նշում է գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը:
Ճգնաժամը թերթի ստեղծագործական գործընթացի վրա չի ազդել: Վերջին 4 տարիների ընթացքում թերթի տպաքանակը 1400-ից հասել է 2400-ի` 2008 թ., իսկ 2009-ին կրկին նվազել` 2100: Կրճատվել է 2 լրագրող, եւ ստեղծագործական ծանրությունն ընկել է մյուս երկուսի ուսերին: Թերթն ունի 8 աշխատող:
Աշխատավարձերը չեն կրճատվել, բայց եթե ամեն տարի ավելանում էին, այս տարի մնացին նույնը: Թերթի աշխատակազմը վստահ է, որ ճգնաժամի պայմաններում էլ այն կպահի իր դեմքն ու չի կորցնի ընթերցողներին:
Անուշ Բուլղադարյան
Երանուհի Սողոյան
Արմեն Դավթյան












Փետրվար 8th, 2010 at 22:35
Yes «Սյունյաց երկիր» տասնօրյա թերթը (elektronayin tarberakov: http://www.syuniacyerkir.am) patahmamb haytnaberel em mot 1 shabat araj.
Nayetsi terti bolor elektornayin arxivy (176-198 hamarnery).
Shat mets hetakrkrutiamb hatpakes kardatsi No 22 (194) hamarum tpvats hodvatsy:Սմբատ Մելիք-Ստեփանյանի գերդաստանի կանայք u hakpapes hetevyal masy indz shat huzets:
Խառնակ ժամանակներում են ապրել` համընդհանուր թշվառություն, կոտորած, հեղափոխություն, տոհմական թշնամություն, որի հողի վրա էլ սպանվեց Անդրեաս Մելիք-Ստեփանյանը` Սմբատ Բեկի հայրը:
Ելիզավետպոլի նահանգի նոտարական գրասենյակի պետն էր Անդրեասը: Գորիսից վերադառնալիս Խալաջ գյուղի մոտ` Հասար կոչվող հանդամասում, սպանվում է հրացանազարկից: Սպանության բոթն Առաջաձոր էր հասցրել Աղան Բեկ Մելիք-Ստեփանյանը` Անդրեասի եղբոր տղան:
Աղան Բեկ Մելիք-Ստեփանյանը im papi hayrn e(r). Es ays drvagy chgitei. Shat huzich u hetakrkir er im hamar sa imanaly.
Shnorhakalutiun ԳՐԻՇԱ ՍՄԲԱՏՅԱՆ-ին (Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն),ՀԱՍՄԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ-ին (Կապանի երկրագիտական թանգարանի գիտաշխատող) ev ԱՐՄԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ-ին
(պատմաբան, Կապանի երկրագիտական թանգարանի ֆոնդապահ) hodvatashari hamar, inchpes nayev «Սյունյաց երկիր» tertin.
Yes hodvatsasharum vochinch chgta Njdehi ev Smbat-Bek Melik-Stepaniani masin. Isk ayd kapy/hamagortsaktsutiuny hastat eghel e. Ayd zhamanak Njdehy mnum/taknvum er im tati hor: Աբրահամ Ղազարյանի tany. Isk verjinis eghbayry: Դավիթ Ղազարյանը, eghel e Njdehi vashtapety Kapanum.
Shat hetakrkir er nayev Aram Manukiani masin hodvatsy.
ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ-i hodvatsnery: Syuniki hankardyunaberutian, varkeri u hankardyunaberutian mej goyutiun unetsogh petakan gortsichneri andzakan shaheri masin, shat kaj u verlutsakan ein. Iskakan journalistika: ankax ev hetaknnogh.
Tsankanum em «Սյունյաց երկիր» թերթ-in hajoxutiun.
PS. Inchu terti elektronayin tarberaky comment grelu hnaravorutiun chi steghtsel?