«Իշխանության սխալը կանդրադառնա բոլորիս վրա»
[ 2010/02/09 | 12:59 ]
«Հայ-թուրքական եւ ղարաբաղյան գործընթացներն իրար զուգահեռ են ընթանում, եւ մեր դիրքերը երկու գործընթացներում էլ գնալով թուլանում են: Եթե նախկինում հայ-թուրքական հարաբերությունները չեզոք էին, ապա արձանագրությունների ձախողման դեպքում, մենք տարածաշրջանում ձեռք կբերենք ակտիվ թշնամի»,- կարծում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
այսօր «Արցախ» ակումբում նա նշեց, որ Հայաստանը պետք է այս իրավիճակից դուրս գա ընդհանուր ուժերով. «Պետք է գնահատվի առկա իրավիճակը, մեր հարաբերությունները հարեւանների եւ դաշնակիցների հետ»:
«Հետքի» այն դիտարկմանը, որ գնահատականներ շատերն են հնչեցնում, սակայն գործուն խորհուրդներ քչերն են տալիս իշխանությանը, Արման Մելիքյանը պատասխանեց.
«Ես մի քանի անգամ թե Ղարաբաղի, թե հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ առաջարկներ եմ ներկայացրել, որոնք կարող էին մեղմել իրավիճակը, բայց իշխանությունները դեռեւս վստահ են, որ իրենք պատասխանատու են եւ վստահ են, որ կարող են, ուստի ես չեմ կարող պարտադրել իմ խորհուրդները: Եթե ցանկություն ունենային, կփորձեին այդ խորհուրդների վերաբերյալ տեղեկատվություն ստանալ»:
Արման Մելիքյանի խոսքով` Հայաստանի իշխանության սխալվելու դեպքում այդ սխալը կանդրադառնա ոչ թե նրանց, այլ առաջին հերթին բոլորիս վրա:













