Մամուլի տեսություն
[ 2010/03/10 | 10:47 ]
Փոխատեղումներ
Իշխանական դաշտում սպասվող պաշտոնափոխությունները դեռևս ուժային ոլորտ չեն հասնում: Թեև այդ մասին շատ է խոսվում, այուամենայնիվ, Սերժ Սարգսյանը դեռ չի շտապում որոշում կայացնել: Փոխարենը նա աշխատանքից ազատել է իր մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանին: Ըստ թերթի աղբյուրների` Ֆարմանյանը նշանակվելու է «Հայլուրի» տնօրեն, քանի որ Հարություն Հարությունյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է այդ պաշտոնից:
Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ կնշանակվի Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրեն Արմեն Արզումանյանը: Վերջինիս փոխարեն Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրեն կնշանակվի Հանրային հեռուստառադիոընկերության հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը:
Իսկ թե ով է նշանակվելու նրա փոխարեն, առայժմ անհայտ է: Պարզ չէ նաև, թե ինչ ճակատագիր է բաժին ընկնելու նախագահական նստավայրի լրատվական վարչության պետ Հասմիկ Պետրոսյանին: Նա ևս մոտ օրերս կազատվի զբաղեցրած պաշտոնից:
Հիմա էլ Կանադան. հաջո՞րդն ով է
«Ազգը» բազմիցս է տեղեկացրել, որ աշխարհի տարբեր երկրների հեռուստաընկերությունները, պետական մարմինները հրատարակում են քարտեզներ, որտեղ Ղարաբաղը Հայաստանի մասն է կազմում: Արդարության նման վերականգնումներ եղել են Ուկրաինայում, Ռուսաստանում, Ավստրիայում, «Եվրոնյուզ» հեռուստաընկերության եթերում և այլուր:
Եվ մինչ Ադրբեջանն իր բողոքի նոտաների հասցեներն է թարմացնում, աշխարհի տարբեր երկրներում շատանում են «շփոթվողները»: Հիմա էլ կանադական VoipJet հեռուստահաղորդակցության կայքում է Ղարաբաղը ներկայացվել որպես Հայաստանի մաս: Փաստորեն, միջազգային հանրությունն այլևս «չի կարողանում» անտեսել իրողությունը, քանի որ անհնար է «նման սխալների» կրկնությունը` այն էլ աշխարհի տարբեր ծայրերում:
Իսկ ադրբեջանական լրատվական կայքերը, իհարկե, խնդրել են իրենց ընթերցողներին ստորագրել կանադական ընկերությանն ուղարկվելիք նամակը, որտեղ կան «ինչ-որ» միջազգային փաստաթղթեր, ըստ որոնց` Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին: Հնարավոր է, որ կանադական ընկերությունն «ուղղի» իր սխալը, սակայն, նկատվող միտումը ցույց է տալիս, որ մոտ ապագայում «կսխալվեն» մեկ ուրիշ երկրում ու այդպես շարունակ, մինչև այս «սխալն» այլևս սխալ չհամարվի ոևէ մեկի կողմից:
Փողը թանկացավ
Երեկ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է 0.5 տոկոսով բարձրացնել վերաֆինանսավորման տոկսադրույքը և սահմանել այն 6.5 տոկոս: Վերաֆինանսավորման տոկոսադրույքը այս տարի արդեն երրորդ անգամ է բարձրանում:
ԿԲ-ն դա բացատրում է բարձր գնաճով և, տոկոսադրույքը բարձրացնելով, այսինքն` փողը թանկացնելով, փորձում է զսպել գնաճը, որը փետրվարին հասել է աննախադեպ բարձր մակարդակի` 9.4 տոկոսի: Սա գների աճի արհեստական զսպման գործիք է, որը ունի կողմնակի ազդեցություն` խաթարում է տնտեսական աշխուժությունը երկրում:
Ի դեպ, գնաճի մասին. ԿԲ խորհուրդը երեկվա իր նիստում կանխատեսել է, որ գնաճի ցուցանիշը աստիճանաբար կնվազի` չնայած նրան, որ ապրիլի 1-ին կտրուկ բարձրանալու է գազի սակագինը: Թե որքանով կարդարանան ԿԲ կանխատեսումները, ցույց կտա ժամանակը:
ԱՄՆ-ն շարունակելու է ճնշել ՀՀ-ին և Թուրքիային
ԱՄՆ պետաքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին, մարտի 5-ի ասուլիսում արձագանքելով հետևյալ փաստարկներին, թե արձանագրությունների վավերացման գործընթացը Թուրքիայում կանգ է առել, և Թուրքիայի կառավարությունը, հակառակ իր հրապարակային դիրքորոշմանը, իրականում այդքան էլ չի ցանկանում դրանք խորհրդարանում դնել քվեակության` ասել է.
