Վանկարկում էինք՝ Հա-յաս-տան, բայց արդեն պարտվել էինք
[ 2009/10/22 | 13:02 ]Ֆուտբոլային դիվանագիտություն կամ «դրախտի» դռները բացվելուց առաջ

«Մի բաժակ բան չեն բերելու՞ խմենք. գնում ենք թշնամու թիկունքը»,- ասաց փորձառու լրագրողը Բուրսա թռչող ինքնաթիռում: Չգիտեմ` ինքնաթիռում գտնվող երեսունչորս լրագրողներից քանիսն են այդպես մտածում` «գնում ենք թշնամու թիկունքը»: Մենք գնում էինք լուսաբանելու Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը եւ ֆուտբոլային դիվանագիտությունը: Չգիտեմ էլ` փորձառու լրագրողի ասածի մեջ որքա՞նն է ճշմարտությունը:
Չեմ էլ կարող ենթադրել, թե ինքնաթիռում գտնվող գործընկերներից ով ինչ է մտածում հայ-թուրքական հարաբերությունների մասին: Մանավանդ` նրանք խոսում են մի բանի մասին, իսկ հետո հեռուստատեսությամբ կամ թերթում լրիվ ուրիշ բան են ասում կամ գրում: Դժվար է ընդհանրապես լրագրողների հետ. մտածում են մի բան, ասում`մեկ այլ բան, իսկ գրելիս լրիվ ուրիշ բան են գրում: Ես միշտ զարմանում եմ, թե մարդ միանգամից ինչպե՞ս կարող է երեք վիճակներում «գործել»` եռատվել:
Դեռ Երեւանի օդակայանում պաշտոնական ճամփորդությունների համար ծնված լրագրողը, տեսնելով լրագրողներիս մեծ բանակը, զարմացավ` էսքան լրագրողները ու՞ր են գնում: Նրա զարմանքն այնքան անկեղծ էր: «Դիվանագիտություն անելու»` անխոս ժպտացի:
Այդ օրը Էդուարդո Էռնեկյանին պատկանող չորս եւ թուրքական մեկ ընկերություն գովազդ էին տեղադրել: Այն ազդարարում էր. «Մեկ հաղթանակ երկու ազգերի համար: Դա է մեր ցանկությունը»: Հայկական օրաթերթերում էլ կար այդ գովազդը, հետո Թուրքիայում տեսա, որ նույն գովազդը նաեւ թուրքական մի քանի օրաթերթերում էր: Տարբերությունն այն էր, որ մեր սեւ-սպիտակ օրաթերթերում հայկական եռագույնը չէր երեւում, երկու սեւ շերտեր էին եւ թուրքական երկու կիսալուսին ու աստղ: Թուրքական գունավոր օրաթերթերում եռագույնը եռագույն էր: «Գոնե այս առումով շահել ենք»,- անցավ մտքովս:
«Սառը քամին հասավ ոսկորներիս»,- ասաց կողքիս սրթսրթացող լրագրողը: ««Հայ-թուրքականը» զոհեր է պահանջում»,- ասացի: Երեք ժամը լրանում էր, ինչ մենք կանգնած էինք հյուրանոցի երկրորդ մուտքի մոտ: Լրագրողների թիվը հարյուրից անցնում էր: Ես հաշվել էի, սպասելուց որոշ ժամանակ անց սկսել էի հաշվել լրագրողներին, ոստիկաններին, անվտանգության աշխատակիցներին եւ հատուկենտ անցորդներին: Ամենաշատն, իհարկե, անվտանգության աշխատակիցներն էին. նրանք ամենուր էին: Մենք կանգնած սպասում էինք` չիմանալով ինչո՞ւ եւ ո՞ւմ: Մի բան էր հստակ, որ ժամը իննին գնալու ենք ֆուտբոլ դիտելու: Տարբեր երկրներից եկած լրագրողներն արդեն ձանձրանում էին, նրանք սկսեցին միմյանց հետ հարցազրույցներ անել:
Ասում են` հոգեբանական ճնշումն էր նաեւ, որ մեր թիմի խաղի վրա ազդեց: «Հոգեբանական ճնշումն էր նաեւ պատճառը, որ պարտվեցինք»,- լսում էի Թուրքիայում գտնվող մի քանի հայ լրագրողների կարծիքները, որ պտտվում էին արդեն Երեւանում հայկական հեռուստաալիքներով: Իսկ մեկ տարի առաջ Երեւանում, երբ «հոգեբանական ճնշման» էին ենթարկվում թուրք ֆուտբոլիստները, ինչու՞ հայերը չհաղթեցին: Ինչու՞ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը երբեք հոգեբանական ճնշման չի ենթարկվում եւ հրաժարական չի տալիս: Գոնե այս պահին մի բան շատ հստակ է. Ֆեդերացիայի նախագահը տարիներ շարունակ ձախողվել է եւ պետք է թողնի այդ ոլորտը, զբաղվի իր օրինաստեղծ գործունեությամբ:
Ես նայում էի թուրք երկրապագուներին, որոնք ասես մեծ նվագախմբի անդամներ էին մարզադաշտում: Զայրանում էի, որ մեր ֆուտբոլիստները չէին խաղում, թիմ չկար: Իսկ խաղից երկու, թե երեք օր առաջ Ֆեդերացիայի նախագահն ասում էր, որ եթե մեր թիմը պարտվի, «մարզիչին հանելու է»: Նա պարտությունն իր վրայից գցեց, իր մասին ոչինչ չասաց: Մինչդեռ պետք է ասեր` եթե թիմը պարտվի, ես հրաժարական եմ տալու:
Երբ ինձ փորձում են համոզել, որ սահմանի բացումը խթանելու է Հայաստանի տնտեսության զարգացումը, միանգամից մտքիս փաստեր են գալիս, օրինակներ, որոնց մասին հոդվածներ ենք գրել: Այս տարի Թուրքիային սահմանակից գյուղերում մեր գյուղացիները հարյուրավոր տոննա սոխ են թափել աղբանոց: Գիտե՞ք ինչու` որովհետեւ ինչ-որ պաշտոնյաներ շատ էժան գնով սոխ են ներկրել Իրանից: Այս դեպքում սահմանի բացումը նշանակում է շատ ավելի էժան սոխի ներկրում Թուրքիայից: Նույնը մնացած ապրանքների, մթերքների դեպքում: Ես ասում եմ` սահմանը բացելուց առաջ երկիրը կարգի բերեք, որ այն ծվեն-ծվեն չլինի: Սահմանը բացելուց առաջ մի’ թողեք դատարկվեն գյուղերը:
Հայ-թուրքական սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորությամբ ապրող հայկաձորցին ասում է. «Գյուղս է դատարկվում, մի քանի տարի հետո մարդ չի մնա, ի~նչ սահման, ի~նչ բան… »: Ես նրան հավատում եմ, նա իրականությունն է ասում, ես նրա ետեւից եմ գնում եւ երբեք չեմ կարող հավատալ հայ-թուրքականի դեմ իրենց անհամաձայնությունն արտահայտած սփյուռքահայերին տականք անվանող Գալուստ Սահակյանին: Ես չեմ կարող հավատալ, որ Թուրքիայի մարզադաշտում գտնվող Սամվել Ալեքսանյանն արդեն չի հաշվարկել, թե երկաթգիծը բացելուց հետո էլ ո՞ր ապրանքների մենաշնորհն է վերցնելու: Ի՞նչ է, դուք չեք հավատու՞մ, որ սա է լինելու իրականում, ոչ թե «դրախտի դռներն են բացվելու» մեզ համար:

Բուրսայի օդակայանում երեսունչորս լրագրողներին սպասող ավտոբուսի նստատեղերին գիտե՞ք ինչ էր դրված. Թուրքիայի մասին գունավոր մի գիրք` «հատուկ» նվեր հայերիս: Գրքում պատմվում է, թե ինչպես են 1914-15 թթ. հայ բանդիտները սպանել 100 000 խաղաղ թուրք բնակիչների, իսկ 246-րդ էջում կա դիակների կույտ պատկերող մի լուսանկար եւ մակագրություն այն մասին, թե ինչպես են հայերը ոչնչացրել թուրքական Կոլար գյուղի բնակիչներին: Այժմ Բուրսայում ապրում են միայն ծպտյալ հայեր: Չգիտեմ` գիտեի՞ն Բուրսայում գտնվող մեր երկրի ղեկավարները, որ այս քաղաքում, որն ունի զարգացած տեքստիլ արդյունաբերություն, առաջին գործարանները հայերն են կառուցել:
Ամենամեծն այդ քաղաքում 19-րդ դարում Ջ. Քյուեյանի մետաքսի մշակման գործարանն էր: Բուրսացիները, բնականաբար, դրա մասին ոչինչ չգիտեն: Երբ թուրք լրագրողներից մեկին պատմեցի այդ մասին, զարմացած ինձ նայեց: Խոստացա նրան ուղարկել գործարանի լուսանկարը: Նա ասաց, որ կգտնի այդ վայրը եւ հոդված կգրի: Պատմեցի նաեւ, որ 100 տարի առաջ Բուրսայում 90 հազար հայեր էին ապրում: Թուրք լրագրողն ասաց` հնարավոր չէ: Ոչինչ չպատասխանեցի…
Ինձ հարցնում են` ի՞նչ է, դու դե՞մ ես սահմանի բացմանը: Պատասխանում եմ` իհարկե ոչ, ես դեմ եմ արձանագրութունների ստորագրմանը: «Բայց արձանագրություններում նախապայման չկա»,- հակադարձում են ինձ: Պատասխանում եմ. « Եթե չկան, ապա ինչի՞ համար են արձանագրությունները»: Ասում են` այդպես է լինում: Ես էլ ասում եմ` Վիետնամի հետ հարաբերություններ հաստատելիս արձանագրություններ չենք ստորագրել: «Դե, դա Վիետնամն է»: Իսկ ես ասում եմ` սա էլ Թուրքիան է:
Մարզադաշտում մի քանի հոգով եռագույնները թափահարելով գոռում էինք` Հա-յաս-տան: Մեզ զգուշացնում էին` մեդիայի բաժնում չի կարելի դրոշ պարզել: Ավելի էինք «ըմբոստանում» ու շարունակում թափահարել դրոշները, գոռում էինք` Հա-յաս-տան, բայց արդեն պարտվել էինք:












Հոկտեմբեր 20th, 2009 at 21:41
Great! if every journalist were able to write what he/she thinks and wants in this way, without swear and bad language, without artificial intelligence and stressed “patriotism”, we’ll have not only excellent journalism, but also intellectual audience. Unfortunately, now we have public, who likes an waits for swear.
Regards to the author.
Հոկտեմբեր 21st, 2009 at 02:46
I understand the reaction against the “historical commission” in the protocols. But I dont and wont understand the one with the current Turkish borders. Does this intelleactual author claims “Wilsonian Armenia”? Does he want to go back the conditions before the battle of Manzikert? On the other hand, I am also against the Turkish officials making the border recognizition a condition for diplomatic relations. Because, Syria does not recognize Turkey’s borders, but we have friendly relations with them.
A correction: According to Ottoman statistics there were 60.119 Armenians in the whole Bursa vilayet (with a population of 474.000), not in Bursa city.
Հոկտեմբեր 22nd, 2009 at 05:17
Good piece of reporting. So did you or didn’t you get to drink something?
Հոկտեմբեր 22nd, 2009 at 15:09
dakank’e ayt serigan e vor ezmez ayt bess ge voragé
ayt bolchevik typ’n e
hegh me yevess zohn yenk medz bedoutyoun essvadz tcholirine
dessank irents an-yerevagayeli yertchangoutyoun’e
mer himarneroun dzag’e khotadz jamanag
sarkissoff’i ourakhoutyoun’e blejkali dessaran er haygagan khoumpine bardoutyan i dess
nalband oghloun bedk e badjel
atchket pats hay joghovourt asonk eskez bidi taghen
Հոկտեմբեր 22nd, 2009 at 15:10
ps/ brourssa’i massine gartal Hagop Ochagani kirker’e
Հոկտեմբեր 23rd, 2009 at 22:07
garevorian from paris.du bolsheviknerin kich kpi,ete bolshevikner@ chlinein hima menk HAYASTAN cheink unena.parizic hesht a xosel@.du nai dzer dashnak mutilovchikner@ taza mutit chanen es HAYASTANIC el zrkvenk.
menk ankax petutiun ev azgaser xekavarner unecel enk miain SOVETAKAN HAYASTANUM.isk dashnaknerin stexcec carakan zhandarmerian vor misht mutilovkek ani,Soveti vaxt el kgb-n ogtagorcec.eritturkeri het el axper ein che,inchi ek moracel.koalicia ein.