«Թուրքիայի խորհրդարանի վերլուծությունը կթողնեմ ուրիշներին: Մենք շարունակում ենք ճնշել Թուրքիային և Հայաստանին, որպեսզի առաջ մղեք արձանագրությունների վավերացումը: Մենք հասկանում ենք, որ սա դժվար է: Մենք հասկանում ենք, որ այս հարցերն արժանանում են երկու ժողովուրդների շատ զգայական արձագանքին: Այնուամենայնիվ, կարծում ենք` յուրաքանչյուրի շահերից է բխում, որ այս գործընթացը շարունակի առաջ գնալ, և մենք շարունակելու ենք այս կապակցությամբ ճնշում գործադրել այդ երկրների վրա»:
Նորից կդառնա շահարկման առարկա
Ըստ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի` «Կարիք չկա շատ ոգևորվելու, և Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած որոշմանը պետք է սառը վերաբերվել, քանի որ նմանատիպ երեք դեպք արդեն եղել է: Բացի դրանից` ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներն արդեն հայտարարել են, որ ցանկալի չէ` հանձնաժողովի որոշումը մտնի լիագումար նիստ:
Այս անգամ ևս, ցավոք, Հայոց ցեղասպանությունը դառնալու է քաղաքական սակարկման առարկա: Մեր ողբեգությունը տարբեր տերություններ, այդ թվում Միացյալ Նահանգները, օգտագործելու են իրենց նպատակների համար, և այս անգամ ևս շատ քիչ է հավանականությունը, որ բանաձևը դրվի Կոնգրեսի լիագումար նիստի քննարկմանը»:
Քաղաքական ապաստան` Մարտի 1-ի պատրվակով
Մարտի 1-ը լայն հորիզոններ է բացել հասարակության այն անդամների համար, որոնք պատրվակներ են փնտրում բարեկեցիկ եվրոպաներում քաղաքական ապաստան աղերսելու նպատակով: Եթե ընդդիմության հանրահավաքների կողքով անցնող հասարակ քաղաքացիները հատուկ լուսանկարվում էին` իրենց «ընդդիմադիր» լինելու հանգամանքն այդ նպատակին ծառայեցնելու համար, այժմ արդեն երկրից փախչելու նպատակով ոստիկանական համակարգի միջին ու ստորին աստիճան ունեցողներն են սկսել շահարկել Մարտի 1-ը:
Մեր տեղեկություններով` վերջերս ոստիկանության շարքերից հեռացված որոշ անձինք մեկնում են եվրոպական երկրներ ու այնտեղ ներկայանում որպես Հայաստանում հաստատված ռեժիմի զոհեր: Նրանք իրենց բացատրություններում գրում են, որ Հայաստանի իշխանությունը Մարտի 1-ին իրականացրել է խաղաղ ցուցարարների սպանդ, որ այդ օրն իրենց հրամայել են կրակել ժողովրդի վրա, բայց իրենք չեն համաձայնել, այդ պատճառով էլ իրենց հեռացրել են աշխատանքից, հալածել են իրենց և իրենց ընտանիքի անդամներին:
Հորինվածն ապացուցելու համար նրանցից շատերը ընդդիմության հանրահավաքները լուսաբանող լրագրողներին, լուսանկարիչներին և ծանոթ ընդդիմադիրներին, որոնք անգամ հեռախոսով են լուսանկարել հանրահավաքները, երթերն ու ցույցները, խնդրում են իրենց արխիվներում գտնել որևէ կադր, որտեղ կան իրենք, որ հետները տանեն արտասահման ու ցույց տան այդ երկրների իշխանություններին, թե տեսեք, ես եմ, ինձ հալածում են, և ես չեմ ուզում այս տեսակ երկրում ապրել:













